Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.06.1995
Ստորագրման ամսաթիվ
08.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով զարգացնել և ամրապնդել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև հետագա համագործակցությունը,

համոզված, որ այդ համագործակցությունը կնպաստի երկու երկրների մաքսային մարմիններին` իրագործելու ուղևորաբեռնային հաղորդակցության, փոստային առաքումների փոխանակության արագացումը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները իրենց երկրների մաքսային օրենսդրության շրջանակներում և մաքսային արտարժութային կանոնների վերահսկողության ապահովման նպատակով, ինչպես նաև աշխատելով առավելագույնս հեշտացնել բեռների և ուղևորների փոխադրումները, փոստային առաքումների փոխանակությունը, կձգտեն մաքսային հարցերի բնագավառներում իրականացնել բազմակողմ համագործակցություն և փոխադարձ աջակցություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հաշվի առնելով երկուստեք շահերը, ապահովում է բեռների և ուղևորների հաղորդակցության և փոստային առաքումների մաքսային վերահսկողության իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային վերահսկողության արագացման, այդ վերահսկողության մեթոդների և ձևերի կատարելագործման, ինչպես նաև, տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տնտեսական և այլ շահերին վնաս հասցնելուց խուսափելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն պետական սահմանով անցնող փոխադրամիջոցները, բեռները, փոստային առաքումները, արտարժույթը, վճարման այլ միջոցները և արտարժութային արժեքները անհրաժեշտ մաքսային փաստաթղթերով, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային և արտարժութային կանոններին և կիրառվում են ուղևորաբեռնային հաղորդակցության և փոստային առաքումների համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրականացնել տարանցիկ բեռների մաքսային ձևակերպումների կարգի վերաբերյալ Համաձայնագրի դրույթները, որը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների ղեկավարության կողմից ստորագրվել է 1992 թվականի ապրիլի 2-ին` Ալմա Աթայում:

Պայմանավորվող կողմերի տարածքով փոխադրվող և նրանց մաքսային մարմինների կողմից ձևակերպված տարանցիկ բեռները բաց են թողնվում անարգել և ազատվում են մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռներն իրենց մեջ պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները և փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վրա դրված պաշտոնական նշանները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը կփոխանակեն 6-րդ հոդվածում նշված մաքսային փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված կամ սահմանափակված ապրանքների անվանացանկերը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն մաքսային փաստաթղթերի միասնականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերի մաքսատների միջև ապրանքների և փոխադրամիջոցների տեղափոխումը կիրականացվի Բեռնային մաքսային հայտարարագրերի (ԲՄՀ) օգտագործման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինները մյուս Կողմի տարածքից իրենց տարածքով ներս են թողնում միայն մաքսային ստուգումների ենթակա այն բեռները, փոխադրամիջոցները, ուղևորաբեռներն ու փոստային առաքումները, որոնք բաց են թողնվել մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից:

Եթե Կողմերից մեկի մաքսային մարմինները բացահայտեն, որ մյուս Կողմի մաքսային մարմինները չեն իրականացրել այդ բեռների, փոխադրամիջոցների, ուղևորաբեռների ու փոստային առաքումների մաքսային ստուգումներն ու ձևակերպումները, ապա դրանք կկասեցվեն և այդ մասին կտեղեկացվի մյուս Կողմի մաքսային մարմիններին:

Այնուհետև բացահայտող Կողմը կգործի մյուս Կողմի մաքսային մարմինների կարգադրությունների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Եթե սույն Համաձայնագրի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք ներմուծված բեռները, փոխադրամիջոցները, ուղևորաբեռները, ինչպես նաև արտարժույթը և արտարժութային արժեքները ենթակա չեն ներս թողնվելու մաքսային, արտարժութային, սանիտարական, կարանտինային և անասնաբուժական վերահսկողության կանոնների և ներմուծման հրահանգների հիման վրա կամ անվտանգության ապահովման նպատակով, ապա դրանք կվերադարձվեն մյուս Կողմին` բեռնային փաստաթղթերի մեջ արգելման վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելով, կամ կներկայացնեն համապատասխան տեղեկանք, եթե մյուս Կողմի մաքսային մարմինները այդ հարցով դիմեն նրանց:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Հայաստանի Հանրապետության տարածքից Տաջիկստանի Հանրապետության տարածք և Տաջիկստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք արտահանվող ապրանքները, Պայմանավորվող կողմերի մաքսային գործող օրենսդրության համաձայն, ենթակա են մաքսային ձևակերպումների:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ապօրինի ներմուծված փոխադրամիջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, այլ վճարման միջոցների ու արտարժութային արժեքների նկատմամբ կկիրառվեն այն պետության մաքսային օրենսդրությունը, որի տարածքում գտնվում են վերոհիշյալ առարկաներն ու արժեքները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով երրորդ երկիր տարանցիկ ուղևորություն կատարող Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային ստուգումները և բաց թողնելը կկատարվեն Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության համաձայն:

Այդ նպատակով`

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Տաջիկստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն,

Տաջիկստանի Հանրապետության մաքսային մարմինները Տաջիկստանի Հանրապետության տարածքով բաց կթողնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները, ձեռքի իրերը` հաստատված և նշված քանակության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի հոդվածների կիրառման, մեկնաբանման և փոփոխման հետ կապված վիճելի հարցերը Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունների միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկություններ կհաղորդեն մաքսային գործի հարցերին առնչվող գործող օրենսդրական ակտերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները պարբերաբար, գրավոր կամ բանավոր, կիրականացնեն սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ամբողջական փորձի փոխանակություն:

Կողմերի միջև գրագրությունը կկատարվի ռուսերենով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները միմյանց փոխօգնություն կցուցաբերեն անվճար:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի հինգ տարի ժամանակով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի հունիսի 8-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Հայերեն և տաջիկերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունիսի 8-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան