Basic information
Type
Համաձայնագիր
Act type
Հիմնական ակտ (15.02.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Enactment organisation
Հայաստանի Հանրապետություն
Enactment date
15.02.1996
Signing date
15.02.1996
Effective date
15.02.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Մոլդովայի Հանրապետության մաքսային վերահսկողության պետական մաքսային դեպարտամենտը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով տարանցիկ բոլոր բեռների մաքսային ձևակերպման ապահովումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար ստորև բերված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «բեռներ»` տնտեսավարող սուբյեկտներին (իրավաբանական անձանց) պատկանող ապրանքներ և այլ առարկաներ, որոնք ձեռք են բերվել Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության տարածքում,

բ) «քաղաքացիների ուղեբեռ»` ֆիզիկական անձանց չուղեկցվող ուղեբեռ, որը ձեռք է բերվել Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության տարածքում,

գ) «երրորդ պետություններ»` սույն Համաձայնագրի Կողմեր չհանդիսացող պետություններ:

 

Հոդված 2

 

Բեռները և քաղաքացիների ուղեբեռները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ պետությունից կամ արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ պետություն Մոլդովայի Հանրապետության տարածքով` տարանցիկ, ենթակա են մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 3

 

Բեռները և քաղաքացիների ուղեբեռները, որոնք ներմուծվում են Մոլդովայի Հանրապետության տարածք երրորդ պետությունից կամ արտահանվում են Մոլդովայի Հանրապետության տարածքից երրորդ պետություն` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ, ենթակա են մաքսային ձևակերպման Մոլդովայի Հանրապետությունում:

 

Հոդված 4

 

Տարանցիկ բեռները և քաղաքացիների ուղեբեռներն ազատվում են մաքսային ստուգումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք, համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրության, պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար միմյանց տրամադրում են իրենց տարածքով ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքների անվանացանկը:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը ճանաչում են միմյանց դրոշմները և մաքսային ապահովումները ու փոխանակում դրանց նմուշները:

 

Հոդված 7

 

1. Բեռները կամ քաղաքացիների ուղեբեռները, որոնք Հայաստանի Հանրապետությունից կամ Մոլդովայի Հանրապետությունից միմյանց տարածքներով տարանցիկ արտահանվում են երրորդ պետություններ և Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մաքսատների կողմից չեն ձևակերպվել, սույն Համաձայնագրի դրույթներին համաձայն, չեն թույլատրվում տարանցման:

2. Այդպիսի բեռները կամ քաղաքացիների ուղեբեռները տարանցման պետության մաքսատան կողմից ուղարկվում են առաքող պետություն մաքսային ձևակերպման համար:

3. Բեռների կամ քաղաքացիների ուղեբեռների տեղափոխումը կասեցնելու և հետ վերադարձնելու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են այն պետության օրենսդրության համաձայն, որի տարածքում այդպիսի բեռների կամ քաղաքացիների ուղեբեռների փոխադրումը կասեցվել է:

 

Հոդված 8

 

1. Տարանցիկ բեռներն ու քաղաքացիների ուղեբեռները ենթակա են մաքսային ձևակերպման համաձայն Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգի:

2. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ փոխանակում են տարանցիկ բեռների ձևակերպման կարգի մասին տեղեկություն:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում զենքերի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրադեղերի և հոգեներգործող նյութերի, թունավոր նյութերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի տարանցման հարցերը: Նշված ապրանքների տարանցումը կարգավորվում է միջպետական համաձայնագրերով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում հարկերի, մաքսատուրքերի և գանձումների սահմանման հարցերը, քանի որ դրանք Պայմանավորվող կողմերի իրավասություններից դուրս են:

 

Հոդված 11

 

Մոլդովայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ արտահանվող տարադրամը, բեռներն ու քաղաքացիների ուղեբեռները ճանաչվում են տարանցվող` դրանց` Մոլդովայի Հանրապետությունում կատարված մաքսային ձևակերպումների պայմանով:

 

Հոդված 12

 

Հայաստանի Հանրապետությունից Մոլդովայի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ արտահանվող տարադրամը, բեռներն ու քաղաքացիների ուղեբեռները ճանաչվում են տարանցվող` դրանց` Հայաստանի Հանրապետությունում կատարված մաքսային ձևակերպումների պայմանով:

 

Հոդված 13

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար տեղեկություն են փոխանակում սույն Համաձայնագրի դրույթների խախտումների մասին:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի հոդվածների կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվում են բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և գործում է 5 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետով, եթե Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված Է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 15-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և մոլդովերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում որպես հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 15-ից:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation