Գլխավոր տեղեկություն
Համար
N 1094-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 1094-Ն

 

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը (այսուհետ՝ կարգ)՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց, 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի), կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի հետ կապված հարաբերությունները, բացառությամբ մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե նրանք չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում։

2. Լիցենզիա ունեցող անձը բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին:

3. Ծանուցումը ներառում է՝

1) բաժնեմաս (գույք) կամ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի (այսուհետ՝ բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը, պետական գրանցման (հաշվառման) համարը (անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը).

2) բաժնեմասի (գույքի) օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքի էական պայմանները, բաժնեմասի (գույքի) բնորոշ հատկանիշները, ինչպես նաև գործարքի կնքման հիմնավորումները.

3) լիցենզավորված անձի կանոնադրական (բաժնեհավաք կամ փայահավաք) կապիտալում բաժնեմաս ձեռք բերողի մասնակցության նախատեսվող չափը և տոկոսը, վերջինիս պատկանող՝ լիցենզավորված անձի բաժնեմասի (հավաստագրի) քանակը (եթե ունի նման մասնակցություն), նշում ձեռք բերող անձին պատկանող և ձեռք բերվող բաժնեմասերով հավաստվող քվեարկության իրավունքի մասին (բաժնեմասի օտարման դեպքում).

4) բաժնեմասի (գույքի) նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ լիցենզավորված անձի հաշվապահական հաշվառման մեջ տվյալ գույքի հաշվառման գույքային համարը.

5) բաժնեմասը (գույքը) ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձառության վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ.

6) ծանուցումը լրացնող պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցները.

7) ծանուցումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

8) այլ տեղեկություններ և (կամ) կից ներկայացվող փաստաթղթեր (գործարքի նախագիծ, գործարքի էական պայմանները պարունակող առաջարկ ու առաջարկն ընդունելու մասին պատասխան և այլն)՝ լիցենզավորված անձի հայեցողությամբ։

4. Ծանուցումը, դրանում ներառված տեղեկությունները և կից ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի ու սույն կարգի պահանջներին:

5. Ծանուցումը ստորագրում է լիցենզավորված անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ սահմանված կարգով նրան փոխարինող, կամ լիազորված անձը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինս կամ նրա ներկայացուցիչը:

6. Ծանուցումը ներկայացվում է հայերեն, մեկ օրինակից։ Օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

7. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված՝ գաղտնի համարվող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «Գաղտնի է» նշումով փակ ծրարով։ Փաստաթղթի առաջին էջը նույնպես պետք է ներառի «Գաղտնի է» նշումը: Ծանուցումով միաժամանակ ներկայացվում է տվյալ տեղեկությունը որպես գաղտնի նշելու հիմքը: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցումը քննարկում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

8. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված գրավոր ծանուցումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում կարող է օգտվել կամ հրաժարվել նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից։

10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին։

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում այդ մասին գրավոր ծանուցում է ներկայացնում լիցենզիա ունեցող անձին։

12. Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերի իրացման պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից։

13. Նախապատվության իրավունքի իրացնելու վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով։

14. Գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը որոշվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան