Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.05.1995
Ստորագրման ամսաթիվ
06.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.1997

Ա Ռ Ե Վ Տ Ր Ի  Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր, հաշվի առնելով առևտրական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում փոխադարձ շահարգրգռվածությունը և ընդլայնելով ու զարգացնելով հավասարության, անխտրականության և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1.

Համաձայնագրի շրջանակները

 

Կողմերի միջև իրականացվող առևտրային փոխառաքումները, երկու երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կնքված կոնտրակտները իրականացվում են սույն Համաձայնագրի շրջանակներում և Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համապատասխան:

 

 

Հոդված 2.

Վերաարտահանման երրորդ երկիր

 

Սույն Համաձայնագրի հիման վրա երկու Կողմերի միջև փոխառաքվող ապրանքները կարող են վերաարտահանվել երրորդ երկրներ արտահանող Կողմի թույլտվությամբ:

 

Հոդված 3.

Ապրանքների ծագման սերտիֆիկատներ տալը

 

Կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրության համաձայն, պատշաճ միջոցներ է ձեռնարկում մյուս Պայմանավորվող կողմ արտահանվող ապրանքների ծագման սերտիֆիկատներ տալու համար: Այս նպատակով Իրանում ամբողջությամբ արտադրված ապրանքները համարվում են իրանական արտադրանքներ, Հայաստանում արտադրված ապրանքները` հայկական արտադրանքներ:

 

Հոդված 4.

Մաքսատուրքեր և մաքսավճարներ

 

Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրի շրջանակներում և յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն, բարենպաստ պայմաններ ստեղծել երկկողմ առևտրի զարգացման համար: Պայմանավորվող կողմերից մեկի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը և մաքսավճարները չպետք է գերազանցեն այլ երկրների նմանօրինակ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերին և մաքսավճարներին:

 

Հոդված 5.

Արտոնություններ

 

Սույն Համաձայնագրով տրամադրված արտոնությունները չեն ներառում հետևյալը.

ա) արտոնություններ, որոնք Պայմանավորվող կողմերից մեկը տրամադրել է կամ կտրամադրի հարևան երկրին` սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով,

բ) արտոնություններ, որոնք տրամադրվել կամ կարող են տրամադրվել որևէ պետության ազատ առևտրի գոտում, մաքսային միություններում կամ ռեգիոնալ պայմանագրերում:

 

Հոդված 6.

Հարկեր

 

Կողմերը համաձայնում են չկիրառել արտահանման և ներմուծման համար հարկերի, մաքսատուրքերի և այլ անհրաժեշտ գանձումների վերաբերյալ նոր և ավելի խիստ նորմատիվ ակտեր, բացառությամբ այն դեպքերի, երբ պահպանվում են հետևյալ պայմանները.

- այդ նորմատիվ ակտերը հրապարակվում և փոխանակվում են լիազորված մարմինների միջև,

- պաշտոնական տեղեկացումից հետո անցել է երեք ամիս,

- հարկերի և մաքսերի վերաբերյալ հայցերի նախնական պատրաստում:

 

Հոդված 7.

Ոչ տարիֆային կարգավորում

 

Կողմերը, փոխադարձ առևտրային հարաբերություններ զարգացնելու նպատակով, համաձայնում են վերացնել ոչ տարիֆային արգելքները կամ փոխադարձաբար միմյանց տրամադրել ոչ տարիֆային արտոնություններ, համաձայն Հավելվածի, որը կհամաձայնեցվի Կողմերի միջև:

 

Հոդված 8.

Տարադրամային վճարումների և գանձումների համակարգ

 

Սույն Համաձայնագրի իրականացումից բխող բոլոր գանձումները, վճարումները կկատարվեն Կողմերի միջև համաձայնեցված տարադրամով` Կողմերի կենտրոնական բանկերի միջև ստորագրված համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 9.

Մասնակցություն տոնավաճառներին

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն իրենց առևտրային ընկերություններին և կազմակերպություններին մասնակցելու մյուս երկրում կազմակերպվող միջազգային կամ մասնագիտացված տոնավաճառներին և իրենց հնարավորությունների սահմաններում կօժանդակեն մյուս Կողմի առևտրային ընկերություններին և կազմակերպություններին: Ցուցահանդեսի կամ տոնավաճառի նպատակով մի Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի ներմուծած ապրանքներից մաքսատուրքերի, հարկերի և այլ վճարումների գանձումները կամ դրանցից ազատումը կատարվում են 1961 թվականի հունիսի 8-ին Բրյուսելում կնքված Ցուցահանդես-վաճառքների, հանդիպումների կամ նմանատիպ միջոցառումների համար ապրանքների ներմուծման համար արտոնությունների վերաբերյալ Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 10.

Առևտրական ներկայացուցչությունների ստեղծումը

 

Կողմերի միջև ապրանքների, ծառայությունների և առևտրական տեղեկության փոխանակումը հեշտացնելու և զարգացնելու նպատակով Կողմերից յուրաքանչյուրը կթույլատրի իր տարածքում հիմնել առևտրական ներկայացուցչություն: Վերը նշված ներկայացուցչության աշխատողների, սարքավորումների և մասնաճյուղերի քանակը Կողմերի միջև կորոշվի առանձին համաձայնագրով:

 

Հոդված 11.

Առևտրական հարաբերությունների ընդլայնում

 

Առևտրական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կողմերը կխրախուսեն իրենց ֆիզիկական և իրավաբանական անձանց գործելու միջազգային առևտրի կանոնների համաձայն, կխրախուսեն իրենց առևտրային պալատներին ավելի սերտ և արդյունավետ համագործակցելու, կփոխանակեն առևտրային պատվիրակություններ, կհրավիրեն մասնագիտացված սեմինարներ և կոնֆերանսներ:

 

Հոդված 12.

Համատեղ հանձնաժողով

 

Կողմերը համաձայնում են ստեղծել իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողով, որը կգումարի նիստեր տարին մեկ անգամ` հաջորդաբար յուրաքանչյուր երկրի տարածքում: Հանձնաժողովի գործառույթ/պարտականություններն են`

ա) սույն Համաձայնագրի կատարման նկատմամբ վերահսկողություն,

բ) սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած դժվարությունների վերացման լուծումների մշակում,

գ) երկկողմանի առևտրի զարգացման և ընդլայնման ուղիների վերանայում և ուսումնասիրություն:

 

Հոդված 13.

Վեճերի կարգավորում

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն բարեկամական բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Փոխհամաձայնության չհասնելու դեպքում վեճերը կլուծվեն արբիտրաժի միջոցով, որը կկազմվի երկու Կողմերի ներկայացուցիչներից` համաձայն Կողմերի օրենսդրության և միջազգային պրակտիկայում ընդունված կարգի:

 

Հոդված 14.

Հանրային առողջության և ազգային շահերի պաշտպանություն

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն սահմանափակում Պայմանավորվող կողմերի իրավունքները` սահմանելու արգելքներ կամ սահմանափակումներ ազգային շահերի, հանրային առողջության պաշտպանության և/կամ բույսերի կամ կենդանիների հիվանդությունների կանխման կապակցությամբ:

 

Հոդված 15.

Համաձայնագրի գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Այս ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը երկարացվում է 1 տարով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը նախօրոք, ոչ պակաս, քան 6 ամիս առաջ, մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կկիրառվեն Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում կնքված բոլոր պայմանագրերի նկատմամբ` մեկ տարի ժամկետով, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:

 

Կատարված է Թեհրան քաղաքում` նախաբանով և 15 հոդվածով, 1995 թվականի մայիսի 6-ին, երեք լեզուներով` հայերեն, պարսկերեն և անգլերեն, երկուական բնօրինակով. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 18-ից: