Basic information
Number
N 972-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.03.2026-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.07.2025
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.07.2025
Effective date
01.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 972-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 17-ի N 972-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների (այսուհետ՝ փորձագետ) գործունեության ապահովագրության հետ կապված հարաբերությունները:

2. Փորձագետի գործունեության ապահովագրությունն իրականացվում է պաշտպանելու փորձագետի և պետության շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից, ինչպես նաև փորձագետի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող գույքային շահերը, որոնք կապված են փորձաքննության արդյունքում ոչ կանխամտածված գործողությունների (մասնագիտական անուշադրության, անփութության, սխալմունքի կամ բացթողման) կամ անգործության հետևանքով փորձաքննության պատվեր ներկայացնող անձին (այսուհետ՝ հաճախորդ) կամ պետությանը ոչ միտումնավոր պատճառված վնասի, գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով առաջացած վնասները հատուցելու հետ:

3. Փորձագետի գործունեության ապահովագրումն իրականցվում է իր միջոցների հաշվին՝ մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելով ընդհանուր պատասխանատվության ապահովագրության լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունների հետ՝ «Քաղաքացիական օրենսգրքի» ու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի համաձայն:

4. Սույն կարգի 2-րդ կետի վնասների դեպքում ընդհանուր պատասխանատվության ապահովագրության լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ ապահովագրող) կատարում են ապահովագրական հատուցման վճարում հաճախորդին և (կամ) երրորդ անձին պատճառված փաստացի վնասի չափով, որը սահմանված է ապահովագրողի որոշմամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, բայց ոչ ավելի քան ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը:

5. Փորձագետն իր գործունեության իրականացման ողջ ընթացքում պետք է ունենա մասնագիտական պատասխանատվության ապահովագրության գործող պայմանագիր՝ յուրաքանչյուր տարի նոր պայմանագիր կնքելով։ Պայմանագիրը գործում է կնքման պահից տասներկու ամիս:

6. Փորձագետը մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը ներկայացնում է լիազորված պետական մարմնին:

7. Լիազորված պետական մարմինը փորձագետի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը հաշվառում և գրանցում է համապատասխան գրանցամատյանում:

8. Փորձագետի գործունեության ապահովագրության տարեկան սահմանվող ապահովագրության գումարները ձևավորվում են փորձագետի մատուցած ծառայությունների նախորդ տարվա շրջանառությանը համապատասխան՝

 

N

Փորձագետի մատուցած ծառայությունների

նախորդ տարվա շրջանառություն

Տարեկան ապահովագրության գումար

(տարեկան պատասխանատվության

ընդհանուր սահմանաչափ)

1

Մինչև 1000000 ՀՀ դրամ

500000 ՀՀ դրամ

2

1000001 ՀՀ դրամ մինչև 3000000 ՀՀ դրամ

1000000 ՀՀ դրամ

3

3000001 ՀՀ դրամ մինչև 5000000 ՀՀ դրամ

3000000 ՀՀ դրամ

4

5000001 ՀՀ դրամ մինչև 10000000 ՀՀ դրամ

5000000 ՀՀ դրամ

5

10000001 և ավել ՀՀ դրամ

15000000 ՀՀ դրամ

 

9. Նոր գրանցված փորձագետների համար սահմանվում է հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ սահմանաչափ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation