ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ծառայությունը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում՝
1) նպաստառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).
2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի նույնականացման համարը․
3) ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
4) նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը).
5) նպաստի չափը, վարձու աշխատողի դեպքում՝ առանձնացված ըստ գործատուների, ինչպես նաև ըստ գործատուի միջոցներից վճարվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստի չափերի․
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը։
15. Ծառայության ներկայացրած տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի անհատական հաշիվ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|