Գլխավոր տեղեկություն
Համար
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2025 թվականի N 1069-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորչելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` Հայաստանի փրկարար ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն (այսուհետ` փրկարար ծառայություն)» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերով.

2) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Կոմիտե» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

3) 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) փրկարարական համակարգող կենտրոն` փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոն.».

4) 4-րդ կետի՝

ա. 16-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետով.

«17) այլ աղբյուրներ՝ վթարի ենթարկված օդանավի անձնակազմի փրկված անդամներ կամ ուղևորներ, կամ այլ անձինք, որոնք վթարի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին կամ իրավապահ մարմիններին:».

5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում օդանավերի և դրանց ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով:».

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում վթարափրկարարական աշխատանքները կազմակերպում ու ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, փրկարար ծառայության տնօրենը և կոմիտեի նախագահը:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում՝ քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է հանդիսանում փրկարար ծառայությունը, որտեղ ստեղծվում է որոնողափրկարարական աշխատանքների համակարգման կենտրոն։

12․1․ Կոմիտեն կատարում է կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության և տվյալների հավաքագրում ու այն անհապաղ գրավոր տրամադրում է փրկարար ծառայությանը:».

8) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիայի ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերն ու միջոցները» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.

9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կապի ապահովման խմբի աշխատանքներն ապահովում է փրկարար ծառայությունը, որն ապահովում է հանձնաժողովի, փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի, կոմիտեի կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետ՝ կենտրոնական կարգավարական ծառայություն), վթարի վայրում ստեղծված վթարափրկարարական ենթակենտրոնի և փրկարարական խմբերի հետ մշտական գործող երկկողմանի կապ: Կապի ապահովման խումբը պարտավոր է հուսալի կապ ապահովել`

1) փրկարարական համակարգող կենտրոնի հետ.

2) օդային երթևեկության կառավարման մարմինների հետ.

3) փրկարարական խմբերի հետ` ահազանգման փոխանցման և փրկարարական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման ժամանակ.

4) համագործակցող կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովման համար:».

10) 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Քաղաքացիական օդանավի պատահարի մասին առաջինը տեղեկանում են պատահարից փրկվածները կամ վկաները: Պատահարից փրկված անձնակազմի անդամները պետք է իրականացնեն անհապաղ գործողություններ և անհապաղ տեղեկացնեն փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին։ Պատահարի վկաները կամ ավիացիոն պատահարից ողջ մնացած ուղևորները հնարավորության դեպքում նույնպես պետք է տեղեկացնեն փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին, իսկ օդանավակայանի տարածքում լինելու դեպքում՝ նաև օդանավակայանի ղեկավարությանը։

23. Քաղաքացիական օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին տեղեկացվում է կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով` համաձայն Ձև N 3-ի և Ձև N 4-ի տեղեկացման սխեմաների: Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով համապատասխան մարմիններին տեղեկացվում է`

1) օդանավի տեսակը (տիպը), համարը, պատկանելությունը.

2) երթուղին, վթարի կամ աղետի վայրը կամ հավանական վայրը.

3) օդանավում գտնվող ուղևորների թիվը.

4) առկա բեռի քանակը և վտանգավորության աստիճանը:

24. Օդանավի վթարի կամ աղետի մասին ազդանշանի ստացումից հետո անմիջապես սույն կարգի 11-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայություններն ազդանշանի ստացման մասին հաղորդում են՝ օդանավի երթուղու վրա գտնվող իրենց ստորաբաժանումների տարածքային կենտրոններին, տեղամասերին, բաժիններին, բժշկական կազմակերպություններին և անհապաղ հայտարարում «Պատրաստություն» վիճակ:

25. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքներն սկսելու մասին որոշման ստացումից հետո, սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայությունների որոնողափրկարարական ուժերն ու միջոցներն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:

26. Վթարված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ կատարվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքները և հայտնի է վթարի կամ աղետի վայրը: Փրկարարական աշխատանքներն սկսելու մասին փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի հրահանգն ստանալուց անմիջապես հետո փրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը ժամանում են վթարի կամ աղետի վայր և ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը:».

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին, 22.2-րդ և 23.1-ին կետերով.

«22.1․Պատահարի մասին տեղեկանալուց հետո փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը և օդանավակայանի ղեկավարությունը պետք է անհապաղ տեղեկացնեն պատահարի մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության ստորաբաժանմանը։

22.2. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության անձնակազմը տեղեկանալով պատահարի կամ լուրջ միջադեպի մասին ղեկավարվում է սույն կարգով սահմանված տեղեկացման ընթացակարգերով։

23.1. Կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարն oդա նավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու կամ աղետի մասին տեղեկացման գրանցամատյանում՝ համաձայն Ձև N 5-ի գրանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև տեղեկատվություն ընդունող անձանց անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հայտնող կարգավարի անունը, ազգանունը, հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:».

12) 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը։ Փրկարարական համակարգող կենտրոնին աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով:

35. Կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրումը և տեղեկատվության փոխանցումը փրկարարական համակարգող կենտրոնին իրականացվում է կոմիտեի կողմից։

36. Օպերատիվ շտաբի կազմում, ըստ անհրաժեշտության, կարող են ընդգրկվել նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային աշխատանքների կազմակերպման, օդային երթևեկության կառավարման, ավիացիոն անվտանգության, ինժեներական, հրշեջ-փրկարարական աշխատանքների գծով մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու այդ կազմակերպությունների վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:

37. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու վերաբերյալ քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և փրկարարական համակարգող կենտրոնից ստացված տեղեկատվության փոխանցման համար կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ապահովված լինի համապատասխան անձնակազմով, կապի միջոցներով և համակարգիչներով:

38. Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ` հետևյալ ծառայությունների հետ`

1) փրկարարական համակարգող կենտրոնի.

2) օդային երթևեկության կառավարման կենտրոնի.

3) օդանավակայանի շահագործողական ծառայության.

4) օդանավ շահագործողների.

5) օդերևութաբանական դիտարկումներ իրականացնող մարմինների.

6) ինտերնետ կապ, որն ապահովելու է կապը տվյալ շրջանն սպասարկող «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» տիեզերական համակարգի կոորդինացիոն կենտրոնի հետ:».

13) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Փրկարարական համակարգող կենտրոնին կից պետք է ստեղծվի կորած, վթարի ենթարկված կամ աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի անձնակազմերի անդամների և ուղևորների հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված բժիշկներից, հոգեբաններից, ոստիկանության, օդանավակայանի, օդանավ շահագործողի, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:».

14) 45-րդ և 46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Հերթապահող որոնողափրկարարական ծառայությունների ուժերում ու միջոցներում ընդգրկվում են որոնողափրկարարական ուղղաթիռ (օդանավ)` իր անձնակազմով, փրկարար ծառայության և օդանավակայանների հրշեջ-փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները:

46. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով շուրջօրյա հերթապահությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով՝ իր տեղակայման վայրում շուրջօրյա հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռով (օդանավով) և անձնակազմով:».

15) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 46.1-ին ենթակետով.

«46.1. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների իրականացման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների ուղղաթիռները (օդանավերը)՝ նրանց համաձայնությամբ։».

16) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին ունեցած տեղեկատվությունն անհապաղ հայտնում է կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին անմիջապես տեղեկացնում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը, հայտարարում է իրավիճակին համապատասխան սույն կարգի 4-րդ գլխով սահմանված վթարային փուլ և անհապաղ տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».

17) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Եթե օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել է ոչ թե օդային երթևեկության կառավարման կենտրոնից, այլ՝ այլ աղբյուրներից, ապա կենտրոնական կարգավարական ծառայությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը և գնահատելով իրավիճակը, հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».

18) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի կողմից որոնման աշխատանքների մասին հայտարարումից հետո փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի պատասխանատու աշխատակիցը լրացնում է որոնման աշխատանքների հրահանգավորման ձևաթերթը՝ համաձայն Ձև N 1-ի:».

19) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Տագնապի փուլի ժամանակ փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը դրա մասին անհապաղ համապատասխան կապի միջոցներով տեղեկացնում է որոնողափրկարարական ծառայություններին:».

20) 64-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ ․

«1) եթե փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը տեղեկացվում է վթարային իրավիճակի մասին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում հարևան փրկարարական համակարգող կենտրոնները, ապա համապատասխան կապի միջոցներով կապ է հաստատում հարևան փրկարարական համակարգող կենտրոնների հետ և ստանում համապատասխան տեղեկատվություն նրանց կողմից իրականացված միջոցառումների և այլ գործողությունների վերաբերյալ.».

21) 66-րդ կետի 1-ին ենթակետը «հնարավորության սահմաններում» բառերից հետո լրացնել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերով.

22) 68-րդ կետի 1-ին ենթակետում «օդանավ շահագործողին» բառերը փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.

23) 69-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետում «տեղեկատվությունը» բառերից հետո հանել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը,

բ. 8-րդ ենթակետը «օդանավ շահագործող» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերով.

24) 70-րդ կետում «օդանավը շահագործողին» բառերը փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.

25) 72-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«72. Աղետի փուլը հայտարարում է փրկարարական համակարգող կենտրոնը, որն աղետի փուլի հայտարարումից հետո պարտավոր է՝»․

26) 72-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետը «դիմել» բառից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերով,

բ. 8-րդ ենթակետը «համապատասխան հարցումով» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերով,

գ. 9-րդ ենթակետը «օդանավ շահագործողին» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերով.

27) 83-րդ կետի 3-րդ ենթակետում «օպերատիվ շտաբին» բառերը փոխարինել «Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին» բառերով.

28) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«91. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքում փրկարար ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքների համակարգման և տեխնիկական աջակցության նպատակով փոխադարձ համաձայնության սկզբունքով համագործակցում է հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարարական խմբերի հետ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ապահովում է այլ երկրների որոնողափրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև կոմիտեի միջոցով ապահովում է «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» համակարգից աղետների մասին տեղեկատվության ստացումը:».

29) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IX գլխով.

 

«IX. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

104. Oդանավի կորչելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում իրականացվող անհրաժեշտ միջոցառումները «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածի դրույթներին համապատասխանության և որոնողափրկարարական աշխատանքներին պատրաստականության վիճակի ուսումնասիրման նպատակով, կոմիտեի կողմից իրականացվում են աուդիտներ, տեսչական գործառույթներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ։

105. Այդ նպատակով կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները մշակում են աուդիտների, տեսչական գործառույթների, ուսումնասիրությունների և դիտարկումների տարեկան պլաններ, որոնք հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից։

106. Պլանային աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվում են կոմիտեի նախագահի կողմից հաստատված ընթացակարգերով և համապատասխան ստուգաթերթիկների (checklist) միջոցով՝ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասով տեսչական լիազորություններ ունեցող մասնագետ-տեսուչների կողմից: Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից կարող են իրականացվել նաև ոչ պլանային տեսչական գործառույթներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ։

107. Աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումներն անցկացվում են կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված տեսչական խմբի կողմից։ Անցկացված աուդիտի, տեսչական գործառույթի, ուսումնասիրությունների և դիտարկումների վերաբերյալ կոմիտեի նախագահին ներկայացվում է հաշվետվություն։

108. Հաշվետվությունը ներառում է`

1) ներածական մաս.

2) միջոցառման տեսակը, անցկացման վայրը, ամսաթիվը և ժամանակահատվածը.

3) միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.

4) միջոցառմանը ենթակա կազմակերպությունը և ոլորտը.

5) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները.

6) տեսչական խմբի եզրակացությունը և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ (եթե այդպիսիք կան):

109. Կազմված հաշվետվությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությանը և փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին ներկայացվում է տեսչական գործառույթի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կազմակերպությունը հաշվետվության ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին է ներկայացնում թերությունների վերացման պլան, որը ներառում է համապատասխան թերությունների վերացման համար իրականացման ենթակա գործողությունների հստակ նկարագիրը և դրանց կատարման ժամկետները:

110. Հաշվետվությամբ արձանագրված թերությունների վերացման աշխատանքների կատարումը վերահսկվում է կոմիտեի կողմից:».

30) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

31) լրացնել նոր՝ NN 4 և 5 ձևերով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

01.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 31-ի N 1069-Ն որոշման

 

«Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ ՕԵԿ ԿԱՐԳԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՆՑԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_24134

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

01.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 31-ի N 1069-Ն որոշման

 

«Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_24135

Ձև N 5

 

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ OԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Տեղեկա-տվությունն ընդունող մարմինը

Տեղեկա-տվությանը բնույթը

Տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը

Տեղեկատվությունն ընդունող անձի անուն ազգանունը, պաշտոնը

Տեղեկատվություն հայտնող կարգավար՝

/Ա.Ա.Հ. տվյալները և ստորագրությունը/․ հայտնելու օրը, ամիսը,

տարեթիվը

1

2

3

4

5

6

           
»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

01.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2025 թվական: