ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «հավաքակայան» հասկացության մեջ «գիծ» բառը փոխարինել «ուղերթ» բառով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) տաքսամետրով (սակաչափիչով).
բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.
դ) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է:».
2) 5-րդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատվերի և ուղևորության համար վճարումը կատարվում է կանխիկ, ինչպես նաև անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)՝ տաքսամետրի ցուցմունքով:
Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել ուղևորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոններ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
Երևան ՀՕ-168-Ն |