Basic information
Number
N 926-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է 10.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.07.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
10.07.2025
Effective date
11.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2025 թվականի N 926-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1264-Լ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին, 1․2-րդ և 1․3-րդ կետերով`

«1․1․ Թույլատրել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին (այսուհետ՝ շահառու), որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն չեն օգտվել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ կարգ) շրջանակում տրամադրված օժանդակությունից, ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում:

1․2․ Սահմանել, որ սույն որոշման 1․1-ին կետում նշված` պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է կարգով սահմանված ընթացակարգով՝ կարգի դրույթներին և պայմաններին համապատասխան։

1․3․ Սույն որոշման 1․1-ին կետում նշված փոխհատուցման տրամադրման համար շահառուները մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում՝ անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր։ Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու։ Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։ Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի ենթակետերին համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը (հստակ նշելով շահառուների համապատասխանությունը կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետին), որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ։ Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ։ Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում՝ վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ