Գլխավոր տեղեկություն
Համար
N 1128-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2025 թվականի N 1128-Լ

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 11.11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ նաև կազմակերպություն) Փաստահավաք հանձնաժողովի անդամների թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջադրման հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Փաստահավաք հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընտրվելու նպատակով կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի անդամների ներգրավման գործընթացն իրականացվում է Հանրային խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կողմից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարությունը (այսուհետ՝ խորհրդի քարտուղարություն) հանձնաժողովի անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ ապահովում է հանձնաժողովի անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Հայտարարությունը միաժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որը գործում է www.azdarar.am հասցեով և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում, որը գործում է www.gov.am հասցեով:

4. Հանձնաժողովի անդամների ընտրության վերաբերյալ հայտարարության մեջ պարտադիր նշվում են՝

1) մրցույթը հայտարարող մարմնի անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն և մրցույթի հայտարարման նպատակը.

2) հանձնաժողովի թեկնածու առաջադրող կազմակերպություններին և թեկնածուներին ներկայացվող պահանջները.

3) թեկնածու առաջադրելու հայտին ներկայացվող պահանջները և դրան կից ներկայացման ենթակա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու եղանակը և ժամկետները.

5) հայտը սահմանված ժամկետում և օրենքի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ ներկայացնելու հետևանքները և

6) օրենքից և սույն կարգից բխող այլ պայմաններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

5. Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող են առաջադրել այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, փաստահավաք գործունեությունը, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպմանը և անցկացմանը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներին, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներին, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներին, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան և հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերին անդրադարձը կամ դրանց բացահայտման ուղղությամբ ծավալած գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն:

6. Հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ տասնհինգօրյա ժամկետում:

7. Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու համար կազմակերպություններին ներկայացվող պահանջներին բավարարելու հանգամանքը հաստատելու նպատակով կազմակերպությունը ներկայացնում է՝

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) հայտը ներկայացնելու պահին նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

4) առկայության դեպքում կազմակերպության հանձնաժողովի իրավասության ոլորտներում ծավալած գործունեության արդյունքում կազմված զեկույցների և այլ աշխատանքների մասին տեղեկատվություն:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայերենի, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունի մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է և մինչև հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որևէ քաղաքական պաշտոն և իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորել է քաղաքական չեզոքություն և զսպվածություն:

9. Սույն կարգի իմաստով մասնագիտական աշխատանքի փորձառություն է համարվում Փաստահավաք հանձնաժողովի իրավասության ոլորտներում կամ օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրական նպատակների շրջանակներում գործունեության իրականացումը:

10. Կազմակերպությունները թեկնածու առաջադրելու նպատակով հայտարարության մեջ նշված ժամկետում և կարգով ներկայացնում են հայտ՝ համաձայն N 2 հավելվածի:

11. Կազմակերպությունները թեկնածու առաջադրելու հայտին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տվյալները՝

1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) թեկնածուի կենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ) և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

3) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները խորհրդի կամ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակելու մասին.

4) բարձրագույն կրթության որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

5) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

6) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր.

7) առկայության դեպքում հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես, գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների կամ այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում՝ դրանց հղումներով.

8) հայտարարություն՝ համաձայն N 3 հավելվածի.

9) թեկնածուի նախաձեռնությամբ՝ այլ փաստաթղթեր:

12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված հայտը և 7-րդ և 11-րդ կետերով սահմանված տվյալները և նյութերը խորհրդի քարտուղարություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված եղանակով:

13. Փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունները ծանուցվում են փաստաթղթերն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

14. Օրենքի 11.11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փուլում խորհրդի կողմից խորհրդի քարտուղարության միջոցով ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվելուց հետո, կազմակերպությունների առաջադրած անձինք ներառվում են հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկում:

15. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտին կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում կազմակերպությունը դրա մասին ծանուցվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:

16. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտարարությամբ սահմանված ժամկետում չի առաջադրվում որևէ թեկնածու կամ թեկնածու է առաջադրվում սահմանված ժամկետի ավարտից հետո կամ առաջադրված որևէ թեկնածու կամ թեկնածուին առաջադրած կազմակերպություն չի համապատասխանում սույն որոշմամբ և օրենքով նախատեսված պահանջներին կամ թեկնածու առաջադրող կազմակերպությունները սահմանված ժամկետում չեն շտկել փաստաթղթերում առկա թերությունները կամ անհամապատասխանությունները, հանձնաժողովի անդամի ընտրությունը համարվում է չկայացած:

17. Հանձնաժողովի անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու հիմքերի առկայության դեպքում խորհրդի քարտուղարությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն այն չկայացած ճանաչելու մասին։ Հանձնաժողովի անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին հայտարարությունը հրապարակվում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

18. Սույն կարգով և օրենքով սահմանված պահանջներին բավարարող թեկնածուների առաջադրման դեպքում խորհրդի քարտուղարությունը հայտերը ներկայացնելու ժամկետն ավարտվելու օրվանից հետո եռօրյա ժամկետում սույն կարգով սահմանված պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, ինչպես նաև առկա փաստաթղթերը ներկայացնում է խորհրդի անդամներին: Թեկնածուների ցանկում ներառված լինելու վերաբերյալ կազմակերպությունները ծանուցվում են խորհրդի քարտուղարության կողմից սույն կարգով սահմանված պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը խորհրդին ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

19. Օրենքի 11.11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փուլին մասնակցելու մասին Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուն ծանուցվում է խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Ծանուցման մեջ նշվում է նաև օրենքի 11.11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փուլի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը: Օրենքի 11.11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փուլն անցկացնելու նպատակով գումարվող խորհրդի նիստերը դռնփակ են:

20. Օրենքի 11.11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փուլի ընթացքում, հաշվի առնելով օրենքով նախատեսված պահանջները, խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել առավելագույնը յոթ թեկնածուի: Ընտրված են համարվում առավելագույն կողմ քվեարկված յոթ թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

21. Օրենքի 11.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Փաստահավաք հանձնաժողովը ձևավորված համարվելու օրը Հանրային խորհուրդը՝ Հանրային խորհրդի քարտուղարության միջոցով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային և Կառավարության պաշտոնական համացանցային կայքերում հրապարակում է հայտարարություն Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման և Փաստահավաք հանձնաժողովի կազմում ընտրված անդամների մասին:

22. Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող խորհրդի նիստի ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությամբ և խորհրդի որոշմամբ ըստ պահանջի կարող է տրամադրվել այլ անձանց: Խորհրդի նիստի տեսաձայնագրությունն ստանալու համար անձը կարող է գրավոր դիմում ներկայացնել խորհրդի քարտուղարություն: Խորհրդի քարտուղարությունը գրավոր դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով ծանուցում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուին դիմումի ստացման մասին: Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուն էլեկտրոնային փոստով ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր համաձայնությունը ներկայացնում է խորհրդի քարտուղարություն: Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից գրավոր համաձայնությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի քարտուղարություն չներկայացվելու դեպքում այն համարվում է չտրամադրված: Խորհրդի քարտուղարությունը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է խորհրդի նախագահին տեսաձայնագրությունը տրամադրելու մասին դիմումի ստացման և Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի՝ տեսաձայնագրությունը տրամադրելու գրավոր համաձայնության առկայության մասին՝ խորհրդի նիստ հրավիրելու և հարցը խորհրդի նիստի օրակարգում ներառելու նպատակով: Տեսաձայնագրությունը տրամադրելու հարցը քննարկվում է խորհրդի առաջիկա նիստի ընթացքում: Խորհրդի կողմից տեսաձայնագրությունը տրամադրելու մասին որոշում ընդունելու դեպքում խորհրդի քարտուղարությունը խորհրդի որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեսաձայնագրությունը տրամադրում է դիմումը ներկայացրած անձին: Այն դեպքում, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուն չի տրամադրում իր գրավոր համաձայնությունը տեսաձայնագրությունը տրամադրելու մասին կամ չի ընդունվում խորհրդի՝ տեսաձայնագրությունը անձի դիմումի հիման վրա տրամադրելու մասին որոշում, խորհրդի քարտուղարությունը նշված հանգամանքը պարզ դառնալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումը ներկայացրած անձին՝ տեսաձայնագրությունը տրամադրելու պայմանները չբավարարելու հիմքով այն տրամադրելու անհնարինության մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշման

 

ՀԱՅՏ

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ

 

Հարգելի՛ Հանրային խորհրդի անդամներ,

 

Սույն հայտով __________________________________________________ 1 կողմից որպես Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրվում __________________________________________ 2:

 

 

Կից ներկայացվում են՝

 

1)

 

2) …

 

 

Հայտատու

 

___________________________________________

կազմակերպության ներկայացուցչի անուն և ազգանուն

 

_____________________________________________________________

էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար

 

 

Օր, ամիս, տարեթիվ ________________________________

                                 ստորագրություն

 

________________________

1 Նշվում է կազմակերպության անվանումը

2 Նշվում է թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Ես՝ ____________________________ (ծնված՝_____________  թ., հաշվառման հասցե՝ ____________________ , անձը հաստատող փաստաթուղթ՝ _________________________ , տրված՝ __________-ին, __________-ի կողմից) սույնով հայտարարում եմ, որ՝

Ներմուծեք նկարագրությունը_20974 չեմ զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որևէ քաղաքական պաշտոն և Փաստահավաք հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացման ամբողջ ընթացքում չեմ անցնելու հանրային ծառայության,

Ներմուծեք նկարագրությունը_20974 չեմ հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ և Փաստահավաք հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացման ամբողջ ընթացքում չեմ անդամագրվելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության,

Ներմուծեք նկարագրությունը_20974 Փաստահավաք հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում իմ գործունեության ընթացքում պահպանելու եմ քաղաքական չեզոքություն և զսպվածություն,

Ներմուծեք նկարագրությունը_20974 չեմ հանդիսանում Հանրային խորհրդի կամ Հանրային խորհրդի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի անդամ,

Ներմուծեք նկարագրությունը_20974 երբևէ չեմ դատապարտվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար,

Ներմուծեք նկարագրությունը_20974 չեմ կրել ազատությունից զրկելու հետ կապված պատիժ,

Ներմուծեք նկարագրությունը_20974 չունեմ դատվածություն,

Ներմուծեք նկարագրությունը_20974 իմ նկատմամբ հարուցված չի եղել քրեական հետապնդում, որը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով (ոչ ռեաբիլիտացնող հիմքերով),

Ներմուծեք նկարագրությունը_20974 տալիս եմ համաձայնությունը սույն հայտարարությամբ նշված պայմանների չբավարարման դեպքում հանձնաժողովի կազմում գործունեությունս դադարեցնելու վերաբերյալ:

Միաժամանակ, սույնով տալիս եմ համաձայնությունս՝ խորհրդին ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, հարցումներ կատարելու պետական և ոչ պետական մարմիններին, կազմակերպություններին և ստանալ դրանց պատասխանները, այդ թվում՝ ինձ վերաբերող անձնական տվյալները:

 

 

Թեկնածու _______________________

                      անուն, ազգանուն, ստորագրություն

 

Օր, ամիս, տարեթիվ ___________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան