Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.10.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.1992
Ստորագրման ամսաթիվ
22.10.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

կարևոր նշանակություն տալով հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու քաղաքացիների իրավունքների և ազատության հուսալի պաշտպանության ապահովմանը,

ընդգծելով, որ հանցագործությունների դեմ անկախ պետությունների պայքարի հիմքում ընկած են փոխըմբռնման, փոխշահավետության հարգման սկզբունքները,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի ներքին գործերի մարմինների միջև համագործակցության և փոխադարձ վստահության զարգացման և ամրապնդման ցանկությամբ,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, իրենց իրավասության շրջանակներում, հավասար պայմաններում, ապահովում են մեկը մյուսի քաղաքացիների և իրավաբանական անձանց ազատությունների, օրինական շահերի և ունեցվածքի պաշտպանությունը:

Կողմերը պարտավորվում են ապահովել ներքին գործերի մարմինների կողմից մեկը մյուսի քաղաքացիների և իրավաբանական դիմումների ու բողոքների ընդունումն ու քննարկումը այն հարցերով, որոնք մտնում են այդ մարմինների իրավասության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը, հենվելով իրենց պետություններում գործող օրենսդրության վրա, համագործակցությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում.

ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և ունեցվածքի նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,

բ) բանդիտիզմի, ահաբեկչության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի,

գ) զենքով ու զինամթերքով, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործողությունների դեմ պայքարի,

դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,

ե) կեղծ դրամանիշների, արժեթղթերի, փաստաթղթերի պատրաստման և իրացման դեմ պայքարի,

զ) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

է) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտ համարվում են մշակութային և պատմական արժեքները,

ը) հետաքննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և դատարանների հայցավճիռները կատարելուց հրաժարվող անձանց հետախուզման,

թ) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված ունեցվածքի, այդ թվում` ավտոտրանսպորտի հետախուզման,

ժ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,

ժա) ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

ժբ) տարերային և այլ աղետների, խոշոր վթարների և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումներ անցկացնելու գործում օգնելու,

ժգ) ճանապարհային երթևեկության և հակահրդեհային անվտանգության ապահովման,

ժդ) անձնագրային և թույլտվության համակարգի պահպանումը վերահսկելու,

ժե) պետական սահմանով մարդկանց, բեռների և արժեքների տեղափոխման վերահսկմանն օժանդակելու,

ժզ) գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման:

Կողմերը համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Այսուհետ, մինչ պետությունների կողմից փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը, Կողմերը, հիմնվելով առկա կենսափորձի, ազգային օրենսդրության, միջազգային իրավական նորմերի և փոխադարձ պայմանավորվածության վրա, պարտավորվում են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել օպերատիվ- հետախուզական և դատավարական գործողություններ անցկացնելու, հարցումները և հանձնարարությունները կատարելու, ինչպես նաև երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համագործակցությունը իրականացնում են հետևյալ ձևերով.

ա) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների և հանձնարարությունների կատարմամբ,

բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատվական և քրեափորձագիտական, ինչպես նաև արխիվային նյութերի վերաբերյալ տեղեկության փոխանակմամբ,

գ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացման օժանդակությամբ,

դ) օրենսդրական և նորմատիվ ակտերի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև փոխադարձաբար կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանն օժանդակություն ցույց տալով,

ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, հանդերձանքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,

զ) հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցմանն աջակցելով,

է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,

ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,

թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն օժանդակություն ցույց տալով:

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակելու և զարգացնելու համագործակցության փոխընդունելի այլ ձևեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, ղեկավարվելով ազգային օրենսդրությամբ, պարտավորվում են իրենց պետությունների իրավասու մարմինների միջոցով, համաձայն մյուս Կողմի հարցումների և հանձնարարությունների, միմյանց օժանդակել`

ա) քննությունից, դատից և պատիժը կրելուց խուսափողներին ձերբակալելու և անհրաժեշտության դեպքում կալանավորելու հարցերում,

բ) քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց նկատմամբ կայացած դատավճիռը ի կատար ածելու համար անձանց համապատասխան Կողմին հանձնելու հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի ՆԳ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարության թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական շփումներ և ստորագրել լրացուցիչ պայմանագրային փաստաթղթեր` իրենց գործունեության առանձին ուղղություններով համագործակցելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի «ա» մասով նախատեսված հարցումներն ու հանձնարարությունները պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները`

ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,

բ) գործերի կամ նյութերի, որոնց վերաբերյալ ուղարկվում է հարցումը կամ հանձնարարությունը, անվանումը,

գ) վկաների, տուժողների կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները և հասցեները,

դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև հանցակազմի նկարագրությունը:

2. Հարցմանը կամ հանձնարարությանը նաև կցվում են պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումները, որոնք անհրաժեշտ են թույլատրված գործողություններ կատարելու համար:

3. Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի զինանշանով, կնիքով և ղեկավարի ստորագրությամբ: Կողմերը հարցումներն ու հանձնարարությունները կատարելիս օգտվում են ռուսերենից:

4. Հարցումն ուղարկող Կողմի պետական լեզվով կազմված հարցումներին և հանձնարարություններին կից փաստաթղթերին կցվում է նաև դրանց ռուսերեն թարգմանված և հաստատված տեքստը:

5. Հարցման կամ հանձնարարության կատարման ընթացքում կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը նրա կողմից թարգմանվում են ռուսերեն:

6. Թարգմանությունները վավերացվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ և իրավասու հիմնարկի կնիքով:

7. Անհետաձգելի դեպքերում կարող են կատարվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել համագործակցելուց կամ օգնություն ցույց տալուց, եթե դրանց իրականացումը կարող է սպառնալ իր ինքնիշխանությանը կամ էական շահերին, ինչպես նաև, եթե դրանք հակասում են իր տարածքում գործող օրենսդրությանը:

2. Օգնելուց կամ օժանդակելուց հրաժարվելու դեպքում Կողմերը անհապաղ տեղեկացնում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է հաղորդող Կողմի տեղեկությունների գաղտնիությունը, եթե դրանք տվյալ Կողմի օրենսդրությամբ կրում են փակ բնույթ: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված նյութերը, տեղեկությունը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ կողմի կարող են տրվել բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:

2. Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն նրանց վրա դրված պարտականությունների կատարման գործում, ապահովվում է նրանց իրավական պաշտպանվածությունը` Կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Կողմերը պայմանավորվել են, անհատական կարգով և հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, քննարկել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններում ծառայության ընդունելու հարցերը, լուծել երկարամյա ծառայության համար տոկոսային հավելումների վճարման նպատակով նրանց ծառայողական ստաժը պահպանելու, պետական թոշակներ նշանակելու հարցերը և չափը` սահմանված կարգով` այն Կողմի ներքին գործերի մարմինների աշխատողների համար, ուր կատարվել է տեղափոխությունը:

2. Կողմերը նաև պայմանավորվել են սահմանված կարգով իրագործել Կողմերի պետությունների տարածքում մշտապես բնակվող ներքին զորքերի զինծառայողների, ներքին գործերի մարմինների հրամանատարական ու շարքային կազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակի ապահովման հարցերը` այնտեղ գործող կենսաթոշակային օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, ուկրաիներենից կամ ռուսերենից` անհրաժեշտության դեպքում օգտվելով թարգմանչի ծառայությունից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Կողմերի լիազորված ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում հանդիպում են միմյանց` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար:

2. Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են մտցվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը ինքնուրույն կկատարեն սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվի:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամանակով և կգործի մինչև վեց ամիս լրանալը` հաշված այն օրից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմից կստանա գրավոր ծանուցում Համաձայնագրի գործողության դադարեցնելու նրա մտադրության մասին:

 

Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի հոկտեմբերի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ուկրաիներեն, ընդ որում երկու լեզուներով տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հոկտեմբերի 22-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան