Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«14» հուլիս 2025 թ.

N 71-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչ» N 74-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԱՌՆՉՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 22-ի

N 74-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԱՌՆՉՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման գործառույթները կարգավորվում են սույն չափորոշչով, «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքով և այլ ենթաօրենսդրական իրավական ակտերով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքումը և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կենտրոն) կողմից:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքումը և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերումն ընդգրկում է`

1) Կենտրոնի կողմից հավաքված դոնորական արյան փորձանմուշների վարակային անվտանգության հետազոտությունների իրականացումը յուրաքանչյուր արյունատվության ժամանակ, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով, Երևան քաղաքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներում հավաքված դոնորական արյան փորձանմուշների վարակային անվտանգության հետազոտությունների իրականացումը.

2) արյան պետական պաշարների ստեղծման համար փոխհատուցվող արյան դոնորների դրամական փոխհատուցումը.

3) արյան պետական պաշարների ստեղծումը, պահպանումը և նորացումը.

4) մարդու հակառեզուս իմունոգլոբուլինի արտադրությունը, պահպանումը և տրամադրումը.

5) Կենտրոնի կողմից բժշկական կազմակերպություններին և դրանց կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներին կազմակերպական մեթոդական օգնության ցուցաբերումը.

6) անհատույց կամավոր դոնորության քարոզչությունը.

7) արյան կայանների պահպանումը:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ֆինանսավորումն իրականացվում է` հիմք ընդունելով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումները:

6. Դոնորական արյան հավաքումը իրականացվում է`

1) պացիենտի հարազատներից, ընդ որում արյան հավաքման դեպքում արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրամադրվում է մեկ կտրոն մեկ արյունատվության դիմաց` անվճար արյան բաղադրամաս ստանալու համար: Մեկ կտրոնի դիմաց տրամադրվում է մեկ պարկ թարմ սառեցված պլազմա կամ ամբողջական արյունից ստացված մեկ պարկ թրոմբոցիտային զանգված, իսկ էրիթրոցիտային զանգված կամ էրիթրոցիտային կախույթ տրամադրվում է երկու կտրոնի դիմաց: Եթե պացիենտի հարազատները չեն ցանկանում արյուն հանձնել, ապա անհրաժեշտ արյան բաղադրամասերը տրամադրվում են վճարովի հիմունքներով.

2) անհատույց կամավոր դոնորներից.

3) փոխհատուցվող դոնորներից:

7. Սույն չափորոշչի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում անվճար արյան բաղադրամաս ստանալու կտրոն չի տրամադրվում:

8. Սույն չափորոշչի 6-րդ կետում նշված դոնորներից հավաքված արյան փորձանմուշները պարտադիր հետազոտվում են արյան միջոցով փոխանցվող հետևյալ վարակների նկատմամբ`

1) մարդու իմունային անբավարարության վարակի (այսուհետ` ՄԻԱՎ) 1 և 2 տիպի հակածինների և հակամարմինների որոշում` իմունաֆերմենտային մեթոդով.

2) հեպատիտ Բ-ի հակածնի Էյջ Բի էս Էյ ջի (HBsAg) որոշում` իմունաֆերմենտային մեթոդով.

3) հեպատիտ Բ-ի հակա-Էյջ բի սի օ էռ (Hbcor) հակամարմինների որոշում` իմունաֆերմենտային մեթոդով.

4) հեպատիտ Ց-ի հակա-Էյջ Սի Վի (HCV) հակամարմինների որոշում` իմունաֆերմենտային մեթոդով.

5) սիֆիլիս - հակապալլիդում հակամարմինների որոշում` պրեցիպիտացիայի Էռ Փի Էռ (RPR) և ագլյուտինացիայի Թի Փի Էյջ Էյ (TPHA) կամ իմունաֆերմենտային մեթոդով.

6) բրուցելյոզ - հակաբրուցելոզային հակամարմինների որոշում` ագլյուտինացիայի կամ իմունաֆերմենտային մեթոդով.

7) դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ-ի նկատմամբ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով:

9. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների մեջ ներառված չեն`

1) դոնորական արյան հավաքման համար նախատեսված պարկերի արժեքը, փոխհատուցվող դոնորի դրամական փոխհատուցումը, դոնորական արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշումը, հեմոգլոբինի որոշումը, ԱԼՏ (ալանինամինատրանսֆերազ) ֆերմենտի որոշումը, բացառությամբ արյան պետական պաշարների ստեղծման համար` դոնորների դրամական փոխհատուցումը, պարկերի արժեքը, դոնորական արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշումը, հեմոգլոբինի որոշումը և ԱԼՏ (ալանինամինատրանսֆերազ) ֆերմենտի որոշումը.

2) աֆերեզի եղանակով հավաքված արյան բաղադրամասերը.

3) պացիենտի համար արյան բաղադրամասերի ընտրությունը` փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշումը, էրիթրոցիտային զանգվածի լվացումը, թարմ սառեցված պլազմայի հալեցումը, վիրուսինակտիվացումը, լեյկոֆիլտրումը, ճառագայթումը:

10. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունները, որոնք չունեն արյան փոխներարկման բաժանմունքներ, պացիենտների հարազատներից դոնորական արյան հավաքման գործընթացը կամ անհրաժեշտ արյան բաղադրամասերի ձեռքբերումը իրականացնում են պայմանագրային հիմունքներով` արյան հավաքում իրականացնող կազմակերպություններում։ Ընդ որում, պացիենտի հարազատ հանդիսացող դոնորների ապահովման դեպքում արյան բաղադրամասերը տրամադրվում են սույն չափորոշչի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված սկզբունքով, իսկ դոնորի չապահովման դեպքում արյան բաղադրամասերը տրամադրվում են վճարովի հիմունքներով, բացառությամբ սույն չափորոշչի 19-րդ կետում նշված դեպքերի:

11. Բժշկական կազմակերպությունների ղեկավարները ապահովում են բժշկական կազմակերպության կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներում (այն բժշկական կազմակերպություններում, որոնց կազմում չեն գործում արյան փոխներարկման բաժանմունքներ, համապատասխան բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից հատկացված տարածքում) շտապ և անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը` համաձայն արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպության հետ կնքված պայմանագրի:

12. Դոնորական արյան բաղադրամասերի պահանջարկը բավարարելու և համալրելու նպատակով կազմակերպվում և իրականացվում է դոնորական արյան հավաքում` արտագնա պայմաններում:

13. Հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխման ցուցակում նշված քանակների:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխման ցուցակում նշված քանակի գերազանցման դեպքում, հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկը ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները ձեռք են բերում «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրենց հատկացված միջոցներից:

15. Հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի տեղափոխումը և պաշարումը իրականացվում է ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից:

16. Ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների տնօրենները կնքում են պայմանագիր Կենտրոնի հետ` հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի ձեռքբերման մասին:

17. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պատվիրված դոնորական արյան բաղադրամասերի պետական պաշարների հավաքումը և պահպանումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1070-Ն որոշման համաձայն:

18. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հավաքված դոնորական արյան բաղադրամասերի պետական պաշարները անհատույց տրամադրվում են անմիջապես` հետևյալ դեպքերում.

1) արտակարգ իրավիճակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գրավոր թույլտվությամբ.

2) շտապ և անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում` Կենտրոնի տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր թույլտվությամբ, վերջիններիս մակագրությամբ պահանջագրի ներկայացման պահին.

3) մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք ունեցող ժառանգական հիվանդություններով 18 տարեկանից բարձր պացիենտներին, որոնց հարազատները հակված են ունենալ արյունատվություն իրականացնելը բացառող ժառանգական հիվանդություններ` Կենտրոնի տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր թույլտվությամբ, վերջիններիս մակագրությամբ պահանջագրի ներկայացման պահին:

19. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, համապատասխան բժշկական ցուցումներով, դոնորական արյան բաղադրամասերը տրամադրվում են համապատասխան բժշկական կազմակերպությունների կողմից (որտեղ գտնվում է պացիենտը) հետևյալ դեպքերում.

1) մինչև 18 տարեկան երեխաներին`

ա. զանգվածային արյան կորուստ (ընդհանուր ծավալի 30-40%),

բ. անհասների սակավարյունություն,

գ. ՄԻԱՎ ասոցացված սակավարյունություն,

դ․ արյան համակարգի ժառանգական հիվանդություններով (ժառանգական ապլաստիկ սակավարյունություն, ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություն, ժառանգական կոագուլոպաթիաներ) և ձեռքբերովի կոագուլոպաթիաներով երեխաներ, նրանց օրինական ներկայացուցիչների արյունատվությունը բացառող հիվանդությունների և վիճակների դեպքում,

ե. նախավիրահատական սակավարյունություն (շտապ և անհետաձգելի վիրահատությունների դեպքում),

2) վերարտադրողական տարիքի կանանց` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (42 օր):

20. Խոտանի նվազեցման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հավաքված դոնորական արյան պետական պաշարների ֆինանսական հաշվարկների հիմքում յուրաքանչյուր արյան բաղադրամաս ընդունվում է որպես թվային մեկ միավոր:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

14.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան