Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1117-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3 րդ կետով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, 6.1-ին հոդվածի 2-րդ մասով և 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 10.07.25 N 934-Ն)

1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 478-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

      

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1117-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված իմաստը:

3. Սույն կարգով գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, բացառությամբ օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների։

5. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար ներկայացվում է հայտ՝ թղթային (առձեռն կամ փոստային առաքմամբ) կամ էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով սույն կարգով սահմանված փաստաթղթերը։

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդները գրանցվում են ընդհանուր ընթացակարգով։ Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը։

7. Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են՝

ա. օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ.

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են՝

ա. օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ և 9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքի, որի համար գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկությունը չի պահանջվում։

8. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր ընթացակարգով։ Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների, որոնց գրանցման համար ներկայացվում են օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը։

9. Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են՝

ա. օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների, որոնց գրանցման համար ներկայացվում են օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ.

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են՝

ա. օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ պարզեցված ընթացակարգով գրանցվող՝ Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում արտադրված ագրոքիմիկատների, որոնց համար նշված տեղեկությունը չի պահանջվում։

10. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման դեպքերն են՝

1) եթե պեստիցիդը գրանցված է Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում կամ Կանադայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում կամ Իսրայելի Պետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ղազախստանի Հանրապետությունում.

2) եթե ագրոքիմիկատը գրանցված կամ արտադրված է (արտադրական տարածքի երկիրը) Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում կամ Կանադայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կամ Հնդկաստանի Հանրապետությունում կամ Իսրայելի Պետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ղազախստանի Հանրապետությունում.

3) եթե ֆերոմոնները, բույսերի աճի կարգավորիչները և կենսաբանական ծագման պեստիցիդներն արտադրված են (արտադրական տարածքի երկիրը) Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում կամ Կանադայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում կամ Իսրայելի Պետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ղազախստանի Հանրապետությունում կամ Կորեայի Հանրապետությունում կամ Հնդկաստանի Հանրապետությունում։

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերից բացի մյուս բոլոր դեպքերում կիրառվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների ընդհանուր ընթացակարգով գրանցումը։

12. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հայտը ստանալուց հետո լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտը և հայտին կից փաստաթղթերը։ Հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին գրավոր առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները և կրկին ներկայացնել հայտի շտկված փաթեթը։ Այս դեպքում սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:

14. Լիազոր մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ընդունում է որոշում՝ տվյալ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին, իսկ գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման փաթեթը, այդ թվում՝ պեստիցիդի ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը վերադարձնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը։

15. Պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուին տեղեկացնելուց հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրում է սույն կարգի համապատասխանաբար N 1 ձևով հաստատված պեստիցիդի գրանցման կամ N 2 ձևով հաստատված ագրոքիմիկատի գրանցման վկայական:

16. Լիազոր մարմինը պեստիցիդի գրանցումը մերժում է, եթե՝

1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.

2) հայտատուն սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները.

3) պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցվող պեստիցիդների։

17. Լիազոր մարմինը ագրոքիմիկատի գրանցումը մերժում է, եթե`

1) ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.

2) հայտատուն սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:

18. Լիազոր մարմնի` պեստիցիդների կամ ագրոքիմիկատների գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

19. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել.

2) պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը և դրանց տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել:

20. Պեստիցիդների վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին պեստիցիդն արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների։

21. Պեստիցիդների վերագրանցման համար ներկայացվում է հայտ՝ թղթային (առձեռն կամ փոստային առաքմամբ) կամ էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, կցելով՝

1) օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը.

2) տեղեկություն արտադրող երկրում պեստիցիդի գրանցված լինելու վերաբերյալ։

22. Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել.

2) ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը և դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել։

23. Ագրոքիմիկատների վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին ագրոքիմիկատն արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների։

24. Ագրոքիմիկատների վերագրանցման համար ներկայացվում է հայտ՝ թղթային (առձեռն կամ փոստային առաքմամբ) կամ էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով՝

1) օրենքի 6.1-ին հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը.

2) տեղեկություն արտադրող երկրում ագրոքիմիկատի գրանցված լինելու վերաբերյալ։

25. Վերագրանցման հայտն ուսումնասիրվում, շտկվում, հաստատվում կամ հետ է վերադարձվում՝ պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների դեպքում՝ պարզեցված ընթացակարգով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան։

26. Պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումը մերժվում է, եթե՝

1) փոփոխվել է պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը և դրանց տոկոսային հարաբերությունը կամ ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը և դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը.

2) պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի.

3) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի վերագրանցման հայտը ներկայացվել է սույն կարգի համապատասխանաբար 19-րդ կետի 1-ին ենթակետով և 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի խախտումով։

27. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե՝

1) լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանիության ժամկետի ավարտը.

2) գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.

3) պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից և ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.

4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ սույն կարգի 28-րդ և 29-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան.

5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումն անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր։

28. Կեղծ տեղեկությունը լիազոր մարմինը հայտնաբերում է պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլերում՝ պետական վերահսկողության շրջանակներում լիազոր մարմնի կողմից իրականացված գործունեության, շրջակա միջավայրի և առողջապահության ոլորտներում այլ կառույցների կողմից անկախ վերլուծությունների ընթացքում ստացված տեղեկությունների, ինչպես նաև սպառողների կողմից լիազոր մարմին ներկայացված հստակ խնդիրների արձանագրման դեպքերում։

29. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված դեպքերում լիազոր մարմինը կատարում է նմուշների լաբորատոր փորձարկումներ, որոնց հիման վրա եթե հայտնաբերվում են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի կեղծ ներկայացված ակտիվ բաղադրիչներ կամ սննդատարրեր, կամ պեստիցիդի և ագրոքիմիկատի սխալ պարունակությամբ բաղադրիչներ, որոնք չեն համընկնում տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամանակ ներկայացված տեղեկության հետ, ապա լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով արձանագրվում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի համապատասխան տեղեկությունների կեղծ լինելը, և սույն կարգի 30-րդ կետով սահմանված դրույթին համապատասխան տվյալ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը հանվում է գրանցումից։

30. Լիազոր մարմինը սույն կարգի 27-րդ կետով սահմանված հիմքերից մեկի առկայության դեպքում, հիմքի առաջացման պահից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ընդունվող իրավական ակտով կայացնում է պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցումից հանելու մասին որոշում, որից հետո այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պատշաճորեն տեղեկացնում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման վկայական ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը։

31. Արգելվում է սույն կարգի 27-րդ կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված դեպքերի հիման վրա գրանցումից հանված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, դրանց նկատմամբ լիազոր մարմինը պետական վերահսկողության շրջանակներում կիրառում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված սահմանափակումներ։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N______________

 

Սույն վկայագիրը տրվում է _______________________________________________________________

(արտադրողի անվանումը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի

ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը,

 ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը)

 

____________________________________________________________ -ին

 

Գրանցման ներկայացնողը_________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

 

______ _________________ 20__ թ. N_____________հրամանի

 

________________________________________________________________________________________

(պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը

 միավոր ծավալում, պատրաստուկային ձևը)

 

պեստիցիդը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:

 

 

________________ _____ 20 թ.

   վկայական տալու ամսաթիվը

 

________________ _____ 20 թ.

      ուժի մեջ է մինչև

 

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի ղեկավար

________________________

        (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

(կնիքը դրվում է վկայականը թղթային եղանակով տրամադրելու դեպքում)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N _______________

 

Սույն վկայագիրը տրվում է _______________________________________________________________

(արտադրողի անվանումը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի

 ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի

ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը)

 

____________________________________________________________________________________ -ին

 

Գրանցման ներկայացնողը ________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,

 գտնվելու վայրը, հասցեն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

 

______ ______________ 20__ թ. N________ հրամանի

 

________________________________________________________________________________________

(ագրոքիմիկատի առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը

 կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձևը)

 

ագրոքիմիկատը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:

 

_______________________ 20__թ.

   վկայական տալու ամսաթիվը

 

_______________________ 20__թ.

      ուժի մեջ է մինչև

 

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի ղեկավար

________________________

          (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

(կնիքը դրվում է վկայականը թղթային եղանակով տրամադրելու դեպքում):

(հավելվածը խմբ. 10.07.25 N 934-Ն)

            

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

             

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2025, N 934-Ն 11.07.2025, N 1117-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան