Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-150-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2014-30.03.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.29/58(1071) Հոդ.955
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-116-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«արագ արձագանքման պաշար` պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օպերատիվ օգնության համար և ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների և այլ ապրանքների պաշարներ.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

 

«6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց թողնելը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և արժեքը:

6. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-150-Ն