Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.05.1993
Ստորագրման ամսաթիվ
19.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ անվտանգության ապահովմանը նպաստելու ցանկությամբ,

անհրաժեշտ համարելով բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց տարածքներ երրորդ պետությունների քաղաքացիություն չունեցող անձանց, այսուհետ` օտարերկրյա քաղաքացիներ, մուտքի, տեղաշարժման և ելքի համար,

ընդունելով, որ այդ նպատակներին հասնելու արդյունավետ միջոցներից մեկը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների համագործակցությունն ու օպերատիվ փոխգործունեությունն է,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է օտարերկրյա քաղաքացիների` Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված մուտքի, ելքի և տարանցիկ վիզաները: Կողմերից մեկի տարածք մուտք գործելու, մնալու և ելքի համար տրված հիշյալ վիզաները ունեցողներին իրավունք են տալիս անարգել կերպով տարանցիկ անցնել մյուս Կողմի տարածք` նշանակման վայր, կամ երրորդ երկիր` ելքի վայր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերի տարածքներում ժամանակավորապես գտնվող օտարերկրյա քաղաքացիների մնալու և տեղաշարժման կարգը որոշվում է այդ Կողմերի ազգային օրենսդրությամբ:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակել կամ կասեցնել իր տարածքով օտարերկրյա քաղաքացիների տարանցումը` մյուս Կողմին նախօրոք տեղեկացնելով ընդունված որոշումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը պարտավորվում են վիզաներ չտալ այն քաղաքացիներին, որոնց համար Կողմերի տարածք մուտքը փակ է Կողմերից յուրաքանչյուրի սահմանած կարգով: Կողմերը միջոցներ կձեռնարկեն նման անձանց հաշվառման կենտրոնացման և համապատասխան տեղեկության փոխանակման ուղղությամբ:

Այդ անձանց վիզա տրվելու դեպքում վիզա տված Կողմը երաշխավորում է, որ այդ անձանց իրավունք չի տրվի մուտք գործել մյուս Կողմի տարածք: Նման վիզաներում կարվի համապատասխան նշում` «մուտքը Հայաստանի Հանրապետություն փակ է» կամ «մուտքը Վրաստանի Հանրապետություն փակ է»:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կփոխանակեն տեղեկություն իրենց տարածքներում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում` վիզաների ձևակերպման գործող կարգի, հյուպատոսական գանձումների սակագնի մասին, ինչպես նաև կփոխանակեն անձնագրային-վիզային փաստաթղթերի նմուշները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն երրորդ պետությունների հետ մուտքի-ելքի հարցերով բոլոր համաձայնագրերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի համաձայնությամբ` սույն Համաձայնագրում կարող են արվել լրացումներ և փոփոխություններ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, ինչի մասին նա պետք է ծանուցի մյուս Կողմին ոչ ուշ, քան դուրս գալու օրից 90 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից 30 օր հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից: