Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1995
Ստորագրման ամսաթիվ
30.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հիմնվելով իրենց միջև գոյություն ունեցող բարեկամական և ավանդական հարաբերությունների վրա և

ցանկանալով համագործակցություն հաստատել իրենց միջև իրենց իրավասության հարցերի
վերաբերյալ և

հաշվի առնելով միջազգային համաձայնագրերը, ինչպես նաև երկու երկրներում գործող օրենքներն ու կանոնակարգերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն և միմյանց փոխադարձաբար կօգնեն, այդ թվում և փորձի փոխանակմամբ, հետևյալ բնագավառներում.

ա) պայքար թմրանյութերի առևտրի և հոգեներգործող նյութերի անօրինական արտադրության և օգտագործման դեմ,

բ) պայքար կազմակերպված հանցագործության դեմ.

1. պայքար զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության դեմ,

2. պայքար արժույթները, արժեք ներկայացնող այլ փաստաթղթերը և թղթադրամները կեղծելու ու նենգափոխելու դեմ,

3. պայքար պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, հումքային քարերի ու արժեքավոր նյութերի և այլ արժեքավոր առարկաների մաքսանենգության դեմ,

4. պայքար միջազգային անօրինական տնտեսական գործունեության դեմ,

գ) պայքար միջազգային ահաբեկչության դեմ` զանազանելով այն ժողովուրդների` հանուն ազատության և անկախության մղվող պայքարից,

դ) փորձի և մտքերի փոխանակում անվտանգության ու հասարակական կարգի պահպանման մեթոդների և եղանակների բարելավման համար,

ե) պայքար սահմանն անօրինական անցնելու դեմ,

զ) համագործակցություն անձնակազմի որակավորման և մասնագետների ուսուցման ասպարեզում:

 

Հոդված 2

 

Երկու Կողմերի միջև համագործակցությունն իրականացվում է դիվանագիտական ճանապարհով` հետևյալ ուղղություններով.

ա) տեղեկության և փորձի փոխանակում առաջին հոդվածում հիշատակված բնագավառներում,

բ) փոխադարձ շահերի բնագավառում փաստաթղթերի, հրապարակումների և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում,

գ) փոխադարձ շահեր ներկայացնող միջոցառումների կազմակերպում և ձեռնարկում:

 

Հոդված 3

 

 Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման մանրամասն միջոցառումները պետք է սահմանվեն Պայմանավորվող կողմերի կողմից համաձայնեցվելիք գործնական ծրագրերում:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը, համաձայն իրենց երկրներում գործող օրենսդրությունների, երկու երկրների ներքին գործերի նախարարությունների խնդիրների համար փոխանակում են տեղեկություն:

 

 Հոդված 5

 

Տեղեկությունը փոխանակվում է համաձայն Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությունների: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել որևէ տեղեկություն տրամադրելուց, եթե գտնում է, որ այն կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը կամ ազգային անվտանգությանը կամ հակասում է երկրում գործող օրենսդրությանը: Մերժման մասին տեղեկացվում է գրավոր: Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացող Կողմը չի կարող տեղեկություն տրամադրել երրորդ կողմին առանց տեղեկատվություն տրամադրող Կողմի հետ նախնական համաձայնության:

 

Հոդված 6

 

 Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն` անցկացնելու փոխադարձ շահեր ներկայացնող գիտական ուսումնասիրություններ: Այդ նպատակով նրանք կուսումնասիրեն հատուկ տեխնիկական միջոցներով և սարքավորումներով տեղեկության հավաքման գործում փոխօգնության հնարավորությունը:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերը համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպում են փորձագետների հանդիպումներ` նրանց մասնագիտական իրավասությունների շրջանակներում խիստ հրատապ և կարևոր խնդիրներ լուծելու համար:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով հանձնում են նոր ճամփորդական փաստաթղթերի, կնիքների ու ելքի վիզաների տեսակների նմուշները` անօրինական կերպով իրենց սահմաններն անցնելը կանխելու և դրա դեմ պայքարելու համար:

 

 

Հոդված 9

 

 Կողմերից յուրաքանչյուրը, ելնելով ազգային անվտանգության կամ ներքին կարգուկանոնի շահերից, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել սույն Համաձայնագրի կատարումը: Այդպիսի դադարեցման կամ դադարեցումը չեղյալ համարելու դեպքում պետք է դիվանագիտական ճանապարհով հաղորդվի Պայմանավորվող մյուս Կողմին` ցանկացած ժամանակ:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը գործում է մեկ տարվա ընթացքում և ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի նույն ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ կարող է ժամկետի լրանալուց նվազագույնը 30 օր առաջ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ճանապարհով գրավոր հայտնել Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Հոդված 11

 

 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իրենց վավերացումը ծանուցող դիվանագիտական հայտագրերի փոխանակման պահից` համաձայն Պայմանավորվող կողմերի սահմանադրական ընթացակարգերի:

 

Հոդված 12

 

 Սույն Համաձայնագիրը կազմվել է երեք բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր բնօրինակներն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման անհամաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Կատարված է Դամասկոս քաղաքում 1995 թվականի ապրիլի 30-ին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի օգոստոսի 6-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան