Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2025 թվականի N 942-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17՝ «Ավիացիոն անվտանգություն, Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետում «Անվտանգություն» բառը փոխարինել «Ավիացիոն անվտանգություն» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ավիացիոն անվտանգություն - Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից, որն ապահովվում է մարդկային ու նյութական ռեսուրսների ներգրավման և մի շարք համալիր միջոցառումների իրականացման միջոցով։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.6-րդ կետով.

«6.6․ Ավիացիոն անվտանգության մշակույթ - Անվտանգության հետ կապված նորմերի, արժեքների, դիրքորոշումների և համոզմունքների համակցություն, որը բնորոշ է կազմակերպության ամենօրյա գործունեությանն ու արտացոլված է կազմակերպության բոլոր ստորաբաժանումների գործողություններում և անձնակազմի անդամների վարքագծում:»․

4) 7.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.4․ Ավիացիոն անվտանգության տեսչական ուսումնասիրություն - Ավիացիոն անվտանգության կոնկրետ միջոցառումների կիրառման արդյունավետության հայտարարված կամ չհայտարարված ստուգում։»․

5) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.1. Ավիացիոն անվտանգության սահմանափակ մուտքի գոտի՝ օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության այլ միջոցառումներ:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.17-րդ կետով․

«26.17. Մասնավոր օդաչու (private pilot)՝ օդաչու, ով համաձայն իր ստացած լիցենզիայի պայմանների իրավունք չունի իրականացնել վարձավճարով թռիչքներ, բացառությամբ հրահանգչական կամ ստուգողական նպատակներով իրականացվող թռիչքների։».

7) 29-րդ կետի «ա» ենթակետը «ազգային ծրագրի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «ապահովում է, որպեսզի ավիացիոն անվտանգության աուդիտներ, փորձարկումներ և ստուգումներ իրականացնող որակի հսկողության տեսուչներն ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածություն՝ այն խնդիրների լուծման համար, որոնք սահմանվել են ազգային ծրագրով,» բառերով.

8) 29-րդ կետի «գ» ենթակետում՝

ա. «ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանում է վտանգի մակարդակը,» բառերից հետո լրացնել «սահմանում է հակամարտության գոտիներում օդանավերի թռիչքների հետ կապված ռիսկերի գնահատման կարգը,» բառերով,

բ. «և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը» բառերից հետո լրացնել «, ապահովում է, որպեսզի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի տարբեր ասպեկտներում ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների ողջ անձնակազմը, ինչպես նաև այն անձինք, որոնք իրավունք են ստացել առանց ուղեկցման մուտք գործել օդանավակայանների վերահսկելի գոտիներ, անցնեն սկզբնական ուսուցում և հերթական վերապատրաստումներ՝ ավիացիոն անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով:» բառերով․

9) 29-րդ կետի «ե» ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետություն առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունների ավիացիոն անվտանգության լրացուցիչ ծրագրերը։».

10) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով․

«ժ) սահմանում և կիրառում է ընթացակարգեր ԻԿԱՕ-ի անդամ այլ պետությունների շահերին առնչվող ավիացիոն անվտանգության ոլորտի վտանգների մասին իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը վերջիններիս ժամանակին տրամադրելու համար, ելնելով նպատակահարմարությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, քննարկում է ԻԿԱՕ-ի կողմից ավիացիոն անվտանգության մասով երկրում իրականացված ստուգման արդյունքների և ուղղիչ գործողությունների մասին ԻԿԱՕ-ի անդամ մեկ այլ պետությանը տեղեկատվության տրամադրման կամ մերժման հարցը.».

11) ամբողջ տեքստում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության» բառերով և իրենց հոլովաձևերով, իսկ «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության» բառերը փոխարինել «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության» բառերով.

12) 33.5-րդ կետը «հաշվետվությունների ներկայացման կարգը։» բառերից հետո լրացնել «Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ներքին որակի հսկողության միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են օդանավակայանների կառավարիչների կողմից, որակի հսկողության սերտիֆիկացված մասնագետների միջոցով։» բառերով.

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.2-րդ կետով.

«37.2. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողներն ի լրումն իրենց հիմնական ավիացիոն անվտանգության ծրագրի մշակում, ներդնում և պարբերաբար վերանայում են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող առևտրային օդային փոխադրումների համար ավիացիոն անվտանգության լրացուցիչ ծրագիր (այսուհետ՝ լրացուցիչ ծրագիր), որը պետք է համապատասխանի Ազգային ծրագրի պահանջներին և հաստատվի լիազոր մարմնի կողմից՝

1) լրացուցիչ ծրագիրը պետք է չհակասի ազգային ծրագրի պահանջներին, հաստատված լինի օդանավ շահագործողի անվտանգության գծով պատասխանատու ղեկավարի կողմից.

2) լրացուցիչ ծրագիրը պետք է սահմանի այն բոլոր ընթացակարգերը և պրակտիկ գործողությունները, որոնց ավիաընկերությունը պետք է հետևի կամ իրականացնի բացառապես դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իր օդային փոխադրումներն իրականացնելու ընթացքում՝ անօրինական միջամտության գործողություններից ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավի և շահագործման միջոցների պաշտպանության համար։ Լրացուցիչ ծրագիրն ավիաընկերություններին կօգնի իրենց գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընթացակարգերին համապատասխան և վտանգի մասին տեղեկատվության առկայության դեպքում գործուն կապ պահպանել լիազոր մարմնի հետ։».

14) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«61. ԻԿԱՕ-ին ծանուցվում է անօրինական միջամտության հետևյալ գործողությունների դեպքում՝

1) անօրինական միջամտության գործողության կամ օդանավի անօրինական զավթման փորձ.

2) անօրինական միջամտության գործողության կամ այդպիսի գործողության փորձ, որն ուղղված է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության դեմ՝ ներառյալ դիվերսիաները, միտումնավոր վնասումը, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների տեղադրումն օդանավակայաններում, օդանավերում, օդանավով փոխադրվող բեռներում կամ փոստում.

3) ցանկացած այլ անօրինական միջամտության գործողությունները (ներառյալ զինված հարձակումներն օդանավակայանում ու այլ նմանօրինակ գործողությունները` ուղղված աշխատակիցների, շինությունների ու օդանավակայանից դուրս տրանսպորտային միջոցների դեմ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել միջազգային քաղաքացիական ավիացիայի ու նրա ծառայությունների համար)։»․

15) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61.1-ին կետով.

«61.1․Կիրառվում են ԻԿԱՕ-ին տրամադրվող երկու տեսակի ծանուցումներ՝

1) անօրինական միջամտության գործողության վերաբերյալ նախնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին 30 օրվա ընթացքում.

2) անօրինական միջամտության գործողության վերաբերյալ վերջնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին հետաքննության ավարտից հետո (հնարավորության դեպքում 60 օրվա ընթացքում): Վերջնական ծանուցումները կարող են ուղարկվել նաև՝

ա. այն պետությանը, որն սկսել է հետաքննությունը, բայց փոխանցել է հետաքննության անցկացման պատասխանատվությունն այլ պետության,

բ. օդանավի գրանցման պետությանը,

գ. օդանավ շահագործողի պետությանը,

դ. այն պետություններին, որոնց քաղաքացիները զոհվել են կամ ստացել են մարմնական վնասվածքներ կամ ձերբակալված են անօրինական միջամտության գործողության արդյունքում,

ե. այն պետությանը, որը տրամադրել է միջադեպի կապակցությամբ զգալի նյութական և տեխնիկական աջակցություն։».

16) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«79. Օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը՝ կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրերի տրամադրումը՝ լիազոր մարմնի միջոցով իրականացնում են ստացված հայտում նշված անձանց նախապատմության տվյալների ստուգումներ՝

1) անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, ընդ որում՝ նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ անգամ և համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ.

2) օդանավակայանի հատուկ վերահսկելի կամ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի կորստի դեպքում անցագիրը կորցրած անձը (աշխատող, տրանսպորտային միջոցի վարորդ, ուղեկցվող այցելու) անհապաղ անցագրի կորստի մասին պետք է հայտնի իր ղեկավարությանը, որն էլ իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի օդանավակայանի տնօրինությանը.

3) անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին՝ կորած անցագրերի առգրավման, ինչպես նաև տվյալ անցագրերը ներկայացնող անձանց մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելելու և այդ անձանց ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ իրավապահ մարմիններին հանձնելու համար.

4) անցագրի կորստի դեպքերում նոր անցագրերի տրամադրման կամ անցագրերի մերժման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

17) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով․

«80.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների ստորաբաժանումների աշխատողներին օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների անցագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով, իսկ այդ ստորաբաժանումների անցագիր ստացող աշխատակիցների նախապատմության նախնական և պարբերական ստուգումներն իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից և նախապատմության ստուգումների արդյունքները պահվում են այդ մարմինների համապատասխան ստորաբաժանումներում։»․

18) 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«83. Թռիչքների իրականացման նպատակով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից կանոնավոր և չարտերային օդանավերով թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից թույլատրվում է օդանավակայանների ուղևորային համալիրների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի հսկիչ անցագրային կետերում՝ օդանավի անձնակազմի անդամի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո, իսկ նրանք թույլատրվում են թռիչքի սահմանային վերահսկողության ծառայության կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո։ Նույն կարգով է իրականացվում նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ։»․

19) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 83.1-ին և 83.2-րդ կետերով․

«83.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ՝ թույլատրվում է օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագիր), մասնավոր օդաչուի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո, իսկ օտարերկրյա գրանցում և մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ թույլատրվում է մասնավոր օդաչուի օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD), վավեր անձնագրի հիման վրա։

83.2. Փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում՝ կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում օդանավերի/ուղղաթիռների անձնակազմերի անդամների, այդ թվում՝ մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների թռիչք-վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ/ուղղաթիռ թույլատրվում է օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագիր), մասնավոր օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD) և վավեր անձնագրի ստուգումից հետո։»․

20) 85.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու կազմակերպությունների բոլոր աշխատողները և օդանավակայանների հատուկ վերահսկելի ու վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի ստացման համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ՝

1) լիազոր մարմինը՝ հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատկությունները և հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունների կատարման պայմաններից ելնելով, հասանելի են դառնում քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքային համակարգերի գործունեության բնույթը և կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների առանձնահատկությունները, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման վերաբերյալ այնպիսի սահմանափակ տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների իրականացման համար, պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի ստացման համար դիմած անձանց նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ, մինչև նրանց օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագիր տրամադրելը, ինչպես նաև իրականացվեն պարբերական ստուգումներ՝ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում.

2) նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով, նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ իրավունք է ստանում իրականացնել ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ.

3) այն անձինք, որոնք նախապատմության ստուգման համաձայնություն չեն տալիս կամ նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանում ազգային ծրագրով սահմանված պահանջներին՝ անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից և նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր.

4) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մեկանգամյա ուղեկցվող այցելուի և մեկանգամյա չուղեկցվող այցելուների անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով.

5) ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կազմակերպությունները, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրի ստացման համար օդանավակայանի տնօրինությանը հայտով դիմած կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով իրենց հայտին կից պետք է ներկայացնեն նաև հայտում նշված անձանց, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում և օդանավ շահագործող ընկերություններում աշխատանքի ընդունված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը՝ անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առկայության կամ բացակայության մասին (առնվազն՝ մարիխուանա, հերոին, մեթամֆետամին տեսակների համար).

6) հայտում նշված անձի կամ անձանց մոտ սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի որևէ մեկի առկայության մասին բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացության դեպքում՝ անցագիր չի տրամադրվում և նման անձինք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործառույթներ չեն կարող իրականացնել, իսկ տրամադրված անցագրերն անհապաղ հետ են վերցվում.

7) հայտին կից պետք է ներկայացվի նաև անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը.

8) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք՝

ա. ունեն շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով,

բ. տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր,

գ. հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար,

դ. որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը կամ վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքի հետ.

9) լիազոր մարմինը պետք է ապահովի նաև այն անձանց նախապատմության ստուգման աշխատանքների իրականացումը, որոնք ելնելով իրենց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից՝ հասանելիություն ունեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը։ Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին, նրանց ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք չի տրվում.

10) քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ պետք է տեղեկացնեն լիազոր մարմնին։».

21) 85.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հետևյալ հոդվածներով` 133-135, 137, 139, 142, 146-147, 149, 151-168 , 170-173, 177-179, 182-192, 194-195, 198-201, 203-204, 206-207, 218-220, 224, 238-239, 242, 252-259, 261, 264, 267-270, 272-273, 275, 279-285, 287-300, 307-308, 310, 314-327, 329, 331-341, 346-347, 349, 359-363, 365, 393-409, 412-416, 418-425, 427, 430-437,439-450, 452-457, 459-462, 469-474, 476-482, 486, 489, 492, 494-496, 499-500, 503-534, 536, 539, 540-550, եթե այդ անձանց դատվածությունները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել:».

22) 85.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

23) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ՝ թռիչքից առաջ կատարվում է օդանավի նախաթռիչքային զննում (այսուհետ՝ օդանավի արտաքին և ներքին ստուգում/զննում անվտանգության նպատակով կամ օդանավի ստուգում/զննում), նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության գործողության իրականացման համար՝

1) անվտանգության նպատակով օդանավերի նախաթռիչքային ստուգումը/զննումն իրականացվում է տվյալ օդանավի անձնակազմի կողմից:».

24) 92.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը մինչև թռիչքին անցնելը պետք է ենթարկվեն նախաթռիչքային ստուգման անվտանգության նպատակով՝ տվյալ օդանավի անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում՝ օդանավի հրամանատարի որոշմամբ օդանավի արտաքին և ներքին լիակատար և մանրակրկիտ զննման (այսուհետ՝ օդանավի զննում անվտանգության նպատակով կամ օդանավի զննում) աշխատանքները կարող են իրականացվել օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից հաստատված կանոնների համաձայն՝

1) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերի անվտանգության նպատակով ստուգումն իրականացվում է տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից, որի վերաբերյալ գրառում է կատարվում օդանավի մատյանում: Անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա օդանավի հրամանատարի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից կարող են իրականացվել օդանավի զննման աշխատանքներ։ Զննման ավարտից հետո կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված N 10 ձևի «Օդանավի զննման» արձանագրություն երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է օդանավի անձնակազմին, երկրորդը՝ օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչին, երրորդ օրինակը՝ ավիացիոն անվտանգության ծառայությանը։ Արձանագրությունները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամվա ընթացքում կամ տվյալ ուղղությամբ օդանավի թռիչքի ամբողջ տևողության ընթացքում, եթե այն գերազանցում է 24 ժամը։».

25) 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ, 101-րդ և 102-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«97. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա աերոնավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանության իրականացման կարգը և պայմանները պետք է մանրամասն նկարագրվեն աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում և հաստատվեն լիազոր մարմնի կողմից։

98. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո:

99. Աերոնավիգացիոն օբյեկտների պահպանությունը պետք է իրականացվի աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծառայության կողմից՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններ մուտք գործող անձանց զննման, իսկ աերոնավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտները՝ ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերի կիրառման միջոցով։

100․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պահպանության են ենթակա հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները՝

1) օդային երթևեկության կառավարման համակարգը.

2) «Երևան» օդային երթևեկության կառավարման կենտրոնը.

3) «Երևան» աերոդրոմային կարգավարական կետը.

4) կուրսային ռադիոփարոսը.

5) գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները.

6) քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենքը։

101. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս, այդ թվում՝ «Շիրակ» օդանավակայանի տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերության ուժերով՝ ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային համակարգերի և տեսահսկման համակարգերի միջոցով՝

1) պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտներն են՝

ա. «ՄՌ-11ԱԱ» մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը,

բ. «Անդրանիկ» վերահաղորդիչ կայանը,

գ. «Ոսկեհատ» վերահաղորդիչ կայանը,

դ. «Մռավյան» վերահաղորդիչ կայանը։

102. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո գտնվում են հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները՝

1) մոտակա առբերող (DVOR/DME) նավիգացիոն համակարգը.

2) «Գյումրի» աերոդրոմային կարգավարական կետը.

3) կուրսային ռադիոփարոսը.

4) գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները։».

26) 102.1-ին կետի 1-ին ենթակետում «բացառությամբ» բառը փոխարինել «այդ թվում» բառերով.

27) 102.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում՝ կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք/վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում դրանց սեփականատերերի կամ կառավարիչների կողմից ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ՝ կազմակերպվի տարածքի պահպանություն, պարսպապատում, տեսահսկում, պարեկում, անցագրային վերահսկողության համակարգի ներդրում և մուտքն արգելող նշանների տեղադրում».

28) 102.1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) փոքր ավիացիայի օդանավերով, այդ թվում՝ մասնավոր օդանավերով կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներից, թռիչք/վայրէջքի հարթակներից և ուղղաթիռային հարթակներից թռիչքների իրականացման դեպքերում՝ օդանավի/ուղղաթիռի նախաթռիչքային զննման և այդ օդանավերով փոխադրվող ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների սեփականատերերի կամ կառավարիչների ուժերով և միջոցներով, իսկ զննման տեխնիկական միջոցների և զննման մասնագետների բացակայության դեպքում՝ օդանավի/ուղղաթիռի, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) նախաթռիչքային զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են անմիջապես օդանավի/ուղղաթիռի հրամանատարի կողմից կամ նրա որոշմամբ՝ օդանավի անձնակազմի անդամի կողմից, իսկ զննման արդյունքների մասին տվյալները մինչև օդանավի/ուղղաթիռի թռիչքը՝ լրացվում են օդանավի/ուղղաթիռի գրանցամատյանում և զննման թերթիկում։ Զննման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռադաշտերի վերգետնյա սպասարկում իրականացնող աշխատողին, իսկ երկրորդ օրինակը մնում է օդանավի/ուղղաթիռի հրամանատարի մոտ՝

ա. փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, այդ թվում՝ ուղղաթիռների և մասնավոր օդանավերի օդաչուները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23․01․2025 թ․ N 04-Ն հրամանով սահմանված կարգով պետք է անցնեն ուսուցում զննման ընթացակարգերին տիրապետման մասով և սերտիֆիկացվեն լիազոր մարմնի կողմից»․

29) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 102.16-րդ, 102.17-րդ, 102.18-րդ, 102.19-րդ և 102.20-րդ կետերով.

«102.16. Ավիացիոն անվտանգության մշակույթը՝ ավիացիոն անվտանգության հետ կապված նորմերի, արժեքների, համոզմունքների և մոտեցումների շարք է, որը բնորոշ է քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ամենօրյա գործունեությանը և դրսևորվում է նրանց անձնակազմի անդամների գործողություններում և վարքագծում:

102.17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության մշակույթի ներդրման նպատակն է ամրապնդել ավիացիոն անվտանգությունը, բարելավել քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության արդյունավետությունն ու ապահովել ռիսկերի նվազեցումը։

102.18. Ավիացիոն անվտանգության մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում հետևյալ գործոնները, որոնք պետք է ապահովվեն կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեության ընթացքում՝

1) ավիացիոն անվտանգության գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերի առնչությամբ բոլոր աշխատակիցների իրազեկվածությունն ու զգոնությունը, ինչպես նաև տեղեկացվածությունը՝ այդ ռիսկերի հայտնաբերման, վերացման և նվազեցման գործընթացում նրանց հատկացված դերի, ավիացիոն անվտանգության միջոցառումներին աջակցության և դրանց խթանման հարցերում.

2) աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտի նորմերին, ընթացակարգերին և արձագանքման մեխանիզմներին (օրինակ՝ ում զանգահարել, եթե կասկածելի գործունեություն է տեղի ունենում), նրանց կանոնավոր մասնակցությունը գործընկերների և աշխատակիցների հետ ավիացիոն անվտանգության հարցերի քննարկումներին.

3) ավիացիոն անվտանգության միջոցառումների շարունակական ապահովման նկատմամբ վերահսկողության սահմանումը, նույնիսկ արտակարգ իրավիճակների պայմաններում.

4) անվտանգության միջադեպերի դեպքում աշխատակիցների կողմից պատասխանատվություն ստանձնելու, իրավիճակի զարգացումը կանխատեսելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը խրախուսելը.

5) ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջադեպերի կամ այլ կասկածելի գործողությունների մասին աշխատակիցների կողմից անմիջապես զեկուցելը.

6) ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ընթացակարգի պահպանումն աշխատակիցների կողմից.

7) ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի ժամանակին վերլուծումն ու հաշվետվությունների կազմումը, անհրաժեշտության դեպքում ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը.

8) ավիացիոն անվտանգության սպառնալիքների առաջացման դեպքերում սահմանված կարգով համապատասխան միջամտությունը և պատասխան գործողությունները.

9) անձնակազմի ուսուցումը և կարողությունների զարգացումն ավիացիոն անվտանգության ոլորտում՝ հիմնվելով կարիքների գնահատման արդյունքների վրա։

102.19. Ավիացիոն անվտանգության գծով գործառույթներ իրականացնող բոլոր կազմակերպությունները, ներառյալ նրանք, որոնց հիմնական գործունեությունն անմիջականորեն կապված չէ ավիացիոն անվտանգության ապահովման հետ, պետք է՝

1) սահմանեն ավիացիոն անվտանգության համակարգի ընդունելի չափորոշիչները որպես կազմակերպության հիմնական նպատակներից մեկը.

2) ավիացիոն անվտանգության մշակույթի հայեցակարգը ներառեն կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում՝ այն դարձնելով ընկերության ավիացիոն անվտանգության անբաժանելի մասը.

3) կազմակերպության գործունեության և ամենօրյա աշխատանքներում հաշվի առնեն անվտանգության մշակույթի հետ կապված խնդիրները:

102.20. Լիազոր մարմինը պետք է ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներում ներառի նաև քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության մշակույթին վերաբերող միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը և դրանց արդյունավետության գնահատումը։».

30) 114-րդ կետի «է» ենթակետում «Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են լիազոր մարմնի կողմից։» բառերը փոխարինել «Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից» բառերով.

31) 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից:».

32) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«126․ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով օդանավակայաններում պետք է ներդրվեն և շահագործվեն ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, ընդ որում, այդ գործընթացում պետք է առավելությունը տրվի ավիացիոն անվտանգության նորագույն տեխնիկական սարքավորումների ներդրմանն ու շահագործմանը: Կարող են ներդրվել և կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր` կախված օդանավակայանների փոխադրումների ծավալներից, շահագործումների պայմաններից և լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի վերլուծության արդյունքներից: Ուղեբեռների միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում՝ ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:».

33) 131-րդ կետի 5-րդ ենթակետում «Ընդ որում» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«, օդանավակայաններում տեսահսկման սարքավորումներով դիտարկման գործընթացներ կարող են իրականացնել օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։».

34) 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձինք, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է օդանավակայանի կադրերի և ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներում անցնեն հարցազրույցի փուլ՝ նրանց մտքի ճկունությունը, կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև հանձնեն ստուգարք ֆիզիկական վարժություններից։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու համար դիմած անձինք, մինչև աշխատանքի ընդունումը պետք է մասնագիտացված ավիացիոն բժշկական հաստատություններում անցնեն նաև նախնական բժշկական զննում, իսկ աշխատանքի ընդունումից հետո, առնվազն տարեկան մեկ անգամ պարբերաբար բժշկական զննում՝ սույն ծրագրի 132.2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման նպատակով:».

35) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 133.1-ին կետով.

«133.1. Օդանավակայանի տնօրինությունը պարբերական բժշկական զննությունը կազմակերպում է՝ հաշվի առնելով կազմակերպությունում սահմանված աշխատակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև կազմակերպել օդանավակայանի աշխատողների արտահերթ բժշկական զննում՝ բժշկական զննման համար ներկայացվող ուղեգրում նշվելով արտահերթ զննության ուղարկման հիմնավոր պատճառները:».

36) 135.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«135.1. Սույն ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերին և ընթացակարգերին տիրապետման նպատակով՝ քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2025 թ. N 04-Ն հրամանով սահմանված կարգով պետք է կազմակերպվեն ու անցկացվեն ավիացիոն անվտանգության մասով աշխատողների սկզբնական և հերթական ուսումնական դասընթացներ՝

1) սկզբնական և հերթական ուսուցման դասընթացները պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2025 թ. N 04-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրում» ներառված բոլոր կազմակերպությունների` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունների, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, ուղևորների սպասարկումներ և բեռների սպասարկումներ, բորտ սննդի մատակարարումներ, վերգետնյա սպասարկումներ, բեռների սպասարկումներ՝ ներառյալ բեռնային գործակալների, հայտնի առաքողների և հայտնի մատակարարների, անմաքս առևտրի խանութների և դրանց համար ապրանքներ մատակարարող կազմակերպությունների աշխատակիցները, օդանավակայանում և օդանավերում մաքրման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանի ընդհանուր օգտագործման սրահներում գործող սրճարանների, բանկերի, խանութների, առևտրի կետերի, ավտոկայանատեղիների աշխատողները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների (լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախարարության ստորաբաժանումների աշխատողները։».

37) 135.3-րդ, 135.4-րդ և 135.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«135.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների մուտքերի պահպանության ստորաբաժանումերի աշխատողների սկզբնական ուսուցումները պետք է անցկացվեն աշխատանքի վայրում՝ 36 ժամ տևողությամբ, ընդ որում, դասավանդումը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ՝ ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով։ Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական ուսումնական դասընթացից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ 12 ժամ տևողությամբ։

135.4. Օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցները պետք է անցնեն սկզբնական և հերթական ուսուցում, որպեսզի պահպանեն սկզբնական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեն ավիացիոն անվտանգության միջոցառումների զարգացմանը զուգընթաց նոր կարևոր գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Հերթական ուսուցման հաճախականությունը պետք է լինի յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ 12 ժամ տևողությամբ, որից հետո տեղում պետք է հանձնեն թեստ՝ նոր ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:

135.5. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող օպերատորների սկզբնական ուսուցման դասընթացը պետք է ունենա 52 ժամ տևողություն, որից 12 ժամը պայթուցիկ հետքեր հայտնաբերող սարքավորումների մասով և 25 ժամ գործնական ուսուցում զննման ռենտգենյան սարքերով։ Ուսուցումը պետք է բաղկացած լինի լսարանային ժամերից, համակարգչային ուսուցման ժամերից և իրական զննման սարքավորումների վրա պարապմունքների համատեղությունից։ Ուսուցման գործընթացը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ՝ ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով։

Սկզբնական ուսուցման ավարտից հետո զննման օպերատորները պետք է աշխատանքի վայրում անցնեն փորձաշրջան՝ երեք ամիս ժամկետով, ավիացիոն անվտանգության ծառայության փորձառու աշխատակցի հսկողության պայմաններում, որից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սահմանած կարգով՝ լիազոր մարմնի կողմից պետք է կազմակերպվի և անցկացվի զննող օպերատորների սերտիֆիկացում և սերտիֆիկացման դրական արդյունքների դեպքում իրավունք կստանան ինքնուրույն իրականացնել զննող օպերատորի գործառույթներ։

Զննման օպերատորները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է անցնեն 12 ժամ տևողությամբ հերթական ուսուցում, որից հետո կրկին լիազոր մարմնի կողմից պետք է սերտիֆիկացվեն։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածի 102.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ մինչև 5700 կգ քաշ ունեցող օդանավ շահագործողներն ավիացիոն անվտանգության ծրագրերը մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

3. Ազգային ծրագրի 85.1-ին կետում նշված՝ օդանավակայանների հատուկ վերահսկելի ու վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագիր ստացած անձինք, ինչպես նաև օդանավի անձնակազմի անդամի վկայական և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականներ ստացած անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում պետք է լիազոր մարմին ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ և 52-րդ կետերում նշված և լաբորատոր-ախտորոշիչ` թունաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքը՝ անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի (մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն) առկայության կամ բացակայության մասին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան