Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«09» հուլիս 2025 թվականի

N 65-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել վերականգնողաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

09.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիսի «09»-ի

թիվ 65-Ն հրամանի

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վերականգնողաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն ֆիզիկական վերականգնողական բժշկություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Վերականգնողաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն վերականգնողաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Վերականգնողաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4. Վերականգնողաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վերականգնողաբան.

2) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վերականգնողաբան.

3) Վերականգնողական բաժանմունքի կամ ծառայության վերականգնողաբան.

4) Վերականգնողաբանական բաժանմունքի վարիչ կամ ծառայության ղեկավար.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5. Բժշկական գիտելիքներ. վերականգնողաբանը պետք է.

1) Իմանա անատոմիա և ֆիզիոլոգիա, այդ թվում.

ա. նյարդային համակարգի անատոմիա. կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի կառուցվածքը.

բ. նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիան.

գ. ոսկրաբանություն և հոդաբանություն.

դ. մկանաբանություն.

ե. քայլքի և հենաշարժողական համակարգի կենսամեխանիկան.

2) Իմանա պաթոֆիզիոլոգիա, այդ թվում.

ա. նյարդային, ոսկրամկանային համակարգերի հիվանդությունների պաթոֆիզիոլոգիական գործընթացները.

բ. գլխուղեղի, ողնուղեղի ֆունկցիաների խանգարումները.

3) Իմանա ռեաբիլիտացիայի առանձնահատկություններն այրվածքների ժամանակ.

4) Իրականացնի պացիենտի գնահատում՝ սուր և քրոնիկական հիվանդությունների, տարբեր անոմալիաների հանգեցնող անձի ֆունկցիոնալության սահմանափակման դեպքում (ֆիզիկական, խոսքի, հոգեզգայական սահմանափակումներ).

5) Կարողանա հայտնաբերել ճանաչողական և այլ շեղումները, կատարել ախտորոշում, վերականգնողական բուժում, բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում, հսկողություն և պարբերական վերագնահատում.

6) Իրականացնի կենտրոնական նյարդային համակարգի սուր և քրոնիկական հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում, պարբերական հետազոտություններ.

7) Իրականացնի պերիֆերիկ նյարդային համակարգի սուր և քրոնիկական հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում, պարբերական հետազոտություններ.

8) Իրականացնի ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի անոմալիաների, սուր և քրոնիկական հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում, պարբերական հսկողություն.

9) Իրականացնի նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության պահպանման վերահսկում.

10) Իրականացնի ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում.

11) Իրականացնի շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում, վերականգնողական բուժում, երկրորդային բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում.

12) Իրականացնի բնածին և ձեռքբերովի սուր վիճակներից հետո առաջացած անկարողության գնահատում, վերականգնողական բուժման կազմակերպում կախված հիվանդի կարիքներից.

13) Իրականացնի հիվանդությունների միջազգային դասակարգիչներին համապատասխան ախտորոշումների հստակեցում.

14) Իրականացնի ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչներին համապատասխան գնահատում.

15) Կատարի պացիենտների և հիվանդությունների վարման տարբերակված պլանի կազմում՝ համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

16) Տիրապետի հետևյալ հիմնական ախտորոշման հմտություններին.

ա. ախտանիշների և հիվանդության պատմության վերլուծություն` ճշգրիտ հավաքել և վերլուծել հիվանդության պատմությունը, ինչպես նաև գնահատել հիմնական ախտանիշները ախտորոշման համար.

բ. ֆիզիկական զննում` համակողմանի զննության միջոցով բացահայտել արտաքին և ներքին ախտաբանական փոփոխությունները, որոնք կարող են վկայել զարգացման խնդիրների մասին.

գ. ֆունկցիոնալ քննություն` գնահատել պացիենտի ֆիզիկական և առօրյա ակտիվությունը, խոսքն ու կլման ակտը, հոգեկան առողջության վիճակը, ինքնուրույն ֆունկցիոնալությունը և բացահայտել կախվածության աստիճանը մեկ այլ անձից.

դ. լաբորատոր հետազոտություններ` նշանակել և գնահատել լաբորատոր հետազոտության արդյունքները՝ բուժումը կազմակերպելու կամ ճիշտ նեղ մասնագիտական ուղղորդում իրականացնելու համար.

ե. ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)` հասկանալ և վերլուծել ուլտրաձայնային հետազոտության արդյունքները.

զ. ռենտգենաբանություն (ռենտգեն հետազոտություն և համակարգչային շերտագրություն (ՀՇ)` հասկանալ և օգտագործել ժամանակակից ռենտգենաբանության մեթոդները ողնաշարի, այլ ոսկրերի և օրգանների մանրամասն պատկերը ստանալու համար.

է. մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)` հասկանալ և վերլուծել հետազոտության արդյունքները.

ը. դեղորայքային թերապիայի նշանակում՝ հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը.

թ. ոչ ինվազիվ մեթոդներով բուժում, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, ցուցումներն ու հակացուցումները:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. վերականգնողաբանը պետք է տիրապետի ստորև նշված հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշմանը, վերականգնողական բուժման կազմակերպմանը, բարդությունների կանխարգելմանը և առողջության վերականգնմանը.

1) Կենտրոնական նյարդային համակարգ.

ա. գլխուղեղի կաթված.

բ. էպիլեպսիայից առաջացած պարեզներ.

գ. կրած մենինգիտի հետևանքներ.

դ. կրած էնցեֆալիտի հետևանքներ.

ե. Սպինա Բիֆիդա.

զ. գլխուղեղի ուռուցք.

է. ատաքսիա.

ը. ցրված սկլերոզ.

թ. գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններ.

ժ. գանգուղեղային վնասվածքի հետևանքներ.

ժա. ողնուղեղային վնասվածք, ողնուղեղային շոկ.

ժբ. Կենտրոնական նյարդային համակարգի այլ ախտահարումներ․

2) Պերիֆերիկ՝ ծայրամասային նյարդային համակարգ.

ա. Աքսիլյար նյարդի դիսֆունկցիա.

բ. քրոնիկական բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա.

գ. ընդհանուր պերոնեալ նյարդի դիսֆունկցիա.

դ. դիստալ միջային նյարդի դիսֆունկցիա.

ե. պերիֆերիկ՝ ծայրամասային նյարդային համակարգի այլ ախտահարումներ․

3) Ոսկրամկանային համակարգ.

ա. կոնտրակտուրաներ․

բ. փխրուն և տրավմատիկ կոտրվածքներ․

գ. սարկոպենիա․

դ. օստեոարթրոզ․

ե. հետերոտոպիկ օսիֆիկացիաներ․

զ. ռևմատոիդ արթրիտ․

է. կեցվածքի շեղումներ․

ը. մեջքի ցավ․

թ. բնածին արատներ․

ժ. Ամպուտացիաներ․

ժա. հետվիրահատական վերականգնողական բուժում․

ժբ. ոսկրամկանային համակարգի այլ ախտահարումներ․

4) Շնչառական համակարգ.

ա. ասթմա.

բ. բրոնխաթոքային դիսպլազիա.

գ. ցիստիկ ֆիբրոզ.

դ. թոքային խնդիրներ՝ կապված նյարդամկանային հիվանդությունների հետ.

ե. նեյրոդեգեներատիվ հիվանդություններ.

զ. մոտոնեյրոնի հիվանդություններ.

է. ֆրիդրիխ ատաքսիա.

ը. գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններ.

թ. նեյրոդեգեներատիվ այլ ախտահարումներ․

5) Մաշկ` պառկելախոցեր․

6) Միզապարկ` նեյրոգեն աղիներ, նեյրոգեն միզապարկ․

7) Ֆիզիկական քննություն.

ա. հոդերի պասիվ և ակտիվ շարժունության ծավալի գնահատում /գոնիոմետրիա/.

բ. նյարդաբանական քննություն՝ մկանային ուժի գնահատում, մկանային տոնուսի գնահատում, հավասարակշռության և կոորդինացիայի, ջլային ռեֆլեքսների գնահատում.

գ. քայլքի վերլուծություն.

դ. հատուկ մասնագիտական ստանդարտ թեստերով գնահատում.

ե. աջակցող միջոցների նշանակում, որոնք կանխարգելում են երկրորդային դեֆորմացիաների առաջացումը և նպաստում են անկախությանը, ապահովությանը, տարբեր միջավայրերին հարմարեցմանը (օրթեզներ, կորսետներ, ձեռնափայտ, քայլակ, կանգնակ և այլն).

8) Ֆունկցիոնալ քննություն.

ա. հիվանդի մեկ այլ անձից կախվածության աստիճանի գնահատում.

բ. մեծ շարժումների հմտությունների և որակի գնահատում.

գ. մանր կամ նուրբ շարժումների հմտությունների և որակի գնահատում.

դ. հաղորդակցվելու ունակությունների գնահատում.

ե. ապահով սնվելու կամ խմելու հմտությունների գնահատում.

զ. ճանաչողական ոլորտի գնահատում:

9) Հետևյալ գործիքային հետազոտությունների ինքնուրույն իրականացում.

ա. միզապարկի կաթետերավորում.

բ. էլեկտրոմկանային խթանում.

գ. խորխի արտածծում.

դ. պառկելախոցերի մշակում.

ե. ֆիզիկական ագենտների նշանակում կամ ուլտրաձայնային թերապիա, էլեկտրանյարդամկանախթանում․

10) Էլեկտրանեյրոմիոգրաֆիայի (ԷՆՄԳ) իրականացում․

11) Բոտուլինոտոքսինի ներարկում` մկանային տոնուսի կառավարման նպատակով․

12) Հոդերի և մկանների ուլտրաձայնային հետազոտության իրականացում․

13) Մանուալ թերապիայի իրականացում․

14) Ռեֆլեքսաթերապիա իրականացում․

15) Լիմֆոդրենաժի իրականացում․

16) Սրտանոթային համակարգի ռեաբիլիտացիա․

17) Էլեկտրաթերապիա, հիդրոթերապիա, ցեխաբուժություն, լազերային թերապիա, ֆոնոֆորեզ, ֆոտոթերապիա, մագնիսաթերապիա, հիդրոթերապիա, իմպուլսային թերապիա, հարվածաալիքային թերապիա:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Վերականգնողաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. վերականգնողաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. վերականգնողաբանը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

10. Վերականգնողաբանը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Վերականգնողաբանի իրավունքները և պարտականությունները

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են վերականգնողաբանի վրա։

 

8. Կոմպետենտությունների մակարդակները ֆիզիկական վերականգնողական բժշկություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

 

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական: