Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-105-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.631
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չօտարված մասի օտարում հետևյալ դեպքերում՝

1) գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը՝ անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից.

2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է:

Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Սեփականության չօտարվող մասն օտարելու պահանջի քննարկման կարգը

 

1. Եթե սեփականատերը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարվող մասը ևս օտարելու վերաբերյալ, ապա ձեռք բերողը պարտավոր է նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, սեփականատիրոջը ներկայացնել իր դիրքորոշումը։

2. Ձեռք բերողի կողմից սեփականության չօտարվող մասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասը օտարելուն պարտադրելու պահանջով դիմելու դատարան՝ ձեռք բերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարան ներկայացված հայցը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի այն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում։»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «ա» կետը «փոխհատուցմամբ» բառից հետո լրացնել «, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում» բառերով.

2) 2-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը և դատարանի սահմանած փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին առկա է, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի տված տեղեկանքը։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումը ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սեփականության չօտարված մասին առնչվող վեճերով սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասն օտարելուն պարտադրելու պահանջով դիմելու դատարան՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 19

Երևան

ՀՕ-105-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան