Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
02.03.1993
Ստորագրման ամսաթիվ
02.03.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև ոչ առևտրային վճարումներն ապահովելու նպատակով, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կապահովեն դրամական միջոցների ազատ փոխանցումը Կողմերից մեկի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Կողմերից մեկի տարածքում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձանց, ոչ առևտրային գործառնությունների հետևյալ տեսակների գծով.

տրանսպորտի և կապի ծառայությունների վճար,

կազմակերպված և չկազմակերպված զբոսաշրջություն,

ԱՊՀ միջպետական համակարգող կառույցների պահպանման ծախսեր,

Կողմերի համաձայնությամբ դիվանագիտական, հյուպատոսական, առևտրական, տրանսպորտային և այլ ներկայացուցչությունների պահպանման, ինչպես նաև պատվիրակությունների գործուղման ծախսեր,

միջազգային վեհաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, մարզական և մշակութային միջոցառումների, ինչպես նաև այլ միջազգային հանդիպումների անցկացում,

ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացման հետ կապված վճարումներ, բացառությամբ ազատ փոխարկելի արժույթով վճարումների, կապիտալ ներդրումներ և այլ նյութական ծախսեր, որոնց հաշվարկման կարգը հաստատվում է Կողմերի համաձայնությամբ,

դատական, արբիտրաժային, նոտարական և այլ իրավաբանական ու վարչական մարմինների ծախսերի հատուցման գծով վճարներ, բացառությամբ առևտրական կազմակերպությունների գծով գանձումների կարգավորման վերաբերյալ որոշումներից բխող գանձումների,

վճարագրերի, դրամական ակրեդիտիվների և փոխադրումների վճարից գոյացած դրամական միջոցների մնացորդների, ինչպես նաև ընդունող երկրի` կանխիկ ներմուծված ազգային արժույթի մնացորդների փոխանցումներ,

մուծումներ հասարակական կազմակերպություններին,

պետական հիմնարկների կարիքների համար շենքերի ձեռքբերում ու շինարարություն,

դերասանների հյուրախաղերի և կինոնկարների վարձույթի գծով ծախսերի վճարում, ինչպես նաև այդ միջոցառումներից ստացված եկամուտների փոխանցում,

ապահովագրության մուծումներ ու վճարներ, սոցիալական ապահովագրության մուծումներ,

դատական և այլ իրավազոր մարմինների դատավճիռների, որոշումների և սահմանումների հիման վրա վճարվող գումարներ, իրավական օգնության համար վճար,

կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, լրավճարների և փոխհատուցումների փոխադրումներ,

ժառանգվող գումարների և ժառանգվող գույքի իրացումից ստացված գումարների փոխադրում,

հեղինակային հոնորարների վճարումներ և հեղինակային իրավունքների օգտագործման համար մուծումներ,

ըստ միջպետական համաձայնագրերի` ուսումնական հաստատություններ, հիմնարկներ կամ ձեռնարկություններ աշխատանքի կամ ուսուցման նպատակով ժամանած Կողմերի քաղաքացիներին աշխատավարձի, կրթաթոշակի, օրապահիկի և այլ դրամական վճարումներ,

մի Կողմի ուսումնական հաստատությունում մյուս Կողմի քաղաքացիների ուսուցման համար վճարումներ,

մի Կողմի բուժական հիմնարկներում մյուս Կողմի քաղաքացիների բուժման համար վճարումներ,

անձանց մահվան հետ կապված վճարումներ (տրանսպորտային և հուղարկավորման ծախսեր):

Կողմերը լիազորում են Կողմերի ֆինանսների նախարարություններին փոփոխություններ մտցնել սույն հոդվածում նշված` ոչ առևտրային գործառնությունների անվանացանկի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

 Ոչ առևտրային գործառնությունների գծով վճարումները կատարվում են Տաջիկստանի Հանրապետության ազգային բանկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկում Տաջիկստանի Հանրապետության ազգային բանկի թղթակցային հաշիվների միջոցով, ինչպես նաև, Կողմերի կենտրոնական բանկերի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության առևտրային բանկերի թղթակցային հաշիվների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի նախարարություններն ու գերատեսչությունները կկնքեն ոչ առևտրային գործառնությունների գծով փոխադարձ հաշվարկներ կատարելու մասին երկկողմ համաձայնագրեր` համաձայնեցնելով դրանք Կողմերի ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվելու են բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:

Սույն Համաձայնագիրը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չի ծանուցել այն լուծարելու իր մտադրության մասին: Համաձայնագիրը ուժը կորցնում է սույն Համաձայնագրին մասնակցելուց հրաժարվելու ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի մարտի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ ունեն հավասար ուժ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 20-ից: