Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.02.1994
Ստորագրման ամսաթիվ
09.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի  Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր), ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև բարեկամական կապերը, համոզված լինելով, որ կրթության, գիտության ու մշակույթի, ինչպես նաև այլ բնագավառներում կատարվող փոխանակումները և համագործակցությունը կնպաստեն բրիտանացի և հայ ժողովուրդների միջև ավելի սերտ փոխըմբռնմանը և փոխճանաչմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն կրթության բնագավառում երկու երկրների միջև կապերի զարգացումը`

ա) խրախուսելով և դյուրացնելով երկու երկրներում մարդկանց, հաստատությունների և կրթության հետ առնչվող կազմակերպությունների միջև անմիջական համագործակցությունը, կապերը և փոխանակումները,

բ) խրախուսելով և դյուրացնելով մյուս Պայմանավորվող կողմի լեզվի և գրականության ուսումնասիրումը և ուսուցումը,

գ) խրախուսելով և դյուրացնելով համագործակցությունն ու փոխանակումները ուսուցման մեթոդների և նյութերի, ուսումնական ծրագրերի զարգացման և քննությունների կազմակերպման շրջանակներում,

դ) ապահովելով կրթաթոշակներ և նպաստելով ուսումնառությունն ու հետազոտությունը դյուրացնող այլ միջոցներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն և դյուրացնեն գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում փոխանակումների և հետազոտությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ, ներառյալ երկու երկրներում գիտական և հետազոտական ինստիտուտների միջև անմիջական համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն և դյուրացնեն գրականության, կիրառական արվեստի, կատարողական արվեստի, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի, ճարտարապետության, թանգարանների և պատկերասրահների, գրադարանների և արխիվների ու այլ մշակութային բնագավառներում անմիջական կապերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Համաձայնագրի նպատակներից բխող գործունեության կազմակերպման և իրականացման համար պետք է խրախուսի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի մշակութային և տեղեկատվական կենտրոնների ստեղծումը և պետք է ստեղծի բոլոր պայմանները իր օրենսդրության և հնարավորությունների սահմաններում, որպեսզի օգնի այդպիսի կենտրոններին: «Մշակութային և տեղեկատվական կենտրոններ» արտահայտությունը իր մեջ պետք է ներառի դպրոցները, լեզվի ուսուցման հաստատությունները, գրադարանները, գյուտարարական կենտրոնները և այլ հաստատություններ, որոնք կարող են ծառայել սույն Համաձայնագրի նպատակներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն երկու երկրներում մամուլի և հրատարակչական կազմակերպությունների միջև անմիջական համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պետք է դյուրացնեն ազգային ժառանգության պահպանման միջոցառումների մասին տեղեկատվական փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն համագործակցությունը իրենց համապատասխան մարմինների միջև, հեղինակային իրավունքի և իրենց օրենսդրության սահմաններում` փոխառության իրավունքների փոխադարձ պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն կապերը երկու երկրների երիտասարդների միջև և անմիջական համագործակցությունը` իրենց երիտասարդական կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն զբոսաշրջության զարգացումը երկու երկրների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն համագործակցությունը սպորտային կազմակերպությունների միջև, ինչպես նաև` յուրաքանչյուր երկրում սպորտային միջոցառումներին փոխադարձ մասնակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը պետք է համապատասխան եղանակով դյուրացնեն սույն Համաձայնագրում նշված բնագավառներում երկրներից յուրաքանչյուրում, կազմակերպված սեմինարներին, փառատոներին, մրցումներին, ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, համաժողովներին և հանդիպումներին մասնակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն անմիջական համագործակցությունը և փոխանակումները ոչ կառավարական կազմակերպությունների միջև` սույն Համաձայնագրում նշված բոլոր բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրում նշված գործունեության բոլոր տեսակները պետք է համապատասխանեն այն Պայմանավորվող կողմի պետությունում գործող օրենսդրությանը և կանոնակարգերին, որտեղ դրանք իրականացվում են:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով որպես Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության գլխավոր գործակալ հանդես կգա Բրիտանական խորհուրդը (British Council):

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում կամ մյուս Կողմի խնդրանքով պետք է հանդիպեն որպես խառը հանձնաժողովի անդամներ` քննարկելու սույն Համաձայնագրին առնչվող զարգացումները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 5 տարի ժամկետով և դրանից հետո էլ կմնա ուժի մեջ մինչև 6 ամիս` սկսած այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուսին գրավոր կերպով կծանուցի Համաձայնագրի դադարեցման վերաբերյալ:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Լոնդոն քաղաքում 1994 թվականի փետրվարի 9-ին` հայերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի փետրվարի 9-ից: