Գլխավոր տեղեկություն
Համար
N 975-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.07.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 975-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 23-րդ կետի 1.3-րդ ենթակետը «նոյեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2025 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.

2) 24-րդ կետի՝

ա. 5.6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.6.1-ին ենթակետով՝

«5.6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ սույն կետի 5.8-րդ ենթակետում նշված պահանջի ապահովման դեպքում ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները.»,

բ. 5.7-րդ ենթակետում «մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով երկարաձգվել՝ պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում» բառերը փոխարինել «համար՝ սույն կետի 5.8-րդ ենթակետում նշված պահանջի ապահովման դեպքում ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները» բառերով,

գ․ 5.7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.8-րդ, 5.9-րդ, 5.10-րդ, 5.11-րդ, 5.12-րդ և 5.13-րդ ենթակետերով՝

«5.8) սույն կետի 5.6.1-ին և 5.7-րդ ենթակետերով նախատեսված վարկերի մայր գումարների մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և վարկերի մարման ժամկետները երկարաձգվում են այն դեպքում, երբ շահառուները ֆինանսական կառույցներին են ներկայացնում 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցերով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը.

5.9) սույն կետի 5.6.1-ին և 5.7-րդ ենթակետերով նախատեսված վարկերի մայր գումարների մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և վարկերի մարման ժամկետները երկարաձգած շահառուները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ֆինանսական կառույցներին են ներկայացնում սույն կետի 5․8-րդ ենթակետով սահմանված՝ վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցերով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը գերազանցող ծավալով 2025 թվականին փաստացի մթերված խաղողի դիմաց կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները (խաղողի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի և այդ ակտերի դիմաց իրականացված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները).

5.10) սույն կետի 5․9-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճենները շահառուից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցն իրականացնում է սույն կետի 5.8-րդ ենթակետով նախատեսված չափին համարժեք ծավալով խաղողի մթերման և սույն կետի 5.9-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճեններում նշված տեղեկատվության ուսումնասիրություն.

5.11) այն դեպքում, երբ սույն կետի 5.10-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական կառույցի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով պարզվում է, որ սույն կետի 5.9-րդ ենթակետով նախատեսված՝ շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճեններով չի հիմնավորվում սույն կետի 5.8-րդ ենթակետով նախատեսված չափը գերազանցող ծավալով խաղողի մթերումը, ապա 5.6.1-ին և 5.7-րդ ենթակետերի հիման վրա վարկերի մայր գումարների մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և վարկերի մարման երկարաձգված ժամկետներում տրամադրված սուբսիդավորման գումարները շահառուների կողմից ենթակա են վերադարձման անհամապատասխանությունները հայտնաբերելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացվում է ֆինանսական կառույցների կողմից, իսկ ԳՖԿ-ն սուբսիդավորման գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է պետական բյուջե.

5.12) ֆինանսական կառույցները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը պաշտոնական գրությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաշվետվություն, որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

ա. շահառուի անվանումը,

բ. սույն կետի 5.8-րդ ենթակետով սահմանված՝ 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերով նախատեսված մթերման ենթակա խաղողի արժեքը,

գ. սույն կետի 5.9-րդ ենթակետով նախատեսված շահառուների կողմից ֆինանսական կառույցներին ներկայացված փաստաթղթերի պատճենների հիման վրա շահառուի կողմից 2025 թվականին փաստացի մթերված խաղողի դիմաց կատարված վճարումների ընդհանուր արժեքը,

դ. խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերով նախատեսված մթերման ենթակա խաղողի և փաստացի մթերված խաղողի արժեքների տարբերության վերաբերյալ տեղեկատվություն,

ե. սույն կետի 5.11-րդ ենթակետում նշված անհամապատասխանության առկայության դեպքում՝ վերադարձված սուբսիդավորման գումարների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն,

զ. այլ նշումներ անհրաժեշտության դեպքում.

5.13) 2022 և 2023 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգվում են նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով՝ երկարաձգված համապատասխան ժամկետներով.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան