Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Թուրքմենստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1994
Ստորագրման ամսաթիվ
17.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Թուրքմենստանի ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հենվելով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև 1993 թվականի օգոստոսի 24-ին ստորագրված Բարեկամության և համագործակցության վերաբերյալ Պայմանագրի դրույթների վրա,

կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,

ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմքում ընկած են Կողմերի իրավահավասարության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի ներքին գործերի մարմինների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման երկկողմ ցանկությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրենց իրավասության շրջանակներում ապահովում են երկու պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների, օրինական շահերի և սեփականության պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդատնտեսական խնդիրների կատարումը:

Կողմերը պարտավորվում են ապահովել մյուս Կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումն ու քննումը ներքին գործերի մարմինների կողմից` այդ մարմինների իրավասությանը վերաբերող հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա, համագործակցությունն իրականացնում են հետևյալ ուղղություններով.

ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,

բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործառնությունների դեմ պայքարի,

գ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,

դ) կեղծ փաստաթղթերի, դրամանիշերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեմ պայքարի,

ե) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

զ) մաքսանենգության, ինչպես նաև այլ հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտը մշակութային և պատմական արժեքներ են հանդիսանում,

է) հանցագործների, քննությունից, դատից ու պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,

ը) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված, համարներ կամ տարբերակիչ նշաններ ունեցող առարկաների (իրերի), այդ թվում` ավտոտրանսպորտի և հրազենի, ինչպես նաև համարակալված արժեթղթերի և անձնագրերի (անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի) հետախուզման,

թ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,

ժ) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

ժա) տարերային աղետների, աղետների, խոշոր վթարների և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման ժամանակ օգնություն ցուցաբերելու,

ժբ) ճանապարհային երթևեկության անվտանգության և հակահրդեհային անվտանգության ապահովման,

ժգ) օդանավերի թռիչքների, դրանց անձնակազմի և ուղևորների անվտանգության ապահովման,

ժդ) Կողմերից մեկի տարածքով անցնող տարանցիկ և փոխանակության բեռների, ինչպես նաև Կողմերից մեկի` մյուս Կողմի տարածքում պահեստավորված բեռների պահպանվածության ապահովման,

ժե) ազգամիջյան ընդհարումներ հրահրելուն ուղղված հանցագործությունների կանխարգելման:

Կողմերը համագործակցում են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների և հանձնարարությունների կատարմամբ,

բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և փորձաքրեագիտական, արտակարգ դեպքերի և ծանր հանցագործությունների մասին օպերատիվ, ինչպես նաև արխիվային տեղեկության անվճար փոխանակմամբ,

գ) օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների անցկացմանն աջակցելով,

դ) օրենսդրական և նորմատիվ ակտերի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև փոխադարձաբար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցություն ցույց տալով,

ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, գույքային ունեցվածքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,

զ) հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցմանն աջակցելով,

է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,

ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,

թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն աջակցություն ցույց տալով:

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակելու և զարգացնելու համագործակցության այլ` փոխընդունելի ձևեր, որոնք նշված չեն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարների թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված` Կողմերից մեկին ուղարկված հարցումներն ու հանձնարարությունները պետք է համապատասխան կերպով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները.

ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող ներքին գործերի մարմնի և այն ներքին գործերի մարմնի անվանումը, ում դրանք ուղղված են,

բ) հարցմանը կամ հանձնարարությանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,

գ) վկաների, տուժածների, կասկածյալների, մեղադրյալների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները, անունները և հայրանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը և մշտական բնակության կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները, անունները, հայրանունները և հասցեները,

դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ, ըստ դրանց էության, և իրավախախտման հանցակազմի նկարագրությունը:

Հարցմանը կամ հանձնարարությանը կցվում են սանկցիավորված գործողություններ կատարելու համար անհրաժեշտ, պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումներ:

Հայցող կողմի պետական լեզվով կազմված հարցումներին և հանձնարարություններին կից փաստաթղթերին կցվում է դրանց պատշաճ կերպով հաստատված թարգմանությունը` Հայցվող կողմի լեզվով կամ ռուսերեն:

Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի համապատասխան մարմնի կամ ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Հարցումները կամ հանձնարարությունները կատարելիս Կողմերն օգտվում են ռուսերենից:

Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք պետք է անհապաղ հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հարցումների կամ հանձնարարությունների բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե Հայցվող կողմը գտնի, որ դրանց կատարումը առաջ կբերի մարդու իրավունքների, իր պետության անվտանգության, ինքնիշխանության և այլ կարևոր շահերի խախտում:

Նման որոշում կայացնելու դեպքում Հայցող կողմը գրավոր տեղեկացվում է մերժման պատճառների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մյուս Կողմի հաղորդած տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու համար, եթե այդ տեղեկությունները կրում են փակ բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալներն ու տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տվյալները և տեղեկությունները տրամադրող Կողմի համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:

Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին նրանց վրա դրված խնդիրները կատարելու համար ընդունող Կողմի կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, տրամադրվում են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ավտոտրանսպորտ, տեղեկության, այդ թվում` փակ բնույթի, հաղորդման համար կապի ուղիներ:

Անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն է ցուցաբերվում գործուղման ընթացքում բնակարան տրամադրելու և ուղևորության փաստաթղթեր ձեռք բերելու հարցում: Գործուղված աշխատակիցների խնդրանքով կարող է ցուցաբերվել նյութական օգնություն` հետագայում ծախսերը հատուցելու պայմանով:

Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցները իրենց պարտականությունները կատարելու ընթացքում, ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան, ապահովվում են իրավական պաշտպանությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը պայմանավորվել են չխոչընդոտել իրենց աշխատակիցների` մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ տեղափոխվելուն: Ներքին գործերի մարմիններում ծառայության անցնելու մասին այդ պետությունների նորմատիվ ակտերին համապատասխան, կլուծեն նրանց ծառայած տարիների դիմաց տոկոսային հավելում վճարելու համար ծառայողական ստաժի պահպանման, հատուկ կոչումներ շնորհելու, աշխատավարձի վճարման, իրավունքներ և արտոնություններ տրամադրելու և պետական կենսաթոշակներ նշանակելու հարցերը այն չափերով, որոնք սահմանված են տեղափոխությունն իրականացրած Կողմի ներքին գործերի մարմինների աշխատակիցների համար:

Կողմերը պայմանավորվեցին նաև, որ Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող ներքին զորքերի զինծառայողների, ներքին գործերի մարմինների հրամանատարական և շարքային անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման կարգավորման հարցերը իրականացվում են միջպետական համաձայնագրերի, կենսաթոշակային ապահովման մասին օրենսդրության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Համագործակցություն իրականացնելիս Կողմերը օգտվում են հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի լիազորված ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում հանդիպում են միմյանց` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերն ինքնուրույն կկրեն սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվի:

Անհրաժեշտության դեպքում Կողմերը համատեղ են հոգում սույն Համաձայնագրի հետ կապված ծախսերը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ձևակերպվում է համապատասխան համաձայնագրով կամ պայմանավորվածությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով և կգործի մինչև վեց ամիսը լրանալը` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը կստանա դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը:

 

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1994 թվականի փետրվարի 17-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարընթերցման դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի փետրվարի 17-ից: