Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-01.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1150
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքի իմաստով սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված համայնքների վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության:

 

Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից.

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:

 

Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով՝

1) վարում են եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի և դրա հետ կապված ծախսերի գումարի չափով: Եթե Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և հայտարարագրերում.

2) իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդների համար (ծառայություններից օգտվողների համար) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:

 

Հոդված 5. Եթե Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվում է ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում (այդ թվում` Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով), ապա`

1) տարվա ընթացքում առաջին անգամ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է նախազգուշացում.

2) տարվա ընթացքում երկրորդ անգամ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառությունից հետո արձանագրվող` ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտումների դեպքում կիրառվում են հարկային օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:

Եթե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին ստուգման ակտը կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները սահմանված կարգով բողոքարկվել են, ապա դիմում-գանգատը մերժվելու մասին որոշումը պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից` տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում: Դիմում-գանգատը բավարարվելու կամ դիմում-գանգատը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կարգով չեղյալ ճանաչվելու դեպքերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողը շարունակում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից այն պահից, որ պահից, ստուգման ակտի համաձայն, դադարել էր օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից:

Եթե Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ արձանագրվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտում (անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպք), կամ եթե հավելվածում նշված սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա`

1) տարվա ընթացքում առաջին խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը.

2) տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, և համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից և շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-156-Ն