Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Երկու հարևան երկրների` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ապրանքների փոխադրման և ուղևորությունների ընդարձակման և ծավալման նպատակով 20.11.1370-ին համապատասխանաբար 9.12.1992-ին, Թեհրանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար պրն Հենրիկ Քոչինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների ու փոխադրության նախարար ճրտ Մոհամադ Սաիդի Քիայի միջև:
Խորհրդակցությունները կայացան բարեկամական և մտերմիկ մթնոլորտում: Խորհրդակցություններին մասնակցող անձնակազմի ցանկը կցված է սույն Համաձայնագրին:
Կողմերը, տարբեր հնարավորությունների շուրջ համաձայնության գալով, խորհրդակցեցին փոխադարձ համագործակցության հետևյալ խնդիրների կապակցությամբ.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Երկու երկրների միջև փոխադրումների ընդարձակման մտահոգությամբ Կողմերը համաձայնեցին առաջին իսկ հնարավորության դեպքում պայմաններ ստեղծել Մեղրիի հատվածում ճանապարհային կապերի հաստատման համար: Այս նպատակով համաձայնության եկան ուսումնասիրել Մեղրիի հատվածում ժամանակավոր կամուրջ կառուցելու ծրագիրը, որը կիրականանա սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
2. Հայկական կողմը իր պատրաստակամությունը հայտնեց ժամանակավոր կամրջի կառուցման հարցում նկատի առնել իրանական կողմի տեսակետները: Իրանական կողմից այս առաջարկը ընդունվեց և որոշվեց, որ կամրջի կառուցման նախագիծը առաջին իսկ հնարավորության դեպքում հայկական կողմի միջոցով կփոխանցվի իրանական կողմին:
3. Կողմերը համաձայնեցին, որ համագործակցություն կդրսևորեն Մեղրիի հատվածում ոչ ժամանակավոր կամրջի կառուցման շուրջ ուսումնասիրությունների և տեխնիկական նախագծերի կատարման խնդրում: Այս կապակցությամբ Կողմերը համաձայնության եկան, որ տեխնիկական խնդիրների շուրջ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս կարճ ժամկետում:
4. Կողմերը որոշում ընդունեցին առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել երկու երկրների միջև բեռնատարների և հանրակառքերի երթևեկության, ուղևորների և ապրանքների փոխադրումների մասին համաձայնագիր: Միաժամանակ Կողմերը համաձայնության եկան իրենց տարածքներով երրորդ կողմի տարանցիկ ուղևորությունների վերաբերյալ: Նաև որոշում ընդունվեց, որ Կողմերի փորձագետները առաջիկա երկու ամիսների ընթացքում մանրամասն կուսումնասիրեն հարևան երկրի ունեցած ճանապարհները:
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Օդային փոխադրումների հարցում համագործակցություն սկսելու և երկու երկրների միջև թռիչքների հաստատման նպատակով Կողմերը համաձայնեցին կնքել օդային փոխադրումների մասին մի համաձայնագիր, որում պահպանված կլինեն Կողմերի իրավունքները: Նաև համաձայնության եկան, որ կնքեն առևտրական պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության օդային հիմնարկների միջև: Այս նպատակով որոշում ընդունվեց առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդակցություններ անցկացնել Կողմերի փորձագետների միջև: Հայկական կողմը տեղեկացրեց, որ Երևանի օդանավակայանը ի վիճակի է ընդունելու միջազգային թռիչքներ:
2. Կողմերը որոշում ընդունեցին օդային փոխադրումների տարբեր բնագավառների փորձագետներ փոխանակել օդային ուղևորություններին և փոխադրումներին առնչվող տեխնիկական և ուսուցողական համագործակցության իրականացման նպատակով:
ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Կողմերը համաձայնեցին փոխադրումների երկուստեք համագործակցության հետապնդման նպատակով կազմել երկու երկրների միջև փոխադրումների մշտական կոմիտե, որը տարեկան իր համագումարները կանցկացնի Երևանում և Թեհրանում: Նույն կապակցությամբ որոշում ընդունվեց նաև, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում հիշյալ կոմիտեն իր անդրանիկ նիստը կգումարի Թեհրանում:
Սույն Համաձայնագիրը կազմվեց և ստորագրվեց 09.02.1992-ին, համապատասխանաբար 20.11.1370-ին, Թեհրանում, երկու օրինակով` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու բնագրերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 9-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|