Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
կարևորելով հանցավորության դեմ պայքարում համագործակցության զարգացումն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովումը,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,
հարգելով երկու պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը,
ղեկավարվելով իրենց պետությունների միջազգային պարտավորություններով և ազգային օրենսդրությամբ, գործելով իրենց իրավասության սահմաններում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը ապահովում են երկու պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումն ու քննարկումը ներքին գործերի մարմինների կողմից` այն հարցերով, որոնք վերաբերում են այդ մարմինների իրավասությանը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ ուղղություններով.
ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,
բ) բանդիտիզմի, ահաբեկչության և միջազգային հանցավորության դեմ պայքարի,
գ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործողությունների դեմ պայքարի,
դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,
ե) կեղծ փաստաթղթերի, դրամանիշների և արժեթղթերի պատրաստման և իրացման դեմ պայքարի,
զ) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
է) մաքսանենգության, ինչպես նաև այլ հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտը մշակութային և պատմական արժեքներ են հանդիսանում,
ը) հանցագործների, քննությունից, դատից ու պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,
թ) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտային հետախուզման,
ժ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,
ժա) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
ժբ) տարերային աղետների, աղետների, խոշոր վթարների և հրդեհների, համաճարակների և կենդանիների համաճարակների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման,
ժգ) ճանապարհային երթևեկության և հակահրդեհային անվտանգության ապահովման,
ժդ) օդանավերի թռիչքների, դրանց անձնակազմերի և ուղևորների անվտանգության ապահովման,
ժե) գաղտնի միգրացիայի ոլորտում հսկողության և տեղեկության փոխանակման,
ժզ) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման,
ժէ) գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման,
ժը) նյութատեխնիկական ապահովման:
Կողմերը համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 3
Հանցավորության դեմ պայքարում և ներքին գործերի մարմինների այլ գործունեության բնագավառում Կողմերը համագործակցությունն իրականացնում են 1993 թվականի հունվարի 22-ի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» ԱՊՀ շրջանակներում կնքված Կոնվենցիայով, Անկախ պետությունների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության մասին բազմակողմ համաձայնագրերով նախատեսված կարգով ու պայմաններով և սույն Համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում, նախարարությունների ղեկավարների թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների և հանձնարարությունների կատարմամբ,
բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և փորձաքրեագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության անվճար փոխանակմամբ,
գ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանն աջակցելով,
դ) օրենսդրական և նորմատիվ ակտերի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև փոխադարձաբար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցություն ցույց տալով,
ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, հանդերձանքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,
զ) հատուկ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցմանն աջակցելով,
է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,
ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,
թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն աջակցություն ցույց տալով:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի ա) կետով նախատեսված հարցումներն ու հանձնարարությունները պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները.
ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,
բ) հարցմանը կամ հանձնարարությանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,
գ) վկաների, տուժողների, կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները, անունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները, անունները և հասցեները,
դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկությունները, ըստ էության և իրավախախտման հանցակազմի նկարագրությունը:
Հարցմանը կամ հանձնարարությանը նաև կցվում են պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումներ, որոնք անհրաժեշտ են սանկցիավորված գործողություններ կատարելու համար:
Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի ղեկավարի ստորագրությամբ և զինանշան պատկերող կնիքով:
Հարցումը կամ հանձնարարությունը կատարելիս կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն:
Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք պետք է անհապաղ հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Հարցման կամ հանձնարարության բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե Հայցվող կողմը գտնի, որ դրա կատարումը սպառնում է իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը և այլ կարևոր շահերին:
Նման որոշում կայացնելու դեպքում Հայցող կողմը տեղեկացվում է գրավոր` մերժման պատճառների նշումով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է մյուս Կողմին հաղորդվող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այդ տեղեկությունները կրում են գաղտնի բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալներն ու տեղեկությունները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ կողմին տրամադրվում են բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:
Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն նրանց վրա դրված պարտականությունների կատարման գործում, ապահովվում է նրանց իրավական պաշտպանվածությունը` ընդունող Կողմի գործող օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը պայմանավորվել են քննարկել մի Կողմի պետության ներքին գործերի մարմինների աշխատակիցների` մյուս Կողմի պետության ներքին գործերի մարմիններ ծառայության տեղափոխման հարցերը: Այդ աշխատակիցներին երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու նպատակով ծառայողական ստաժի պահպանման, հատուկ կոչումներ շնորհելու, աշխատավարձի վճարման, իրավունքներ և արտոնություններ տրամադրելու, պետական կենսաթոշակների չափերի նշանակման հարցերը նախատեսված այն Կողմի պետության ներքին գործերի մարմինների աշխատակիցների համար, որտեղ իրականացվել է տեղափոխումը, պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության և ՈՒզբեկստանի Հանրապետության օրենսդրություններին, ներքին գործերի մարմիններում ծառայության անցման կարգի մասին նորմատիվ ակտերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 10
Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, ուզբեկերենից և ռուսերենից:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերի լիազորված ներկայացուցիչները հանդիպում են միմյանց սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը ինքնուրույն են կատարում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվում:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև վեց ամիսը լրանալը` սկսած այն օրվանից, երբ Կողմերից մեկը կստանա մյուս Կողմի գրավոր ծանուցումը դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կողմերի համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի փետրվարի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ուզբեկերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 17-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|