ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» օգոստոս 2025 թվականի N 100-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նեոնատոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «19»-ի թիվ 100-Ն հրամանի |
ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նեոնատոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն նեոնատոլոգիա մասնագիտությամբ հիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման ոլորտում՝ առողջ նորածինների խնամքի ապահովման, հիվանդ և անհաս նորածինների մոտ հիվանդությունների, ախտաբանությունների, խանգարումների, վնասվածքների և այլ հնարավոր շեղումների ախտորոշման, կանխարգելման, բուժման և խնամքի գործառույթներով, կիրառելով ժամանակակից բժշկության սկզբունքներն ու մեթոդները՝ ֆիզիկական զննման, լաբորատոր-գործիքային, ախտորոշիչ, սքրինինգային հետազոտությունների և բժշկական միջամտությունների իրականացման միջոցով։
2. Նեոնատոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն նեոնատոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Նեոնատոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվար 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Նեոնատոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Ծննդօգնության և նեոնատալ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության նեոնատոլոգ.
2) Ծննդօգնության և նեոնատալ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության ղեկավար.
3) Նորածնային ծառայություններ մատուցող բաժանմունքի ղեկավար.
4) Պտղին և նորածնին վերաբերող դեպքերի համար կազմավորված բժշկական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, բժիշկ-մասնագետ/փորձագետ.
5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. նեոնատոլոգը պետք է`
1) Խորհրդատվություն տրամադրի հղիության ընթացքում պտղի ախտաբանությունների դեպքում մասնագիտական պերինատալ կոնսիլիումի շրջանակներում.
2) Կարողանա վերլուծել ներարգանդային ախտաբանությամբ պայմանավորված պտղի առողջական խնդիրները և իրականացնել հղիության և նորածնի հետագա վարման պլանի համատեղ մշակում և իրականացում՝ համապատասխան մասնագետների հետ.
3) Կարողանա կատարել նորածնի գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա)՝ գլխուղեղի կառուցվածքի և խոռոչների հետազոտման համար.
4) Կարողանա իրականացնել նորածնի կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտություն՝ զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիան/հոդախախտը բացահայտելու համար.
5) Կարողանա կատարել նորածնի սրտի ուլտրաձայնային հետազոտություն՝ սրտի աշխատանքի և անատոմիական կառուցվածքի գնահատման համար.
6) Կարողանա կատարել նորածնի թոքերի ուլտրաձայնային հետազոտություն՝ տարբեր թոքային ախտաբանությունների ախտորոշման նպատակով.
7) Կարողանա կատարել լսողության ստուգում (աուդիոմետրիա)՝ լսողության աստիճանի որոշման համար.
8) Կարողանա իրականացնել որովայնի խոռոչի և կրծքավանդակի ուլտրաձայնային հետազոտություն.
9) Կարողանա ախտորոշել վնասվածքները և տրամադրել համապատասխան բժշկական օգնություն և խնամք.
10) Տիրապետի նորմալ զարգացման փուլերին, զարգացման ուշացումներին, ձևաբանական տատանումներին և առողջապահական այլ մասնագետների ու ծնողների հետ շփվելու կարևորություններին.
11) Իմանա ֆիզիոլոգիական սկզբունքները հիվանդ նորածինների տեղափոխման հարցում.
12) Իմանա իմունիտետի զարգացման սկզբունքները.
13) Իմանա վարակների կանխարգելման և բուժման սկզբունքները.
14) Ճանաչի նորածինների մոտ տարածված նյարդաբանական խանգարումները.
15) Կարողանա իրականացնել նորածնի նյարդաբանական հետազոտություն.
16) Ունենա հիվանդությանը բնորոշ թեստերի վերաբերյալ հիմնական գիտելիքներ.
17) Իմանա նորածինների մոտ հեղուկի հավասարակշռության ֆիզիոլոգիական սկզբունքները, ներառյալ հեղուկի հավասարակշռությունը.
18) Տիրապետի էուգլիկեմիայի սկզբունքին և դրա բուժմանը.
19) Հասկանա երիկամների զարգացման տարիքային առանձնահատկությունները, երիկամների վրա դեղերի թունավոր ազդեցությունը և իրականացնի երիկամային անբավարարության ախտորոշում.
20) Իմանա նորածինների սննդի սկզբունքները, ներառյալ տարածված բարդությունների ճանաչումը և բուժումը.
21) Կարողանա ախտորոշել և բուժել նորածինների մոտ հանդիպող մի շարք արյունաբանական հիվանդություններ.
22) Իմանա նորածինների սիրտ-թոքային կայունացման, ինվազիվ և ոչ ինվազիվ շնչառական աջակցության և արյան շրջանառության կարգավորման սկզբունքները.
23) Իմանա տարածված և կարևոր նյութափոխանակային և էնդոկրին խանգարումների ախտաֆիզիոլոգիան.
24) Տիրապետի վերակենդանացման և կայունացման միջոցառումներին, որը ներառում է` ջերմաստիճանի անկայունությունը կանխելու միջոցառումների իմացություն, հղիության տարիքին բնորոշ հիվանդությունների սպեկտրի իմացություն.
25) Իմանա բաժնի կազմակերպման և թիմի կառավարման սկզբունքները.
26) Իմանա արդյունավետ հաղորդակցման սկզբունքները, հղիության տարիքին բնորոշ հիվանդությունների զարգացումը.
27) Կարողանա կիրառել տեխնիկական գործառույթները և անվտանգության միջոցառումներն օդային և ցամաքային տրանսպորտային տեղափոխման ժամանակ։
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ.
1) Ծնարանում առողջ նորածինների խնամքի կազմակերպման գործընթացում նեոնատոլոգը պետք է կարողանա.
ա. ապահովել «ջերմային շղթայի» պահպանման անհրաժեշտ պայմանները.
բ. գնահատել նորածնին Ապգարի սանդղակով և գրանցել նորածնի հիմնական ցուցանիշները.
գ. ծնարանում գտնվելու ընթացքում կարողանա կազմակերպել մոր և նորածնի համատեղ կացությունը.
դ. կարողանա գրանցել ծննդյան տվյալները նորածինների գրանցամատյանում և նորածնի վարման քարտում.
գ. ծննդկանի առողջական վիճակով պայմանավորված, մոր և նորածնի համատեղ կացության ժամանակավոր անհնարինության դեպքերում՝ ապահովել նորածնի տեղակայումը «Նորածնային հատուկ խնամքի (II փուլի) բաժանմունքում» կամ «Նորածնային ինտենսիվ բուժօգնության և խնամքի պալատում»՝ մինչև մոր վիճակի կայունացումը.
2) «Մոր և մանկան համատեղ կացության (հետծննդյան) բաժանմունքում նեոնատոլոգը պետք է կարողանա.
ա. ապահովել «ջերմային շղթայի» պահպանման անհրաժեշտ պայմանները.
բ. ապահովել մոր և նորածնի շուրջօրյա համատեղ կացությունը.
գ. բացառել արհեստական կաթնախառնուրդների, ջրի կամ գլյուկոզի լուծույթի, ծծակների կամ շշերի օգտագործումը, երբ առկա չեն բժշկական ցուցումներ.
դ. բացառել արհեստական կաթնախառնուրդների խրախուսումը և գովազդը նորածնի ծնողների (օրինական ներկայացուցիչների) շրջանում.
ե. կրծքով կերակրելուց հրաժարվող մայրերին իրազեկել մոր և նորածնի առողջության հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին.
զ. յուրաքանչյուր տասներկու ժամը մեկ գնահատել նորածնի հիմնական կենսական ցուցանիշները.
է. բացառել նորածինների բարուրումը, իրականացնել մաշկի, լորձաթաղանթների, պորտալարի մնացորդի խնամքը.
ը. իրականացնել և կազմակերպել նորածնային սքրինինգների կատարումը.
թ. կազմակերպել կանխարգելիչ պատվաստումները։
3) Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նեոնատոլոգը պետք է կարողանա.
ա. ապահովել «ջերմային շղթայի» պահպանման անհրաժեշտ պայմանները.
բ. տրամադրել վերակենդանացման, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ծանր ախտաբանություններով և խանգարումներով ծնված նորածիններին.
գ. կազմակերպել հիվանդ և անհաս նորածինների բժշկական օգնության և սպասարկման շարունակականությունը.
դ. ապահովել կյանքին օժանդակող անհապաղ և շարունակական միջոցառումների կատարումը.
ե. ըստ անհրաժեշտության կազմակերպել հիվանդ և անհաս նորածինների տեղափոխումը.
զ. ապահովել կիրառված բժշկական միջամտությունների, բարդությունների, հիվանդության ելքերի և վարման պլանի վերաբերյալ նորածնի օրինական ներկայացուցիչների իրազեկումը.
է. իրականացնել բուժված, կայուն վիճակում գտնվող նորածինների տեղափոխումը «Նորածնային հատուկ խնամքի (II փուլի) բաժանմունք».
ը. անհաս նորածինների համար ապահովել անհասության ռետինոպաթիայի սքրինինգի իրականացումը համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված և գործող գործելակարգի.
թ. ըստ անհրաժեշտության ապահովել նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների հասանելիությունը նորածնի առողջության պահպանման և բարելավման նպատակով.
4) «Նորածնային հատուկ խնամքի (II փուլի) բաժանմունքում» նեոնատոլոգը պետք է կարողանա`
ա. ապահովել «ջերմային շղթայի» պահպանման անհրաժեշտ պայմանները.
բ. տրամադրել բժշկական օգնության և շարունակական վերականգնողական խնամքի ծառայություններ միջին ծանրության ախտաբանություններով և խանգարումներով նորածիններին.
գ. ապահովել նորածինների շարունակական մշտադիտարկումը և բժշկական տվյալների պարբերաբար գրանցումը.
դ. կազմակերպել առողջական վիճակի վատթարացումով նորածինների տեղափոխումը «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք» կամ բազմապրոֆիլ մասնագիտացված հիվանդանոցների համապատասխան նորածնային բաժանմունքներ.
5) Նորածինների տեղափոխման դեպքում նեոնատոլոգը պետք է կարողանա.
ա. ստանալ իրազեկ համաձայնության ձև տեղափոխման վերաբերյալ նորածնի ծնողներից կամ նրանց փոխարինող իրավասու ներկայացուցիչներից.
բ. վերլուծել ընդունված նորածնի բժշկական պատմությունը.
գ. իրականացնել ընթացիկ վերահսկման, գնահատման և բժշկական միջամտությունների կատարման գործառույթները միջհիվանդանոցային տեղափոխման ընթացքում.
դ. լրացնել նախատեսված բժշկական ձևաչափերը.
ե. իրազեկել բուժքրոջը, նորածնի ընտանիքի անդամներին և բուժանձնակազմի այլ ներկայացուցիչներին հիվանդ նորածնի առողջական վիճակի, բուժման պլանի և հիվանդության ելքի կանխատեսման վերաբերյալ.
6) Իրականացնել այլ իրավիճակների կլինիկական գնահատում և հսկողություն, ներառյալ`
ա. կառավարել նորածնի մոտ առկա և առաջացող առողջական բարդությունները պերինատալ/նեոնատալ շրջանում.
բ. կազմակերպել նորածնային առանձին հիվանդությունների կանխարգելման աշխատանքների պլանավորումը և իրականացումը.
գ. հանձնարարել մասնագիտացված ախտորոշիչ հետազոտությունների կատարում՝ նորածնի մոտ նկատվող կամ կասկածվող առանձին հիվանդությունների բնույթը որոշելու համար.
7) Իրականացնել գնահատում խնամողներին և ընտանիքի անդամներին որպես խնամքի մասնակիցներ.
8) Ճանաչել ընկճված իմունիտետի նշանները ու ախտանիշները, մշակել թույլ իմունային համակարգով և վարակներով նորածինների կանխարգելման և բուժման հստակ պլանը.
9) Իրականացնել գլխուղեղի ուլտրաձայնային, նորածնի կառուցվածքային նյարդաբանական հետազոտություն, ակնաբուժական հիմնական հետազոտություն, գոտկային պունկցիա, ամպլիտուդ-ինտեգրված էլեկտրաէնցեֆալոգրաֆիա նորածինների կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատում (aEEG) և մեկնաբանություն, ճանաչել լուրջ ուղեղային ախտահարումների մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) նշանները.
10) Մշակել էնտերալ և պարենտերալ սննդի մանրամասն պլան, արդյունավետ կարգավորել նորածնային հիպո- և հիպերգլիկեմիան, իրականացնել երիկամային անբավարարության բուժում.
11) Որպես բուժօգնության առաջնային օղակ իրականացնել տարածված և կարևոր նյութափոխանակության և էնդոկրին խանգարումների բուժում.
12) Իրականացնել ոչ ինվազիվ օդափոխություն, էնդոտրախեալ ինտուբացիա, շնչառական ուղիների օդափոխություն՝ օգտագործելով լարինգեալ դիմակ, նորածինների պորտային կաթետերի տեղադրում, թորակալ դրենաժի/թորակալ օդային ասպիրացիայի կատարում.
13) Իրականացնել կենսունակության շեմին գտնվող նորածինների արդյունավետ կառավարում, ներառյալ կյանքի վերջում նրանց խնամքի վերաբերյալ որոշումների կայացումը:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Նեոնատոլոգը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ նեոնատոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման.
9. Տեխնիկական հմտություններ. նեոնատոլոգը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Նեոնատոլոգը պետք է`
1) իրականացնի թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցի ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են նեոնատոլոգի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|