Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.03.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1992
Ստորագրման ամսաթիվ
17.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,

արտահայտելով իրենց նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին և նպատակներին,

ձգտելով փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված բարիդրացիական և բարեկամական կապերի զարգացմանը,

գիտակցելով, որ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը հանդիսանում է երկարաժամկետ և կայուն հիմք ունեցող երկկողմ հարաբերությունների կարևորագույն ու անհրաժեշտ գործոն,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 


    ՀՈԴՎԱԾ 1
     Կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն երկարաժամկետ համագործակցություն առևտրի, տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը կձգտեն ապահովել առևտրական և տնտեսական փոխադարձ կապերի համաչափ և բազմակողմանի զարգացում: Այդ նպատակով նրանք կստեղծեն իրավական, տնտեսական, ֆինանսական և առևտրական նպաստավոր պայմաններ, ինչպես նաև կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն երկու երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև համագործակցության հաստատման և ամրապնդման գործին:

 

ՀՈԴՎԱԾ 3

Սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերի իրականացման համար Կողմերը, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում կնպաստեն արտահանման և ներմուծման արտոնագրերի ստացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Կողմերը իրենց երկրներում գործող օրենքներին և նորմերին համապատասխան, կզարգացնեն տնտեսական համագործակցությունը համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ճանապարհով: Կողմերը կհովանավորեն երկկողմ և բազմակողմ կապիտալ ներդրումներն իրենց և երրորդ երկրներում, տնտեսական կապերի զարգացմանը տարածաշրջանային մակարդակով, ինչպես նաև կստեղծեն հումքի և ապրանքների տեղափոխման համար ցամաքային, օդային և ծովային հաղորդակցության հնարավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 Կողմերը կխրախուսեն տնտեսության և առևտրի բնագավառներում լրատվության փոխանակումը, կապահովեն միմյանց մասնակցությունն իրենց երկրներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին:

 

ՀՈԴՎԱԾ 6

Ցուցահանդեսների համար նախատեսված ապրանքների առաքումն իրականացվում է երկու երկրների գործող օրենքներին համապատասխան: Հատուկ ցուցահանդեսներ կազմակերպելիս Կողմերը կարող են միմյանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 7

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը գիտության և տեխնիկայի բնագավառում: Նրանք կհովանավորեն գիտնականների համատեղ նախաձեռնությունները, գիտահետազոտական ձեռնարկությունների և բուհերի միջև կապերի հաստատումը, կկազմակերպեն մասնագետների, փորձնակների և ուսանողների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 8

Համագործակցության ոլորտների ակտիվացման և ընդլայնման նպատակով Կողմերը պայմանավորվեցին առևտրատնտեսական և գիտատեխնիկական զանազան բնագավառների համար ստեղծել համատեղ հանձնաժողովներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

Սույն Համաձայնագրից բխող Կողմերի պարտավորությունները, դրանց իրականացման կոնկրետ ձևերը կորոշվեն համապատասխան կազմակերպությունների համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

Կողմերն անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ կարող են լրացումներ և փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 11

Սույն Համաձայնագիրը կնքվում է տասը տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Համաձայնագրի գործողությունն ինքնըստինքյան երկարաձգվում է հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե Կողմերից մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի հայտնում նրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

Ստորագրված է Թեհրանում 1992 թվականի մարտի 17-ին (1370թ. էսֆանդի 27), երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու բնագրերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 17-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան