Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-125-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.03.2011-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/45(635) Հոդ.764
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը և անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության մասին» ՆԿ-6-Ն կարգադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 10

Երևան

ՆԿ-125-Ն

 

 

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
2008 թ. հուլիսի 10-ի
ՆԿ-125-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը (այսուհետ՝ գլխավոր ռազմական տեսչություն) գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Գլխավոր ռազմական տեսչությունը ստեղծում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Գլխավոր ռազմական տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով:

4. Գլխավոր ռազմական տեսչությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և սույն կանոնադրություններով, իրավական այլ ակտերով:

5. Գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը և տարեկան աշխատանքային ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի (այսուհետ՝ գլխավոր ռազմական տեսուչ) ներկայացմամբ հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Գլխավոր ռազմական տեսչության կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից գործուղված զինծառայողներով (այսուհետ՝ գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներ)` գլխավոր ռազմական տեսչի առաջարկով:

7. Գլխավոր ռազմական տեսչության զինծառայողները մնում են գործուղող պետական մարմնի անձնակազմի ցուցակներում, և նրանց ծառայությունը համարվում է զինվորական ծառայություն:

8. Զորահավաքային առաջադրանքներ կատարող՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները (այսուհետ՝ մարմիններ և կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել գլխավոր ռազմական տեսչությանը՝ տեսչական ստուգումներ, ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելիս, ապահովել տեսչական ստուգման, ուսումնասիրության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք կատարումը, գլխավոր ռազմական տեսչության պահանջով ներկայացնել տեղեկություններ, փաստաթղթեր և այլ նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը, մարմինները և կազմակերպությունները, դրանց ստորաբաժանումները տեսչական ստուգման են ենթարկվում առնվազն չորս տարին մեկ պարբերականությամբ:

10. Գլխավոր ռազմական տեսչության զինծառայողները պատասխանատու են իրենց ծառայողական պարտականություններն անշեղորեն կատարելու, ներկայացվող տեղեկության արժանահավատության և օպերատիվության, ինչպես նաև վերահսկողության ընթացքում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պահպանությունն ապահովելու համար։

11. Գլխավոր ռազմական տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Գլխավոր ռազմական տեսչության հիմնական խնդիրներն են.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահի, որպես հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը,

2) զինված ուժերում և այլ զորքերում, մարմիններում և կազմակերպություններում երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների անցկացմանը, դրանց զարգացմանը նպաստելը,

3) երկրի տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի, մարմինների և կազմակերպությունների խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու պլանների (ծրագրերի) իրատեսության, պատրաստականության ուսումնասիրումը և գնահատումը,

4) երկրի տարածքը (ռազմական թատերաբեմը) պատերազմական գործողություններին նախապատրաստելու գործընթացի ստուգումը,

5) զինված ուժերի և այլ զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության ստուգումը,

6) հանրապետության պաշտպանության և զորահավաքային բնագավառում մարմիններին և կազմակերպություններին առաջադրված ռազմական նշանակության պետական պատվերների, պաշտպանական և զորահավաքային առաջադրանքների և պարտականությունների կատարման ստուգումը:

13. Պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր ռազմական տեսչության խնդիրները որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Գլխավոր ռազմական տեսչության հիմնական գործառույթներն են.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ռազմական ոլորտի միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների` զինված ուժերի և այլ զորքերի, մարմինների և կազմակերպությունների կողմից կատարման ստուգումը և վերահսկումը,

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ զինված ուժերում և այլ զորքերում ոչ պլանային (հանկարծակի) և ըստ աշխատանքային ծրագրի պլանային տեսչական ստուգումների, իսկ մարմիններում և կազմակերպություններում ուսումնասիրությունների անցկացումը,

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի` ռազմական բնագավառի վերաբերյալ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի մշակմանը մասնակցելը,

4) խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների պետական պահուստի (անձեռնմխելի պաշարների) կուտակման, առկայության, պահպանման և թարմացման գործընթացի ուսումնասիրումը և ստուգումը,

5) զինված ուժերը և այլ զորքերը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների լրահամալրմամբ (զորահամալրմամբ) բերման, զորահավաքային ծավալման, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, թիկունքային ապահովման միջոցներով համալրվածության վիճակի և առաջադրված խնդիրների կատարման ունակության ստուգումը,

6) զինված ուժերում և այլ զորքերում մարտական հերթապահության (մարտական ծառայության) կրման, մարտական և զորահավաքային պատրաստության, կադրային, իրավական և սոցիալական, ինչպես նաև դրանց գործունեությանն առնչվող այլ հարցերի ստուգումը,

7) զորքերը ղեկավարելու գործում՝ խաղաղ և պատերազմական ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի ղեկավարման մարմինների և համակարգերի պատրաստականության ստուգումը,

8) մարմիններից և կազմակերպություններից, զինված ուժերից և այլ զորքերից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր պահանջելը և ստանալը,

9) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության, դրանց աշխատանքների արդյունավետության, մարտունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը,

10) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ծրագրերի, ակտերի մշակումը և առաքումը պետական մարմինների ղեկավարներին և դրանց արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցելը,

11) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողներին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների (ներկայացումների) քննարկմանը մասնակցելը,

12) զինված ուժերից և այլ զորքերից զորացրված զինծառայողների, մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական հարցերի ուսումնասիրումը,

13) մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և գլխավոր ռազմական տեսչությանն ուղղված՝ զինված ուժերի և այլ զորքերի գործունեության վերաբերյալ դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրումը և ստուգումը, անհրաժեշտության դեպքում դրանք համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց վերահասցեագրումը և ամփոփումը,

14) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի, գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը,

15) անհրաժեշտության դեպքում, ըստ տեսչական ստուգման արդյունքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների նախագծերի մշակումը,

16) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

15. Գլխավոր ռազմական տեսչության անձնակազմը, իր լիազորությունների շրջանակներում, ստուգում և ուսումնասիրություն իրականացնելիս իրավունք ունի մուտք գործելու վերահսկողության ենթակա մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի զբաղեցրած շենքեր ու տարածքներ։

16. Գլխավոր ռազմական տեսչությունն անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին և ստուգումներին, հասարակական և պայմանագրային հիմունքներով, կարող է ներգրավել պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների և գիտական կազմակերպությունների։

17. Իր գործառույթների լիարժեք և ժամանակին կատարմանն ուղղված գլխավոր ռազմական տեսչության պահանջները՝ անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում նաև զորքերում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, փաստաթղթեր, նյութեր, գրավոր բացատրություններ ներկայացնելու վերաբերյալ, պաշտոնատար անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Գլխավոր ռազմական տեսչության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը՝ գլխավոր ռազմական տեսուչը:

19. Գլխավոր ռազմական տեսուչը`

1) անմիջականորեն ենթարկվում և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին,

2) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,

3) ապահովում է գլխավոր ռազմական տեսչության լիազորությունների և գործառույթների լիարժեք կատարումը,

4) հրամանագրում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներին (բացառությամբ սույն կանոնադրության 20-րդ կետում նշված պաշտոնատար անձանց),

5) իրականացնում է անձնակազմին խրախուսելու և տույժեր տալու` կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները,

6) արձակում է հրամաններ գլխավոր ռազմական տեսչության գործառույթների իրականացման ապահովման և անձնակազմի վերաբերյալ,

7) իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները,

8) սահմանում և հաստատում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների պարտականությունները,

9) սահմանված կարգով որոշում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների գործուղումների հարցերը,

10) իր իրավասության շրջանակներում որոշում է տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների անցկացման և վերահսկողության իրականացման հետ կապված հարցերը, հաստատում տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների ընթացիկ ծրագրերը և ակտերը,

11) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ՝

ա. իրավասու է ստուգելու զինված ուժերի և այլ զորքերի ստուգվող զորամասերը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների՝ լրահամալրմամբ (զորահամալրմամբ) բերելը, մարմինների և կազմակերպությունների՝ զորահավաքային ծավալումը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գիտությամբ.

բ. մասնակցում է պետության պաշտպանությանը և անվտանգությանը, ռազմապաշտպանական համալիրին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

գ. իրականացնում է արտածրագրային (հանկարծակի) ստուգումներ,

12) Հայաստանի Հանրապետության Նախագահին՝

ա. պարբերաբար կամ անհրաժեշտության դեպքում անհապաղ զեկուցում է մարմինների և կազմակերպությունների ուսումնասիրությունների, զինված ուժերի և այլ զորքերի տեսչական ստուգումների արդյունքները.

բ. առաջարկություններ է ներկայացնում՝

- գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունում, հաստիքացուցակում, կառուցվածքում, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերում և աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

- մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության բարելավման, մարտունակության բարձրացման վերաբերյալ,

- իր առաջին տեղակալին, տեղակալին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու և անձնակազմին Հայաստանի Հանրապետության շքանշաններով, մեդալներով և այլ պարգևներով պարգևատրելու վերաբերյալ,

13) ներկայացնում է անձնակազմին հերթական զինվորական կոչումներ շնորհելու, գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդագրեր՝ համապատասխան գործուղող մարմնի ղեկավարին,

14) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին տեղեկացնում է իր կողմից հրամանագրված զինծառայողների մասին,

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից։

Գլխավոր ռազմական տեսչի բացակայության ժամանակ նրան փոխարինում է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տեղակալը։

 

V. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Գլխավոր ռազմական տեսչության ֆինանսական (դրամական բավարարում, գործուղման ծախսեր, սննդի փոխհատուցում, հավելավճարներ, դրամական խրախուսում), իրային, պարենային, նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցներով, սարքավորումներով, գույքով, գրենական պիտույքներով ապահովումը և սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Գլխավոր ռազմական տեսչության պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գործառնական դասակարգման «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով սահմանված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

22. Գլխավոր ռազմական տեսչությանն աշխատասենյակներով, անհրաժեշտ կահավորանքով ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը։

23. Գլխավոր ռազմական տեսչության անձնակազմի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հ. Աբրահամյան

 

 

Հավելված 4
ՀՀ Նախագահի
2008թ. հուլիսի 10-ի
ՆԿ-125-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ.

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ`
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ
ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿԻՆ

1.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

2.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

3.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի
տեղակալ

4.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի ավագ օգնական

Առանձին բաժնի պետ

5.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ

Առանձին բաժնի պետ

6.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ

Վարչության կազմում` բաժնի պետ

7.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի օգնական

Վարչության կազմում` բաժնի պետ

8.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի համհարզ

Սպա

9.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական
տեսչության գաղտնի գործավարության պետ-ավագ գործավար

Գաղտնի գործավարության պետ

10.

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործավար-օպերատոր

Գործավար-օպերատոր

11.

Քարտուղարուհի

 Քարտուղարուհի

(հավելվածը խմբ. 13.10.09 ՆԿ-173-Ն, 10.03.11 ՆԿ-33-Ն)