Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.05.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1996
Ստորագրման ամսաթիվ
14.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, այսուհետ` Կողմեր, ելնելով պետությունների ինքնիշխանությունից և բժշկության ու առողջապահության բնագավառում նրանց միջև ձևավորված ավանդական կապերից, ինչպես նաև հաշվի առնելով երկու Կողմերի շահագրգռվածությունը` հետագայում զարգացնել փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն` երկարաժամկետ և կայուն հիմքով, կնքեցին ներքոհիշյալ Համաձայնագիրը:

 

Հոդված 1

 

Կողմերը, հաշվի առնելով շուկայական հարաբերությունների անցումը, կնպաստեն առողջապահության, գիտական և այլ հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետ` տեքստում համագործակցող կազմակերպություններ) միջև ուղղակի կապերի ընդլայնմանը:

 

Հոդված 2

 

Կողմերը պայմանավորվեցին զարգացնել փոխշահավետ համագործակցություն առողջապահության և բժշկագիտության հետևյալ բնագավառներում.

մասնագիտական օգնության ցուցաբերում մեծահասակ բնակչությանը և երեխաներին,

շրջակա միջավայրի պահպանություն,

դեղագործություն և բժշկական տեխնիկա,

գիտական և բժշկական կադրերի պատրաստում,

գիտական մշակումների համատեղ անցկացում,

առողջապահության մեջ վերլուծական-տեղեկատվական համակարգի ստեղծում,

առողջապահության և բժշկագիտության տնտեսություն,

արտակարգ իրավիճակների վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ տեղեկության փոխանակում,

սանատորային-առողջարանային բուժում:

 

Հոդված 3

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են իրենց պետությունների բարձրագույն և միջնակարգ մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների դիպլոմները:

 

Հոդված 4

 

Համագործակցող կազմակերպությունների միջև կապերն իրականացվում են ուղղակի պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է համապատասխանեն երկու պետությունների օրենսդրությանը և ենթակա են համաձայնեցման երկու Կողմերի առողջապահության նախարարություններում: Համագործակցող կազմակերպությունները իրավաբանական և տնտեսական պատասխանատվություն են կրում պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Փոխադարձ պայմանավորվածությամբ` շահագրգիռ կազմակերպությունները ստորագրում են համագործակցության ծրագրից (Համաձայնագրի 2-րդ հոդված) բխող նշված պայմանագրերը:

 

Հոդված 5

 

Կողմերը պայմանավորվեցին իրականացնել խորհրդատվությունների պրակտիկան և բուժումը առևտրային հիմքով, բացի արտակարգ և անհետաձգելի իրավիճակներից, և կիրառել փոխադարձ հաշվարկներ պայմանագրային գներով կամ Կողմերի համար ընդունելի գործող գնացուցակներով:

 

Հոդված 6

 

Կողմերը պայմանավորվեցին չկիրառել սահմանափակումներ համագործակցող կազմակերպությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելիս, բացի այն դեպքերից, երբ տվյալ պետությունում կան սահմանափակումներ:

 

Հոդված 7

 

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի առողջապահության նախարարությունների կողմից բուժխորհրդատվական, գիտական և համագործակցության այլ ձևերում մասնակցում են վերոհիշյալ նախարարություններին ենթակա առողջապահական, գիտահետազոտական և այլ հիմնարկները:

 

Հոդված 8

 

Պետությունների միջև սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով երկկողմ համագործակցությունն իրականացվում է առևտրային հիմքով հիվանդներին խորհրդատվության և բուժման համար մասնագիտացված բժշկական կենտրոններ փոխադարձաբար գործուղելու, համատեղ գիտական հետազոտություններ, փոխադարձ խորհրդատվություններ կատարելու, մասնագետների և բուժտեխնիկական տեղեկությունների փոխանակման, առողջապահության որոշակի բնագավառներում կանխորոշման և բուժման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ մեթոդական նյութերի մշակման, գիտաժողովների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրապարակման, համատեղ պատենտների ձևակերպման և համագործակցության այլ ձևերի միջոցով, որոնց շուրջ ձեռք կբերվի պայմանավորվածություն:

2-րդ և 8-րդ հոդվածների կատարման կարգը պետք է սահմանվի առանձին համաձայնագրով:

 

Հոդված 9

 

Կողմերը միմյանց կծանուցեն համագումարներ, կոնֆերանսներ և այլ նման միջոցառումներ անցկացնելու պլանների մասին, իրենց պետությունների գիտական և բժշկական ընկերությունների և այլ կազմակերպությունների խնդրանքով աջակցություն կցուցաբերեն այդ միջոցառումներին մասնակցող մասնագետների ընդունելությանը:

 

Հոդված 10

 

Կողմերը համաձայնեցին արտակարգ իրավիճակներում ապահովել փոխադարձ անհապաղ բուժխորհրդատվական օգնություն:

 

Հոդված 11

 

Կողմերը անցկացնում են համատեղ աշխատանք բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների և ծրագրերի բարելավման ուղղությամբ և ուղիղ ստեղծագործական կապեր են հաստատում այդ հաստատությունների միջև, ինչպես նաև առևտրային հիմքով կատարում են ուսանողների և սովորողների փոխանակում:

 

Հոդված 12

 

Կողմերը ընձեռում են իրենց ենթակա հիմնարկներում բժշկական, մանկավարժական և գիտական կադրերի որակավորման բարձրացման հնարավորություն գոյություն ունեցող ցիկլերի համար ուղեգրեր առանձնացնելու միջոցով, ներառյալ առևտրային հիմքով աշխատատեղերում ստաժավորումը` գործող գնացուցակներին կամ Կողմերի համար ընդունելի պայմանագրային գներին համապատասխան:

 

Հոդված 13

 

Կողմերը հաստատում են ուղղակի ստեղծագործական կապեր Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի սանիտարական-համաճարակաբանական ծառայությունների միջև, աշխատողներին ընդունում են տեղեկատվական և ստաժավորման դասընթացների, որոնք անցկացվում են ԳՀԻ-ի և ՍՀԾ-ի կողմից, փոխանակում են սանհամաճարակային ծառայության գործունեության կատարելագործման փորձը:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի որոշմամբ և այդ փոփոխությունը կձևակերպվի Համաձայնագրի լրացման տեսքով և կստորագրվի լիազորված Կողմերի կողմից:

 

Հոդված 15

 

Համագործակցող կազմակերպությունների միջև վեճերը լուծվում են սույն Համաձայնագիրը կնքած Կողմերի համաձայնեցված որոշումներով:

 

Հոդված 16

 

Կողմերը պայմանավորվեցին սույն Համաձայնագրին համապատասխանեցնել համագործակցող կազմակերպությունների միջև առկա բոլոր պայմանագրերը:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Կողմերից մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց 30 օրացուցային օր առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի տեքստի որևէ փոփոխության մասին. Համաձայնագրի դադարեցման դեպքում Կողմերը պարտավոր են ծանուցել միմյանց այդ մասին ոչ ուշ, քան Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Համաձայնագիրը ստորագրվել է Երևան քաղաքում 1996 թվականի մայիսի 14-ին, երկու օրինակով, հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի հոդվածների տեքստերի մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մայիսի 14-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան