Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.08.1992
Ստորագրման ամսաթիվ
20.08.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը և ՈՒզբեկստանի Հանրապետության ավտոտրանսպորտի նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով միջազգային պրակտիկայով և երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցության հետագա զարգացման ձգտումով, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

 

ՀՈԴՎԱԾ 1. Սույն Համաձայնագիրը սահմանում է երկու պետությունների միջև և դրանց տարածքներով տարանցմամբ ուղևորների և բեռների փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների (ավտոբուսների, կցորդներով և կիսակցորդներով կամ առանց դրանց բեռնատար ավտոմեքենաներ) երթևեկության, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման և գործողության հետ կապված գործունեության փոխադարձաբար համակարգման պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կապահովի պայմաններ իր պետության տարածքով մյուս Պայմանավորվող կողմի ավտոտրանսպորտային միջոցների անարգել երթևեկության համար, այդ թվում` դեպի երրորդ երկրներ տարանցմամբ:

 

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն Համաձայնագրի հիման վրա փոխադրումներ կատարելիս Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողները, գտնվելով, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և ՈՒզբեկստանի Հանրապետության տարածքներում, պարտավոր են պահպանել այնտեղ գործող երթևեկության կանոնները, ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող օրենքները և այլ նորմատիվները:

 

ՀՈԴՎԱԾ 4.

1. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին պահպանել ստորագրման պահին գործող` ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգող կանոնները, հրահանգները, դրույթները, ցուցումները, ստանդարտները և տեխնիկական պայմանները:

2. Փոփոխությունները, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի շահերը շոշափող նոր նորմատիվ փաստաթղթերի հաստատումը նրանց միջև կատարվում է փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. Պայմանավորվող կողմերը իրենց պետությունների տարածքում կապահովեն հավասար պայմաններ տրանսպորտային և տրանսպորտային-էքսպեդիցիոն ձեռնարկությունների համար, անկախ դրանց սեփականության ձևից և սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերին պատկանելությունից, տրանսպորտային և տրանսպորտային-էքսպեդիցիոն ծառայությունների վաճառքի ոլորտում, ինչպես նաև կաջակցեն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, այդ թվում` բաժնետիրական հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Պայմանավորվող կողմերը փոխադարձության հիմունքներով կհամակարգեն աշխատանքը հետևյալ ոլորտներում.

- ավտոմոբիլային տրանսպորտում գիտատեխնիկական քաղաքականություն,

- ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, ստանդարտների և նորմերի նախագծերի մշակում,

- շարժակազմին տեխնիկական օգնություն ցուցաբերելու, ավտոմեքենաները վառելիքաքսայուղային նյութերով լիցքավորելու համար պայմանների ստեղծում,

- վթարների դեպքում օգնության ցուցաբերում:

 

ՀՈԴՎԱԾ 7.Պայմանավորվող կողմերի իրավասու իշխանությունները վթարների կամ դժբախտ պատահարների դեպքում մյուս Պայմանավորվող կողմի տրանսպորտային միջոցների կամ անձնակազմի անդամների հետ ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն, իսկ ծանր վթարների կամ դժբախտ պատահարների դեպքում` այդ մասին ծանուցում են մյուս Պայմանավորվող կողմին, որում գրանցված է տրանսպորտային միջոցը և տեղեկացնում են նրան քննության արդյունքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ճանաչում է Հայաստանի Հանրապետության և ՈՒզբեկստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված ավտոտրանսպորտային միջոցի վարման գրանցման փաստաթղթերը և համարանիշները:

 

ՀՈԴՎԱԾ 9. Պայմանավորվող կողմերը կպահպանեն տնտեսական կապերը և փոխհարաբերությունները տրանսպորտային միջոցների և դրանց պահեստամասերի պատրաստման, մատակարարման և նորոգման գծով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև 90 օրը լրանալը այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի օգոստոսի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուզբեկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի օգոստոսի 20-ից: