Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1792
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

քաղ. Երևան

30 հուլիսի 2025 թ.

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.
     

նախագահող`

դատավորներ՝

 

 

 

 

 

 

 

 

Արման Դիլանյանի,

Արտակ Զեյնալյանի,

Հրայր Թովմասյանի,

Դավիթ Խաչատուրյանի (զեկուցող),

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

 

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

     

դիմող՝

ներկայացուցիչ՝

 

Հարություն Ներսիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող),

փաստաբան Անդրանիկ Մանուկյանի,

պատասխանող՝  

Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող),

ներկայացուցիչ՝

 

Ազգային ժողովի աշխատակազմի իրավական վարչության պետ Մարի Ստեփանյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանա­դրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հարություն Ներսիսյանի դիմու­մի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ Սահմանա­դրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, վերլուծելով վիճարկվող և վերջիններիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանա­դրական դատարանը պարզեց.

 

Վարույթը Սահմանադրական դատարանում

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիս 1-ից:

2. Օրենսգրքի՝ «Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները» վերտառությամբ 118-րդ հոդվածի՝ սույն գործին առավել վերաբերելի դրույթներով ամրագրված է.

«1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:

2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խա­փանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

(…)

4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։

5. Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը:

(…)»։

3. Օրենսգրքի 118-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

4. Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի մայիսի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

5. Սահմանադրական դատարանի 2025 թվականի մայիսի 27-ի ՍԴԱՈ-84 աշ­խատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության:

 

Գործի համառոտ դատավարական նախապատմությունը

6. 2024 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, թիվ 46101824 քրեական վարույթով քննիչ Ս. Բաբախանյանի կողմից կայացվել է որոշում՝ Հարություն Ներսիսյանին ձերբակալելու մասին՝ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքերով` իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

7. 2024 թվականի փետրվարի 20-ին Դիմողին մեղադրանք է ներկայացվել Հա­յաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նույն օրը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդու­թյուն՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին, որը նույն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ բավարարվել է:

8. 2024 թվականի փետրվարի 23-ին քրեական վարույթն ուղարկվել է Հայաս­տանի Հանրապետության քննչական կոմիտե (այսուհետ նաև՝ Քննչական կոմիտե)՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը Քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննու­թյան վարչությունում շարունակելու համար:

9. 2024 թվականի ապրիլի 10-ին Քննչական կոմիտեի վերոնշյալ վարչության քննիչ Գ. Վիրաբյանի կողմից (այսուհետ նաև՝ Քննիչ) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) է ներ­կայացվել միջնորդություն՝ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին, որը Դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է:

10. 2024 թվականի հունիսի 10-ին Քննիչի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին, որը Դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է:

11. 2024 թվականի օգոստոսի 9-ին Քննիչի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 2 ամսով երկարա­ձգելու մասին, որը Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ամբող­ջությամբ բավարարվել է, և Դիմողի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը:

12. 2024 թվականի հոկտեմբերի 2-ին քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը՝ ըստ մեղադրանքի Հարություն Ներսիսյանի (և մյուսների), Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով, 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, թիվ 41-0165-24 քրեական վարույթի նյութերի հետ հսկող դատախազի կողմից հանձնվել է Դատարան (թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործ):

13. 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Դատարանի կողմից կայացվել է թիվ ԵԴ1/2537/01/24 որոշումը՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 17-ը, երկարաձգելու մասին:

14. 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Դատարանի կողմից կայացվել է որոշում՝ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 17-ը, երկարաձգելու մասին այն պատճառաբանությամբ, որ նախորդ անգամ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո, 2024 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ տեղի չի ունեցել մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխություն, որպեսզի հնարավորություն լինի Դիմողի նկատմամբ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց:

15. 2025 թվականի հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի վերոնշյալ որոշման դեմ Դիմողի պաշտպան Ա. Մանուկյանի ներկայացրած հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին, այդ թվում՝ այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը նույն մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը կրկին քննության առնելիս պարտավոր չէ հիմնավորել, որ կալանքի ժամկետի նախորդ անգամվա երկարաձգումից հետո իր կողմից ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն՝ անձի շարունակական կալանքի իրավաչափության պայմանների փոփոխության հնարավորությունը թույլ տալու համար:

16. 2025 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան) կայացրել է որոշում՝ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Ա. Մանուկյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

 

Դիմողի դիրքորոշումները

17. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործի դատավարա­կան նախապատմությունը, Դիմումի՝ Սահմանադրական դատարանում քննության համար նշանակություն ունեցող փաստերը, վերլուծելով Սահմանադրության, քրեադա­տավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներն ու դրանց առթիվ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ տվյալ գործով իր նկատմամբ կիրառված՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի՝ արդար դատաքննու­թյան (63-րդ հոդված) և անձնական ազատության (27-րդ հոդված) հիմնական իրավունքներին:

18. Մասնավորապես՝ Դիմողը նշել է, որ Դատարանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կայացվել է որոշում՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատ­մամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին՝ երեք ամսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 17-ը, սակայն նշված եռամսյա ժամկետը լրանալուց 1 ամիս և 12 օր առաջ, այսինքն՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ 1 ամիս և 20 օր շարունակ, թիվ ԵԴ1/253701/24 քրեական գործով որևէ դատական նիստ չի կայացել, մասնավո­րապես՝ վկաներ չեն հարցաքննվել, հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի շարունակական կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել՝ մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման հնարավորության ստեղծման համար:

19. Դիմողը նշում է, որ Վերաքննիչ դատարանը, ի պատասխան պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի փաստարկների, իրավական դիրքորոշում է հայտնել, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը նույն մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը կրկին քննության առնելիս պարտավոր չէ հիմնավորել, որ կալանքի ժամկետի նախորդ անգամվա երկարաձգումից հետո իր կողմից ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն՝ անձի շարունակական կալանքի իրավաչափության պայմանների փոփոխության հնարավորությունը թույլ տալու համար, ինչպես նաև՝ որ քրեադա­տավարական օրենքը թույլ է տալիս, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը նույն մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը կրկին քննության առնի ու լուծի նախորդ անգամ երկարաձգված կալանքի ժամկետն ավարտվելուց 1 ամիս և ավելի առաջ:

20. Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ փաս­տացի ընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատողությունները:

21. Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողն արձանագրում է, որ քրեադատավարական օրենքը՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածի ձևակերպմամբ և դատարանների՝ դրա կարգա­վորումներին տրված մեկնաբանության համաձայն՝ «(…) թույլ է տալիս, որպեսզի քրեա­կան գործով վարույթն իրականացնող (գործն ըստ էության քննող) դատարանը մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգի՝ առանց հիմնավորելու, որ կալանքի երկարաձգված ժամկետին նախորդած կալանքի ժամանակաընթացքում դատարանի կողմից դրսևորվել է պատշաճ ջանասիրություն՝ (due diligence)՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն ապահովելու նպատակով:

(...) Այլ խոսքով` (...) կալանքի երկարաձգված ժամկետին նախորդած կալանքի ժամանակաընթացքում քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից պատշաճ ջանասիրություն ցուցաբերված չլինելու փաստը քրեադատավարական օրենքը չի նախատեսում՝ որպես մեղադրյալին կալանքից ազատելու հիմք»:

22. Դիմողը նշում է. «(...) Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 4-րդ կետերի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը՝ համակցված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային վերոհիշյալ դիրքորոշումների հետ, թույլ է տալիս` գալու հետևության, որ մեղադրյալի՝ օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու և/կամ մեղադրյալի կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու և/կամ հանցանք կատարելուց հետո մեղադրյալի փախուստը կանխելու նպատակով մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի շարունակականությունը կարող է իրավաչափ գնահատվել, հետևաբար՝ անձնական ազատության հիմնարար իրավունքից շարունակական զրկումն արդարացված է, եթե վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի գործը քննում է հատուկ ջանասիրությամբ, հետևաբար՝ ողջամիտ ժամկետում։

(…) հետևաբար՝ անձնական ազատության հիմնարար իրավունքից շարունա­կական զրկումն արդարացված չէ, եթե վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի գործը քննում է ոչ հատուկ ջանասիրությամբ, հետևաբար՝ ոչ ողջամիտ ժամկետում»:

23. Դիմողը, մեջբերելով Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախա­տեսված պահանջներն առ այն, որ համապատասխանաբար՝ «[1] (...) Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն՝ վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար», և «[3] (...) անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով», արձանագրում է, որ «վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքը վերաբերում է քրեական գործով վարույթի ողջ ծավալին, այլ խոսքով՝ քրեական գործով դատաքննության ամբողջ ժամանակահատվածին»:

24. Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով Օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված այն պահանջը, որ «(...) Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence) (...)», և շեշտելով, որ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է մինչդատական վարույթում մեղա­դրյալի նկատմամբ կիրառված կալանքի առավելագույն ժամկետներ՝ կախված մեղսագրված արարքի ծանրության աստիճանից, առաջ է քաշում այն հարցը, թե «(...) արդյոք դատական վարույթում, այն է՝ մեղադրյալի գործի ըստ էության քննության ժամանակ, վերջինիս կալանքի շարունակականության իրավաչափության կամ հիմնավորվածու­թյան տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նույնչափ կարևորում է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի հատուկ ջանա­սիրությունը մեղադրյալի գործը ողջամիտ ժամկետում քննելու, հետևաբար՝ կալանքի շարունակականության հիմքերի նվազման փաստով պայմանավորված՝ մեղադրյալին կալանքից ազատվելու հնարավորություն ընձեռելու համար», այլ խոսքով՝ «(...) այնքա­նով, որքանով անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությունը, հետևաբար՝ այդ իրավունքից մեղադրյալին շարունակաբար զրկելու իրավաչափության երաշխիքային ցուցիչները չեն կարող առկախվել քրեական դատավարության փուլից, ակնհայտ է այն, որ քրեադատավարական օրենքը պետք է մինչդատական վարույթում մեղադրյալի կալանքի շարունակականության իրավաչափության վերոհիշյալ չափանիշ­ներով «օժտի» նաև քրեական վարույթի քննության դատական փուլը», մինչդեռ Օրենս­գրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը դատական վարույթում մեղադրյալի կալանքի կիրառ­ման, հետևաբար՝ շարունակականության համար նախատեսում է ընդամենը երկու պայման, այն է՝ մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի և մեղադրյալի փախուստի, նոր հանցանք կատարելու և կամ քրեադատավարական օրենքով կամ դատարանի որոշմամբ մեղադրյալի վրա դրված պարտականությունները վերջինիս կողմից չկատարելու հավանականության պատճա­ռաբանված հաստատումը՝ առանց պատշաճ ջանասիրության պահանջ սահմանելու՝ դատական վարույթի ընթացքում կալանքի շարունակականության համար։

25. Դիմողը նշում է, որ քրեադատավարական վերոհիշյալ կարգավորումների արդյունքում այն դեպքում, երբ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգվել է մեղադրյալի կողմից ապացուցման գործըն­թացին ապօրինի միջամտելու ռիսկը հակակշռելու համար, ապա քրեական գործով դատաքննության ժամկետի ողջամտության ապահովումն է, հետևաբար՝ քրեական գործը հատուկ ջանասիրությամբ քննելն է այն գրավականը, որը թույլ է տալիս, որ մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ռիսկը նվազի, օրինակ՝ ողջամիտ ժամկետում դատարանում հարցաքննվեն դատակոչված այն վկա­ները, որոնց վրա մեղադրյալը կարող էր ունենալ ապօրինի ազդեցություն, ինչի շնորհիվ էլ կարող է տեղի ունենալ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանի փոփոխությունը, այն է՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջա­մտելու ռիսկի նվազումը՝ հանգեցնելով մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքն առավել մեղմ (այլընտրանքային) խափանման միջոցով փոխելուն:

26. Ըստ Դիմողի՝ դատարանի կողմից մեղադրյալի գործն ըստ էության քննելիս դրսևորված հատուկ ջանասիրության հարցը որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի՝ դատական վարույթում շարունակականության իրավաչափության կամ հիմ­նավորվածության «(...) պայման չնախատեսելով, քրեադատավարական օրենքը, փաստորեն թույլ է տալիս, որպեսզի մեղադրյալը կրի քրեական գործով վարույթն իրա­կանացնող մարմնի՝ դատարանի կողմից դրսևորված ոչ պատշաճ կամ ոչ հատուկ ջանասիրության բացասական հետևանքը՝ հանձին իր նկատմամբ կիրառված կալանքի շարունակականության», որի արդյունքում այն դեպքում, երբ ոչ թե մեղադրյալի վար­քագծի, այլ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից դրսևորված ոչ պատշաճ ջանասիրության պատճառով է, որ, օրինակ՝ դատարանում դեռևս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, և հետևաբար՝ «(...) չի նվազել մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ռիսկը, միևնույն է, քրեա­դատավարական օրենքը «հանդուրժում» է, որպեսզի այդ պայմաններում մեղադրյալն, այնուամենայնիվ, շարունակի գտնվել կալանքի տակ»։

27. Դիմողը վերոնշյալ օրենսդրական բացի արդյունքում ստեղծված հակասահմանադրական վիճակի տեսակետից կարևոր է համարել ընդգծել նաև այն հանգա­մանքը, որ ի տարբերություն մինչդատական վարույթի փուլի՝ դատաքննության փուլում Օրենսգիրքը մեղադրյալի կալանքի շարունակականության առավելագույն ժամկետներ չի նախատեսում:

28. Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողն արձանագրում է, որ «(...) այնքանով, որքանով քրեադատավարական օրենքը դատաքննությունն իրականացնող մարմնին, ի տարբերություն նախաքննությունն իրականացնող մարմնի, չի կաշկանդում մեղադրյալի գործը հատուկ ջանասիրությամբ քննելու քրեադատավարական պատվիրանով, հետևա­բար՝ դատաքննությունն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի գործը հատուկ ջանասիրությամբ չքննելը չի նախատեսում՝ որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի շարունակականության անթույլատրելիության ցուցիչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «տարբերություն է դնում» մինչդատական վարույթի մեղա­դրյալի և դատաքննության փուլի մեղադրյալի միջև՝ առաջինի համեմատ երկրորդին «չօժտելով» իր գործը հատուկ ջանասիրությամբ, հետևաբար՝ ողջամիտ ժամկետում քննված չլինելու փաստի բերումով ազատության իրավունքն իրացնելու, այլ խոսքով՝ կալանքից ազատվելու քրեադատավարական երաշխիքով»:

29. Դիմողը, օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների բացակայությունը շեշտելով հանդերձ, միաժամանակ նշում է. «(...) [Օ]րենսգրքի 118-րդ հոդվածը վերո­հիշյալ դատական ակտերով մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ փաս­տացի կիրառվել է այն բովանդակությամբ (մեկնաբանությամբ), որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը նույն մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը կրկին քննության առնելիս պարտավոր չէ հիմնավորել, որ կալանքի ժամկետի նախորդ անգամվա երկարաձգումից հետո իր կողմից ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն՝ անձի շարու­նակական կալանքի իրավաչափության պայմանների փոփոխության հնարավորությունը թույլ տալու համար, այլ խոսքով՝ վերոհիշյալ դատական ակտերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառվել է այն փաստացի բովանդակությամբ, որ նույնիսկ այն դեպքում, երբ կալանքի ժամկետի նախորդ անգամվա երկարաձգումից հետո քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից հատուկ ջանասիրություն չի ցուցաբերվել, միևնույնն է, նշված փաստը չէր կարող հանդիսանալ հիմք՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանին կալանքից ազատելու համար»:

30. Համադրելով վերը վկայակոչած իրավական չափորոշիչներն ու սկզբունքները թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործի փաստերի և դատավարական նախապատմության հետ՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով դատական վարույթում կայացված դատական ակտերով մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ «(...) [Օ]րենսգրքի 118-րդ հոդվածի՝ հիշյալ բովանդակությամբ փաստացի կիրառումը, այլ խոսքով՝ քրեադա­տավարական օրենքի 118-րդ հոդվածում խնդրո առարկա (․․․) առկա օրենսդրական բացը հանգեցրել է Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի անձնական ազատության հիմնարար իրավունքի իրացման անհնարինությանն»:

31. Այդ կապակցությամբ Դիմողը, մասնավորապես, նշել է, որ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Դատարանի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին երեք ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի հունվարի 17-ը, և այդ օրվանից սկսած մինչև կալանքի ժամկետի հաջորդ երկարաձգումը՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 1 ամիս և 20 օր շարունակ, թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով որևէ դատական նիստ չի կայացել, հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի շարունակական կալանքի իրավաչա­փության պայմանները չեն փոփոխվել մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման համար: Ընդ որում՝ Դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ի՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երեք ամսով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 17-ը երկարաձգելու մասին որոշումը պատճառա­բանել է նրանով, որ նախորդ անգամ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին երկարա­ձգելուց հետո, 2024 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ տեղի չի ունեցել մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայման­ների փոփոխություն, որպեսզի հնարավորություն լինի մեղադրյալ Հարություն Ներսիս­յանի նկատմամբ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց:

32. Դիմողը նշում է, որ այն փաստը, որ քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածը չի նախատեսում կարգավորում առ այն, որ մեղադրյալի նկատմամբ կիրառ­ված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելիս քրեական գործով վարույթն իրականացնող դատարանը պարտավոր է հիմնավորել կալանքի նախորդ ժամանակահատվածում իր կողմից պատշաճ կամ հատուկ ջանասիրություն ցուցաբերված լինելու հանգամանքը, ինչը սույն գործով թույլ է տվել, որ Դատարանը հաշվի չառնի մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին երկարաձգելուց հետո՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ը, նույն Դատարանի կողմից թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործը ողջամիտ ժամկե­տում քննելու հատուկ ջանասիրություն ցուցաբերված չլինելու փաստը, ավելին՝ հիշյալ օրենսդրական բացը թույլ է տվել, որ դատարանը մեղադրյալ Հարություն Ներսիս­յանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը քննի ու լուծի կալանքի՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ1/2537/01/24 որոշմամբ երկարաձգված ժամկետը լրանալուց (2025 թվականի հունվարի 17) 1 ամիս և 12 օր առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին:

33. Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողն ընդգծում է, որ «(...) հիշյալ օրենսդրական բացը, փաստորեն, թույլ է տվել, որպեսզի դատարանը մեղադրյալ Հարություն Ներսիսյանի կալանքի շարունակականությունն ապահովի այնպիսի պատճառաբանու­թյունների ուժով, որոնց առկայությունը թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով Առաջին ատյանի դատարանի կողմից չցուցաբերված հատուկ ջանասիրության հետևանք է»: Դիմողը պնդում է, որ եթե Օրենսգրքի 118-րդ հոդվածը նախատեսեր կարգավորում, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելիս քրեական գործով վարույթն իրականացնող դատարանը պարտավոր է հիմնավորել կալանքի նախորդ ժամանակահատվածում իր կողմից պատշաճ կամ հատուկ ջանասիրություն ցուցաբերված լինելու հանգամանքը, ապա Դատարանը «պարտավոր կլիներ՝ արձանագրելու, որ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատ­մամբ կիրառված կալանքի ժամկետը 2024 թ հոկտեմբերի 15-ին երկարաձգելուց հետո՝ մինչև 2024 թ դեկտեմբերի 5-ն, իր կողմից թիվ ԵԴ/2537/01/24 քրեական գործը ողջա­միտ ժամկետում քննելու ուղղությամբ հատուկ ջանասիրություն ցուցաբերված չի եղել, ինչը կհանդիսանար հիմք՝ 2025 թ հունվարի 18-ից՝ ժամը 00։01-ից, քրեադատա­վարական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով մեղադրյալ Հարություն Ներսիսյանին կալանքից ազատելու համար (mutatis mutandis տե՛ս մինչդատական վարույթին վերաբերող համաբնույթ իրավիճակի՝ քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորումը)»:

34. Դիմողը վերոգրյալ արձանագրման համատեքստում շեշտում է, որ, ըստ սույն գործով մեղադրական եզրակացության՝ ապացուցման գործընթացին մեղադրյալ Հարու­թյուն Ներսիսյանի կողմից ապօրինի միջամտելու ռիսկը փաստացի պայմանավորված է եղել իրեն մեղսագրված դրվագներով ներգրավված մյուս չորս մեղադրյալի վրա ապօրի­նի ազդեցություն գործադրելու մտահոգությամբ, մեղադրյալ Հարություն Ներսիսյանին մեղսագրված դրվագներով քրեական գործով դատակոչված այլ վկաներ չկան, նախա­քննության առաջին իսկ պահից Հարություն Ներսիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, որպիսի փաստերը «(...) այլ ենթադրություն չեն թողնում, քան ենթադրու­թյունն է՝ այն մասին, որ Հարություն Ներսիսյանի կողմից թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով ապացուցման գործընթացին ապօրինի միջամտության հավանականությունն առկա է՝ հիշյալ մեղադրյալների վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտահո­գությամբ դրսևորված, ինչից ողջամտորեն հետևում է, որ եթե հիշյալ՝ «կորսված» 1 ամիս և 20 օր ժամանակահատվածում գոնե վերոգրյալ մեղադրյալներից երեքը (Թամարա Մուրադյանը Հարություն Ներսիսյանի կինն է, ամուսնությունը ստացել է պետական գրանցում, իսկ կալանք կրելու ընթացքում Հարություն Ներսիսյանը և Թամարա Մուրադյանն ունեցել են երկարատև տեսակցություններ, բացի այդ, Թամարա Մուրադյանը Սահմանադրության 65-րդ հոդվածի ուժով իրավունք ունի՝ ամուսնու դեմ ցուցմունք չտալու) թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով հարցաքննվեին կամ եթե թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով դատալսումներ կայանային, և պարզվեր, որ հիշյալ մեղադրյալներն օգտվում են լռելու իրավունքից և ցուցմունք չեն տալիս, ապա մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի շարունակականության վերոհիշյալ հիմքը կվերանար, իսկ կալանքի շարունակականության մյուս հիմքը՝ փախուստի դիմելու հավանականությունը, հնարավոր կլիներ զսպել այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և բացակայելու արգելքի համակցությամբ»:

35. Դիմողը, քրեական գործի՝ վերը նկարագրված հանգամանքների հիման վրա, արձանագրում է, որ «(...) եթե քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածը նախա­տեսեր կարգավորում՝ այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելիս քրեական գործով վարույթն իրակա­նացնող դատարանը պարտավոր է հիմնավորել կալանքի նախորդ ժամանա­կահատվածում իր կողմից պատշաճ կամ հատուկ ջանասիրություն ցուցաբերված լինելու հանգամանքը, ապա Առաջին ատյանի դատարանի՝ հատուկ ջանասիրություն ցուցաբերված չլինելու փաստի և մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխություն տեղի չունենալու միջև հնա­րավոր կլիներ արձանագրել պատճառական ուղղակի կապ»:

36. Ընդ որում՝ Դիմողը, անդրադառնալով այն հնարավոր հարցադրմանը, թե որքանո՞վ է իրավաչափ, երբ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանն ինքը գնահատի իր իսկ կողմից դրսևորված ջանասիրության պատշաճությունը, նշում է, որ, մասնավորապես, քրեական գործով վարույթն իրականացնող դատարանն ինքն է գնահատում իր՝ տվյալ վարույթով անկողմնակալ (անաչառ) հանդիսանալու հանգա­մանքը (տե՛ս քրեադատավարական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը), «հետևաբար՝ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից իր իսկ կողմից դրսևորած ջանասիրության պատշաճությունը գնահատելն իբրև անթույլատրելի համարելու իրավաչափ հիմքեր չկան»:

37. Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը պնդում է, որ եթե Օրենսգիրքը «(...) նախա­տեսեր կարգավորում՝ այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելիս քրեական գործով վարույթն իրակա­նացնող դատարանը պարտավոր է հիմնավորել կալանքի նախորդ ժամանակահատվածում իր կողմից պատշաճ կամ հատուկ ջանասիրություն ցուցաբերված լինելու հանգամանքը, ապա 2024թ. դեկտեմբերի 5-ին Առաջին ատյանի դատարանը չէր ունենա հնարավորություն՝ երկարաձգելու մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատ­մամբ կիրառված կալանքի ժամկետը (mutatis mutandis տե՛ս մինչդատական վարույթին վերաբերող համաբնույթ իրավիճակի՝ քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորումը), հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներ­սիսյանը 2025թ. հունվարի 18-ին՝ ժամը 00:01-ից, քրեադատավարական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով կազատվեր կալանքից՝ իրացնելով Սահմանա­դրության 27-րդ հոդվածով հռչակված իր անձնական ազատության հիմնարար իրա­վունքը»:

38. Արդյունքում, ըստ Դիմողի՝ «(...) մեղադրյալի կալանքի ժամկետը երկարա­ձգելիս մինչև այդ երկարաձգումը դրսևորած պատշաճ ջանասիրությունը հիմնավորելու օրենսդրական պարտականություն քրեական գործով վարույթն իրականացնող դատա­րանի համար նախատեսված չլինելը թույլ է տալիս, որպեսզի դատարանն, իր կողմից դրսևորված ոչ պատշաճ ջանասիրության փաստը հաշվի չառնելու «սողանցքն օգտա­գործելով», մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը դատական վարույթում քննության առնի և լուծի մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 1 կամ 2 ամիս առաջ, այսինքն՝ ինչպես 2024թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-40 որոշմամբ Սահմանադրական դատարանն է արձանագրել՝ ձևախեղված մեկնաբանի ու կիրառի մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելուն վերա­բերող դրույթները (․․․)»:

39. Վերոնշյալի հիման վրա՝ Դիմողը խնդրել է. «Սահմանադրության 27-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118 -րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում կարգավորում՝ այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելիս քրեական գործով վարույթն իրականացնող դատարանը պետք է հիմնավորի մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն ապահովելու նպատակով կալանքի նախորդ ժամանակա­հատվածում դատարանի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը՝ դրանով իսկ «հանդուրժելով», որպեսզի քրեական գործով վարույթն իրականացնող դատարանը մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննու­թյան առնի և լուծի կալանքի ժամկետը լրանալուց տևական ժամանակ առաջ, դրանով իսկ չնախատեսելով, որ կալանքի երկարաձգված ժամկետին նախորդած կալանքի ժամանակաընթացքում քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից պատշաճ ջանասիրություն ցուցաբերված չլինելու փաստը բացառում է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգելու հնա­րավորությունը»:

 

Պատասխանողի դիրքորոշումները

40. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1, 3, 27, 61 և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանու­թյան մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվեցիա) 6-րդ հոդվածի կարգավորումները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումներ, գտել է, որ՝ «(…) մեղադրյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հաջորդ քննության ժամանակ դատարանը պարտավոր չէ առանձին կերպով հիմնավորել, որ նախորդ կալանքի երկարաձգումից հետո ցուցաբերել է «պատշաճ ջանասիրություն»՝ կալանքի պայմանների հնարավոր փոփոխության նպատակով»։

41. Ի հիմնավորումն իր պնդումների՝ Պատասխանողը, մասնավորապես, վկայա­կոչել է «Idalov v. Russia» գործով Եվրոպական դատարանի դիրքորոշումն առ այն, որ պետության մարմինները՝ նախաքննական և դատախազական, պարտավոր են ցուցաբերել պատշաճ ջանասիրություն (due dilgence) կալանքի հիմքերի ուսումնասիրության ընթացքում, իսկ դատարանը պետք է ստուգի այդ գործողությունների արդյունավետությունն ու օրինականությունը, ինչից, ըստ Պատասխանողի, բխում է, որ «Եվրոպական դատարանի գնահատմամբ դատարանը կատարում է վերահսկողական ֆունկցիա՝ ուսումնասիրելով, թե արդյոք նախաքննական և մեղադրող մարմինների ներկայացրած ապացույցներն ու հիմնավորումները բավարար են ազատության սահմանափակումը պահպանելու համար, ինչպես նաև գնահատում է ոչ միայն կալանքի իրավաչափու­թյունը, այլև կալանքի անհրաժեշտության և համապատասխանության մակարդակը՝ հաշվի առնելով անձի ազատության իրավունքի պաշտպանության կարևորությունը»:

42. Վերլուծելով Օրենսգրքի՝ վիճարկվող և դրանց հետ համակարգային առումով կապված մյուս վերաբերելի դրույթները` Պատասխանողը նշել է «(…) Օրենսգիրքը գոր­ծի՝ դատական վարույթում չի նախատեսում դատարանի համար պարտադիր պահանջ՝ յուրաքանչյուր կալանքի երկարաձգման փուլում առանձին և հատուկ կերպով հիմնա­վորելու, թե արդյոք տվյալ դատարանն ինքնին ցուցաբերել է պատշաճ ջանասիրություն նախորդ կալանքի ժամանակահատվածում կալանքի հիմքերի վերանայման հնարավո­րությունն ապահովելու նպատակով:

Մեղադրյալի կալանքի ժամկետի յուրաքանչյուր երկարաձգման փուլում դատա­րանը պարտավոր է գնահատել, թե արդյո՞ք շարունակվում են գոյություն ունենալ այն իրավաչափ հիմքերը, որոնք արդարացնում են ազատությունից զրկման կիրառումը, արդյո՞ք գործով վարույթն իրականացնող մարմինները՝ ոչ թե դատարանը, ցուցաբերել են պատշաճ ջանասիրություն, այլ ոչ թե դատարանը պետք է առանձին վերլուծի սեփական նախկին գործողությունները պատշաճ ջանասիրության համատեքստում» և եզրակացրել, որ «Քրեադատավարական գործառույթների բաժանման սկզբունքից ելնելով՝ դատական իշխանությունը պատասխանում է կալանքի իրավաչափության վերահսկմանը, այլ ոչ թե նախաքննության արդյունավետության անմիջական ապահովմանը: Այս համատեքստում պատշաճ ջանասիրության պահանջը վերաբերելի է նախաքննական մարմիններին և մեղադրողին, այլ ոչ թե դատարանին»:

43. Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ պատշաճ ջանասիրություն գործադրելու և գործը ողջամիտ ժամկետում դատարանի ունեցած պարտականու­թյունների միջև կապի հարցին՝ Պատասխանողը պնդել է, որ՝ «(…) ստացվում է, որ ըստ Դիմողի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ժամանակ դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի արդյոք ինքը ողջամիտ ժամկետում է գործը քննում, թե ոչ, կամ արդյոք ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ գործը ողջամիտ ժամ­կետում քննելու համար:

(…) [O]րենսգիրքը, ոչ միայն առանձին կալանքի երկարաձգման հարցի, այլ ընդ­հանրապես գործի ողջ քննության ընթացքում պարտավորեցնում է դատարանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու համար: Այսինքն բոլոր դեպքերում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կարևորում է գործը պատշաճ ջանասիրությամբ՝ ողջամիտ ժամկետում քննելու հարցը: Հետևաբար, առանձին միայն կալանքի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ դատարանին պարտավորեցնել պատշաճ ջանասիրության համատեքստում գնահատել սեփական գործողությունները, առարկայազուրկ է, և որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդի այդպիսի կարգավորման սահմանումը»: Այլ կերպ՝ ըստ Պատասխանողի՝ Դիմողի հնչեցրած մտահոգությունները փարատվում են գործը ողջամիտ ժամկետում քննելու դատարանի ունեցած պարտավորությամբ։

44. Պատասխանողն ընդունում է, որ «(…) քրեադատավարական օրենքը դատաքննություն իրականացնող մարմնին, ի տարբերություն նախաքննություն իրականացնող մարմնի, չի կաշկանդում մեղադրյալի գործը հատուկ ջանասիրությամբ քննելու քրեադատավարական պատվիրանով, հետևաբար՝ դատաքննություն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի գործը հատուկ ջանասիրությամբ չքննելը չի նախատեսում՝ որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի շարունակականության անթույ­լատրելիության ցուցիչ», սակայն մեջբերելով Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի այն կարգավորումը, որ «(…) Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար», գտնում է, որ՝ «[Հ]ետևաբար օրենսդիրը ինչպես նախաքննություն իրականացնող մարմնի[ն], այնպես էլ դատաքննություն իրականաց­նող մարմնին կաշկանդել է գործը հատուկ ջանասիրությամբ քննելու քրեադատավարական պատվիրանով»:

45. Այնուհետև Պատասխանողը նշում է, որ «Դիմողի պնդումներից հետևում է, որ գործը հատուկ ջանասիրությամբ՝ ողջամիտ ժամկետում չքննելը պետք է հանդիսանա կալանքից ազատվելու քրեադատավարական երաշխիք»՝ գտնելով, որ «(…) եթե հիպո­թետիկ ընդունենք կալանքը վերացնելու հիմք է հանդիսանում ոչ հատուկ ջանասիրությամբ գործի քննությունը, ստացվում է, որ դատարանը իր իսկ գործողությունները որպես ոչ պատշաճ ջանասիրությամբ իրականացրած լինելու փաստը արձանագրելու դեպքում, ոչ թե պետք է կալանքը վերացնի, այլ ընդհանրապես պետք է հրաժարվի այդ գործի քննությունից, քանի որ բոլոր դեպքերում պարտադրված է գործը քննել հատուկ ջանասիրությամբ՝ ողջամիտ ժամկետներում, իսկ եթե այդ փաստը հենց գործը քննող դատավորն է արձանագրում, հետևապես հենց դատավորը ինքը իր ոչ կոմպետենտ լինելու փաստն է արձանագրում»։

46. Արդյունքում Պատասխանողը եզրակացնում է, որ «Դիմողի պնդումները դուրս են [դատական] վերահսկողություն իրականացնելու տրամաբանությունից: Նման պայմաններում ոչ թե նույն մարմինը ինքը պետք է գնահատական տա իր գործողու­թյուններին, այլ մեկ այլ մարմնի գործողությունները պետք է ստուգվեն և վերահսկվեն»:

47. Պատասխանողը նշում է նաև. «Բոլոր դեպքերում (…) օրենսդիրը սահմանել է կալանքը փոփոխելու կամ վերացնելու երաշխիքներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին»:

48. Անդրադառնալով Դիմողի կողմից ներկայացված այն փաստարկներին, որոնք «(…) հիմնականում միտված են հիմնավորելու, որ դատարանը գործի քննությունը արդյունավետ չի իրականացրել և նախորդ կալանքի երկարաձգումից հետո պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել կալանքի պայմանների հնարավոր փոփոխության նպատակով», Պատասխանողը նշում է. «(…) նշված փաստարկները և ենթադրյալ հիմնա­վորումները գտնում ենք, որ չեն կարող գնահատվել որպես նորմի հակասահմանա­դրականությունը հիմնավորող հանգամանքներ» և նկատում, որ Դիմողի այն փաստար­կի հետ կապված, որ «(…) մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցը Դատարանը քննարկել է մեղա­դրյալի կալանքի ժամկետը լրանալուց մեկ ամիս և ավելի առաջ, թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով որևէ դատական նիստ չի կայացել, հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի շարունակական կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել՝ մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման համար», Վերաքննիչ դատարանն «արձանագրել է, որ դատական վարույթում մեղադրյալի խափանման միջոցի իրավաչափության և անհրաժեշտության պայմանների նկատմամբ պարբերաբար հսկողություն սահմանելու նկատառումներից ելնելով՝ օրենսդիրը նպատակահարմար է համարել նշված հարցի քննարկումն իրականացնել եռամսյա ժամկետի ընթացքում՝ միևնույն ժամանակ որևէ արգելք չնախատեսելով, ըստ այդմ էլ՝ չբացառելով նշված ժամկետի ավարտից շուտ խափանման միջոցի հարցի քննարկումը», ինչի առթիվ Պատասխանողը նշում է, որ «[Ա]յլ կերպ՝ Վերաքննիչ դատա­րանը զտել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ որևէ արգելք առկա չէ, որը կբացառեր մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետի լրանալուց վաղ (ողջամտության սահմաններում) խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը և լուծումը» և եզրահանգում, որ՝ «Դատարանի կողմից խափանման միջոցի՝ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննությունը մեղադրյալի նկատմամբ մինչև գործող կալանքի ժամկետի լրանալը՝ մեկ ամիս և ավելի առաջ, չի կարող դիտարկ­վել որպես դատական սխալի դրսևորում»:

49. Միաժամանակ, Պատասխանողը, համադրելով օրենսդրական բացի վերա­բերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները, գտել է, որ «(…) օրենսդիրը քննարկվող իրավակարգավորումը սահմանելիս հաշվի է առել օրենս­դրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը և այդպիսի ընթացակարգի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը», և եզրակացրել, որ «(…) տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ»:

50. Արդյունքում Պատասխանողը եզրակացրել է. «(…) Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական տվյալների համատեքստում՝ անդրադառնալով դիմու­մատուի բարձրացված հարցին, գտնում ենք, որ գործող կարգավորումները բխում են արդար դատաքննության իրավունքի սահմանադրական սկզբունքից, և Օրենսգրքի 118-րդ հոդվածը Սահմանադրության 27-րդ, 63-րդ հոդվածների համատեքստում որևէ խնդիր չի առաջացնում և համապատասխանում է Սահմանադրությանը»:

51. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը խնդրել է. ««Հարություն Ներսիս­յանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճա­նաչելու մասին»։

 

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

52. Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պարզելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոնշյալ հարցադրումներին`

- արդյո՞ք Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական ազա­տության մարդու հիմնական իրավունքի իրացման բոլոր երաշխիքները, այդ թվում՝ կալանքի ժամկետը երկարաձգելիս գործի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավասու մարմինների գործադրած (դրսևորած) պատշաճ ջանասիրության ստու­գումը կամ ապահովումը, հավասարապես վերաբերելի են մինչդատական և դատա­կան վարույթներին։

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

53. Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝

«1 Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հար­գումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրա­վունք»:

54. Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝

«1 Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(...)

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կեր­պով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

(...)»։

55. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

56. Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

57. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպա­կան կառուցակարգեր և ընթացակարգեր:

58. Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է»:

59. Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հիմնական իրա­վունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

60. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրա­կան արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապա­հովելով Սահմանադրության գերակայությունը»:

61. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի՝ «Մարդու իրավունքները հարգելու պարտականու­թյունը» վերտառությամբ 1-ին հոդվածի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»։

62. Կոնվենցիայի՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք» վերտառությամբ 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրա­վունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(…)

բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կա­տարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

(…)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատա­վորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինակա­նությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կար­գադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

(…)»:

63. Կոնվենցիայի՝ «Արդար դատաքննության իրավունք» վերտառությամբ 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

64. Կոնվենցիայի՝ «Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները» վերտառությամբ 18-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայով նախատեսված «իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահ­մանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:

65. Սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմամբ արձանագրել է. «(…) ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատար­ման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղա­վորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն` այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով։ Անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է նաև, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպետք է պարունակեն, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»։

66. Սահմանադրական դատարանը 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «6. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, (…), ի թիվս այլ խնդիրների, կոչված է երաշխավորելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանրորեն առավել վտանգավոր (հանցավոր) արարքներից: Այդ օրենսգրքի համապատասխան նորմերը կոչված են սահմանելու իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերով վարույթի իրականացման կարգը, որպեսզի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատու­թյունների այլ սահմանափակման»:

67. 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախ­տումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)»։

68. Վերոգրյալ չափորոշիչների լույսի ներքո, սույն գործով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք Դիմողին ազատությունից զրկելը տեղի է ունեցել այլ կերպ, քան Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «դեպքերում և օրենքով սահմանված կարգով», և անդրա­դառնալ սույն որոշման 52-րդ կետում ձևակերպված հարցադրմանը:

69. Օրենսգրքի՝ «Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը» վեր­տառությամբ 18-րդ հոդվածի համաձայն՝

«1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:

2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։

3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:

(...)»։

70. Օրենսգրքի՝ «Վարույթի ողջամիտ ժամկետը» վերտառությամբ 24-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ «(...) Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն՝ վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար»:

71. Օրենսգրքի՝ «Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը» վերտա­ռությամբ 116-րդ հոդվածի համաձայն՝

«(...)

2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգա­մանքները:

(...)»։

72. Օրենսգրքի՝ «Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը» վերտառությամբ 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե խափանման միջոցի գործողության ընթաց­քում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրակա­նացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափան­ման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին»։

73. Օրենսգրքի՝ «Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները» վերտառությամբ 118-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպ­քերում և կարգով ազատությունից զրկելն է՝ օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:

2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

(...)։

4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատա­կան վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը:

5. Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնա­վորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), (…):

(...)»:

74. Օրենսգրքի՝ «Կալանքի ժամկետը» վերտառությամբ 119-րդ հոդվածի համա­ձայն՝

«1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:

(...)։

4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով:

(...)»։

75. Օրենսգրքի՝ «Կալանքից ազատելը» վերտառությամբ 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե վերացել է անձին կալանքի տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը:

76. Սույն գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքների լույսի ներքո Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյո՞ք Սահմանադրության 27-րդ հոդվածից բխում է, որ դատական վարույթում արդարադատություն իրականացնելու գործընթացում կիրառելի են մինչդատական վարույթում դատարանի կողմից դատական վերահսկողություն իրականացնելիս անձի ազատու­թյան հիմնական իրավունքի պաշտպանության ուղղությամբ տրամադրվող բոլոր երաշխիքները, այդ թվում՝ պատշաճ ջանասիրության՝ իբրև նշված իրավունքի շարու­նակական սահմանափակման նախապայմանի ապահովման պարտականությունը։

77. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ քրեական գործը դատարան ուղարկվելուց հետո անձի սահմանադրական իրավունքները չեն սկսում ապահովվել բացառապես արդար դատաքննության իրավունքի ընթացա­կարգային երաշխիքներով։ Այլ կերպ՝ ի տարբերություն սույն գործով դատարանների մեկնաբանության՝ դատական վարույթում կիրառելի են Սահմանադրության 27-րդ հոդվածով և Կոնվենցիայի 5-րդ՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք» վերտառությունը կրող հոդվածով ամրագրված երաշխիքները։

78. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լաբիտան ընդդեմ Իտալիայի» գործով 2000 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ («Labita v. Italy», app. no. 26772/95, կետ 153), «Բուզաջին ընդդեմ Մոլդովայի» գործով 2016 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ («Buzadji v. the Republic of Moldova», app. no. 23755/07, կետ 87) դիրքորոշում է հայտնել, որ երբ անձին կալանքի տակ պահելու հիմքերը շարունակում են հիմնավորել ազատությունից զրկելը, պետք է պարզել, թե արդյոք ներպետական իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ», և որ իշխանությունները պետք է «համոզիչ կերպով ներկայացնեն կալանավորման ցանկացած ժամկետի՝ անկախ դրա կարճատևությունից, հիմնավորումները»։

79. Ի սկզբանե Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանա­գրել, որ չնայած Սահմանադրության տարբեր՝ 63 և 66-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների՝ Սահմանադրության տեքստում տեղ գտած այս տարանջատմանը, անմեղության կանխավարկածն անձի՝ արդար դատաքննության իրավունքի մասն է:

80. Նշվածը, ի թիվս Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի հարուստ նախադեպային իրավունքի, ապացուցվում է նաև Կոնվենցիայի 6-րդ՝ «Արդար դատաքննության իրավունք» վերտառությունը կրող հոդվածի բուն կառուցվածքով, որի շրջանակներում 1-ին կետը սահմանում է մեղադրյալի՝ դատարանի իրավունքը՝ դատարանին և դատավարությանը ներկայացվող պահանջներով հանդերձ, իսկ 2-րդ կետը՝ որպես արդար դատաքննության, այսինքն՝ այդ թվում՝ «օրենքով սահմանված կարգով» իրեն ներկայացված մեղադրանքի վերաբերյալ գործով դատարանի իրավունքի մի մաս, ամրագրում է, հետևաբար՝ ներառում է նաև մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքը: Մասնավորապես՝ «Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի» գործով 1988 թվականի հոկտեմբերի 7-ի վճռում Եվրոպական դատարանը նշել է. «28. (…) 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը և, մասնավորապես՝ անմե­ղության կանխավարկածի իրավունքը պաշտպանելով, նպատակ ունի արտացոլելու իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը»:

81. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել նաև, որ կալանքի իրավաչափության՝ սույն գործին վերաբերելի հարցերի առթիվ հարուստ նախադեպային իրավունք է ձևավորել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես` դեռևս Ասլան Ավե­տիսյանի վերաբերյալ գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ՝ «(...) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը»:

82. Բացի դրանից, Վարդան Հակոբյանի վերաբերյալ գործով 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ ԵԴ/0749/06/19 որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է.

«(...) նախաքննությունն իրականացնող մարմնի «անհրաժեշտ ջանասիրու­թյունը» կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրութաբանու­թյամբ՝ «հատուկ ջանասիրությունը» (due diligence) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններից է:

Մասնավորապես, հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի՝ ձեր­բակալված անձն է կատարել հանցագործությունը sine qua non պայման է կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլևս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար: Երբ «հիմնավոր կաս­կածի» առկայությունն այլևս բավարար չէ կալանքի հետագա երկարացման համար, պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք անազատության մեջ պահելու հիմքերը շարունակում են լինել «հիմնավոր» և «բավարար», և արդյո՞ք իշխանությունները «հատուկ ջանա­սիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանքի ժամկետի երկարացման օրինա­կանության ստուգման համատեքստում «հատուկ ջանասիրության» գնահատումը նպատակ է հետապնդում երաշխավորելու մեղադրյալի ազատության իրավունքը: Այսպես, դատական քննության «սպասող» մեղադրյալի ազատության կանխավարկածի հաղթահարումը չի կարող արդարացվել ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է գործի համակողմանի քննությունն իրականացնելու համար: Ուստի, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու նկատառումներով անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինն ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ: Կարևոր է ընդգծել, որ անձի ազատության իրավունքի գերակայության գաղափարից ելնելով՝ այդ իրավունքի սահմանա­փակման ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մար­մինը պետք է քննի գործը հատուկ ջանասիրությամբ նպատակ հետապնդելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործի նախաքննությունը և գործն ուղարկել դատարան՝ անձի՝ իր վերաբերյալ գործի հրապարակային դատական քննությունն ապահովելու համար: Հակառակ պարագայում, եթե նշված պայմանը պահպանված չէ և գործով ակտիվ նախաքննությունը հարաբերականորեն դադա­րեցված է, ապա, արտակարգ հանգամանքների բացակայության պարագայում, անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն այլևս արդարացված համարվել չի կարող:

(...)

(...) կալանքի ժամկետի երկարացման նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով նախաքննության մարմինը պետք է գործի բարեխղճորեն և դատարան ներկայացնի «հատուկ ջանասիրության» դրսևորումը հիմնավորող նյութեր: Դատարան պետք է ներկայացվեն համապա­տասխան փաստական տվյալներն անձի ազատության իրավունքի սահմանափակ­մանը կամ կալանքի տակ պահելու ժամկետի նախորդ երկարացմանը հաջորդող ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների մասին: Նշվածի գնահատման պայմաններում միայն կարող է հաղթահարվել անձի ազատության կան­խավարկածը և ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Նախաքննության մարմնի՝ «հատուկ ջանասիրությունը» հիմ­նավորող նյութերի գնահատմամբ միայն կարող է արդյունավետ դատական վերա­հսկողություն իրականացվել անձի ազատության իրավունքի հետագա սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ: Դատարանի խնդիրն է որոշել, թե նախաքննական մարմինն արդյո՞ք անհրաժեշտ ջանասիրությամբ ակտիվ քննու­թյուն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում: Ուստի, այդպիսի նյութեր չներկայացնելը կարող է դիտարկվել որպես «հատուկ ջանասիրության» բացակայություն»:

83. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել Վճռաբեկ դա­տարանի, ի թիվս այլնի, արտահայտած այն դիրքորոշման կարևորությունը, որ սկզբուն­քորեն ակնկալվում է, որ գործի դատական քննության ընթացքում ապահովված են մեղադրյալի իրավունքների, այդ թվում՝ ազատության հիմնական իրավունքի իրաց­ման ավելի արդյունավետ և գործնական երաշխիքներ, այլ ոչ թե՝ հակառակը: Բացի դրանից, կարևոր է ընդգծել Վճռաբեկ դատարանի կողմից նշված սերտ կապն անմեղության կանխավարկածի և ազատության կանխավարկածի միջև, որը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն կարևոր արձանագրումից, որ «կանխավարկածը միշտ էլ ազատման օգտին է» (տե՛ս վերը վկայակոչված՝ «Բուզաջին ընդդեմ Մոլդովայի» գործով վճռի 89-րդ կետը)։

84. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել նաև, որ ըստ Եվրոպական դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքի՝ «կալանքի քվազի-մեխանիկական երկարաձգումը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված երաշխիքներին» (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների1՝ «Թեյսն ընդդեմ Ռումինիայի» գործով, app. no. 29761/02, «Tase v. Romania», 2008 թվա­կանի հունիսի 10-ի վճիռը, կետ 40), իսկ 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ նախադասու­թյունը («Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով») հավասարապես պարտադիր է և՛ մեղադրյալին դատարան ներ­կայացնելու, և՛ դատաքննության ընթացքում անձին ազատ արձակելու համատեքստում, քանի որ անձը «մինչև դատապարտումը պետք է համարվի անմեղ, իսկ խնդրո առարկա դրույթի նպատակը ըստ էության պահանջելն է, որպեսզի նա ազատ արձակվի այն պահից, երբ նրա շարունակական կալանքը դադարել է լինել ողջամիտ» (տե՛ս վերը վկայակոչված՝ «Բուզաջին ընդդեմ Մոլդովայի» գործով վճռի 89-րդ կետը)2։

85. Սահմանադրական դատարանն այսպիսով արձանագրում է, որ անձի հիմնա­կան իրավունքների իրացման այն երաշխիքները, որոնք գործում են մինչդատական վարույթում, առնվազն mutatis mutandis գործում են նաև դատական վարույթում, և դրանց արդյունավետությունը չի կարող նվազել գործը դատարան (այսինքն՝ հրապա­րակային և բազմաթիվ այլ երաշխիքներով ապահովված ըստ էության քննության ենթարկելու համար) ուղարկված լինելու պատճառով կամ դրա արդյունքում:

86. Բացի դրանից, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ խափանման միջոցների, հատկապես՝ կալանքի շարունակական կիրառման սկզբունքներից է այն, որ կալանքի տևողության հետ զուգընթաց, կալանքի հիմքերի առկայությունը վկայող փաստական տվյալները հետզհետե պետք է ավելի շատ վերա­գրելի լինեն բացառապես մեղադրյալին:

87. Եվրոպական դատարանը «Ջեյսուսն ընդդեմ Լիտվայի» գործով (Jėčius v. Lithuania, app. no. 34578/97) 2000 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ (կետ 56) արտա­հայտել է այն իրավական դիրքորոշումը, որ չնայած [Կոնվենցիայի] 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» ձևակերպումը, ըստ էու­թյան, «հետադարձ հղում է անում ազգային օրենսդրությանը և պետության կողմից՝ այդ օրենսդրությամբ ամրագրված նյութական և դատավարական նորմերի պահպանմանը», «այնուամենայնիվ, կալանքի՝ ներպետական օրենսդրության տեսանկյունից օրինական լինելը վճռորոշ գործոն չէ», իսկ նույն որոշման 93-րդ կետում, մեկ անգամ ևս ամրագրելով անմեղության և ազատության կանխավարկածների անքակտելի կապը՝ նշել է, որ՝ «կալանքի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ գործով՝ ըստ վերջինիս ներհատուկ հատկանիշների: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել որևէ կոնկրետ դեպքում միայն այն ժամանակ, երբ առկա են իրական հանրային շահի պարզորոշ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածին, գերակշռում են ազատության իրավունքը»:

88. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կալանքի հիմքերի առկայության հիմնավորումը, նախևառաջ, անձի անմեղության կանխավարկածի հետ սերտորեն կապված՝ նրա ազատության կանխավարկածը հաղթահարելուն ուղղված գործընթաց է, ինչից էլ հենց բխում է, որ անձի՝ մեղադրյալի կարգավիճակը պահպանելու ամբողջ ժամանակահատվածում, մասնավորապես՝ անկախ քրեական վարույթի փուլերից՝ ազատության մեջ մնալը կանոն է, իսկ նրան ազատությունից զրկելը՝ բացառություն, որը գործադրելու համար անհրաժեշտ է տրամադրել իրավունքի սահմանափակումն իրավունքի խախտման վերաճելը կանխող միասնական երաշխիքներ, այդ թվում՝ ապահովել կալանքի հիմքերի առկայության առթիվ պետության ունեցած կան­խատեսական մտահոգությունների օբյեկտիվ փաստական հիմքերի վերացման ուղղու­թյամբ պատշաճ ջանասիրության պարտադիրությունը։

89. Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը կարևոր է համա­րում արձանագրել, որ քրեական դատավարությունում թե՛ արդար դատաքննության իրավունքը և թե՛ անձի ազատության իրավունքն ունեն այն ընդհանուր հայտարարը, որ երկուսն էլ (բացառությամբ՝ դատարանի՝ օրինական ուժ ստացած դատավճռով ազա­տազրկման դատապարտելու դեպքերի) ուղղված են քրեական հետապնդման ենթարկ­վող, այսինքն՝ անմեղ համարվող անձի սահմանադրական իրավունքների պաշտպա­նությանը։ Պետությունը, կաշկանդված լինելով մարդու հիմնական իրավունքներով, պարտավոր է, Սահմանադրության 3 և 75-րդ հոդվածների համաձայն, ապահովել անմեղության կանխավարկածից և մեղադրյալի պաշտպանության իրավունքներից բխող բոլոր երաշխիքներն այն ամբողջ ժամանակահատվածում, երբ անձը պահպանում է մեղադրյալի իր կարգավիճակը, և չի կարող հրաժարվել մեղադրյալի ազատության հիմնական իրավունքի սահմանափակման կամայականության դեմ՝ մինչդատական վարույթում նախատեսված երաշխիքների տրամադրումից՝ վկայակոչելով այն փաստը, որ այժմ նույն մեղադրյալի վերաբերյալ գործը գտնվում է դատական վարույթում։ Նման մեկնաբանությունը չի բխում Հայաստանի Հանրապետությունում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի առաջին մասում հռչակված սկզբուն­քից։

90. Այլ կերպ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ իրավակիրառ մարմինները, այդ թվում՝ դատարանները, պարտավոր են ապահովել քրեական հետա­պնդման ենթարկվող անձի բոլոր իրավունքները քրեական դատավարության ամբողջ ընթացքում, ներառյալ՝ անձի անմեղության կանխավարկածի հետ սերտորեն կապ­ված՝ անձի՝ հակառակը համապատասխան ապացուցողական չափորոշիչով հաստատ­ված չլինելու դեպքում, ազատության մեջ գտնվելու կանխավարկածը՝ անկախ քրեական դատավարության փուլից։

91. Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատշաճ ջանասիրության ապահովման պարտականությունը քրեական վարույթի ամբողջ քննու­թյան վրա չտարածելը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ շարունակական կալանքը կիրառվի որպես քողարկված քրեական պատիժ։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում հիշեցնել, որ Օրենսգրքի՝ «Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է. «1. (…) Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի»: Նույնաբովանդակ նորմ նախատեսված էր նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նախատեսում էր, որ՝ «կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր», որի առնչությամբ համապա­տասխան դիրքորոշում հայտնել է նաև Սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմամբ՝ արձանագրելով, որ «ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը (…) պահանջում է նաև, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպետք է պարունակեն», այսինքն՝ սահմանադրական մակարդակով արդեն իսկ արձա­նագրվել է հիշյալ սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի տարր լինելու հանգամանքը՝ անկախ դրա օրենսդրական ամրագրման տեղից:

92. Ինչ վերաբերում է անձի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատես­ված՝ անձնական ազատության հիմնական իրավունքի իրացման տեսակետից Օրենս­գրքի վիճարկվող՝ 118-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությանը և այն դատական մեկնաբանությամբ հաղթահարելու արդյունավետ և իրական հավանականությանը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Օրենսգրքի վիճարկվող կար­գավորումները դիտարկել դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենսգրքի՝ վերը մեջբերված վերաբերելի կարգավորումների հետ միասին:

93. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված դրույթներից ուղղակիորեն բխում է, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, թեև օրենսդրորեն առանձնացվել է բուն հիմքերի առկայությունից, վարույթն իրականացնող մարմնի վրա առնվազն պարտականություն է դնում ստուգելու, թե արդյո՞ք պահպանված են կալանքի հիմքերի՝ իբրև ապագային միտված կանխատեսական բնույթ ունեցող դատողությունների (մտահոգությունների) հիմքում ընկած փաստացի առկա հան­գամանքները (օրինակ՝ վկաների հարցաքննված չլինելու հանգամանքը), և եթե՝ այո, ապա դրանց շարունակական առկայությունը վերագրելի է մեղադրյալի՞, թե՞ վարույթի հանրային մասնակիցների վարքագծին։

94. Այլ կերպ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեղադրյա­լի ոչ պատշաճ վարքագծի հավանականությունը որպես կալանքի հիմք պահպան­վելու հանգամանքը գնահատելուց առաջ դատարանը թե՛ դատական վերահսկողություն և թե՛ արդարադատություն իրականացնելու փուլերում պարտավոր է ապահովել մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ դատավարական վարքագծի՝ իբրև սուբյեկտիվ մտավախության (վկաների վրա ներգործելու մասին կանխատեսական դատողության) հիմքում ընկած օբյեկտիվ հիմքերի նախադրյալների չեզոքացման (վկաների հարցաքննությունը կազմակերպելու) ուղղությամբ վարույթի հանրային մասնակիցների ձեռնարկած քայլերը։

95. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով Դիմողի կողմից վկայակոչված՝ 05.03.2024 թ. ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ արտահայտված դիր­քորոշումը, արձանագրում է, որ դատարանների կողմից՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը դատական վարույթում քննության առնելը և լուծելը մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 1 կամ 2 ամիս առաջ՝ քրեադատավարական օրենքի վերոհիշյալ վերաբերելի դրույթների՝ Սահմանադրությունից չբխող մեկնաբանում է, քանի որ, ըստ էության, կալանքի երկարաձգման հարցի նման «վաղաժամկետ» քննությունը որևէ այլ նպատակ, քան կալանքի ժամկետը նոր կետից սկսած երկարաձգելը, չի հետապնդում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե դատարանը գտներ, որ անձը ենթակա է կալանքից ազատման, ապա դա կարող էր անել քրեադատավարական, այն է՝ Օրենսգրքի՝ «Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն կարգավորման ուժով, որի համաձայն՝ «Դատարանը, դատա­խազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի»:

96. Սահմանադրական դատարանն այսպիսով, ի թիվս այլնի, արձանագրում է, որ նման մեկնաբանությամբ խախտվում են Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես՝ դատավարական հարկադրանքի, այդ թվում՝ խափանման միջոցների, այդ թվում՝ կալանքի՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով կիրառվելու և վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելու՝ պատժի նպատակ հետապնդելը բացառելու սկզբունքները, ինչն ուղղակիորեն հանգեցնում է թե՛ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով, թե՛ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այն պահանջի խախտմանը, որ՝ «Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով»։

97. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների` անմիջա­կանորեն գործող և պետությանը սահմանափակող հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև Սահմանադրության՝ անձի անձնական ազատության հիմնական իրա­վունքը երաշխավորող 27-րդ հոդվածի բովանդակությունն ու Սահմանադրական դատարանի, այդ թվում՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, բավա­րար են դատարանների համար՝ պատշաճ ջանասիրության ապահովման պարտականությունը դատական վարույթներում իրացնելու համար, հետևաբար՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածը օրենքի բաց չի պարունակում։

98. Ինչ վերաբերում է հնարավոր այն մտավախությանը, որ անձի՝ խնդրո առար­կա հիմնական՝ ազատության իրավունքի երաշխիքի ապահովումը դրված է նույն այն դատարանի վրա, որը նաև գործով ըստ էության վարույթ իրականացնող մարմինն է, այլ կերպ ասած՝ երաշխիքն ապահովողը և դրա ստուգող սուբյեկտները համընկնում են, ապա դա չպետք է ինքնուրույն փաստարկ ծառայի ազատության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության կարևոր երաշխիքներից մեկի՝ պատշաճ ջանասիրության սկզբունքի գործողությունը դատավարական մի ամբողջ փուլի վրա չտարածելու համար։

99. Սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ սույն որոշման նախորդ կետում վկայակոչված սուբյեկտների համընկնման փաստն ինքնին հիմք չէ անձի հիմնական իրավունքների ապահովման երաշխիքների գործողությունը բացառելու համար, միաժամանակ հիմնավոր է համարում Դիմողի այն փաստարկը, որ Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում (տե՛ս Օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասը) վարույթն իրականացնող դատարանն ինքն է գնահատում իր՝ տվյալ վարույթով, մասնավորապես՝ անկողմնակալ (անաչառ) դատարան լինելու հանգամանքը, և «հետևա­բար՝ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանի կողմից իր իսկ կողմից դրսևորած ջանասիրության պատշաճությունը գնահատելն իբրև անթույլատրելի համա­րելու իրավաչափ հիմքեր չկան»:

100. Սահմանադրական դատարանը սուբյեկտների վերոգրյալ համընկնման փաստի առնչությամբ կարևոր է համարում նաև նշել, որ նման իրավիճակ առկա է նաև բոլոր այն դեպքերում, երբ վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, որը պետք է ապահովի նաև հենց իր վարույթում քննվող քրեական գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Կարևոր է նաև նշել, որ ինչպես պատշաճ ջանասիրության դրսևորման, այնպես էլ ողջամիտ ժամկետի ապահովման սկզբունքների իրացումը, թեպետ դրված է դատարանի վրա, ոչ միշտ է, որ կախված է բացառապես դատարանից, այլ հաճախ միջնորդավորվում է դատավարության մյուս մասնակիցների վարքագծով, ընդ որում՝ թե՛ մեղադրանքի, թե՛ պաշտպանության կողմի գործողություններով կամ անգործությամբ, որոնց պատշաճ վարքագծի երաշխավորումը հենց դատարանի պարտականությունն է։

101. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ պատշաճ ջանասիրությունը նաև ողջամիտ ժամկետի ապահովման պահանջի մաս է, և չի կարող վերջինս ուղղված լինել դատարանին, իսկ ջանասիրության պահանջը՝ ոչ: Այլ կերպ՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը» դրույթները պարունակում են վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրություն (due diligence) դրսևորելու պահանջն այն բոլոր դեպքերում, երբ քննարկվում է կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, այսինքն՝ ոչ միայն այն դեպքերում, երբ ներկայացված է կալանքը երկարաձգելու միջնորդություն, այլ նաև այն դեպքերում, երբ դատարանն ինքն է օրենքի ուժով պարտավոր անդրադառնալ շարունակական կալանքի իրավաչափության հարցին։

102. Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ անկախ քրեական դատավարության փուլից կամ այլ կերպ՝ անկախ կալանքի երկարաձգման հարցը դատարանի կողմից օրենքի պահանջով ինքնուրույն կամ իրեն ներկայաց­րած միջնորդության շրջանակներում քննելուց՝ պատշաճ ջանասիրություն ապահո­վելը բխում է իրավունքի գերակայության սկզբունքից, Սահմանադրության 27, 63 և 66-րդ հոդվածներից, ինչպես նաև Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 118-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներից, որոնց առավելագույն իրացվածությունը տվյալ դեպքում նշանակում է, որ անձի անձնական ազատության հիմնական իրավունքի երաշխիքները, այդ թվում՝ գործի հանգամանքները պարզելու ուղղությամբ պետական մարմինների պատշաճ ջանա­սիրության ապահովումը, չեն կարող կախված լինել այն հանգամանքից, որ մի դեպքում՝ շարունակական կալանքի իրավաչափությունը դատարանի կողմից ստուգվում է քննիչի միջնորդությունը քննության առնելու, իսկ մյուս դեպքում՝ նույն հարցը օրենքի ուժով քննության առարկա դարձնելու ընթացակարգի շրջանակներում։

103. Վերոնշյալի հակառակը վտանգավոր է հատկապես այն տեսանկյունից, որ պետական իրավասու անձանց կողմից դրսևորված անգործության՝ որևէ դատա­վարական գործողություն չկատարելու՝ դատական նիստ չանցկացնելու և վկաների հարցաքննություն չկազմակերպելու հետևանքն ինքն է դրվում (ինչպես սույն գոր­ծով) կալանքը երկարացնելու հիմքում այն պատճառաբանությամբ, որ նախկինում նշանակված կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել։

104. Սահմանադրական դատարանը, կարևորագույն նշանակություն տալով կա­լանքի իրավաչափության ապահովման արդյունավետության հարցին, արձանագրում է նաև, որ սույն գործով փաստացի` մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելուն հաջորդած տևական ժամանակ որևէ դատական նիստ չի անցկացվել, և վկաներ չեն հարցաքննվել, միաժամանակ, զարմանալիորեն հենց դա էլ դրվել է կալանքի ժամկետը նույն Դատարանի կողմից ևս երեք ամսով երկարաձգվելու հիմքում՝ նշելով, որ՝ «չեն հարցաքննվել վկաներ, հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանի շարունակական կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել՝ մեղադրյալի նկատ­մամբ ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման հնարավորության ստեղծման համար», իսկ Վերաքննիչ դատարանն էլ, մերժելով մեղադրյալի պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարանը չի ունեցել պատշաճ ջանասիրության ապահովման պարտավորություն։

105. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պատշաճ ջանասիրության ապահովման պարտականությունը չի կարող կիրառվել որպես ինքնուրույն առանձին պահանջ, այլ գործում է իբրև կալանքի հիմքերի առկայությունն արձանագրող որոշումների կամայականության դեմ երաշխիք։ Այլ կերպ՝ եթե դատարանը պարտավոր է պատճառաբանել կալանքի հիմքերի առկայու­թյունը, ապա այդ պարտականությունից բխող՝ մեղադրյալի՝ կալանքի հիմքերի բացա­կայությամբ ազատ արձակվելու իրավունքը պատրանքային է դառնում, մասնավորա­պես՝ այն դեպքերում, երբ հարցաքննության ենթակա վկայի վրա մեղադրյալի հնա­րավոր ազդեցության հավանականության վերացման՝ պետությունից կախված իրական միջոցը (հարցաքննության կազմակերպումը) գործադրելուց շարունակաբար հրաժար­վելու օրինականությունը որևէ դատական ստուգման կամ ապահովման չի ենթարկվում և, ըստ էության, սահմանափակվում է բացառապես քրեական գործի քննության ողջա­միտ ժամկետներով։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրու­թյան 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատա­րանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանա­դրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ կալանքի ժամկետը երկարաձգելիս վարույթի համար նշա­նակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով պատշաճ ջանա­սիրության (due diligence) ապահովման պարտականությունը տարածվում է նաև դատա­կան վարույթում գործը քննող դատարանի վրա:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատա­կան ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբա­նությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

________________________________

1 Mansur v. Turkey, judgment of 8 June 1995, Series A no. 319‑B, p. 50, § 55, and Kalashnikov v. Russia, no. 47095/99, §§ 116‑118, ECHR 2002‑VI

2 Տե՛ս նաև՝ Guide on Article 5 of the European Convention on Human Rights Right to liberty and security Updated on 28 February 2025, Strasbourg, Prepared by the Registry․

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

30 հուլիսի 2025 թվականի

ՍԴՈ-1792

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2025 թվական: