Basic information
Number
N 96
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-22.07.1992)
Source
ՀՀԿՈ 1992/2-3, փետրվար, մարտ 1992 Հոդ. 16
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.02.1992
Signing organisation
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
10.02.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՉՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունից արտադրանքների (ապրանքների) չվերահսկվող դուրսբերումը կանխելու և ներքին շուկայի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել հանրապետության տարածքում գտնվող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, հանրապետության տարածքից անկախ երկրների համագործակցության պետություններ և Վրաստան արտադրանքների (ապրանքների) դուրսբերման հետևյալ կարգը`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և միջպետական համաձայնագրերով առաքվող արտադրանքները (ապրանքները) դուրս են բերվում միայն հաստատված քվոտաների սահմաններում, համապատասխան կազմակերպության կողմից արված միանգամվա լիցենզիայի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված միջպետական պայմանագրերով առաքվող արտադրանքների (ապրանքների) անվանացանկի համաձայն.

բ) նույն անվանացանկում ընդգրկված, սակայն հաստատված քվոտաներից ավելի արտադրանքները (ապրանքները) դուրս են բերվում միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լրացուցիչ քվոտաների կամ լիցենզիաների առկայության դեպքում.

գ) նշված անվանացանկից դուրս արտադրանքների (ապրանքների) դուրսբերումը կատարվում է առանց լիցենզիաների.

դ) պարենային ապրանքների, դեղորայքի և տեղական շինանյութերի, թանկարժեք մետաղների դուրսբերումը (եթե դա չի նախատեսված միջպետական համաձայնագրերով) կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ:

Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 27-ի «Հանրապետությունից ժողովրդական սպառման ապրանքների արտահանումը կարգավորելու մասին» N 491 որոշման 1-ին կետը:

2. Միջպետական համաձայնագրերով արտադրանքների (ապրանքների) քվոտավորումը և լիցենզավորումը կատարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի N 7 որոշմամբ սահմանված կարգով և այդ որոշման համաձայն հաստատված լիցենզիաների միասնական ձևերով:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության երկաթգծի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ու տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու համար անհապաղ կազմակերպել մաքսային ծառայության կետեր` երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ավտոմոբիլային մայրուղիներում և հանրապետությունից դուրս եկող այլ ճանապարհներում.

բ) մշակել և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել քաղաքացիների կողմից հանրապետությունից դուրս տարվող առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենային և այլ ապրանքների արտահանման թույլատրելի նորմաները.

գ) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ մշակել և մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել հարևան պետությունների սահմաններում մաքսային զննման կետերի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերը և աշխատանքի ծավալները:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` համապատասխան աշխատանքների իրականացումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և բյուջեում:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` մաքսային վարչության և սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված գերատեսչությունների հետ համատեղ նախապատրաստել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մաքսային զննման կետերի շինարարության համար հողհատկացումների մասին:

5. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` ցուցաբերել համակողմանի աջակցություն համապատասխան մաքսային կետերի կազմակերպման, ինչպես նաև նրանց աշխատողների համար աշխատանքային նորմալ պայմանների ստեղծման գործում:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) աջակցել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը լիցենզավորման ենթակա ապրանքների դուրսբերման վերահսկողության աշխատանքները կատարելիս.

բ) ապահովել մաքսային զննման կետերում հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը և ավտոմոբիլային տրանսպորտի կանոնավոր երթևեկությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

10 փետրվարի 1992 թ. N 96

քաղ. Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
22.07.1992, N 410 22.07.1992, N 96
Changed acts
Changing Act Corresponding incorporation