Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով նպաստել փոխշահավետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացմանը,
հավասարության և փոխշահավետության սկզբունքով երկու երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` միմյանց տարածքով միջազգային ավտոմոբիլային ուղևորատար և բեռնատար փոխադրումների կարգավորման և հաշտեցման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1.
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են երկու երկրներից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ուղղակի հաղորդակցության, տարանցիկ` միմյանց տարածքով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված ճանապարհներով, ուղևորատար և բեռնատար փոխադրումների համար:
2. Սույն Համաձայնագիրը չի վերաբերում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներին և պարտականություններին, որոնք բխում են միջազգային ավտոմոբիլային ուղևորատար կամ բեռնատար փոխադրումների բնագավառի այլ` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից, որոնք գործում են համապատասխան Կողմի համար:
ՀՈԴՎԱԾ 2.
ԲՆՈՐՈՇՈՒՄ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետությունում կամ Թուրքմենստանում ունի հիմնական բնակավայր, որին ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրում գործող ազգային օրենսդրությամբ թույլատրված է կատարելու միջազգային ուղևորատար կամ բեռնատար փոխադրումներ կոմերցիոն սկզբունքով կամ իրենց հաշվին:
2. «Ավտոտրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է.
ա) ցանկացած ավտոտրանսպորտային միջոց մեխանիկական շարժաբեռով, որը կառուցված է և օգտագործվում է 9-ից ավելի ուղևոր փոխադրելու համար, ներառյալ վարորդը, և որը գրանցված է երկու երկրներից մեկի տարածքում,
բ) ցանկացած ավտոտրանսպորտային միջոց մեխանիկական շարժաբեռով, որը գրանցված է երկու երկրներից մեկի տարածքում և նախատեսված է բեռներ փոխադրելու համար, ներառյալ նաև ավտոմեքենա-քարշակի և կցորդի կամ կիսակցորդի համակցությունը:
3. «Թույլտվություն» տերմինը նշանակում է որոշակի ձևի փաստաթուղթ, որը տրված է գանձումների վճարմամբ կամ գանձումների վճարումից ազատումով օգտագործելու համար` համաձայն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի երկրում գործող օրենսդրության, և որը բեռնատար փոխադրումների ժամանակ իր գործողության ժամկետում փոխադրողին իրավունք է տալիս կատարելու մեկ փոխադրում այնտեղ և հետ, ուղղակի հաղորդակցությունով կամ տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, իսկ ուղևորատար փոխադրումների ժամանակ փոխադրողին իրավունք է տալիս կատարելու փոխադրում որոշակի ժամանակամիջոցում:
4. «Հատուկ թույլտվություն» տերմինը նշանակում է փաստաթուղթ, որը փոխադրողին իրավունք է տալիս փոխադրումներ կատարել մեծամասշտաբ, ծանրակշիռ ավտոտրանսպորտային միջոցով, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրումներ, այն Պայմանավորվող պետության ներքին օրենսդրության համապատասխան, որի տարածքում կատարվում է փոխադրումը:
ՈՒղԵՎորատար փոխադրումներ
ՀՈԴՎԱԾ 3.
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումները իրագործվում են որոշակի երթուղիներով, համաձայնեցված չվացուցակով և սակագներով, սկզբնական և վերջնական կետերում, ինչպես նաև այլ` նախապես համաձայնեցված կանգառներում` ուղևորների նստեցման և իջեցման իրավունքով:
2. Կանոնավոր ավտոբուսային հաղորդակցություն կարող է կազմակերպվել իրավասու մարմինների կողմից նախապես համաձայնեցված Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքով անցնող երթուղով (հոդված 14)` համաձայն ներքին օրենսդրության պահանջների, ինչպես նաև տարանցիկ երկրի համաձայնության առկայության դեպքում. թույլատվությունը կարող է լինել մեկից մինչև հինգ տարի ժամանակով` կանոնավոր հաղորդակցությունը բացելու մասին իրավասու մարմինների որոշման հիման վրա:
3. Սույն հոդվածի երկրորդ կետի համաձայն թույլտվությունների հայտը, ինչպես նաև տարանցիկ պետությունների համաձայնությունը մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հանձնվում է գրավոր:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ տվյալները.
փոխադրողի անունը, ազգանունը և հասցեն, փոխադրումը կազմակերպող ֆիրմայի անվանումը, սակագները, երթուղին, չվացուցակը, փոխադրման ժամկետները և հաճախականությունը, ուղևորների նստեցման և իջեցման կետերը, շահագործման ժամկետը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի տեղատարողությունը և գրանցման համարը:
Կանոնավոր ավտոբուսային հաղորդակցության գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմնի կողմից փոխադրողներին տրված թույլտվությունների հիման վրա:
4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, աշխատանքային կարգով որոշում են, կամ սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածում նշված համատեղ հանձնաժողովի որոշմանն են ներկայացվում հետևյալ հարցերը.
ա) նոր ավտոբուսային հաղորդակցությունների իրականացում,
բ) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության չվացուցակը,
գ) սակագները,
դ) փոխադրումների պայմանները (երթուղին),
ե) կանոնավոր ավտոբուսային հաղորդակցության որոշակի երթուղիների կրճատումը, զարգացումը կամ դադարեցումը,
զ) թույլտվությունների տեսակը և քանակը,
է) կանոնավոր հաղորդակցությանը վերաբերող այլ հարցեր:
ՀՈԴՎԱԾ 4.
ԱՆԿԱՆՈՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից անկանոն փոխադրումներ կարող են կատարվել միայն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա, բացի սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված դեպքերից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն թույլտվությունների ստացման հայտերը նախօրոք գրավոր տրվում են մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, դրանք պետք է պարունակեն հետևյալ տվյալները`
փոխադրողի ազգանունը, անունը և հասցեն, փոխադրումը կազմակերպող ֆիրմայի անունը և հասցեն, երթուղին, փոխադրման կատարման ժամկետները, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի տեղատարողությունը և գրանցման համարը:
ՀՈԴՎԱԾ 5.
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Թույլտվություններից ազատված և ուղևորների ցուցակը ունենալու դեպքում կատարվող ուղիղ հաղորդակցությունով անկանոն ուղևորատար փոխադրումները հետևյալներն են.
1. Ուղևորների նույն խմբի անկանոն փոխադրումներ նույն ավտոտրանսպորտային միջոցով, լրիվ ուղևորության ընթացքում, որը սկսվում և ավարտվում է ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրում, այնպես որ, համապատասխան Պայմանավորվող կողմի երկրի տարածքից դուրս ուղևորների նստեցում կամ իջեցում չի կատարվելու (փակ դռներով փոխադրում):
2. Ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրում գտնվող մեկնման կետից ուղևորների խմբի անկանոն փոխադրում դեպի ժամանման կետ, որը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղից ավտոտրանսպորտային միջոցը վերադառնում է դատարկ:
Այս փոխադրումների ժամանակ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների նստեցում և իջեցում կարելի է կատարել միայն իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում:
3.Անսարք ավտոբուսը այլ ավտոբուսով փոխարինելու դեպքում:
Բեռնատար փոխադրումներ
ՀՈԴՎԱԾ 6.
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցությամբ կամ տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցներով` բեռով կամ առանց բեռի փոխադրումներ, բացի սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված դեպքերից, իրագործվում են թույլտվությունների հիման վրա:
2. Թույլատվությունը տրվում է ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` փոխադրողի անունով: Այդ թույլտվության փոխանցումը ուրիշ փոխադրողի կամ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի համար օգտագործելը արգելվում է:
3. Թույլտվությունը իրավունք է տալիս փոխադրողին բեռնափոխադրում կատարել ինչպես ուղիղ հաղորդակցությամբ, այնպես էլ բարձել և հետադարձ ճանապարհին բեռներ փոխադրել մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքից` պայմանով, որ այդ բեռների բեռնաթափման կետը լինի ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրում:
4. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները իրար հետ փոխադարձաբար համաձայնեցնում են թույլտվությունների տեսակը և քանակը` ճանապարհային և տարանցիկի հավաքի մուծումներով կամ առանց մուծման, և փոխանցում են դրանք:
ՀՈԴՎԱԾ 7.
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Ուղիղ և տարանցիկ հաղորդակցությամբ, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում թույլտվությունից ազատվում են բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով կատարված ներքոհիշյալ փոխադրումները.
ա) դատարկ ավտոտրանսպորտային միջոցները, որոնք փոխարինելու են խափանված կամ վթարի ենթարկված ավտոմեքենային, ինչպես նաև քարշարկման կամ նորոգման համար նախատեսված տեխնիկական օգնության ավտոմեքենաները,
բ) մահացածների աճյունի և դիակների,
գ) արվեստի գործեր և առարկաներ, որոնք նախատեսված են տոնավաճառների, ցուցահանդեսների կամ այլ մշակութային միջոցառումների համար,
դ) գովազդային նպատակների համար օգտագործվող առարկաներ և սարքավորումներ` պայմանով, որ դրանք հետ վերադարձվեն,
ե) վերաբնակեցման ժամանակ շարժական գույքը,
զ) սարքավորումները, կենդանիները, որոնք նախատեսված են թատերական, կինոթատրոնների, սպորտային, երաժշտական և կրկեսային միջոցառումների, տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև կինո, ռադիո և հեռուստատեսային ձայնագրումների համար,
է) առարկաներ, որոնք անհրաժեշտ են շտապ բուժօգնության համար, մասնավորապես, տարերային աղետների ժամանակ, ինչպես նաև հումանիտար օգնության շրջանակներում բեռների համար,
ը) ընդհանուր օգտագործման փոստային փոխադրումներ:
2. Սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով ստեղծված Համատեղ հանձնաժողովը լիազորված է լրացնել սույն հոդվածում բերված ցուցակը:
Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 8.
ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմերի փոխադրողներին չի թույլատրվում կատարել ուղևորատար կամ բեռնատար փոխադրումներ երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
ՀՈԴՎԱԾ 9.
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ և ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻՑ
Պայմանավորվող կողմերի փոխադրողները, որոնք սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն կատարում են փոխադրումներ, կարող են կատարել բեռնատար փոխադրումներ Պայմանավորվող կողմերի տարածքի և երրորդ երկրի, ինչպես նաև երրորդ երկրից դեպի Պայմանավորվող կողմերի տարածք միայն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից փոխադարձության սկզբունքով տրված թույլտվության հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 10.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՔԱՇԸ և ՉԱՓՍԵՐԸ
1. Ավտոտրանսպորտային միջոցի չափսերը, քաշի նորման և սռնու վրա ընկնող բեռնվածությունը, որոնք թույլատրելի են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքի համար, որոշվում են համաձայն ազգային օրենսդրության:
2. Այն դեպքում, եթե ավտոտրանսպորտային միջոցի քաշը, չափսերը և սռնու վրայի բեռնվածությունը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում թույլատրվածները, ապա այդ փոխադրման համար պահանջում է հատուկ թույլտվություն` տրված տվյալ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից: Եթե այդ թույլտվությունը ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար նախատեսում է որոշակի երթուղի, ապա փոխադրումը պետք է կատարվի միայն այդ երթուղով:
3. Հատուկ թույլտվությունը չի բացառում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված թույլտվության ստացման անհրաժեշտությունից:
ՀՈԴՎԱԾ 11.
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Վտանգավոր բեռների փոխադրումը իրագործվում է համաձայն այն երկրի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության, որի տարածքով անցնում է երթուղին, և համապատասխան իրավասու մարմինների տված հատուկ թույլտվության հիման վրա: Եթե այդ թույլտվությունը ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար նախատեսում է որոշակի երթուղի, ապա փոխադրումը պետք է կատարվի միայն այդ երթուղով:
2. Հատուկ թույլտվությունը չի բացառում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված թույլտվության ստացման անհրաժեշտությունը:
ՀՈԴՎԱԾ 12.
ՀՍԿՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համաձայնեցնում են սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումների վրա հսկողություն սահմանելու կարգը:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ընդունում է երկու երկրների իրավասու մարմինների տված գրանցման փաստաթղթերը, տրանսպորտային միջոցների պետական համարանիշները, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների վարման իրավունքի որակավորման վկայականները:
3. Թույլտվությունները և մնացած փաստաթղթերը, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրի դրույթներով, պետք է գտնվեն ավտոտրանսպորտային միջոցում, որին վերաբերում են, և ներկայացվեն իրավասու հսկող մարմինների պահանջի դեպքում:
4. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի վարորդները, որոնք իրականացնում են միջազգային փոխադրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական իրավունքներ, համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների ազգային փաստաթղթեր և միջազգային նորմերի համապատասխան այլ փաստաթղթեր:
ՀՈԴՎԱԾ 13.
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Սույն Համաձայնագրում նշված փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, ինչպես նաև կցորդները և կիսակցորդները մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են մաքսային տուրքերից` պայմանով, որ վերադառնան:
Նույն ռեժիմը տարածվում է նաև պահեստամասերի, իրերի և սովորական սարքավորումների վրա, որոնք բերվել են նշված ավտոտրանսպորտային միջոցով և անհրաժեշտ են նրա տրանսպորտային գործունեության համար, և որոնք պետք է վերադարձվի նրա հետ միասին:
2. Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված գործարանային բաքերում գտնվող վառելիքը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի համապատասխան ժամկետի գործունեության համար անհրաժեշտ քսայուղերը ազատվում են երկիր մուտք գործելու մաքսային տուրքերի վճարումներից:
3. Պահեստամասերը, որոնք բերվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավոր մուտք գործած` խափանված ավտոտրանսպորտային միջոցի նորոգման համար, ազատվում են մաքսային տուրքերից: Գործիքները, փոխարինված կամ չօգտագործված մասերը վերադարձվում են ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիր:
4. Ինչ վերաբերում է սահմանային, սանիտարական, ֆիտոսանիտարական և մաքսային հսկմանը` կապված սահմանի անցման հետ, ապա կիրառվում են ազգային օրենսդրության դրույթները, որոնք գործում են տվյալ Պայմանավորվող կողմի երկրի տարածքում, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերի դրույթները, որի անդամ են հանդիսանում Պայմանավորվող կողմերը:
ՀՈԴՎԱԾ 14.
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման համար լիազորված իրավասու մարմիններ են հանդիսանում.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը,
Թուրքմենստանի կառավարության կողմից` ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությունը:
Պայմանավորվող կողմերը մեկը մյուսին կտեղեկացնեն համապատասխան իրավասու մարմինների անվանումների յուրաքանչյուր փոփոխության մասին:
ՀՈԴՎԱԾ 15.
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերի քննարկման և որոշման համար ստեղծվում է Համատեղ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններից:
2. Համատեղ հանձնաժողովի նիստերը գումարվում են իրավասու մարմիններից մեկի խնդրանքով` հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:
ՀՈԴՎԱԾ 16.
ՀԱՎԱՔՆԵՐ և ՄՈՒԾՈՒՄՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կատարվող ուղևորատար և բեռնատար փոխադրումներից Պայմանավորվող կողմերից ստացվող եկամուտները, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցները, որոնք կատարում են այդ փոխադրումները, փոխադարձաբար ազատվում են եկամտահարկերից և սեփականության հարկերից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան կատարվող բոլոր մուծումները կատարվում են ազատ փոխարկելի տարադրամով: Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի միջև կնքվում է վճարումների մասին պայմանագիր, ապա կիրառվում են դրա դրույթները:
3. Միջազգային հաղորդակցությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից ստացվող եկամուտները հարկվում են այն երկրի տարածքում, որտեղ իրականում գտնվում է տրանսպորտային ձեռնարկության ղեկավարությունը: Այն դեպքում, եթե պայմանավորվող կողմերը կնքում են Համաձայնագիր կրկնակի հարկումների վերացման մասին, ապա կիրառվում են այդ Համաձայնագրի դրույթները:
4. Պայմանավորվող կողմերը ազատվում են արտահանման (ներմուծման համար մուծվող հարկերից և ավտոմոբիլային տրանսպորտի հարկերից` համաձայն իրենց ազգային օրենսդրության, բացառությամբ`
ա) ճանապարհների շահագործման համար (վճարովի ճանապարհների և կամուրջների վրայով անցում),
բ) ճանապարհների և տրանսպորտի ղեկավարման, պահպանման հետ կապված ծախսերի ծածկման համար,
գ) վառելիքի ներքին և միջազգային գնի տարբերության ծածկման համար,
դ) Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցի կշռի, չափերի, բեռնատարողության անցման համար հավաքներ:
ՀՈԴՎԱԾ 17.
ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ
Սույն Համաձայնագրի դրույթներով չկարգավորվող կամ միջազգային համաձայնագրերով, պայմանավորվածությամբ կամ համաձայնագրերում, որի անդամ են Պայմանավորվող կողմերը, չշոշափված հարցերի դեպքում կկիրառվի Պայմանավորվող կողմերի տարածքում գործող ազգային օրենսդրությունը:
ՀՈԴՎԱԾ 18.
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
1. Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողի կամ ավտոտրանսպորտային միջոցի սպասարկման անձնակազմի կողմից չեն կատարվում մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքում գործող օրենսդրությունը կամ սույն Համաձայնագրի դրույթները, ապա տվյալ երկրի իրավասու մարմինները, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը, կարող են կիրառել հետևյալ միջոցները.
ա) զգուշացնել փոխադրողին կատարած խախտման համար,
բ) ժամանակավոր, մասնակիորեն կամ լրիվ զրկել փոխադրողին փոխադրում կատարելու իրավունքից այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը:
2. Իրավասու մարմինը, որը որոշում է ընդունել այդ մասին, պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:
3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում միջոցառումները, որոնք կարող են կիրառվել դատարանի կամ պետության վարչական մարմինների կողմից, որտեղ տեղի է ունեցել խախտումը, համաձայն իրենց ներքին օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 19.
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները մյուս Պայմանավորվող կողմի տրանսպորտային միջոցի վթարի կամ անձնակազմի անդամների հետ դժբախտ պատահարի դեպքում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, իսկ ծանր վթարների կամ դժբախտ պատահարների դեպքում տեղյակ են պահում մյուս Պայմանավորվող կողմին և տեղեկություններ տրամադրում հետաքննության արդյունքների մասին:
ՀՈԴՎԱԾ 20.
ՎԵՃԵՐԸ
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման համար ցանկացած վեճ պետք է լուծվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև ուղղակի բանակցություններով: Եթե այդ իրավասու մարմինները չգան ընդհանուր համաձայնության, ապա ցանկացած վեճ ենթակա է կարգավորման դիվանագիտական ուղիներով:
ՀՈԴՎԱԾ 21.
ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի երկրներում գործող ներքին օրենսդրությունների համաձայն այն հաստատելու վերաբերյալ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակումից 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 22.
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն Պայմանավորվող կողմերի միջև կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով և ուժի մեջ կմտնի 21-րդ հոդվածում նշված կարգով:
ՀՈԴՎԱԾ 23.
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամանակով և ինքնաբերաբար կերկարաձգի ևս 5 տարով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը 90 օր առաջ գրավոր չտեղեկացնի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
Ստորագրված է Աշգաբադ քաղաքում 1995 թվականի հունիսի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում առաջնությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 31-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|