ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«09» հուլիս 2025 թվականի N 64-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ստոմատոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
09.07.2025
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի «09»-ի թիվ 64-Ն հրամանի |
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Ստոմատոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն ընդհանուր ստոմատոլոգիա մասնագիտությամբ` հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Ստոմատոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ստոմատոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Ստոմատոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Ստոմատոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ստոմատոլոգ.
2) Ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ.
3) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. ստոմատոլոգը պետք է ունենա հետևյալ գիտելիքները և հմտությունները.
1) Թերապևտիկ ստոմատոլոգիայ.
ա. տեղային անզգայացումը թերապևտիկ ստոմատոլոգիայում.
բ. անհետաձգելի իրավիճակներում առաջին բուժօգնություն.
գ. աշխատանքային դաշտի մեկուսացումը տարբեր համակարգերով.
դ. բոլոր դասերի կարիոզ խոռոչների մշակում լուսակարծրացնող, քիմիական կարծրացմամբ կոմպոզիտներով.
ե. տարբեր դասի կարիոզ խոռոչների լեցավորում.
զ. հպման կետի վերականգնում տարբեր տեսակի կաղապարային համակարգերով.
է. արմատախողովակների մեխանիկական և դեղորայքային մշակում.
ը. «փոքրից մեծ» (step back), «մեծից փոքր» (crown down) և ստանդարտ եղանակով արմատախողովակների մշակում.
թ. արմատախողովակների լեցավորում ուղղահայաց, կողմնային կոնդեսացիայով.
ժ. թերմոֆիլի կիրառում.
ժա. պուլպիտների բուժում կենսաբանական եղանակով, վիտալ, դեվիտալ էքստիրպացիայի եղանակներով.
ժբ. պերիօդոնտիտների բուժում մեկ հաճախումով` կալցիում պարունակող մածուկների կիրառմամբ, բազմահաճախակի բուժում.
ժգ. ներարմատային էլեկտրոֆորեզի, դեպոֆորեզի կիրառում.
ժդ. բերանի խոռոչի հիգիենայի և պարօդոնտի հյուսվածքների վիճակի դասիչով գնահատում.
ժե. փափուկ և կարծր ատամնանստվածքների հեռացման եղանակները.
ժզ. պարօդոնտալ գրպանների բաց և փակ կյուրետաժ.
ժէ. բուժիչ վիրակապի, իրիգացիայի, ապլիկացիայի և ինստիլյացիայի կիրառում պարօդոնտի և լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ.
ժը. ատամների ընտրողական հղկում պարօդոնտի հիվանդությունների համալիր բուժման ժամանակ.
ժթ. պարօդոնտի հիվանդությունների համալիր բուժման ընթացքում ժամանակավոր բեկակալում.
ի. բերանի խոռոչի լորձաթաղանթի, շրթունքի կարմիր եզրի և մաշկի առաջնային և երկրորդային տարրերի ախտորոշում:
իա. կանխարգելիչ և բուժական միջոցառումներ հղիների շրջանում թերապևտիկ ստոմատոլոգիական ախտահարումների ժամանակ.
2) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա.
ա. օրթոպեդիկ բուժման պլանավորում` հաշվի առնելով ատամնածնոտային համակարգի փոփոխությունների ախտորոշումը, հիմնվելով կլինիկական զննման և հետազոտությունների մեթոդների վրա.
բ. ատամների հղկման հիմունքներ.
գ. ներդիրներ, երեսպատիչ տակդիրներ, գամիկներ.
դ. պսակների պատրաստման կլինիկական և լաբորատոր փուլերը.
ե. լնդերի ռետրակցիայի եղանակները.
զ. անշարժ կամրջաձև պրոթեզներ՝ մետաղական, մետաղակերամիկական, ցիրկոնիումի օքսիդի հիման վրա պատրաստված պրոթեզներ, լրիվ կերամիկական պրոթեզներ.
է. ժամանակավոր պրոթեզների պատրաստման կլինիկական և լաբորատոր փուլերը.
ը. մասնակի անատամության ժամանակ պրոթեզավորում թիթեղային և աղեղային պրոթեզներով.
թ. լրիվ անատամության ժամանակ պրոթեզավորում:
3) Վիրաբուժական ստոմատոլոգիա.
ա. ինֆիլտրացիոն, ինտրալիգամենտար, ինտրասեպտալ, ներոսկրային անզգայացումներ.
բ. վերին և ստորին ծնոտի վրա կատարվող հաղորդչական անզգայացումներ.
գ. հեռացման ենթակա ատամների և արմատների հեռացում.
դ. ատամների արմատների ամպուտացիա և հեմիսեկցիա.
ե. գլխանոցի հեռացում պերիկորոնարիտի դեպքում.
զ. ենթավերնոսկրային աբսցեսների բացահատում.
է. ատամների շինավորում վնասվածքների դեպքում.
ը. ատամի ռեպլանտացիա հոդախախտի դեպքում.
թ. ստորին ծնոտի հոդախախտի ուղղում.
ժ. դեմքի և բերանի խոռոչի փոքր վերքերի վիրաբուժական մշակում և կարերի տեղադրում.
ժա. հայմորյան ծոցի թափածակման դեպքում վերքի պլաստիկա.
ժբ. թքագեղձերի ծորանների լվացում.
ժգ. շրթունքի սանձիկի պլաստիկա.
ժդ. էպուլիսների հեռացում.
ժե. ծնոտոսկրերի էքսոստոզների հեռացում.
ժզ. գինգիվէկտոմիա.
ժէ. ատամի կլինիկական պսակի երկարացում.
ժը. բուժական միջոցառումներ հղիների շրջանում վիրաբուժական ստոմատոլոգիական ախտահարումների ժամանակ.
4) Օրթոդոնտիա.
ա. ատամնածնոտային անոմալիաների դասակարգումը, վաղ օրթոդոնտիկ ախտորոշման և բուժման մոտեցումները, երեք Դ (3D) տեխնոլոգիաներն օրթոդոնտիայում, լուսանկարումը ստոմատոլոգիայում.
բ. ատամների օրթոդոնտիկ տեղաշարժի կենսամեխանիկան, էլայներների կիրառումն օրթոդոնտիայում.
գ. «ուղիղ աղեղի» տեխնիկայի կոնցեպցիան, ատամների փոքր տեղաշարժերի (առանձին ատամների ինտրուզիա, էքստրուզիա) հնարավորություններն օրթոդոնտիայում.
դ. մեծահասակների օրթոդոնտիա, իմպլանտների կիրառումն օրթոդոնտիայում (մինի-իմպլանտներ և քմային իմլանտներ).
ե. հիգիենայի պահպանման առանձնահատկություններն օրթոդոնտիկ բուժման ժամանակ.
զ. քունքստործնոտային հոդ (գնաթոլոգիայի հիմունքները), օրթոդոնտիայի հնարավորությունները մուլտիդիսցիպլինար մոտեցման շրջանակներում.
է. պացիենտների կլինիկական զննում և օրթոդոնտիկ բուժման անհրաժեշտության որոշում.
ը. լուսանկարման սկզբունքները օրթոդոնտիայում, օրթոպանտոմոգրամայի վրա ատամների դիրքի գնահատում.
թ. հիգիենիկ միջոցառումների իրականացման հմտություններ անշարժ օրթոդոնտիկ տեխնիկայով պացիենտների մոտ.
ժ. սեպարատորների և օրթոդոնտիկ օղակների հեռացում և հետագա վերաֆիքսում.
ժա. քմային աղեղի հեռացում և հետագա վերատեղադրում.
ժբ. օրթոդոնտիկ աղեղի տարբեր ուժային տարրերի հեռացում և հետագա վերատեղադրում.
ժգ. անշարժ ռետեյների տեղադրում և վերաֆիքսում, տեղի պահպանիչների պատրաստում և ֆիքսում, առանձին ատամների էքստրուզիայի իրականացումն առանց հատուկ օրթոդոնտիկ տեխնիկայի կիրառման:
5) Մանկական ստոմատոլոգիա.
ա. հայտնաբերել ատամնանստվածքները ներկման եղանակներով.
բ. անցկացնել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա.
գ. ուսուցանել բերանի խոռոչի անհատական հիգիենա.
դ. կատարել կանխարգելիչ միջոցառումներ ֆտոր պարունակող նյութերով.
ե. կատարել ակոսների զմռսում տարբեր եղանակներով.
զ. բուժել ատամների կարիեսը` կախված ախտահարման խորությունից, կարիեսի ակտիվության աստիճանից, երեխայի տարիքից.
է. կատարել տեղային անզգայացում աերոզոլներով և դոնդողներով.
ը. կատարել ներսփռական անզգայացում.
թ. կատարել մանդիբուլյար անզգայացում.
ժ. հաշվարկել անզգայացնող նյութի առավելագույն թույլատրելի դեղաչափը.
ժա. կատարել ստոմատոլոգիական միջամտության ժամանակ կիրառվող անզգայացման եղանակների և դեղորայքի համարժեք ընտրություն տարբեր իրավիճակների դեպքում.
ժբ. կատարել ատամների հեռացման գործիքների ճիշտ ընտրություն.
ժգ. կատարել ատամների հեռացման գործողություն.
ժդ. կանխատեսել և կանխարգելել ատամի հեռացման ժամանակ հնարավոր բարդությունները.
ժե. դադարեցնել ատամի հեռացումից հետո դիտվող ատամնաբնային արնահոսությունը.
ժզ. օգնություն ցուցաբերել ստոմատոլագիական միջամտությունների ժամանակ պացիենտի ինքնազգացողության վատացման և ուշագնացության դեպքում.
ժէ. իմանալ ֆրենոտոմիայի, ֆրենէկտոմիայի, բերանի մակերեսային նախադռան խորացման վիրահատությունները, ցուցումները, կատարման համար նպատակահարմար ժամկետները.
ժը. արդյունավետ խորհրդատվություն իրականացնել դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի դեպքում.
ժթ. կատարել փոքրածավալ վերքերի առաջնային վիրաբուժական մշակում.
ի. վերքը կարել հանգուցակարերով.
իա. ծնոտն անշարժացնել պարատաձև վիրակապով.
իբ. կիրառել հակավիրուսային դեղամիջոցներ.
իգ. իմանալ հակաբիոտիկների նշանակման ցուցումները մանկական ստոմատոլոգիայում:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. ստոմատոլոգը պետք է.
1) տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարալուսավորչական աշխատանքներին, ապահովել բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.
2) կարողանա մեկնաբանել և կարդալ լաբորատոր հետազոտության տվյալները և կատարել կանխարգելիչ աշխատանք.
3) կարողանա ցուցաբերել առաջին բուժօգնություն ուշագնացության, կոլապսի, անաֆիլակտիկ շոկի, դեղորայքային ալերգիայի, հիպերտոնիկ կրիզի, արնահոսության դեպքում.
4) կարողանա հաշվի առնել սեփական գիտելիքների մակարդակը և ճիշտ կողմնորոշվել, բարդ կլինիկական դեպքերն ուղղորդել համապատասխան նեղ մասնագետի զննման:
4. Այլ հմտություններ
7. Ստոմատոլոգը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ընդհանուր ստոմատոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. ընդհանուր ստոմատոլոգը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Ստոմատոլոգը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Ստոմատոլոգի իրավունքները և պարտականությունները
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ստոմատոլոգի վրա։
8. Կոմպետենտությունների մակարդակները ստոմատոլոգիա մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|