Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետատոմհսկողությունը և ՈՒկրաինայի շրջակա բնական միջավայրի պահպանության ու միջուկային անվտանգության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
հանդիսանալով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում իրենց լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն կրող կազմակերպություններ,
հաշվի առնելով, որ միջուկային կարգավորման բնագավառում տեխնիկական համագործակցությունը և տեղեկության փոխանակումը համապատասխանում են Կողմերի շահերին,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համաձայն, տեխնիկական համագործակցություն և տեղեկության փոխանակում իրականացնել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման կարգավորման բնագավառում:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները.
ա) միջուկային տեղակայանքների անվտանգություն` նրանց կենսական պարբերաշրջանի ընթացքում,
բ) ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների ու իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգություն,
գ) միջուկային տեղակայանքների և շահագործող անձնակազմի լիցենզավորում,
դ) օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի, անվտանգության չափանիշների մշակում, դրանց ներդրում և վերանայում,
ե) շահագործող կազմակերպությունների գործունեության մասին տեխնիկական հաշվետվությունների և միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ առնչվող օբյեկտների անվտանգության գնահատման նյութերի փոխանակում,
զ) այլ հարցեր:
Հոդված 3
Կողմերը իրավունք ունեն օգտագործել և ազատ տարածել փոխանակման արդյունքում ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվություն ուղարկող Կողմը նախօրոք հայտնել է փոխանցվող տեղեկության օգտագործմանը և տարածմանը վերաբերող սահմանափակումների և պայմանների մասին:
Կողմերը պարտավորվում են համապատասխան միջոցներ ձեռնարկել մյուս Կողմից ստացած ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության ապահովման համար:
Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրով մյուս Կողմից ստացած տեղեկությունն օգտագործելիս լիակատար պատասխանատվություն է կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ ստացած տեղեկությունն օգտագործելիս, և պարտավորվում է չգործել ի վնաս մյուս Կողմի:
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրը կաջակցի մյուս Կողմին` հնարավորություններ ստեղծելով մյուս Կողմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների կամ Կողմին ենթակա այլ կազմակերպության լիազոր-ներկայացուցիչների այցելությունների համար` ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման կարգավորման բնագավառում տեղեկության փոխանակման կամ ուսման նպատակով:
Այցելությունների կազմակերպման ժամանակ ճանապարհատրանսպորտային ծախսերը իր վրա է վերցնում ուղարկող Կողմը, իսկ բնակվելու, սննդի և տեղական տրանսպորտի ծախսերը` ընդունող Կողմը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա այլ պայմանավորվածություն:
ՈՒսման և երկարատև այցելությունների կազմակերպման դեպքում դրանց կազմակերպման և ֆինանսավորման պայմանները նույնպես հատուկ կքննարկվեն: Ֆինանսական հարցերը կլուծվեն Կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունների համաձայն:
Հոդված 5
Կողմերից յուրաքանչյուրը իր աշխատակիցների թվից նշանակում է համակարգող, որը պատասխանատու կլինի սույն Համաձայնագրի դրույթների կատարման համար: Նշանակված համակարգողների մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո:
Մնացած դեպքերում, եթե սույն Համաձայնագրում դա հատուկ նշված չէ, բոլոր հարցումները և տեղեկությունները սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվում են համակարգողների միջոցով:
Սույն Համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Կողմերի հանդիպումները կազմակերպելու են Կողմերի համակարգողները:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված` առաջացող տարաձայնությունները կլուծվեն բարյացակամության մթնոլորտում` Կողմերի միջև երկկողմ քննարկումների կամ բանակցությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Համաձայնագրում Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և կցվում են սույն Համաձայնագրին:
Փոփոխությունների և լրացումների մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 8
Համագործակցության և տեղեկության փոխանակման ընթացքում օգտագործվող աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են, որ կատարել են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ պայմանները, գործում է հինգ տարվա ընթացքում և այդ ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով: Հետագայում Համաձայնագրի գործողությունը կարող է երկարաձգվել Կողմերի համաձայնությամբ: Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին Համաձայնագրի գործողության դադարեցման ենթադրվող օրվանից երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով իր մտադրության մասին:
Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի հուլիսի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Եթե կան տարաձայնություններ, Համաձայնագրի մեկնաբանումը կհիմնվի ռուսերեն տեքստի վրա:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 12-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|