Basic information
Number
N 16-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2025
Enactment organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Enactment date
18.07.2025
Signing organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Signing date
18.07.2025
Effective date
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2025 թ.
ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing) և թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն և 2015 թվականի մարտի 27-ի թիվ 70-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 06-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․

2) N 2 հավելվածում՝

ա․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Սույն ընթացակարգը մշակված է «Ավիացիայի մասին» օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն հրամանով հաստատված թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (այսուհետ՝ Air crew regulation), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի թիվ 10-Ն հրամանով հաստատված Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-66 (Part-66) կանոնակարգի (այսուհետ՝ ՓԱՐՏ-66) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն հրամանով հաստատված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգի (Rules for Air Traffic Controllers Licensing and Certification), ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության դոկ 9379-AN/916-ի փաստաթղթի պահանջների հիման վրա:»․

բ. 6-րդ կետում «www.gdca.am» բառերը փոխարինել «www.aviation.am» բառերով․

գ․ 37-րդ կետում «Դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրամադրվում է սերտիֆիկատ՝ համաձայն Ձև 2-ի։» նախադասությունը փոխարինել «Դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրամադրվում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:» նախադասությամբ․

դ․ Ձև 2-ը ուժը կորցրած ճանաչել։

2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում ապահովել սույն հրամանով հաստատված նոր ձևի վկայականների տրամադրումը ավիացիոն մասնագետներին։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 5-րդ օրը:

 

Նախարար`

 

7/18/2025

Դ. Խուդաթյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հուլիսի 18-ի

N 16-Ն հրամանի

 

«Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 14-ի

N 06-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (LICENSING)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման (Licensing) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով քաղաքացիական ավիացիայի մասնագետներ են հանդիսանում թռիչքային և սրահի անձնակազմի անդամ և վերգետնյա թռիչքային կարգավար հանդիսացող, օդային երթևեկության կառավարման մեջ ներառված, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող այն ֆիզիկական անձինք, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և մասնագիտական պատրաստվածություն (այսուհետ` Ավիացիոն մասնագետ):

3. Սույն կարգը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9379-AN/916-ի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ՝ թիվ 3-Ն հրաման), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ 10-Ն/2022 հրաման) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ 10-Ն/2025) հրամանների պահանջների հիման վրա:

4. Ավիացիոն մասնագետի վկայականը (այսուհետ` վկայական) սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ:

5. Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթներ իրականացնելիս` բացառությամբ օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի, որը պահանջի դեպքում պետք է ներկայացնի վկայականը 24 ժամվա ընթացքում:

6. Վկայականները տրվում են հետևյալ Ավիացիոն մասնագետներին.

1) թռիչքային անձնակազմի անդամ՝ օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),

2) վերգետնյա թռիչքային կարգավար (Flight Operation Dispatcher).

3) սրահի անձնակազմի անդամ՝ բորտուղեկցորդ (ատեստավորման վկայական),

4) օդային երթևեկության կառավարման կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար), օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ ուսանող կարգավար).

5) օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, կոմպոզիտային սավառնակ, շարժիչով կոմպոզիտային սավառնակ, օդապարիկ):

7. Վկայականները տրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի, թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (Air Crew Regulation), թիվ 10-Ն/2022 հրամանով հաստատված Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-66 (Part-66) կանոնակարգի (այսուհետ՝ ՓԱՐՏ-66) և թիվ 10-Ն/2025 հրամանով հաստատված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգի (Rules for Air Traffic Controllers Licensing and Certification) պահանջների հիման վրա:

 

2. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հայտի պաշտոնական ներկայացման փուլ.

2) փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ.

3) տեսական թեստավորման փուլ (Knowledge Test)).

4) գործնական ստուգման փուլ (Skill Test/License Proficiency Check (LPC)).

5) վկայագրման փուլ:

 

3. ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

9. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, վերաթողարկելու, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու և վկայականի փոխարինման համար Կոմիտե է ներկայացնում համապատասխան հայտ և հայտով նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) մասնավոր օդաչուի վկայականի համար (PPL)՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի,

2) առևտրային օդաչուի վկայականի համար (CPL)՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի,

3) օդային տրանսպորտի օդաչուի վկայականի համար (ATPL)` համաձայն սույն կարգի Ձև 3-ի,

4) տիպի կամ դասի որակավորման (TR/CR) կամ գործիքային վարկանիշի (IR) համար` համաձայն սույն կարգի Ձև 4-ի,

5) սրահի անձնակազմի ատեստավորման համար (CC Attestation)` համաձայն սույն կարգի Ձև 5-ի,

6) վերգետնյա թռիչքային կարգավարի վկայականի համար (Flight Dispatcher)` համաձայն սույն կարգի Ձև 6-ի,

7) հրահանգչի որակավորման համար (Instructor)` համաձայն սույն կարգի Ձև 7-ի,

8) քննողի որակավորման համար (Examiner)` համաձայն սույն կարգի Ձև 8-ի,

9) վկայականի փոխարինման համար (Conversion)` համաձայն սույն կարգի Ձև 9-ի,

10) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 10-ի,

11) ՕԵԿ կարգավարի և ՕԵԿ ուսանող կարգավարի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 11-ի։

10. Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրման համար հիմք են ընդունվում համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ավարտական այն փաստաթուղթը, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Կոմիտեի կողմից սահմանված կարգով սերտիֆիկացված, հաստատված կամ հայտարարագրված Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կամ հաստատված կամ ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից:

11. Հայտատուի հետ գրագրությունը (հայտ և կից փաստաթղթեր, ծանուցումներ, տեղեկացումներ և այլ գրություններ) իրականացվում է գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Կոմիտեի հետ գրագրությունը թղթային եղանակով իրականացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով: Հայտատուի հետ գրագրությունն իրականացվում է Հայտատուի կողմից հայտով նշված փոստային հասցեով, եթե վերջինս գրությամբ այլ հասցե չի նշում: Բնօրինակ փաստաթղթերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

12. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:

13. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Ավիացիոն մասնագետի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը Ավիացիոն մասնագետի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով Հայտատուի կողմից սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հիմնավոր և Կոմիտեի կողմից ընդունելի պատճառաբանության հիման վրա:

14. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

15. Սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված ժամկետում Ավիացիոն մասնագետի կողմից թերությունները կամ անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը կարող է նոր հայտ ներկայացնել ոչ շուտ, քան 3 ամիս հետո:

 

4. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

16. Հայտ ներկայացրած Ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը՝ փաստաթղթերի ուսումնասիրումը և գնահատումը, տեսական թեստավորումը և գործնական ստուգումն (Skill Test/LPC) անցնում է սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

17. Ավիացիոն մասնագետի տեսական թեստավորումն (Theoretical Knowledge Test) անցկացվում է Կոմիտեի կողմից սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով:

 

5. ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ

 

18. Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին վկայական չի տրվում, որի վերաբերյալ Կոմիտեն համապատասխանության գործընթացի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել Կոմիտե սույն կետով նշված տեղեկացումը ստանալուց հետո ոչ շուտ, քան 90 օր հետո:

19. Մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին տրվում է սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով սահմանված համապատասխան ձևի Վկայականը, որը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

20. Քննող օդաչուի վկայական (TRE/SFE) կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող օդաչուն (TRI/SFI), իսկ քննող բորտուղեկցորդի (CCE) վկայական կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող բորտուղեկցորդը (CCI): Սույն կետով նշված վկայականները տրվում են թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (Air Crew Regulation) պահանջների և ընթացակարգի հիման վրա՝ 3 տարի գործողության ժամկետով՝ ներկայացնելով սույն կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված համապատասխան հայտ:

21. Տրված վկայականների վերաբերյալ Կոմիտեում ըստ Ավիացիոն մասնագետի մասնագիտության, վարվում են համապատասխան գրանցամատյաններ՝ թղթային կամ էլեկտրոնային, որտեղ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) Ավիացիոն մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը

2) վկայականի համարը,

3) տրման ամսաթիվը,

4) ստացողի ստորագրությունը:

22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանվում են Կոմիտեի նախագահի կողմից:

23. Վկայականի կորստի, վնասվելու կամ վկայական կրող Ավիացիոն մասնագետի անունը կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխվելու դեպքում Ավիացիոն մասնագետի դիմումի հիման վրա Կոմիտեի կողմից տրվում է Վկայականի կրկնօրինակ: Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա նշվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը: Վկայականի կրկնօրինակը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

24. Վկայականի մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումները կատարվում են Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

25. Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումը կամ փոխարինումը կատարվում է սույն կարգով սահմանված դրա տրման նույն ընթացակարգով:

26. Այն դեպքում, երբ Վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժիններն ամբողջական լրացված են, Վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:

 

6. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

27. Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է «Ավիացիայի մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով: Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը մինչև մասնագիտական քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը:

28. Վկայականի գործողության կասեցման դեպքում Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից նշանակվում է մասնագիտական քննություն կամ Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով թռիչքային անվտանգության մասով իրադարձության քննություն: Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից մասնագիտական քննությունն անցկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է վկայականի գործունեությունը դադարեցնելու կամ կասեցումը հանելու մասին վերջնական որոշում:

29. Կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք կարող են դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը.

1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.

2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.

3) սույն կարգի 27-րդ կետում նշված մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում:

30. Վկայականի գործողության դադարեցման հիմքն առաջանալու դեպքում վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում այդ մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վկայական կրողի գործատու կազմակերպությանը և վկայական կրողին:

32. Վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

Appendix 1

 

Ձև 2

Appendix 2

 

Ձև 3

Appendix 3

 

Ձև 4

Appendix 4

 

Ձև 5

Appendix 5

 

Ձև 6

Appendix 6

 

Ձև 7

Appendix 7

 

Ձև 8

Appendix 8

 

Ձև 9

Appendix 9

 

Ձև 10

Appendix 10

 

Ձև 11

Appendix 11

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական: