Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2025
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
Փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
07.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«7» օգոստոսի 2025 թ.

N 78-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ, ՏՆԱՅԻՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) սոցիալական դեպքի վարման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) տնային կամ գտնվելու վայր այցելություն կատարելու մեթոդական ուղեցույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Առաջարկել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին ստեղծել սոցիալական դեպքի վարման թվային համակարգը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Փոխարինող՝

 

8/7/2025

Ռ. Սարգսյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2025 թվականի

օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սոցիալական դեպքի վարման մեթոդական ուղեցույցով սահմանվում են սոցիալական դեպքի (այսուհետ՝ դեպք) վարման (այսուհետ՝ դեպքի վարում) նպատակները, խնդիրները, փուլերը, դեպքը վարող սոցիալական աշխատողի (այսուհետ՝ դեպք վարող) և աջակցող ցանցի մասնակիցների գործառույթները, կարգավորվում են դեպքի վարմանը ներգրավված կողմերի հարաբերությունները և դեպքի վարումից բխող այլ հարաբերություններ։

2. Դեպքի վարումն իրականացվում է սոցիալական աջակցության համար դիմած և տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձին կամ ընտանիքին (այսուհետ՝ շահառու) սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով, որի ընթացքում դեպք վարողի համակարգմամբ՝ շահառուի ու աջակցող ցանցի մասնակիցների հետ համատեղ, մշակվում է շահառուի կարիքների բավարարմանն ուղղված անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր (այսուհետ՝ միջամտության ծրագիր), որի հիման վրա դեպք վարողն ապահովում է շահառուին ծառայությունների տրամադրման համակարգումը։

3. Դեպքի վարման նպատակներն են անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը և սոցիալական ներառման խթանումը։ Սույն հավելվածի իմաստով՝

1) սոցիալ-տնտեսական ակտիվացումն անձի զբաղվածության ապահովման նպատակով նրա սոցիալական կարողությունների զարգացումն է, զբաղվածություն ունենալու վերաբերյալ նրա ընկալումների և վարքային համապատասխան փոփոխությունների ու մոտիվացիայի խթանումը, զբաղվածությանը խոչընդոտող գործոնների ազդեցության չեզոքացումը կամ մեղմումը, անհրաժեշտ սոցիալական կապերի և հարաբերությունների ձևավորման աջակցությունը,

2) սոցիալական ներառումն անձի հասարակական կամ համայնքային կյանքին մասնակցությունը խթանող պայմանների ստեղծումն է, դրա համար անձի կարողությունների և հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը, սոցիալ-հոգեբանական վերականգնումն ու բնականոն կյանքին վերադարձի խթանումը:

4. Դեպքի վարման ընթացքում տրամադրվող ծառայություններն ուղղված են սույն հավելվածի 3-րդ կետում նշված նպատակների իրականացմանը և շահառուի հիմնական կարիքների բավարարմանը։ Դեպքի վարումն իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ ՄՍԾ ՏԿ) սոցիալական աշխատողի կողմից։

5. Դեպքի վարման խնդիրներն են՝

1) սոցիալական ծառայությունների համակարգված և համագործակցային տրամադրումը՝ բացառելով սոցիալական ծառայությունների տրամադրման կրկնությունները և վերածածկերը,

2) սոցիալական աջակցության և շահառուի տնտեսական ակտիվացման ծառայությունների ինտեգրված տրամադրումը՝ ինտեգրված դեպքի վարման շրջանակներում,

3) շահառուի կարողությունների զարգացման և ինքնաբավ կենսագործունեության խթանումը։

6. Դեպքի վարումն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան։

 

II. ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

7. Դեպքի վարումն իրականացվում է, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով որոշված՝ ընտանիքի անապահովության աստիճանը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի արժեքի 185 տոկոսից և ընտանիքն ունի խնամառության 5-րդ կամ 6-րդ խմբերից որևէ մեկը,

2) աշխատանք փնտրող կամ գործազուրկ ճանաչվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի կարիքների գնահատման կամ ինքնագնահատման ընթացքում արձանագրվում են անձի կամ ընտանիքի անդամների սոցիալ-տնտեսական ակտիվացմանը խոչընդոտող միջավայրային կամ անձնային խնդիրներ, ինչպիսիք են՝

ա. վերջին 3 տարում զբաղվածություն չունենալը,

բ. ֆիզիկական կամ հոգեկան առողջության կամ հոգեբանական խնդիրներ ունենալը,

գ. սեփական վարքագիծը կառավարելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների կամ խնդիրների առկայությունը,

դ. սոցիալական մեկուսացման, վնասակար սովորությունների (ալկոհոլի չարաշահում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործում և այլն) առկայությունը,

ե. առանց ծնողական խնամքի մնացած, պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ վարքային խնդիրների դրսևորմամբ երեխայի առկայությունը,

զ. կերակրողին կորցնելը,

է. խտրականության, բռնության կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ լինելը,

ը. անօթևանությունը կամ որոշակի բնակության վայր չունենալը,

թ. կյանքի դժվարին այլ իրավիճակներով պայմանավորված խնդիրների առկայությունը,

ժ. տարեցի դեպքում՝ խնամքի կարիք ունենալը,

ժա. հաշմանդամություն ունենալը,

3) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռքբերած աշխատունակ անձը ՄՍԾ ՏԿ տնտեսական ակտիվացման պատասխանատու զբաղվածության խորհրդատուի (այսուհետ՝ զբաղվածության խորհրդատու) կողմից անձի զբաղվածության ապահովման նպատակով հարմար աշխատանքի անցնելու կամ զբաղվածության ծրագրերում ներառվելու համար կատարված երեք առաջարկից հետո ձեռք չի բերել զբաղվածություն կամ չի ներառվել զբաղվածության ծրագրում, և անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո անցել է առնվազն 60, բայց ոչ ավել, քան 75 օր:

8. Սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում դեպքը բացվում է ինքնաշխատ, իսկ 3-րդ ենթակետում նշված դեպքում զբաղվածության խորհրդատուի կողմից էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ թվային գործիքակազմի առկայության դեպքում՝ ինքնաշխատ: Դեպքը բացվելուց հետո այն փոխանցում է դեպք վարողին՝ տրամադրելով նրան նաև կարիքների գնահատման կամ ինքնագնահատման արդյունքները։

9. Դեպքը կարող է փոխանցվել նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) ներկայացուցչի կողմից, եթե նախնական գնահատման արդյունքների հիման վրա պարզվում է, որ անձը կամ ընտանիքն ունի խոցելիության միջին կամ բարձր ռիսկ, իսկ առանձնահատուկ կարիքների գնահատման դեպքում՝ երկու և ավելի սոցիալական կարիք։

10. Ահազանգ կամ աջակցության դիմում ստանալու դեպքում կազմակերպությունների կողմից դեպքի բացահայտումն իրականացվում է ահազանգ կամ աջակցության դիմում ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատում իրականացնելու միջոցով։

11. Եթե նախնական գնահատման արդյունքում արձանագրվել է խոցելիության միջին կամ բարձր ռիսկ, իսկ առանձնահատուկ կարիքների գնահատման դեպքում՝ երկու և ավելի սոցիալական կարիք, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում դեպքն էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում՝ ինքնաշխատ փոխանցվում է դեպք վարողին։

12. Եթե նախնական կամ առանձնահատուկ կարիքների կամ հրատապ գնահատման ընթացքում արձանագրվել է հրատապ արձագանք պահանջող իրավիճակ, որի հիման վրա անհրաժեշտ է անհապաղ տրամադրել սոցիալական աջակցություն, ապա գնահատումն իրականացնող մասնագետն անմիջապես կազմակերպում է հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց սոցիալական աջակցության տրամադրումը, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դեպքն էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում՝ ինքնաշխատ, տեղեկացնում է այդ անձի բնակության վայրը սպասարկող համայնքի սոցիալական աշխատողին (այսուհետ՝ համայնքի սոցիալական աշխատող) և դեպք վարողին։ Համայնքի սոցիալական աշխատողը և դեպք վարողն աջակցում են հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին, իսկ դեպքի բացահայտումից երկու աշխատանքային օրվա ընթացքում համայնքի սոցիալական աշխատողն իրականացնում է տնային կամ գտնվելու վայր այցելություն՝ նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատում իրականացնելու նպատակով, որի արդյունքներից ելնելով, եթե արձանագրվում են խոցելիության միջին կամ բարձր ռիսկ կամ երկու և ավելի սոցիալական կարիք, ապա դեպքի վարում իրականացնելու համար դեպքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում՝ ինքնաշխատ, փոխանցում է դեպք վարողին։ Եթե նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատման արդյունքում պարզվում է, որ առկա չեն դեպք բացելու հիմքեր, բայց անձը կամ ընտանիքն ունեն սոցիալական աջակցության կարիք, ապա նրանց հետ աշխատանքն իրականացնում է համայնքի սոցիալական աշխատողը՝ աջակցության տրամադրումը կազմակերպելով համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում կամ ուղղորդելով այն կազմակերպություններ, որոնք իրավասու են տրամադրելու անհրաժեշտ ծառայությունները, կամ ըստ անհրաժեշտության՝ ապահովում է նրանց իրավունքների պաշտպանությունը։

13. Ֆիզիկական անձն աջակցություն ստանալու համար ՄՍԾ ՏԿ կարող է դիմել անձամբ կամ հասանելի եղանակներով տեղեկատվություն փոխանցելով իր կամ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող այլ անձանց կամ ընտանիքների վերաբերյալ։ Այդ դեպքում դեպք վարողն իրականացնում է նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատում և եթե նախնական գնահատման արդյունքում արձանագրվել է խոցելիության միջին կամ բարձր ռիսկ, իսկ առանձնահատուկ կարիքների գնահատման դեպքում՝ երկու և ավելի սոցիալական կարիք, ապա մեկնարկում է դեպքի վարումը: Եթե նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատման արդյունքում պարզվում է, որ առկա չեն դեպքի վարման հիմքեր, բայց անձը կամ ընտանիքն ունեն սոցիալական աջակցության կարիք, ապա դեպք վարողն օրենսդրությամբ սահմանված դեպքերում շարունակում է աշխատանքը, իսկ նման դեպքերի սահմանված չլինելու կամ համապատասխան լիազորությունների բացակայության դեպքում՝ նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատումն իրականացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում՝ ինքնաշխատ փոխանցում է համայնքի սոցիալական աշխատողին՝ համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում աջակցության տրամադրումը կազմակերպելու համար, կամ ուղղորդում է շահառուին այն կազմակերպություններ, որոնք իրավասու են տրամադրել անհրաժեշտ ծառայությունները կամ ըստ անհրաժեշտության՝ ապահովում է նրա իրավունքների պաշտպանությունը։

14. Դեպք վարողը դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ստանալ զանգվածային լրատվամիջոցների կամ սոցիալական հարթակների հրապարակումներից, այլ աղբյուրներից և դեպքի վարում իրականացնելու մասին որոշումը կայացնել սույն հավելվածի 13-րդ կետում սահմանված կարգով։

 

III. ԴԵՊՔԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

15. Դեպքը բացվում է սույն հավելվածի 7-րդ կամ 13-րդ կետերում նշված հիմքերի առկայության դեպքում: Դեպքը սույն հավելվածի 7-րդ կետի հիմքերով բացելու դեպքում, ինքնաշխատ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հավաքագրված տեղեկությունները և փաստաթղթերը հասանելի են դառնում դեպք վարողին և կարող են օգտագործվել դեպքի վարման համար: Եթե նախնական գնահատման արդյունքում արձանագրվել է խոցելիության բարձր ռիսկ, ապա դեպք վարողն անհապաղ հստակեցնում է հրատապ արձագանքի անհրաժեշտությունը, և նման անհրաժեշտության առկայության դեպքում ապահովում է շահառուի անվտանգությունն ու կյանքին կամ առողջությանը սպառնացող գործոնների չեզոքացումը, և նախաձեռնում դեպքի վարումը։

16. Դեպքի բացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դեպք վարողը շահառուին է ներկայացնում դեպքի վարման համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր, Ձև 1) ստորագրելու առաջարկը և դրա բովանդակությունն ու այն ստորագրելու նպատակը, այդ թվում՝ մեկնաբանելով համաձայնագրի բովանդակությունը։

17. Համաձայնագրի հաստատման միջոցով շահառուն համաձայնություն է տալիս՝

1) դեպք վարողի և աջակցող ցանցի մասնակից հանդիսացող մասնագետների կողմից տնային կամ գտնվելու վայր այցելությունների իրականացմանը,

2) դեպք վարողի և աջակցող ցանցի հետ համագործակցությանը և համատեղ աշխատանքին՝ նշելով կազմակերպություններին կամ անձանց, ում չի ցանկանում ներառել աջակցող ցանցում,

3) պատշաճ կատարել միջամտության ծրագրի իրականացման ընթացքում իր պարտականություններն ու պահանջվող գործողությունները։

18. Չափահաս շահառուն, շահառու ընտանիքի չափահաս անդամները կամ այն չափահաս անդամները, ովքեր ունեն սոցիալական աջակցության կարիք, համաձայնագիրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում են այն: Անչափահասի դեպքում հաստատում է օրինական ներկայացուցիչը։

19. Եթե շահառուն հրաժարվում է սահմանված ժամկետում հաստատել համաձայնագիրը, ապա տվյալ շահառուի համար դեպքի վարման գործընթացն առկախվում է 15-օրյա ժամկետով, որի ընթացքում դեպք վարողը պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում շահառուին և բացատրական աշխատանքներ իրականացնում նրա հետ՝ կատարված աշխատանքների նկարագիրը ներկայացնելով արձանագրություն(ներ)ում։

20. Սույն հավելվածի 19-րդ կետում նշված 15-օրյա ժամկետում շահառուի կողմից համաձայնագրի հաստատումը չստանալու դեպքում՝ դեպքը համարվում է փակված, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Այդ մասին դեպք վարողը կազմում է արձանագրություն և լրացնում դեպքի փակման կամ փոխանցման ձևաթուղթը։

21. Շահառուին չհայտնաբերելու դեպքում դեպքի վարման գործընթացն առկախվում է 15-օրյա ժամկետով։

22. Շահառուն համարվում է չհայտնաբերված, եթե նրա բացակայության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, դեպք վարողը երեք և ավելի անգամ չի կարողացել հանդիպել կամ կապ հաստատել շահառուի հետ։ Սույն կետով նախատեսված դեպքում՝ դեպք վարողը տեղեկացնում է շահառուի ընտանիքի անդամներին, ազգականներին, նրա կյանքում նշանակալից մասնակցություն ունեցող այլ անձանց (այսուհետ՝ նշանակալից անձ), ովքեր հնարավոր է, որ տեղեկատվություն ունենան շահառուի վերաբերյալ։ Շահառուին չհայտնաբերելու կամ նրա մասին տեղեկատվություն չստանալու դեպքում՝ դեպք վարողը դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ոստիկանություն)։ Սույն կետում նշված գործողությունների կատարման և դրանց արդյունքների մասին դեպք վարողը կազմում է արձանագրություն։ Շահառուի չհայտնաբերման դեպքում առկախված դեպքը փակվում է առկախումից մեկ ամիս հետո։

23. Շահառուի հայտնաբերման դեպքում դեպքի վարումը շարունակվում է հայտնաբերման պահից՝ սահմանված կարգով։

24. Եթե ընտանիքի անդամներից մեկը հրաժարվում է հաստատել համաձայնագիրը կամ չի հայտնաբերվում սույն հավելվածի 22-րդ կետում սահմանված կարգով և ժամկետում, ապա դեպքի վարման գործընթացը շարունակվում է ընտանիքի մյուս անդամների հետ։ Եթե տվյալ անձը հայտնաբերվում է կամ համաձայնագրի հաստատումը ներկայացնում է մինչև դեպքի վարման՝ շարունակական կապի պահպանման փուլը, ապա դեպքի վարման գործընթացը շարունակվում է, ներառյալ՝ տվյալ անձի համար։ Եթե տվյալ անձը հայտնաբերվում է կամ համաձայնագրի հաստատումը ներկայացնում է դեպքի վարման՝ շարունակական կապի պահպանման փուլում, ապա ըստ անհրաժեշտության՝ տվյալ անձի համար բացվում է նոր դեպք։

25. Դեպքի վարման գործընթացը մեկնարկելուց առաջ դեպք վարողը տեղեկատվական համապատասխան ենթահամակարգում՝ ինքնաշխատ, իսկ դրա բացակայության դեպքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, շահառուի կողմից համաձայնագիրը հաստատելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստեղծում է սոցիալական գործը։

26. Եթե դեպքը փոխանցվել է ընտանիքի անապահովության գնահատման համակարգից, ապա շահառուի սոցիալական գործում ինքնաշխատ ներառվում են բոլոր այն տվյալները, որոնք առկա են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում շահառուի սոցիալական գործում։

27. Անհրաժեշտության դեպքում՝ տեղեկատվական ենթահամակարգում ստեղծված սոցիալական գործն ինքնաշխատ փոխանցվում են տեղեկատվական այլ շտեմարաններում շահառուի վերաբերյալ առկա տվյալները, որոնք առնչվում են վերջինիս նույնականացմանը, կարիքներին կամ ռեսուրսներին։

28. Դեպք վարողը պարբերաբար համալրում է սոցիալական գործը՝ դրանում ներառելով շահառուի անձը հաստատող փաստաթուղթը կամ սոցիալական կարգավիճակի կամ այլ հարակից տվյալների վերաբերող էլեկտրոնային կամ թղթային տեղեկատվությունը կամ փաստաթղթերը, այդ թվում՝ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված, ինչպես նաև մասնագիտական փաստաթղթեր՝ համաձայնագիր, կարիքի համալիր գնահատման արդյունքներ, շահառուի սոցիալական պատմություն, միջամտության ծրագիր, դեպքի քննարկման արձանագրություն (Ձև 6), մշտադիտարկման, շարունակական կապի պահպանման և դեպքի փակման փաստաթղթեր։ Թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում սոցիալական գործը համալրվում է ինքնաշխատ։

29. Սոցիալական գործն ամբողջությամբ հասանելի է շահառուին։ Աջակցող ցանցի մասնակիցները հասանելիություն են ունենում սոցիալական գործի՝ սոցիալական պատմությանը, միջամտության ծրագրին, մշտադիտարկման, շարունակական կապի պահպանման, ինչպես նաև դեպքի փակման տվյալներին այնքանով, որքանով դրանք առնչվում են դեպքի վարման շրջանակում իրենց վերապահված գործողություններին։

30. Շահառուի՝ բռնության ենթարկվելու կամ այդ ռիսկի վերաբերյալ տվյալներին, ինչպես նաև բժշկական, բանկային կամ անձնական այլ տվյալներին հասանելիություն ունենում են շահառուն, դեպք վարողը և աջակցող ցանցի՝ նշված խնդիրների լուծման գործընթացում ներառված մասնակիցը։

31. Դեպքի բացումից հետո մեկնարկում է դեպքի վարումը, որն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) համալիր գնահատում,

2) գնահատման արդյունքների հիման վրա միջամտության ծրագրի կազմում,

3) միջամտության ծրագրի իրականացում և մշտադիտարկում,

4) արդյունքների ամփոփում և շարունակական կապի պահպանում,

5) դեպքի փակում։

 

IV. ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

32. Դեպքը բացելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է համալիր գնահատումը։

33. Համալիր գնահատումն իրականացվում է շահառուի այն հիմնական խնդիրներն ու կարիքները բացահայտելու համար, որոնք խոչընդոտում են շահառուի սոցիալական ներառմանը կամ սոցիալ-տնտեսական ակտիվացմանը, ինչպես նաև շահառուի, այդ թվում՝ նրա սոցիալական միջավայրի այն ռեսուրսները և կարողություններն ուսումնասիրելու համար, որոնք անհրաժեշտ են այդ հիմնախնդիրների լուծման կամ կարիքների բավարարման և շահառուի սոցիալական ներառման, սոցիալ-տնտեսական ակտիվացման, այդ թվում՝ կարողությունների զարգացումն ապահովելու համար։

34. Համալիր գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի «Նախնական, համալիր, հրատապ, առանձնահատուկ կարիքների գնահատման կարգը հաստատելու մասին» N 75-Ն հրամանով։

35. Համալիր գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ արդյունքների հիման վրա թվայնացված գործիքակազմով, իսկ դրա բացակայության պարագայում՝ էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով ձևավորվում է ընտանիքի սոցիալական պատմությունը։ Դեպք վարողը և շահառուն հստակեցնում են շահառուի հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը՝ հաշվի առնելով դրանց հրատապությունը կամ պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև աջակցող ցանցի մասնակիցների նախնական կազմը՝ հաշվի առնելով շահառուի կողմից համաձայնագրում դրա վերաբերյալ ներկայացրած տեղեկատվությունը, որից հետո թվայնացված գործիքակազմի միջոցով, իսկ դրա բացակայության պարագայում՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախնական կազմում ընդգրկված կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց դեպք վարողն ուղարկում է հայտ՝ տվյալ դեպքի վարման շրջանակում աջակցող ցանցում ներառվելու վերաբերյալ։ Հայտին կցվում է սոցիալական պատմությունը կամ դրա բովանդակային քաղվածքը։

36. Կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, ի պատասխան ուղարկված հայտի, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են աջակցող ցանցում որպես մասնակից ներառվող մասնագետի տվյալները՝ նշելով նրա անունը, ազգանունը, պաշտոնը, մասնագիտությունը, կոնտակտային տվյալները՝ հեռախոս, էլեկտրոնային հասցեն, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ տվյալներ։ Աջակցող ցանցում ներառվելու անհնարինության վերաբերյալ կազմակերպությունը կամ անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դեպք վարողին:

37. Հայտերի պատասխանները ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում դեպք վարողը կազմակերպում է դեպքի առաջին քննարկումը՝ սույն հավելվածի 87-102-րդ կետերով սահմանված կարգով: Քննարկման արդյունքներն ամփոփվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացվում դեպքի քննարկման արձանագրությունում (Ձև 6)։

 

V. ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

38. Համալիր գնահատման արդյունքների հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով դեպքի առաջին քննարկման արդյունքները, դեպք վարողը երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ձև 2-ի համաձայն, մշակում և շահառուի ու աջակցող ցանցի մասնակիցների, այդ թվում՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման գործընթացում աջակից համարվող ֆիզիկական անձանց հաստատմանն է փոխանցում միջամտության ծրագիրը, այն հաստատելու կամ փոփոխելու համար տրամադրելով երեք աշխատանքային օր։

39. Միջամտության ծրագրի հաստատումները կամ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հայտերը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դեպք վարողը վերջնականացնում է միջամտության ծրագիրը և անմիջապես կազմակերպում դրանով սահմանված գործողությունների իրականացումը՝ ըստ սահմանված ժամկետների։

40. Եթե միջամտության ծրագրի վերջնականացման ընթացքում աջակցող ցանցի մասնակիցներից մեկը հրաժարվել է մասնակցությունից կամ շահառուն համաձայն չէ, որ աջակցող ցանցում ներառվի տվյալ կազմակերպության ներկայացուցիչը կամ տվյալ ֆիզիկական անձը, ապա միջամտության ծրագրի մշակումն ամփոփվում է փոփոխությունների կամ առաջարկների հայտերը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

41. Եթե շահառուն հրաժարվում է հաստատել միջամտության ծրագիրը սահմանված ժամկետում, ապա դեպքի վարման գործընթացն առկախվում է 15-օրյա ժամկետով, որի ընթացքում դեպք վարողը պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում շահառուին և բացատրական աշխատանքներ իրականացնում նրա հետ՝ կատարված աշխատանքների նկարագիրը ներկայացնելով դեպքի վարման օրագրում։ Շահառուի՝ միջամտության ծրագիրը հաստատելուց հրաժարվելու կամ շահառուին հայտնաբերելու անհնարինության դեպքում առկախված դեպքը փակվում է առկախումից մեկ ամիս հետո։

42. Եթե աջակցող ցանցի մասնակիցը հրաժարվում է հաստատել միջամտության ծրագիրը կամ առաջարկում է ոչ իրատեսական կամ չհիմնավորված փոփոխություններ, ապա դեպք վարողը, շահառուի համաձայնությամբ, որոշում է կայացնում փոխելու աջակցող ցանցի տվյալ մասնակցին՝ ներառելով համանման ծառայություններ տրամադրող կամ աջակցություն առաջարկող մեկ այլ կազմակերպության ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի։

 

VI. ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

 

43. Միջամտության ծրագիրն իրականացվում է դեպք վարողի անմիջական համակարգմամբ և պատասխանատվությամբ։

44. Դեպք վարողը շահառուի հետ աշխատանքում՝

1) տրամադրում է խորհրդատվություն, իրականացնում ուղղորդումներ, կազմում միջնորդություններ,

2) ապահովում է աջակցող ցանցի մասնակիցների և շահառուի համագործակցությունը,

3) խթանում է շահառուի կարողությունների զարգացումը, որպեսզի նա կարողանա պատշաճ և արդյունավետ օգտվել առաջարկվող ծառայություններից կամ իրականացնել միջամտության ծրագրով սահմանված գործողությունները,

4) խթանում է շահառուի ինքնաբավ կենսագործունեությունը, ինչպես նաև սոցիալական ներառման և սոցիալ-տնտեսական ակտիվացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացումը,

5) համապատասխան կազմակերպություններում ներկայացնում է շահառուի իրավունքները և շահերը, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնում նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը:

45. Դեպք վարողն աջակցող ցանցի հետ աշխատանքում՝

1) խթանում է դեպքի վարման շրջանակում ներառված աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցությունը, այդ թվում՝ շահառուի հետ, ինչպես նաև հարգալից վերաբերմունքի դրսևորումը միմյանց նկատմամբ,

2) մշտադիտարկում է աջակցող ցանցի մասնակիցների կողմից շահառուին հասցեագրված ծառայությունների տրամադրման ընթացքը, ինչպես նաև միջամտության ծրագրով իրենց վերապահված գործողությունների իրականացումը,

3) կարգավորում է դեպքի վարման ընթացքում ծագած խնդիրներն այնպես, որ հնարավոր լինի ապահովել շահառուին սոցիալական ծառայությունների պատշաճ և արդյունավետ տրամադրումը, ինչպես նաև դրանց հասցեականությունը, հասանելիությունը և մատչելիությունը,

4) ապահովում է աջակցող ցանցի մասնակիցների միջև միջամտության ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող գործողությունների կամ շահառուներին տրամադրվող սոցիալական ծառայությունների՝ դրանց ընթացիկ կամ ամփոփիչ արդյունքների մասին տեղեկատվության փոխանակումը,

5) պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության՝ դեպքի վարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն է տրամադրում աջակցող ցանցի մասնակիցներին և շահառուին:

46. Դեպք վարողը դեպքի վարման ընթացքում՝

1) պայմաններ է ստեղծում դեպքի վարման, այդ թվում՝ քննարկումների ընթացքում շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների անկաշկանդ և ազատ արտահայտման համար,

2) հետամուտ է լինում շահառուի կամ աջակցող ցանցի մասնակիցների՝ դեպքի վարման գործընթացին արդյունավետ մասնակցելուն խոչընդոտող գործոնների վերացմանը, դեպքի վարման ընթացքի կամ արդյունքների հետ կապված խնդիրների լուծմանը, կոնֆլիկտների կանխարգելմանը կամ կարգավորմանը,

3) պարբերաբար քարտեզագրում է առկա և հնարավոր ռեսուրսները, ըստ անհրաժեշտության՝ համալրում աջակցող ցանցը։

47. Դեպք վարողը միջամտության ծրագրի իրականացման ընթացքում իր նախաձեռնած և իրականացրած գործողությունների նկարագիրը, դրանց հիմնական արդյունքները գործողության իրականացումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է սոցիալական դեպքի վարման օրագրում (Ձև 3)։

48. Միջամտության ծրագրի իրականացման մեկնարկից 30 աշխատանքային օրվա ընթացքում դեպք վարողը կազմակերպում է մշտադիտարկումը, որն իրականացվում է հետևյալ ուղղություններով տեղեկատվություն հավաքագրելու համար՝

1) միջամտության ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ժամկետների պահպանումը և ընթացիկ արդյունքները,

2) ընթացիկ արդյունքների ազդեցությունը շահառուի կարիքների բավարարման կամ խնդիրների լուծման, ինչպես նաև կարողությունների զարգացման կամ շահերի ու իրավունքների իրացման կամ պաշտպանության վրա,

3) աջակցող ցանցի մասնակիցների համագործակցությունը միմյանց և շահառուի հետ,

4) դեպքի վարման, ներառյալ՝ շահառուի կողմից սահմանված ծառայություններից օգտվելու, ընթացքում առաջացած խնդիրներն ու դժվարությունները,

5) շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների բավարարվածությունն ընթացիկ արդյունքներով։

49. Մշտադիտարկումն իրականացվում է ըստ անձի կամ ընտանիքի սոցիալական միջամտության ծրագրով սահմանված և շահառուի ու աջակցող ցանցի հետ համաձայնեցված ժամանակացույցի (Ձև 2)։

50. Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են՝

1) միջամտության ծրագրով սահմանված գործողությունների իրականացումն ու դրանց արդյունքները,

2) գործողությունները, դրանց ժամկետները կամ դերակատարների տվյալները, դրանք վերանայելու անհրաժեշտությունը,

3) միջամտության ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում՝ աջակցող ցանցի մասնակիցների միջև և շահառուի հետ համագործակցության շրջանակում, առաջացող խնդիրները,

4) ակնկալվող նպատակների իրացվածության աստիճանը,

5) շահառուի վիճակի փոփոխությունները, շահառուի բավարարվածությունը կատարվող աշխատանքով, համագործակցության բնույթով կամ արձանագրվող փոփոխություններով,

6) աջակցող ցանցի մասնակիցների բավարարվածությունը կատարվող աշխատանքով, համագործակցության բնույթով կամ արձանագրվող փոփոխություններով,

7) նոր կարիքների, խնդիրների կամ ռիսկերի առկայությունը։

51. Մշտադիտարկումն իրականացվում է մինչև դեպքի ամփոփումը՝ յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ անգամ։ Մշտադիտարկման հաճախականությունը կարող է փոխվել՝ կախված շահառուի սոցիալական կարիքների բնույթից, շահառուի կամ աջակցող ցանցի՝ միջամտության ծրագրով սահմանված գործողությունները պատշաճ իրականացնելու պատրաստակամությունից։ Շահառուի՝ խորքային կամ բազմաոլորտային կարիքներ ունենալու պարագայում կամ շահառուի կամ աջակցող ցանցի՝ միջամտության ծրագրով սահմանված գործողությունները պատշաճ իրականացնելու ցածր պատրաստակամության դեպքում մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթ՝ առնվազն մեկ անգամ, իսկ պատշաճությունն ապահովելու դեպքում՝ երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ։

52. Մշտադիտարկումն իրականացվում է տնային կամ գտնվելու վայր այցելության կամ շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների հետ դեպքի քննարկման ընթացքում կամ առանձին հանդիպումների կամ հեռախոսակապի կամ հեռավար կապի այլ միջոցներով, որոնք համաձայնեցվում են շահառուի և աջակցող ցանցի հետ։

53. Մշտադիտարկման նպատակով կարող են իրականացվել նաև չնախատեսված կամ անսպասելի տնային կամ գտնվելու վայր այցելություններ։

54. Մշտադիտարկման արդյունքները ներկայացվում են «Մշտադիտարկման ընթացքում վեր հանված տեղեկատվությունը կամ մշտադիտարկման արդյունքները» վերտառությամբ ձևաթղթում (Ձև 4)։

55. Մշտադիտարկման արդյունքներից ելնելով՝ դեպք վարողը, ըստ անհրաժեշտության, կարող է որոշում կայացնել շարունակել կոնկրետ ուղղությամբ համալիր գնահատման աշխատանքները կամ վերանայել սոցիալական պատմությունը կամ միջամտության ծրագիրը՝ համաձայնեցնելով նաև աջակցող ցանցի մասնակիցների հետ։

56. Սույն հավելվածի 52-րդ կետում նշված միջոցներով վերանայումներն իրականացնելու դեպքում դեպք վարողը համալիր գնահատման լրացված հարցաշարում կամ սոցիալական պատմությունում կամ միջամտության ծրագրում նշում է փոփոխություն կատարելու ամսաթիվը և գրավոր կամ թվայնացված հարթակում ներկայացնում փոփոխություն կատարելու հիմնավորում՝ դեպքի փաստաթղթերում՝ առկայության դեպքում, ներառելով փոփոխությունը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր։

57. Մշտադիտարկման արդյունքներից ելնելով կամ դեպքի վարման ցանկացած փուլում, եթե բացահայտվում են աջակցող ցանցի մասնակցի կողմից միջամտության ծրագրով սահմանված գործողությունների իրականացումը չպատճառաբանված կամ չհիմնավորված չիրականացնելու կամ հետաձգելու, ինչպես նաև տվյալ դեպքի՝ երկու և ավելի քննարկումներին չմասնակցելու կամ դեպքի վարման գործընթացին խոչընդոտելու դեպքեր, ապա դեպք վարողը թվայնացված գործիքակազմով դիմում է աջակցող ցանցի տվյալ մասնակցի վերադասին՝ իրավիճակի լուծումն ապահովելու համար։ Թվայնացված գործիքակազմի բացակայության կամ դրան աջակցող ցանցի տվյալ մասնակցի վերադասի՝ հասանելիություն չունենալու դեպքում դեպք վարողը դիմում է իր վերադասին՝ իրավիճակի լուծումն ապահովելու միջնորդությամբ։ Սույն կետում նշված խոչընդոտների չվերանալու դեպքում աջակցող ցանցի տվյալ մասնակիցը փոխարինվում է համանման ծառայություն տրամադրող մեկ այլ ներկայացուցչով կամ համանման ծառայություն տրամադրող մեկ այլ կազմակերպության ներկայացուցչով։

 

VII. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՊԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

58. Մշտադիտարկման արդյունքում արձանագրված կայուն և դրական փոփոխությունների, ինչպես նաև շահառուի ինքնուրույն գործելու կարողությունների բավարար զարգացման դեպքում դեպք վարողն իրականացնում է դեպքի վարման արդյունքների ամփոփում, որի նպատակն է վերլուծել դեպքի վարման հիմնական արդյունքները, մասնավորապես՝

1) որոնք են միջամտության ծրագրի իրականացման ամփոփիչ արդյունքները,

2) որքանով են բավարարվել շահառուի կարիքները կամ լուծվել նրա խնդիրները,

3) որքանով են իրացվել սահմանված նպատակները,

4) որքանով են զարգացել շահառուի սոցիալական կարողությունները կամ փոխվել վարքն ու ընկալումն իր իրավիճակի, խնդիրների, կարիքների կամ ռեսուրսների վերաբերյալ, որքանով են իրացվել շահառուի իրավունքները և շահերը,

5) ինչպես է բարելավվել շահառուի փոխհարաբերությունների բնույթը,

6) որքանով է շահառուն սոցիալապես ներառված իր սոցիալական միջավայրում, այդ թվում՝ համայնքում,

7) որքանով է շահառուն սոցիալ-տնտեսական առումով ակտիվ, ինչ գործունեություն է իրականացնում, ինչ արդյունքներ ունի իր գործունեությունը, ինչ հմտություններ է ձեռք բերել այդ գործունեության համար,

8) որքանով է շահառուն բավարարված դեպքի վարման ընթացքով և արձանագրված արդյունքներով,

9) որքանով են աջակցող ցանցի մասնակիցները բավարարված դեպքի վարման ընթացքով և արձանագրված արդյունքներով։

59. Արդյունքների ամփոփման նպատակով իրականացվում է տնային կամ գտնվելու վայր այցելության կամ շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների հետ հանդիպումների կամ հեռախոսակապի կամ հեռավար կապի այլ միջոցներով, որոնք համաձայնեցվում են շահառուի և աջակցող ցանցի հետ։

60. Արդյունքների ամփոփումն իրականացնելու համար դեպք վարողը կազմակերպում է դեպքի ամփոփիչ քննարկում, որը կարող է անցկացվել նաև առցանց կամ հեռավար եղանակով։

61. Դեպքի վարման ամփոփման արդյունքները ներկայացվում են Ձև 5-ին համապատասխան։

62. Արդյունքների ամփոփումից հետո դեպքը փոխանցվում է շարունակական կապի պահպանման փուլ, որի ընթացքում դեպքի վարումն իրականացվում է միայն նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվող շարունակական կապի պահպանման միջոցով։

63. Շարունակական կապի պահպանման նպատակն է անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելը դեպքի վարման արդյունքների կայուն պահպանման կամ փոփոխության վերաբերյալ։

64. Շարունակական կապի պահպանման ժամանակացույցը և ձևաչափը համաձայնեցվում է շահառուի և աջակցող ցանցի հետ։

65. Շարունակական կապի պահպանումն իրականացվում է տնային կամ գտնվելու վայր այցելության կամ հեռավար՝ հեռախոսազանգի կամ տեսազանգի միջոցով կամ ՄՍԾՏԿ-ում հանդիպելով։

66. Շարունակական կապի պահպանման արդյունքները ներկայացվում են Ձև 5-ին համապատասխան։

67. Շարունակական կապի պահպանման տևողությունը երեքից վեց ամիս է: Այդ տևողությունը որոշվում է շահառուի կարիքների բնույթով և որքան շատ ու խորքային են եղել կարիքները, այնքան տևական է շարունակական կապի պահպանումը։ Ժամկետը կարող է ավելանալ՝ պայմանավորված շահառուի վիճակի կամ կարիքների կամ ռեսուրսների բնույթի փոփոխությամբ։ Շարունակական կապի պահպանման ընթացքում՝ սույն կետի հիման վրա որոշված ժամկետի կեսի ընթացքում, շարունակական կապի պահպանումն իրականացվում է յուրաքանչյուր 14 աշխատանքային օրվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ հաճախականությամբ։ Եվ եթե շարունակական կապի պահպանման ընթացքում արձանագրվում են դրական փոփոխություններ կամ արձանագրված դրական իրավիճակի կայուն պահպանում, ապա շարունակական կապի պահպանման մնացած ժամկետում այն իրականացվում է առնվազն մեկ անգամ յուրաքանչյուր 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախականությամբ։

68. Եթե շարունակական կապի պահպանումը վկայում է դեպքի վարման շրջանակում արձանագրված արդյունքների բացասական փոփոխության կամ իրավիճակի վատթարացման կամ շահառուի մոտ նոր կարիքների առաջացման մասին, որոնք նա ինքնուրույն հաղթահարել չի կարող, ապա դրանց արձանագրումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում թվայնացված գործիքակազմի միջոցով, իսկ դրա բացակայության պարագայում՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դեպքը վերաբացվում է։

69. Եթե շարունակական կապի պահպանման արդյունքները վկայում են դեպքի վարման միջոցով արձանագրված հիմնական արդյունքների կայուն պահպանման կամ իրավիճակի դրական փոփոխությունների մասին, այդ թվում՝ շահառուի՝ իր կարիքները բավարարելու կամ խնդիրները լուծելու կարողությունների բավարար մակարդակ, ապա դեպք վարողը թվայնացված գործիքակազմի կամ դրա բացակայության դեպքում՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է դեպքի փակման կամ փոխանցման ձևաթուղթը (Ձև 7) և փակում է դեպքը։ Էլեկտրոնային կամ փաստաթղթային արխիվացումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված արխիվացման կանոններին համապատասխան։

70. Դեպքը փակվում է նաև, երբ՝

1) շահառուն մահացել է կամ ճանաչվել է անհայտ բացակայող կամ հնարավոր չի եղել նրան հայտնաբերել,

2) շահառուն տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս,

3) շահառուն գրավոր հրաժարվում է աջակցությունից կամ համատեղ աշխատանքից կամ ծառայություններ ստանալուց,

4) դեպք վարողն ու աջակցող ցանցն իրականացրել են իրենց իրավասության և ռեսուրսների սահմաններում առկա սոցիալական աջակցության կամ սոցիալական ծառայությունների ողջ գործիքակազմը, այդ թվում՝ դիմելով սուպերվիզիա իրականացնող մասնագետի աջակցությանը, սակայն շահառուի կենսագործունեության ընթացքում սոցիալական ներառման կամ սոցիալ-տնտեսական ակտիվացման ուղղությամբ դրական փոփոխություն չի արձանագրվել, այդ թվում՝ շահառուի մոտիվացիայի բացակայության պատճառով։ Սույն ենթակետով նախատեսված հիմքով դեպքը փակելուց հետո դեպք վարողը պարբերաբար տեղեկատվություն է հավաքագրում տվյալ դեպքի վերաբերյալ շահառուի վիճակի վատթարացման կամ բացասական փոփոխության դեպքում իրավիճակին արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում կրկին դեպք բացելու համար։

71. Եթե շահառուն ընտանիքն է կամ դեպքի վարման գործընթացում ներառված են ընտանիքի՝ մեկից ավելի անդամներ, ապա դեպքի վարումը շարունակվում է սույն հավելվածի 70-րդ կետում չնշված անձանց՝ ընտանիքի մյուս անդամների, համար, իսկ միջամտության ծրագրի այն հատվածը, որը կվերաբերի սույն հավելվածի 70-րդ կետում նշված իրավիճակներում գտնվող անձին, կհամարվի փակված։

72. Դեպք վարողի կողմից դեպքը փոխանցվում է դեպքի փակման կամ փոխանցման ձևաթղթի (Ձև 7) միջոցով՝

1) համապատասխան ՄՍԾ ՏԿ-ին, երբ շահառուն տեղափոխվել է տվյալ ՄՍԾ ՏԿ սպասարկման տարածքից դուրս գտնվող բնակավայր,

2) մեկ այլ դեպք վարողի, երբ տվյալ դեպք վարողը հրաժարվում է դեպքի վարման գործընթացից այնպիսի օբյեկտիվ պատճառներով, ինչպիսիք են՝ անաշխատունակությունը, շահառուի հետ ազգակցական, ընկերական, խնամիական կամ այլ հարազատական հարաբերություններ ունենալը կամ շահառուի հետ համագործակցության ընթացքում ծագած անհաղթահարելի դժվարությունները կամ եթե շահառուն տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատությունում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Սույն ենթակետում նշված հաստատության կամ հիմնարկի սոցիալական աշխատողը հանդիսանալու է դեպքի վարման պատասխանատուն։

3) շահառուի բնակության կամ գտնվելու վայրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին, եթե դեպքի վարման ընթացքում բացահայտվել են խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված լիազորություններին վերաբերող դեպքեր՝ որպես աջակցող ցանցի մասնակից ներգրավվելով դեպքի վարման գործընթացում,

4) շահառուն տեղափոխվել է շուրջօրյա խնամքի հաստատություն:

73. Դեպք վարողը պարբերաբար վերլուծում է դեպքերի վարման մշտադիտարկման կամ արդյունքների ամփոփման տվյալները և վերադասին ներկայացնում է առաջարկներ դեպքի վարման գործընթացը բարելավելու, այդ թվում՝ բացակայող սոցիալական ծառայությունները ներդնելու կամ սակավ սոցիալական ծառայություններ ընդլայնելու կամ առկա սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, հասցեականությունը, մատչելիությունը բարձրացնելու կամ այլ ուղղություններով։

 

 VIII. ԱՋԱԿՑՈՂ ՑԱՆՑԸ

 

74. Աջակցող ցանցը ձևավորվում է յուրաքանչյուր դեպքի վարման համար՝ դեպք վարողի և շահառուի համատեղ նախնական որոշմամբ՝ ամրագրվելով սույն հավելվածի 16-րդ կետում նշված համաձայնագրով։

75. Աջակցող ցանցում ներառվում են կրթական և առողջապահական ոլորտներում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ոստիկանության ծառայողները, խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ կազմակերպությունների՝ կամավոր հիմունքներով (այսուհետ՝ կազմակերպություններ) ներկայացուցիչները, ելնելով այդ կազմակերպությունների մատուցված ծառայություններից ու իրականացվող ծրագրերից: Սույն կետում նշված մարմիններից և կազմակերպություններից ներգարվվում են այն ներկայացուցիչները, որոնք այդ մարմիններում կամ կազմակերպություններում պատասխանատու են անհրաժեշտ ծառայությունների տրամադրման կամ տրամադրումը կազմակերպելու համար։ Նույն կազմակերպությունից աջակցող ցանցում կարող է ներառվել մեկից ավելի ներկայացուցիչ։

76. Աջակցող ցանցում իրենց համաձայնությամբ ներառվում են այն ֆիզիկական անձինք, ովքեր շահառուի կարիքների համալիր գնահատման արդյունքով և շահառուի ու դեպք վարողի կողմից համաձայնեցված կերպով դիտարկվել են որպես շահառուի սոցիալական կարիքների բավարարման գործընթացում աջակցող անձինք։

77. Շահառուի զբաղվածության խորհրդատուն ներառվում է դեպքի վարման շրջանակում ձևավորված աջակցող ցանցում և միջամտության ծրագրի համաձայն հանդես է գալիս որպես աջակցող ցանցի մասնակից՝ իրականացնելով դեպք վարողի հետ համաձայնեցված՝ իր հիմնական գործառույթները։

78. Աջակցող ցանցի մասնակիցների տվյալները ներկայացվում են միջամտության ծրագրում՝ նշելով նրանց գործողությունները, պարտականությունները կամ դերակատարումը։

79. Եթե մեկ գործողության համար պատասխանատու են աջակցող ցանցի մեկից ավելի մասնակիցներ, ապա նրանք համագործակցում են՝ սահմանված գործողության իրականացման բարձր արդյունավետությունն ապահովելու համար։

80. Միջամտության ծրագրում որպես պատասխանատուներ նշվում են նաև շահառուն կամ դեպք վարողը, եթե կոնկրետ գործողության համար ունեն համապատասխան պարտականություններ։

81. Աջակցող ցանցում ներառվում են շահառուի կարիքների բավարարման տեսանկյունից անհրաժեշտ և բավարար ռեսուրս ունեցող կազմակերպությունները՝ անկախ սոցիալական համագործակցության համաձայնագիր ունենալու հանգամանքից։ Եթե կազմակերպությունը չունի սոցիալական համագործակցության համաձայնագիր, ապա դեպք վարողն այդ կազմակերպությանն առաջարկում է ստորագրել սոցիալական համագործակցության համաձայնագիր՝ ներկայացնելով դրա նպատակահարմարությունը: Այդ կազմակերպությունն աջակցող ցանցում ներառվում է՝ անկախ սոցիալական համագործակցության համաձայնագիրը ստորագրելու հանգամանքից։

82. Աջակցող ցանցի մասնակիցները կարող են փոխարինվել մեկ այլ մասնագետով կամ կազմակերպությամբ կամ դուրս գալ աջակցող ցանցից շահառուի վիճակի, կարիքների բնույթի փոփոխության կամ շահառուի կամ դեպք վարողի կամ աջակցող ցանցի համապատասխան մասնակցի որոշմամբ և փոխադարձ իրազեկմամբ։

83. Աջակցող ցանցի մասնակցի փոփոխությունը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթով կամ դեպք վարողի հիմնավորումը ներկայացնող գրավոր մեկնաբանությունով, որը կցվում է սոցիալական գործին։

84. Դեպք վարողը, շահառուի համաձայնությամբ, կարող է փոխարինել աջակցող ցանցի մասնակցին, եթե՝

1) վերջինս առանց օբյեկտիվ հիմքերի կամ բացատրության չի մասնակցել դեպքի երկու և ավելի քննարկման,

2) առանց օբյեկտիվ հիմնավորման չի կատարել միջամտության ծրագրով իրեն վերապահված գործողությունները, ներառյալ՝ դեպք վարողի կողմից հիշեցման դեպքում,

3) այլևս չունի այն ծառայությունները, ծրագրերը կամ մասնագետներին, որոնց միջոցով նախատեսում էր ծառայություններ տրամադրել շահառուին՝ իրականացնելով միջամտության ծրագրով սահմանված գործողությունները։

85. Սույն հավելվածի 84-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետի հիմքով աջակցող ցանցի մասնակցի փոփոխության մասին տեղեկատվությունը դեպք վարողը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայությանը։

86. Աջակցող ցանցի փոխարինող մասնակից չհայտնաբերելու դեպքում դեպք վարողը, շահառուի համաձայնությամբ, առկախում է տվյալ գործողության կատարումը և այդ մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ շարունակաբար քարտեզագրելով նոր ռեսուրսների մասին տվյալներ։ Աջակցող ցանցի մասնակիցը՝

1) դեպք վարողին և աջակցող ցանցի մյուս մասնակիցներին է ներկայացնում շահառուի կարիքների բավարարման համար անհրաժեշտ և իր կազմակերպության կամ իր կողմից առաջարկվող հասանելի ծառայությունների կամ ծրագրերի մասին բավարար և անհրաժեշտ տեղեկատվությունը,

2) պարբերաբար լրացնում և փոփոխում է սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը, այդ թվում՝ նոր ծառայությունների տրամադրման կամ ծրագրերի իրականացման հնարավորության կամ առկա ծառայությունների կամ ծրագրերի կամ այլ փոփոխությունների վերաբերյալ,

3) մասնակցում է միջամտության ծրագրի կազմման աշխատանքներին՝ ներկայացնելով հիմնավորված փոփոխությունների առաջարկներ կամ դիտարկումներ,

4) հաստատում է միջամտության ծրագիրը,

5) մասնակցում է դեպքի քննարկումներին, իսկ անհնարինության դեպքում՝ ապահովում կազմակերպության մեկ այլ ներկայացուցչի մասնակցությունը կամ ծանոթանում է դեպքի քննարկման արձանագրություններին, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ ծանոթանում դեպքի քննարկման արձանագրություններին, որը նրանց տրամադրում է դեպք վարողը,

6) պահպանում է դեպքի վարման, այդ թվում՝ դեպքերի քննարկման ընթացքում ներկայացված կամ ունեցած տեղեկատվության գաղտնիությունը,

7) ներկայացնում է դեպքի վարման ընթացքում կամ դեպքի վարմանն առնչվող գործընթացներում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքի վարման ընթացքում շահառուին անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը կամ միջամտության ծրագրով սահմանված գործողությունների իրականացմանը,

8) առաջարկներ է ներկայացնում շահառուի կարիքների բավարարման ուղիների, անհրաժեշտ ծառայությունների, դեպքի վարմանն առնչվող ցանկացած գործընթացի բարելավման, այդ թվում՝ դեպքի վարման գործընթացի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու վերաբերյալ։

 

IX. ԴԵՊՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

87. Դեպքի քննարկումը կազմակերպվում է դեպքի վարողի, շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցությունը և համակարգված աշխատանքն ապահովելու համար։

88. Դեպքի քննարկումներին մասնակցում են աջակցող ցանցի մասնակիցները, այդ թվում՝ շահառուի միջավայրի ներկայացուցիչները։

89. Դեպքի քննարկմանը մասնակցում է նաև շահառուն կամ նրա սոցիալական միջավայրի անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ դեպք վարողի և աջակցող ցանցի մասնակիցների փոխհամաձայնությամբ դեպքի վարման արդյունավետության տեսանկյունից տվյալ քննարկմանը շահառուի կամ նրա սոցիալական միջավայրի անդամների մասնակցությունը նախընտրելի կամ ցանկալի չէ։

90. Դեպքի քննարկմանը կարող է մասնակցել նաև դեպք վարողի հետ աշխատող սուպերվիզիա իրականացնող մասնագետը։

91. Դեպքի քննարկումները կարող են կազմակերպվել դեպքի վարման տարբեր փուլերում։

92. Դեպքի առաջին և ամփոփիչ քննարկումների կազմակերպումը պարտադիր է։

93. Դեպքի քննարկումների ընթացքում մեկնաբանվում և հստակեցվում են՝

1) շահառուի կարիքները և ռեսուրսները,

2) շահառուի, դեպք վարողի և աջակցող ցանցի մասնակիցների կողմից առաջարկվող ծառայությունները, ծրագրերը և միջոցառումները,

3) միջամտության ծրագիրը,

4) միջամտության ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ընթացքը և ընթացիկ արդյունքները,

5) դեպքի վարման ընթացքում առաջացած կամ սպասվող փոփոխությունները,

6) դեպքի վարման ընթացքում առաջացած կոնֆլիկտները կամ խնդիրները և դրանց կարգավորման ուղիները,

7) դեպքի վարման ամփոփիչ արդյունքները,

8) յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունից, դեպքի վարման ընթացքից կամ արդյունքներից բխող այլ հարցեր։

94. Դեպքի քննարկման օրը, ժամը և ձևաչափը պլանավորվում են դեպք վարողի, շահառուի և աջակցող ցանցի մասնակիցների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։

95. Դեպքի քննարկումը մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ կարող է կազմակերպվել նաև հեռավար եղանակով՝ տեսազանգի կամ առցանց քննարկման հարթակների միջոցով։

96. Մեկ քննարկման ընթացքում կարող են քննարկվել մի քանի դեպքեր, եթե այդ դեպքերի վարման ընթացքում ներառված է նույն աջակցող ցանցը։ Յուրաքանչյուր դեպքի քննարկման համար ներկայացվում է առանձին արձանագրություն (Ձև 6):

97. Դեպքի քննարկումները լինում են նախապես պլանավորված կամ չնախատեսված: Չնախատեսված քննարկումները կազմակերպվում են իրավիճակով պայմանավորված կամ անհապաղ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով։

98. Դեպք վարողը դեպքի քննարկումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դեպքի քննարկման մասնակիցներին է փոխանցում դեպքի քննարկման օրակարգը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, մասնավորապես՝ շահառուի սոցիալական պատմությունը, մշտադիտարկման, շարունակական կապի պահպանման արդյունքները՝ հաշվի առնելով տեղեկատվության հասանելիության ապահովման սկզբունքը՝ բացառությամբ չպլանավորված անհետաձգելի քննարկումների։

99. Դեպքի քննարկումը վարում է տվյալ դեպքի վարման պատասխանատու դեպք վարողը՝ ապահովելով քննարկման ընթացքում մասնակիցների ազատ, անկաշկանդ ինքնարտահայտումը, ինչպես նաև հնչեցված տեղեկատվության գաղտնիությունը։

100. Դեպքի քննարկման արդյունքները ներկայացնելու նպատակով՝ դեպք վարողը դեպքի քննարկումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դեպքի քննարկման արձանագրությունը, որը ստորագրվում է դեպքի քննարկման մասնակիցների կողմից։

101. Դեպքի քննարկման արձանագրությունում ներկայացվում են քննարկման մասնակիցների տվյալները, քննարկման նպատակը կամ քննարկված թեմաները, կայացված որոշումները, այդ թվում՝ պլանավորված հետագա քայլերի կամ անելիքների վերաբերյալ։

102. Դեպքի ամփոփիչ քննարկումը կազմակերպվում է դեպքի վարման արդյունքներն ամփոփելու և դեպքի փակման նպատակահարմարությունը կամ հիմքերը քննարկելու կամ հստակեցնելու համար։

 

Ձև 1. Սոցիալական դեպքի վարման համաձայնագիր

«Ես (մենք)՝ ներքոստորագրյալս (ներքոստորագրյալներս) սույնով հաստատում եմ (ենք), որ համաձայն եմ (ենք)» մասնակցել ՄՍԾ -_____________________ տարածքային կենտրոնի Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի սոցիալական աշխատողի (այսուհետ՝ դեպք վարող) համակարգմամբ իրականացվող սոցիալական դեպքի վարման գործընթացին։ Մասնավորապես, համաձայն եմ՝

1. մասնակցել սոցիալական դեպքի վարման ընթացքում նախաձեռնվող և իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ ինձ կամ իմ ընտանիքին վերաբերող որոշումների կայացման գործընթացներին, դեպքի քննարկումներին կամ այլ հանդիպումների,

2. պատշաճ իրականացնել միջամտության ծրագրով ինձ վերապահված գործողությունները, ինչպես նաև պատասխանատվությամբ վերաբերվել ինձ ուղղված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացին՝ դրանց արդյունավետությունն ապահովելու նպատակով,

3. համագործակցել դեպք վարողի և դեպքի վարման շրջանակում ներառված կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ աջակցող ցանց) հետ, բացառելով այն անձանց կամ կազմակերպություններին, ում հետ համագործակցությունը դեպքի վարման շրջանակում նպատակահարմար չեմ համարում (այդ անձանց կամ կազմակերպությունների տվյալները ներկայացվում են համաձայնագրի համապատասխան հատվածում),

4. թույլատրել տնայցի իրականացումն, այդ թվում՝ տնայց իրականացնող մասնագետի կողմից կեցության պայմանների ուսումնասիրությունը, ինչպես նաև կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 39-րդ հոդվածով սահմանված այլ պարտականություններ։

Գիտակցում եմ նաև, որ սոցիալական դեպքի վարման ընթացքում իրավունք ունեմ՝

1. դեպք վարողին ներկայացնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են սոցիալական դեպքի վարման գործընթացին, այդ թվում՝ աջակցող ցանցի հետ համագործակցության կամ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված,

2. դեպք վարողի վերադասին ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են դեպք վարողի հետ համագործակցության ընթացքում,

3. փոխել աջակցող ցանցի այն մասնակիցների ցանկը, ում ներգրավումը դեպքի վարման գործընթացում նախապես համարել եմ ոչ նպատակահարմար և այդ մասին տեղեկացնել դեպք վարողին՝ որոշման փոփոխությունն ամրագրելով համաձայնագրի համապատասխան հատվածում,

4. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված այլ իրավունքներ։

 

Օր, ամիս, տարեթիվ

Ստորագրություն՝ անուն, ազգանուն, հայրանուն

 

Աջակցող ցանցում ներառվելու տեսանկյունից ոչ նպատակահարմար անձանց կամ կազմակերպությունների ցանկը

 

Սույնով հավաստում եմ, որ աջակցող ցանցում ներառվելու և սոցիալական դեպքի վարման շրջանակում համատեղ գործելու տեսանկյունից նպատակահարմար չեմ համարում հետևյալ անձանց կամ կազմակերպությունների կամ կազմակերպության մասնագետի մասնակցությունը (նշել տվյալ կազմակերպության անունը կամ տվյալ կազմակերպության մասնագետի անունը, ազգանունը և պաշտոնը կամ տվյալ անձի անունը, ազգանունը և ազգակցական, իրավական կամ այլ կապը նրա հետ)․

 

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3._________________________________________________________________________

4․ __________________________________________________________________________։

 

Օր, ամիս, տարեթիվ

Ստորագրություն՝ անուն, ազգանուն, հայրանուն

 

Աջակցող ցանցում ներառվելու տեսանկյունից ոչ նպատակահարմար անձանց կամ կազմակերպությունների ցանկի փոփոխություն

 

Սույնով հավաստում եմ, որ աջակցող ցանցում ներառվելու տեսանկյունից ոչ նպատակահարմար անձանց կամ կազմակերպությունների ցանկում կատարվեն հետևյալ փոփոխությունները․

________________________________________________________ կազմակերպությունը կամ անձին (նշել կազմակերպության անունը կամ կազմակերպության մասնագետի անունը, ազգանունը և պաշտոնը կամ անձի անունը և ազգանունը) փոխարինել հետևյալ կազմակերպությամբ կամ անձով ________________________________________ (նշել կազմակերպության անունը կամ կազմակերպության մասնագետի անունը, ազգանունը և պաշտոնը կամ անձի անունը և ազգանունը)։

 

Օր, ամիս, տարեթիվ

Ստորագրություն՝ անուն, ազգանուն, հայրանուն

 

Ձև 2. Անձի կամ ընտանիքի սոցիալական միջամտության ծրագիրը

 

Ընտանիքի սոցիալական կարիքները

Նպատակը

Նախատեսված գործողությունները

Դերակատարները

Ժամկետները

Մշտադիտարկման ժամանակացույցը

1.

         

2.

         

3.

         
           

Ընտանիքի անդամի (անունը, ազգանունը) սոցիալական կարիքները

Նպատակը

Նախատեսված գործողությունները

Դերակատարները

Ժամկետները

Մշտադիտարկման ժամանակացույցը

1.

         

2.

         

3.

         
           

Ընտանիքի անդամի (անունը, ազգանունը) սոցիալական կարիքները

Նպատակը

Նախատեսված գործողությունները

Դերակատարները

Ժամկետները

Մշտադիտարկման ժամանակացույցը

1.

         

2.

         

3.

         

 

Ամսաթիվ

Ստորագրություն (շահառու)՝

Ստորագրություն (աջակցող ցանցի անդամներ)

 

Ձև 3. Սոցիալական դեպքի վարման օրագիր

 

Ամսաթիվը

Դեպք վարողի կողմից իրականացված գործողության նկարագիրը

Արձանագրված արդյունքը

Հաջորդիվ պլանավորված գործողությունը և դրա ժամկետը

       
       
       
       
       

 

Ձև 4. Մշտադիտարկման ընթացքում վեր հանված տեղեկատվությունը կամ մշտադիտարկման արդյունքները

 

Մշտադիտարկման անցկացման օրը

Մշտադիտարկման անցկացման ձևաչափը․

1. տնային այցելություն

2. գտնվելու վայրի այցելություն

3. հանդիպում ՄՍԾ ՏԿ-ում

4. հանդիպում մեկ այլ վայրում (մանրամասնել)

5. հեռախոսազանգ

6. տեսազանգ

7. Դեպքի քննարկման ընթացքում

8. այլ՝ մանրամասնել

Մշտադիտարկման արդյունքները

     
     

 

Ձև 5. Դեպքի վարման արդյունքների ամփոփում և շարունակական կապի պահպանման ժամանակացույց

 

1.

Միջամտության ծրագրի իրականացման ամփոփիչ արդյունքները

 

2.

Շահառուի կարիքների բավարարվածության աստիճանը

 

3.

Շահառուի վիճակի փոփոխությունը

 

4.

Շահառուի կարողությունների զարգացումը

 

5.

Շահառուի հարաբերությունների փոփոխությունը, այդ թվում՝ ներընտանեկան

 

6.

Շահառուի վարքի և ընկալումների փոփոխությունը

 

7.

Շահառուի հարաբերությունների փոփոխությունը

 

8.

Շահառուի ռեսուրսները

 

9.

Շահառուի ներառվածությունն իր սոցիալական միջավայրում, այդ թվում՝ համայնքային կյանքում, շփումներում

 

10.

Շահառուի սոցիալ-տնտեսական ակտիվության նկարագիրը

 

11.

Շահառուի՝ դեպքի վարման ընթացքով և արձանագրված արդյունքներով բավարարվածությունը

 

12.

Աջակցող ցանցի մասնակիցների բավարարվածությունը դեպքի վարման ընթացքով և արդյունքներով

 
           
 

Շարունակական կապի պահպանման ժամանակացույցը

 
 

Շարունակական կապի պահպանման ձևաչափը․

1. Տնային կամ գտնվելու վայրի այցելություն

2. հեռախոսազանագ

3. տեսազանգ

4. հանդիպում ՄՍԾ ՏԿ-ում

5. հանդիպում մեկ այլ վայրում

 
 

Շարունակական կապի պահպանման ընթացքում արձանագրված արդյունքների նկարագիրը

 

 

Ձև 6. Դեպքի քննարկման արձանագրություն N

 

Դեպքի քննարկման հերթական համարը (N)

 

Քննարկման նպատակը

 

Քննարկման թեմաները

 

Քննարկման ամսաթիվը

 

Քննարկման ձևաչափը (ընտրել)

- քննարկում ՄՍԾ ՏԿ-ում

- քննարկում այլ վայրում

  (նշել քննարկման վայրը)

- առցանց քննարկում

 

Քննարկման մասնակիցները (անունը, ազգանունը, կազմակերպությունը, որը ներկայացնում է, պաշտոնը կամ հաստիքն այդ կազմակերպությունում, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, ստորագրություն)

Շահառուի անմիջական միջավայրի ներկայացուցիչների համար՝ անունը, ազգանունը, շահառուի հետ կապը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, ստորագրությունը

 

Քննարկման հակիրճ նկարագիրը

 

Քննարկման ընթացքում կայացված որոշումները

 

 

Ձև 7. Դեպքի փակման կամ փոխանցման ձևաթուղթ

 

Լրացման ամսաթիվ

 

Դեպքի փակման ամսաթիվը

 

Դեպքի փակման հիմքերը

 
   

Դեպքի փոխանցման ամսաթիվը

 

Ում է փոխանցվել դեպքը

 

Դեպքի փոխանցման հիմքերը

 
   
   

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2025 թվականի

օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՏՆԱՅԻՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

I. ՏՆԱՅԻՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Տնային կամ գտնվելու վայր այցելություն (այսուհետ՝ տնայց) կատարելու մեթոդական ուղեցույցը նախատեսում է օրենսդրությամբ տնայց իրականացնելու իրավասություն ունեցող մասնագետի (այսուհետ՝ տնայց իրականացնող մասնագետ) կողմից տնայց կատարելու հետ կապված իրավահարաբերությունները, որոնք պետք է ապահովեն տնայցի արդյունավետ, սոցիալական աշխատանքի մասնագիտական էթիկային համապատասխան և զգայուն կազմակերպումն ու իրականացումը՝ ուղենշելով տնայցի նպատակը, խնդիրները, ուսումնասիրվող գործոնները, փուլային ընթացքը, սկզբունքները, էթիկական նորմերը և հիմնական սահմանափակումները։

2. Սույն ուղեցույցը նախանշում է տնայցի մոտեցումները, որոնք առանցքային են տնայց իրականացնող մասնագետի և տնայցի ընթացքում ուսումնասիրվող՝ տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձի (այսուհետ՝ շահառու) իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տնայցի իրականացման արդյունավետության բարձրացման համար։

3. Սույն ուղեցույցի խնդիրներն են՝

1) ապահովել էթիկական նորմերի և սկզբունքների պահպանումը տնայց իրականացնելիս,

2) նպաստել սոցիալական աշխատողների հմտությունների և կարողությունների շարունակական զարգացմանը,

3) ապահովել տնայցի արդյունավետությունը։

4. Սույն ուղեցույցի շրջանակում տնայցը սահմանվում է որպես տնայց իրականացնող մասնագետի և շահառուի միջև հաղորդակցության եղանակ, երբ շահառուի սոցիալական կարիքները գնահատվում կամ սոցիալական ծառայությունները տրամադրվում են շահառուի բնակության կամ գտնվելու վայրում։

5. Տնայցն իրականացվում է շահառուի հետ աշխատանքի տարբեր փուլերում, որոնցից յուրաքանչյուրում տնայցի նպատակները և խնդիրները կարող են տարբերվել: Տնայցն իրականացվում է շահառուի բնակության կամ գտնվելու վայրում շահառուի վիճակին առնչվող գործոններն ուսումնասիրելու, գնահատելու, քննարկելու և դիտարկելու համար։

6. Տնայցի նպատակներն են՝

1) շահառուի հետ հաղորդակցվել շահառուի անմիջական միջավայրում,

2) համապարփակ ուսումնասիրել շահառուի սոցիալական պայմանները, ներառյալ՝ շահառուի ապահովվածությունը կացարանով, նրա կեցության պայմանները և կենցաղավարման հմտությունները, շահառուի վրա ազդեցություն ունեցող միջավայրային այլ գործոնները,

3) ուսումնասիրել շահառուի փոխհարաբերություններն իր ընտանիքի անդամների, ազգականների, նրա կյանքում նշանակալից անձանց հետ,

4) պլանավորել և իրականացնել միջամտություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են շահառուի կարիքներին և կենսակերպին,

5) տրամադրել ծառայություններ՝ շահառուի անմիջական կամ նախընտրելի միջավայրում,

6) խթանել շահառուի ինքնավարությունը, այդ թվում՝ կարողությունների զարգացումը,

7) վստահելի հարաբերություններ ձևավորել շահառուի հետ,

8) մշտադիտարկել շահառուի կենսակերպում տեղի ունեցող փոփոխությունները,

9) անձի ֆունկցիոնալության գնահատման համար լրացնել միջավայրային գործոնների գնահատման հարցաթերթը,

10) տրամադրել եզրակացություն հաշմանդամություն ունեցող անձի տնային խնամքի ծառայությունների վերաբերյալ:

7. Տնայցի հիմնական խնդիրներն են՝

1) դիտարկել շահառուի վիճակը, սոցիալական պայմանները, դրանց վրա ազդեցություն ունեցող տեսանելի ու ոչ բացահայտ հանգամանքները, անձնային, համայնքային և համակարգային գործոնները,

2) գնահատել միջավայրային և կենցաղային պայմանները, շահառուի ուժեղ և թույլ կողմերը, միջավայրային հնարավոր վտանգներն ու հնարավորությունները, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ նաև արձանագրել կենցաղային այն պայմանները, որոնք ազդեցություն են ունենում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի վրա,

3) հաղորդակցվել շահառուի, իսկ շահառուի համաձայնությամբ՝ նաև նրա սոցիալական միջավայրի անդամների հետ,

4) ուսումնասիրել և քննարկել շահառուի և սոցիալական միջավայրի անդամների հետ փոխհարաբերությունների բնույթը, հաղորդակցման եղանակները և ձևերը։

8. Սույն հավելվածի 7-րդ կետում նշված խնդիրներին հասնելու համար պետք է կիրառել համապատասխան գործիքակազմ, եթե այլ իրավական ակտերով հատուկ կարգավորումներ նախատեսված չեն։

9. Տնայցի ընթացքում ուսումնասիրվող գործոններն են՝

1) ֆիզիկական միջավայրը.

ա. տարածքի անվտանգությունը և ռիսկի գործոնները,

բ. շահառուի ապահովության զգացողությունը տվյալ տարածքում,

գ. կոմունալ հիմնական հարմարությունների առկայությունը, անհրաժեշտ կահավորանքով և կենցաղային տեխնիկայով ապահովվածությունը, բարեկարգությունը,

դ. բնակարանում կամ գտնվելու վայրում մշտապես կամ ժամանակավորապես բնակվելու պայմանը,

ե. համայնքային, ներառյալ՝ բնակլիմայական կամ նյութատեխնիկական առանձնահատկությունները,

2) ռեսուրսները և ենթակառուցվածքները. հիմնական կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում ծառայությունների առկայությունը և հասանելիությունը (առողջապահական, անվտանգային, կրթական և այլն),

3) կենսապայմանները և դրանց համապատասխանությունը շահառուի կարիքներին, ինչպես նաև կենսապայմանների փոփոխության անհրաժեշտությունն ու հնարավորությունը,

4) կենսակերպը և սոցիալական նորմերը.

ա. առօրյայի կազմակերպումը և սովորությունները,

բ. ազատ ժամանակի կազմակերպումը,

գ. մշակութային արժեքները, որոնք ազդեցություն են ունենում շահառուի կենցաղի կամ վարքագծի վրա,

դ. կենսակերպի ազդեցությունը շահառուի միջանձնային հարաբերությունների և համայնքում ներառման վրա,

ե. հագուստը և դրա համապատասխանությունը եղանակին և շահառուի կարիքներին,

զ. իրերը, հանգամանքները, որոնք կարող են հուշել շահառուի կենցաղի մասին (սիրելի գույներ, տարածքի դասավորություն, կիրառված սպասք և այլն),

5) անձնային գործոնները.

ա. շահառուի վերաբերմունքն իր կարիքներին,

բ. ընտանիքի անդամների և այլ անձանց հետ հաղորդակցման ձևը,

գ. սոցիալական աշխատողի հետ հաղորդակցման ձևը և դինամիկան,

դ. վախերն ու անհանգստությունները,

ե. ցանկություններն ու ապագայի մասին պատկերացումները,

6) շահառուի հարաբերությունները.

ա. շահառուի փոխհարաբերություններն ընտանիքի անդամների կամ տվյալ վայրում բնակվող կամ գտնվող այլ անձանց հետ,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված փոխհարաբերությունների բնույթը, ներառյալ՝ սոցիալական դերերը, կապերը, կապերի բնույթը և դրանց նկարագիրը,

գ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված փոխհարաբերությունների փոփոխության անհրաժեշտությունը և հնարավորությունը, ներառյալ՝ բարելավումը, խզումը կամ փոխարինումը,

7) նախկին կամ ներկա նախասիրությունները.

ա. տարբեր առարկաներ կամ պայմաններ, որոնք կարող են հուշել շահառուի նախկին կամ ներկա նախասիրությունների կամ հետաքրքրությունների մասին,

բ. շփումները, իրերը, հուշերը, որոնք շահառուն կարևորում է,

գ. բույսերի, կենդանիների և միջավայրի նկատմամբ վերաբերմունքը,

8) առողջության և բարեկեցության վրա ազդող գործոնները.

ա. քնի պայմաններն ու պարագաները,

բ. ինքնախնամքի կամ կոլեկտիվ խնամքի եղանակները կամ փորձառությունը,

գ. լույսը, խոնավությունը, աղմուկը և այլ գործոններ, որոնք հնարավոր ազդեցություն կարող են ունենալ շահառուի առողջության վրա,

դ. առողջության կամ կյանքի համար վտանգավոր գործոնները,

ե. ֆինանսական գրագիտությունը,

9) տեխնոլոգիաների կիրառումը.

ա. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը և շահառուի ունակությունները,

բ. տեխնոլոգիաներից օգտվելու նախկին և ներկա փորձը, հաղորդակցության կարիքները։

10. Սույն հավելվածի 9-րդ կետում նշված գործոնները հիմնական ուղղություններն են, որոնք, կախված տնայցի նպատակից, շահառուի կարիքներից և վիճակից, շահառուի հետ աշխատանքի փուլից, կարող են փոփոխվել կամ առավել խորքային ուսումնասիրվել կամ տնայցի կոնկրետ փուլում չդառնալ տնայցի ուսումնասիրման գործոն։ Սույն հավելվածի 10-րդ կետում նշված գործոնները Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված Ձև 5-ի «Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության հարցաշարի և գնահատման» մեջ ներառված լինելու դեպքում գնահատվում են այդ որոշմամբ սահմանված կարգով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ չսահմանված գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

12. Տնայց իրականացնող մասնագետը տնայցն իրականացնելիս առաջնորդվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սկզբունքներով, սոցիալական աշխատողի կանոնագրքով, ինչպես նաև հետևյալ սկզբունքներով՝

1) շահառուի բազմազան փորձառությունների, նախասիրությունների, անհատական և մշակութային բազմազանության ճանաչման, գիտակցման ու ընդունման սկզբունքը,

2) շահառուի ինքնորոշման և նրա հետ համագործակցային մոտեցման սկզբունքը,

3) շահառուի ուժեղ կողմերը, նախընտրություններն ու հետաքրքրությունները, աջակցային և միջավայրային ակտիվացնող գործոնների շեշտադրումը և շահառուի ուժեղացման սկզբունքը,

4) տնայցի ընթացքում շահառուի՝ ծառայությունների տրամադրման կամ կազմակերպման համար անհրաժեշտ անձնական տվյալների և տեղեկատվության հավաքագրման և ուսումնասիրության սկզբունքը,

5) շահառուի վիճակի վրա ազդող խնդիրների համակարգային կամ պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության սկզբունքը,

6) շահառուի կարիքները, վերհանված ռիսկերը և ստացված տեղեկատվությունն անարձագանք չթողնելու և շահառուի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը,

7) հաղորդակցման տեխնիկաների արդյունավետ կիրառման սկզբունքը,

8) շահառուի հետ աշխատանքի ընթացքում մեթոդների կամ մոդելների հիմնավորված ընտրության սկզբունքը,

9) շահառուի և տնայցն իրականացնող մասնագետի անվտանգության ապահովման և պահպանման սկզբունքը:

13. Տնայցն իրականացնող մասնագետը տնայցի ընթացքում առաջնորդվում է նաև հետևյալ էթիկական նորմերով՝

1) խուսափում շահերի բախումից․ տնայցի ընթացքում՝ շահառուների հետ հաղորդակցվելիս, տնայց իրականացնող մասնագետը պետք է պահպանի մասնագիտական սկզբունքները և էթիկական նորմերը, ինչպես նաև կանխի կամ խուսափի շահերի բախման հնարավոր իրավիճակներից, իսկ առկայության դեպքում՝ արձագանքի դրանց՝ օրենքով կամ մասնագիտական կանոնագրքով սահմանված կարգով,

2) անվտանգության պայմանների պահպանում, մասնավորապես՝

ա. անվտանգությանն առնչվող էթիկական երկընտրանքների դեպքում իրավիճակը քննարկվում է սուպերվիզիա իրականացնող մասնագետի կամ անմիջական վերադասի հետ,

բ. տնայցի իրականացման ժամանակահատվածը, վայրն ու տեղն ընտրվում է՝ տնայց իրականացնող մասնագետի անվտանգությանն առաջնահերթություն տալով,

գ. տնայցի ընթացքում տնայց իրականացնող մասնագետի առողջությանը կամ կյանքին սպառնացող վտանգների առկայության դեպքում տնայցն անհապաղ դադարեցվում է կամ չի սկսվում,

դ. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տնայց իրականացնող մասնագետը տնայցը կատարելուց առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողին (այսուհետ՝ ոստիկանության ծառայող) տնայցի հասցեն, ժամը, նպատակները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Եթե սոցիալական աշխատողը «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ընդհատում է տնայցը, ապա դրա մասին անհապաղ ահազանգում է ոստիկանության ծառայողին և նրան հրավիրում այդ հասցե: Նույն վայրում նորից տնայց իրականացնելու անհրաժեշտության դեպքում տնայց իրականացնող մասնագետը տնայցը կազմակերպում է ոստիկանության ծառայողի հետ միասին,

ե. տնայցի ընթացքում տնայց իրականացնող մասնագետի անվտանգության ապահովման սահմանված համընդհանուր մեխանիզմների բացակայության դեպքում, այդ մեխանիզմները նախապես քննարկվում և սահմանվում են այն կազմակերպության կողմից, որի աշխատողը հանդիսանում է տնայց իրականացնող մասնագետը,

զ. տնայց իրականացնող մասնագետն օրենքով սահմանված կարգով ահազանգում է տնայցի ընթացքում վերհանված բռնության, շահագործման կամ շահառուի կամ նրա սոցիալական միջավայրի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող այլ դեպքերի կամ համանման ռիսկերի մասին, որոնց ի պատասխան անհապաղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր այդ դեպքերին արձագանքելու կամ ռիսկերը չեզոքացնելու համար,

3) տեղեկատվության փոխանցման սկզբունքների պահպանում՝ տնայց իրականացնող մասնագետը շահառուի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությունը փոխանցում է այլ մասնագետի կամ անձի՝ միայն շահառուի համաձայնությամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Երբ ստացվող տեղեկատվությունը վերաբերում է մեկից ավել անձանց, ապա տնայց իրականացնող մասնագետը ստանում է տվյալ անձանց համաձայնությունները՝ իր տեղեկատվությունն այլ անձի հետ քննարկելու կամ փոխանցելու վերաբերյալ։

 

II. ՏՆԱՅՑԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Տնայցի փուլերը տարբեր են՝ կախված տնայցի նպատակից և ոլորտային առանձնահատկություններից ու շահառուի կարիքներից։ Տնայցի հիմնական փուլերն են՝

1) նախապատրաստական,

2) հիմնական,

3) ամփոփման:

15. Տնայցի նախապատրաստական փուլը շահառուի վերաբերյալ առկա տեղեկատվության նախնական ուսումնասիրությունն է, այդ թվում՝ շահառուի հաղորդակցության եղանակների, մշակութային առանձնահատկությունների, ռիսկերի, ինչպես նաև այլ մասնագետի հետ համատեղ այցի անհրաժեշտության կարիքի ուսումնասիրությունը:

16. Տնայցի նախապատրաստական փուլը սկսում է մասնագետի՝ տնայց կատարելու անհրաժեշտության մասին տեղեկանալու կամ տնայց կատարելու անհրաժեշտությունը վերհանելու պահից, ներառյալ՝ ընտանիքի անապահովության գնահատման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ նախատեսված՝ գնահատման համակարգով իր աշխատանքային էջում տնայց կատարելու հանձնարարություն ստանալուց հետո:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ նախատեսված դեպքերում տնայցի կատարման ժամկետը սահմանվում է ինքնաշխատ՝ դիմելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այդ որոշմամբ չսահմանված դեպքերում տնայցն իրականացվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե իրավիճակը չի պահանջում հրատապ արձագանք կամ այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ։

18. Տնայցի նախապատրաստական փուլում իրականացվում են տեխնիկական և բովանդակային նախնական աշխատանքներ, այդ թվում՝ հստակեցվում է տնայցի օրը և ժամը, ըստ անհրաժեշտության՝ քննարկվում են անվտանգային երաշխիքներն անմիջական վերադասի կամ սուպերվիզորի հետ, սահմանվում է տնայցի նպատակը, ներառյալ՝ տնայցից սպասվող հնարավոր արդյունքները, նախապատրաստվում են տնայցի նպատակին համապատասխանող հարցաշարեր, դիտարկման քարտեր և այլ գործիքներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրելու կամ կազմակերպելու համար անհրաժեշտ տվյալները:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, անապահովության գնահատման դեպքում, դիմողը, դիմումը ներկայացնելիս, տեղեկանում է տնայցի՝ օրենսդրությամբ սահմանված 15 աշխատանքային օրվա ընթացքում կատարելու ժամկետի մասին, պարտավորվում է համագործակցել տնայց իրականացնող մասնագետի հետ՝ անհրաժեշտ տվյալների լիարժեք հավաքագրման նպատակով, տալիս է համաձայնություն կեցության պայմանների առանձին հատվածներ լուսանկարելու համար։

20. Տնայց իրականացնող մասնագետը շահառուին հեռախոսազանգով կամ տեղեկատվական համակարգով տեղեկացնում կամ չի տեղեկացնում տնայցի նախատեսված օրը և ժամը՝ ելնելով տնայցի նպատակից, սպասելի կամ անսպասելի տնայց կատարելու անհրաժեշտությունից, տնայցի նախատեսված կամ չնախատեսված լինելու հանգամանքից։

21. Տնայցի հիմնական փուլը տնայցի անմիջական իրականացնումն է, որի ժամանակ՝

1) տնայց իրականացնող մասնագետը ներկայացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված վկայականը,

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ներկայացնում է տնայցի իրականացման իրազեկ համաձայնության ձևաթուղթը (Ձև 1), մեկնաբանում դրա նպատակն ու այն հաստատելու կարևորությունը,

3) առաջին տնայցի դեպքում ապահովում է փոխադարձ ծանոթացումը, իրավունքների և պարտականությունների, գաղտնիության երաշխիքների և սահմանափակումների ներկայացումը, շահառուի հետ վստահելի հարաբերությունների ձևավորումը, անվտանգությանն առնչվող ռիսկերի, երաշխիքների նախնական ուսումնասիրությունը, դրանք հայտնաբերելու դեպքում՝ հրատապ արձագանքը, տնայցի նպատակի և խնդիրների, ընթացակարգի, տևողության, ինչպես նաև տնայցի ակնկալվող արդյունքների, փոխադարձ սպասելիքների քննարկումը և սահմանումը։

22. Հիմնական փուլում իրականացվում են տնայցի նպատակից և խնդիրներից բխող գործողությունները, որոնք ընդգրկում են միջավայրային գործոնների, սոցիալական կարիքների գնահատումը, սոցիալական ծառայությունների տրամադրումը, միջամտության ծրագրից բխող գործողությունների իրականացումը, դրանց քննարկումը շահառուի, իսկ շահառուի համաձայնությամբ՝ շահառուի սոցիալական միջավայրի անդամների հետ:

23. Դեպքի վարման ընթացքում տնայցի հիմնական փուլում նախատեսվող գործողությունները նախատեսված են սույն որոշման Հավելված 1-ում:

24. Սույն հավելվածի 22-րդ կետում նշված գործողություններն արձանագրվում են, իսկ ստացված տեղեկությունը ներբեռնվում է գնահատման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

25. Տնայցի ամփոփման փուլը ենթադրում է տնայցի ընթացքում իրականացված գործողությունների, սահմանված խնդիրների և ստացված արդյունքների համադրում, հաջորդ գործողությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև հաջորդ տնայցի և դրա նպատակների կամ դրա շրջանակում նախատեսված գործողությունների քննարկում և պլանավորում, շահառուի կողմից հետադարձ կապի և տնայցի ընթացքից ու արդյունքներից, այդ թվում՝ տնայց իրականացնող մասնագետի հետ հաղորդակցման բնույթից բավարարվածության ուսումնասիրություն, ինչպես նաև հաջորդ տնայցի կամ հաջորդիվ նախատեսվող այլ գործողությունների իրականացման վերաբերյալ շահառուի առաջարկների քննարկում:

26. Տնայցը չիրականացնելու, հետաձգելու կամ կրկնելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել հետևյալ հիմքերից մեկի կամ դրանց համակցությամբ՝

1) տվյալ հասցեում կամ բնակության վայրում շահառուի չգտնվելը,

2) բնակության կամ գտնվելու վայր մուտք գործելու անհնարինությունը, ներառյալ՝ սեփականատիրոջ արգելքը, շահառուի կամ ընտանիքի այլ անդամների կողմից կոնֆլիկտի կամ այլ խոչընդոտների ստեղծումը,

3) արտակարգ իրավիճակը, որով պայմանավորված ի հայտ են եկել նոր առաջնահերթություններ կամ գերակա շահեր,

4) տնայցի նպատակի փոփոխությունը, երբ տնայցի նպատակը կորցնում է իր արդիականությունը,

5) տնայց իրականացնող մասնագետի կյանքին, առողջությանը և անվտանգությանը սպառնացող վտանգը,

6) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր։

27. Տնայցը կարող է կրկնվել կամ տնայցը կրկնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝

1) նախորդիվ իրականացված տնայցի շարունակությունն ապահովելը,

2) շահառուի անմիջական միջավայրում ի հայտ եկած՝ ծանոթացման, գնահատման կամ արձագանքման ենթակա փոփոխությունները,

3) շահառուի հետ 15 օրվա ընթացքում հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով երեք և ավելի անգամ հաղորդակցվելու անհնարինությունը,

4) մշտադիտարկումը,

5) այլ վայրում կամ այլ ձևաչափով, այդ թվում՝ տեսազանգով կամ ՄՍԾ ՏԿ-ում, շահառուի հետ հանդիպելու անհնարինությունը,

6) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում և կարգով։

 

III. ՏՆԱՅՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Տնայցի տևողությունը պետք է լինի բավարար տնայցի նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար, և տնայցի նախընտրելի միջին տևողությունը 60-90 րոպեն է, որը կարող է փոխվել՝ ելնելով տնայցի նպատակից և խնդիրներից, ընթացքից, ուսումնասիրվող գործոններից, շահառուի վիճակից կամ շահառուի հետ հաղորդակցության ընտրված եղանակից: Շահառուի կարիքներից և իրավիճակից ելնելով՝ տնայցն իրականացնող մասնագետը նախապես ներկայացնում է շահառուին տնայցի ակնկալվող տևողությունը, որը նրան հնարավորություն է տալիս համակարգել տնայցի ընթացքը, և շահառուի մոտ ձևավորել որոշակիություն՝ տնայցի տևողության և բովանդակության վերաբերյալ։

29․ Տնայցի ընթացքում հավաքագրված կամ ներկայացվող տեղեկատվությունը և դրա բովանդակությունը չի կարող ավելին լինել, քան պահանջվում է տնայցի նպատակների իրացման կամ խնդիրների լուծման համար: Տնայց իրականացնող մասնագետը հավաքագրում, ուսումնասիրում և քննարկում է միայն այն տեղեկատվությունը, որը բխում է տնայցի նպատակից կամ խնդիրներից: Տեղեկատվության ստացման սահմանափակումը վերաբերում է նաև այն իրավիճակներին, երբ տեղեկատվության ստացումը տնայցի ընթացքում կարող է վնասել շահառուին։ Այդ դեպքում տնայց իրականացնող մասնագետը գնահատում է հնարավոր ռիսկերը նախքան տնայցը և տնայցի ընթացքում, ինչպես նաև նախաձեռնում է անհրաժեշտ միջոցառումներ շահառուի անվտանգության համար։

 

Ձև 1. Տնայցի իրականացման իրազեկ համաձայնության ձևաթուղթ

 

Սույն իրազեկ համաձայնության ձևաթուղթը (այսուհետ՝ ձևաթուղթ) մշակվել է ________________-ի կողմից՝ ներկայացնելու Ձեզ տնային կամ գտնվելու վայրի այցելության (այսուհետ՝ տնայց) նպատակը և ստանալու Ձեր համաձայնությունը։

Տնայցն իրականացվում է ____________________________ կազմակերպության (նշել կազմակերպության անունը)՝ տնայց իրականացնելու իրավասություն ունեցող մասնագետի _____________________________ (նշել անունը և ազգանունը) կողմից։

Այս տնայցի ընթացքում, ուսումնասիրվելու, դիտարկվելու, քննարկելու և գնահատելու են միայն այդ տնայցի նպատակից բխող ուսումնասիրության գործոնները։

Ձեր մասնակցությունը կամավոր է (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), և Դուք իրավունք ունեք․

- ցանկացած պահի դադարեցնել տնայցը,

- ստանալ տեղեկատվություն տնայցին առնչվող ցանկացած հարցի, այդ թվում՝ նպատակի և խնդիրների, ուսումնասիրվող գործոնների վերաբերյալ,

- ստանալ այս ձևաթղթի կրկնօրինակը՝ կողմերի ստորագրությամբ,

- օրենքով նախատեսված այլ իրավունքներ։

Ձեր անձնական տեղեկատվությունը հավաքագրվելու, արձանագրվելու և պահպանվելու է գաղտնիության ապահովման սկզբունքների և կանոնների համաձայն, և այդ տեղեկատվությանը հասանելիություն ունենալու են միայն օրենսդրությամբ սահմանված իրավասություն ունեցող անձինք։

Ձեր մասին տեղեկատվությունը երրորդ կողմին կարող է փոխանցվել միայն Ձեր համաձայնությամբ՝ սոցիալական աջակցության տրամադրման նպատակով, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

Տնայցին առնչվող ցանկացած հարցի, այդ թվում՝ բողոքի և առաջարկների դեպքում կարող եք դիմել ___________________ հեռախոսահամարով։

 

Ես՝ ________________________________________ շահառուի անուն, ազգանուն, սույնով հավաստիացնում եմ, որ.

1. Ծանոթացել եմ այս ձևաչափում ներկայացված տեղեկատվությանը,

2. Թույլատրում եմ տնայցի իրականացումը, այդ թվում՝ տնայցի նպատակից բխող գործոնների ուսումնասիրությունը,

3. Համաձայնում եմ տնայցի ընթացքում ստացված տեղեկատվությունը փոխանցել երրորդ կողմին՝ միայն սոցիալական աջակցության տրամադրման նպատակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

 

Ստորագրություն

Ամիս ամսաթիվ

Տնայց իրականացնող մասնագետի անուն ազգանուն

Ստորագրություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական: