Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Ոստիկանություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1993
Ստորագրման ամսաթիվ
12.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության զարգացմանն ու երկու պետությունների քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի հուսալի պաշտպանության ապահովմանը,

ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարի բնագավառում անկախ պետությունների համագործակցության հիմքում ընկած են պետությունների փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և բարիդրացիական սկզբունքները,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդման և զարգացման ցանկությամբ,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, իրենց իրավասության շրջանակներում, երկու պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների, օրինական շահերի և սեփականության պաշտպանությունն ապահովում են հավասար պայմաններում:

Կողմերը պարտավորվում են ապահովել ներքին գործերի մարմինների կողմից մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդունումը և քննարկումը այն հարցերով, որոնք մտնում են այդ մարմինների իրավասության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա, համագործակցությունն իրականացնում են հետևյալ ուղղություններով.

ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,

բ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործառնությունների դեմ պայքարի,

գ) թմրանյութերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,

դ) կեղծ դրամանիշների, արժեթղթերի, փաստաթղթերի պատրաստման և իրացման դեմ պայքարի,

ե) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

զ) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտները մշակութային և պատմական արժեքներ են համարվում,

է) հանցագործների, քննությունից, դատից ու պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և ըստ հայցերի դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,

ը) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտի հետախուզման,

թ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,

ժ) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

ժա) տարերային և այլ աղետների, խոշոր վթարների և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման ժամանակ օգնություն ցուցաբերելու,

ժբ) ճանապարհային երթևեկության և հակահրդեհային անվտանգության ապահովման,

ժգ) օդանավերի թռիչքների, դրանց անձնակազմերի և ուղևորների անվտանգության ապահովման,

ժդ) Կողմերի տարածքներով անցնող տարանցիկ բեռների պահպանվածության ապահովման,

ժե) անձնագրային և թույլտվության համակարգի պահպանումը վերահսկելու,

ժզ) պետական սահմանով մարդկանց, բեռների և արժեքների տեղափոխման վերահսկմանն աջակցելու,

ժէ) գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման:

Կողմերը համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Այսուհետ, մինչև պետությունների կողմից փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը, Կողմերը, հիմնվելով առկա կենսափորձի, ազգային օրենսդրության, միջազգային իրավական նորմերի և փոխադարձ պայմանավորվածության վրա, պարտավորվում են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ անցկացնելու, հարցումներ ու հանձնարարություններ կատարելու, ինչպես նաև երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով`

ա) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների, հանձնարարությունների և խնդրանքների կատարում,

բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և քրեափորձագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության փոխանակում,

գ) օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների անցկացման գործում աջակցություն,

դ) օրենսդրական և նորմատիվ ակտերի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակում, ինչպես նաև փոխադարձաբար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցություն,

ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների` հանդերձանքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարում,

զ) հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացման, դատապարտյալների տեղափոխման և ուղեկցման գործում աջակցություն,

է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացում,

ը) ծածկագրային կապի կազմակերպում,

թ) մշակութային և մարզական կապերի զարգացում, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժման և սանատորաառողջարանային վերականգնման գործում աջակցություն:

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակել և զարգացնել համագործակցության այլ` փոխընդունելի ձևեր, որոնք նշված չեն սույն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, ղեկավարվելով ազգային օրենսդրությամբ, պարտավորվում են իրենց պետությունների իրավասու մարմինների միջոցով, համաձայն մյուս Կողմի հարցումների և հանձնարարությունների, միմյանց աջակցել.

ա) քննությունից, դատից և պատիժը կրելուց խուսափողների ձերբակալման և, անհրաժեշտության դեպքում, նրանց կալանավորման,

բ) քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու համար` անձանց համապատասխան Կողմին հանձնելու հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարության թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր և ստորագրել լրացուցիչ պայմանագրային փաստաթղթեր իրենց գործունեության առանձին ուղղություններով համագործակցելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի «ա» մասով նախատեսված հարցումներն ու հանձնարարությունները պետք է պատշաճ ձևով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները`

ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,

բ) գործերի կամ նյութերի, որոնց վերաբերյալ ուղարկվում է հարցումը կամ հանձնարարությունը, անվանումը,

գ) վկաների, տուժողների, կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների և դատապարտյալների ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը և մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները և հասցեները,

դ) հարցման և հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ` ըստ էության, իսկ քրեական գործերով` նաև հանցակազմի նկարագրությունը:

2. Հարցմանը կամ հանձնարարությանը կցվում են նաև պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումներ, որոնք անհրաժեշտ են սանկցիավորված գործողություններ կատարելու համար:

3. Հարցումները և հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի զինանշանը պատկերող կնիքով և ղեկավարի ստորագրությամբ: Կողմերը հարցումները և հանձնարարությունները կատարելիս օգտվում են ռուսաց լեզվից:

4. Հարցումն ուղարկող Կողմի պետական լեզվով կազմված հարցումների և հանձնարարությունների կից փաստաթղթերին կցվում է նաև դրանց ռուսերեն թարգմանված և հաստատված տեքստը:

5. Հարցման կամ հանձնարարության կատարման ընթացքում կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը նրա կողմից թարգմանվում են ռուսերեն:

6. Թարգմանությունները վավերացվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ և իրավասու հիմնարկի կնիքով:

7. Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել համագործակցելուց կամ օգնություն ցույց տալուց, եթե դրանց իրականացումը կարող է սպառնալ իր ինքնիշխանությանը կամ էական շահերին, ինչպես նաև եթե դրանք հակասում են իր տարածքում գործող օրենսդրությանը:

2. Օգնություն կամ աջակցություն ցույց տալուց հրաժարվելու դեպքում Կողմերը անհապաղ տեղեկացնում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է հաղորդող Կողմի տեղեկությունների գաղտնիությունը, եթե դրանք տվյալ Կողմի օրենսդրությամբ կրում են գաղտնի բնույթ:

Տեղեկությունների գաղտնիության աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացած նյութերը, տեղեկատվությունը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ կողմին կարող են տրվել բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:

2. Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ընդունող Կողմը անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս նրանց վրա դրված առաջադրանքների կատարման գործում, տրամադրում է օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ավտոտրանսպորտ և տեղեկատվություն, այդ թվում` փակ բնույթի, հաղորդման կապի ուղիներ: Անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն է ցույց տալիս գործուղման ընթացքում կացարանի տրամադրման, ուղևորության փաստաթղթերի ձեռք բերման գործում, և գործուղված աշխատակիցների խնդրանքով կարող է ցուցաբերվել նյութական օգնություն` ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

3. Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարման ընթացքում ապահովում է իրավական պաշտպանվածություն` ընդունող Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Կողմերը ընդունում են, եթե դա չի հակասում իրենց պետությունների օրենսդրությանը, գործուղված աշխատակիցների` իրենց մոտ հաշվեցուցակային զենք ունենալու իրավունք, ինչի մասին ընդունող Կողմը նախօրոք տեղյակ է պահվում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Կողմերը համաձայնել են չխոչընդոտել իրենց աշխատակիցների` մյուս Կողմի մարմիններում, ստորաբաժանումներում և հիմնարկներում ծառայության տեղափոխվելուն: Ընդ որում նման աշխատակիցներին երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու նպատակով ծառայողական ստաժի պահպանման, հատուկ կոչումների շնորհման, աշխատանքի վարձատրության, իրավունքներ և արտոնություններ տալու, Կողմի, ուր կատարվել է տեղափոխությունը, ներքին գործերի մարմինների աշխատակիցների համար սահմանված չափերով պետական կենսաթոշակի նշանակման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը, ներքին գործերի մարմիններում ծառայության անցկացման մասին նորմատիվ ակտերին համապատասխան:

2. Կողմերը նաև պայմանավորվել են, որ Կողմերի պետությունների տարածքում մշտապես բնակվող ներքին գործերի մարմինների շարքային ու հրամկազմի անձանց և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության հարցերի կարգավորումը իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և միջպետական համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, վրացերենից կամ ռուսերենից` անհրաժեշտության դեպքում օգտվելով թարգմանչից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Կողմերի լիազորված ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում հանդիպում են միմյանց` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար:

2. Երկու Կողմերի համաձայնությամբ` սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը նպատակահարմար գտան իրենց ներկայացուցչությունները հիմնել Երևան և Թբիլիսի քաղաքներում և այդ մասին կնքել առանձին համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերն ինքնուրույն կկատարեն սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվի:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով և կգործի մինչև վեց ամիս լրանալը` հաշված այն օրից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմից կստանա գրավոր ծանուցում` Համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ նրա մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 12-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 12-ից: