ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 901-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով՝
«1.1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 4 հավելվածի:
1.2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 5 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ NN 4 և 5 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «հիման վրա՝» բառերը փոխարինել «հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատական բնակելի տների կառուցումն իրականացվում է» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2026» թվով և «ծնված» բառից հետո լրացնել «, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 11.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.3-րդ կետով՝
«11.3. Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները։».
7) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝
«12.1. Անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցությունը տրամադրվում է կամ հիփոթեքային վարկավորմամբ, կամ հետևյալ ընթացակարգով՝
1) ձեռք բերվող հողամասի գնահատման նպատակով շահառուն դիմում է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող գնահատման կազմակերպություններից որևէ մեկին և ստանում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն).
2) շահառուն, նախքան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն), այդ թվում՝ տարածքային կենտրոններ (մինչև համապատասխան ծրագրային ապահովման գործարկումը)՝ ներկայացնելով դիմում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը, գնահատման հաշվետվությունը, բնակելի կառուցապատման հողամասի՝ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը, որի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը և չպետք է գերազանցի հաշվետվությամբ նշված շուկայական արժեքը.
3) ծառայությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում հողամասի առուվաճառքի պայմանագրում նշված վաճառողի բանկային հաշվին է փոխանցում պայմանագրով սահմանված գումարը՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով շահառուին.
4) գործընկեր ֆինանսական կազմակերպությունը, անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկ տրամադրելիս հաշվի է առնում նաև հողամասի ձեռքբերման համար շահառուին տրամադրված աջակցությունը, այսինքն՝ կառուցապատման վարկի չափը սահմանվում է առավելագույնը տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության և հողամասի ձեռքբերման նպատակով տրամադրված աջակցության տարբերության չափով, ինչպես նաև այս դեպքում կառուցապատման վարկը տրամադրվում է բացառապես պետական աջակցությամբ ձեռք բերված հողամասի վրա կառուցապատում իրականացնելու նպատակով.
5) շահառուն կարող է օգտվել հողամասի ձեռքբերման համար նախատեսված աջակցությունից, եթե իրեն հասանելիք աջակցության չափի (հաշվարկվում է հողամասի գտնվելու վայրի և հավաստագրում ներառված ընտանիքի անդամների թվի հիման վրա) և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ հասանելիք աջակցության չափի 80 տոկոսից.
6) հողամասի ձեռքբերման նպատակով աջակցություն ստացած շահառուն չի կարող հրաժարվել անհատական բնակելի տան կառուցման հավաստագրից, այն ենթակա է պարտադիր իրացման.
7) եթե սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ծառայությունը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ծառայությունը դիմողին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը, հակառակ դեպքում դիմումը մերժվում է։».
8) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը «դրամ» բառից հետո լրացնել «, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 800 հազ. դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը,» բառերով.
9) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը «դրամ» բառից հետո լրացնել «, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 400 հազ. դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը» բառերով.
10) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում «կրելու համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պարտավորվում է սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը խախտած ընտանիքի անդամներին հասանելիք աջակցության գումարի չափով իրականացնել հիփոթեքային վարկի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար)» բառերով.
11) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը «երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից» բառերից հետո լրացնել «և այլ ծրագրերից» բառերով և «հաստատված ծրագրի)» բառերից հետո լրացնել «, եթե դրանք բավարարում են սույն հավելվածով սահմանված ծրագրի հիմնական պայմաններին» բառերով.
12) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.
13) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետում «2024 թվականի դեկտեմբերի 31-ի» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 1-ի» բառերով.
14) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը և ընդգրկում է սույն հավելվածի 18-րդ կետում չնշված մնացած ընտանիքները։».
15) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 20-րդ կետը.
16) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «կետով սահմանված պահանջներին բավարարող դիմողը՝ 2024 թվականի հունիսի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «և 19-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող դիմողը՝ համապատասխանաբար 2024 թվականի հունիսի 15-ից և 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը».
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով՝
«3.1. Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդն իրացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ հողամասի ձեռքբերման) նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի չափը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից (հաշվարկվում է ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի գտնվելու վայրի և հավաստագրում ներառված ընտանիքի անդամների թվի հիման վրա), ապա այս դեպքում կազմակերպության կողմից հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրելուց հետո ինքնաշխատ եղանակով դիմողի կողմից դիմում-հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում, որում նշված է դրական մնացորդի չափը.
2) էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված ուղղություններով այն իրացնելու համար։ Ընդ որում՝ որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ուղղությամբ իրացնելու դեպքում շահառուն կարող է դիմել ինչպես իրեն հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն, այնպես էլ այլ կազմակերպություն.
3) շահառուի հետ վերանորոգման կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և հետևյալ տեղեկությունները՝
ա. շահառուի անուն, ազգանուն, հայրանուն,
բ. անձը հաստատող փաստաթուղթ,
գ. հանրային ծառայությունների համարանիշ,
դ. վարկի տեսակը (գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման վարկ, որի դեպքում նշվում են նաև հողամասի հասցեն ու մակերեսը, կամ վերանորոգման վարկ),
ե. վարկի չափը,
զ. վարկային պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը,
է. կազմակերպության հաշիվը.
4) եթե շահառուն դրական մնացորդն իրացնում է որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ ենթակետերով սահմանված ուղղություններով, ապա կազմակերպությունը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը ծառայությանը տրամադրում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ուղղության.
5) ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 3-րդ ենթակետում նշված ժամանակացույցի (ժամանակացույցերի)։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.
6) եթե դրական մնացորդն իրացվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման ուղղությամբ, ապա այն վարկի գործողության ընթացքում ենթակա չէ օտարման, հակառակ դեպքում այդ ուղղությամբ նախատեսված աջակցությունը ենթակա է դադարեցման.
7) եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ շահառուն դրական մնացորդը կարող է իրացնել բացառապես նախապես սահմանված ապրանքատեսակների գնման համար։
3.2. Որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի ստուգման նպատակով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման կամ 2024 թվականի մայիսի 16-ից հետո գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերն իրացրած շահառուների տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) ինքնաշխատ համադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տվյալների շտեմարանում առկա՝ այդ շահառուների սահմանահատման վերաբերյալ տվյալների հետ։ Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովվում է տեղեկատվական համակարգերի փոխգործունեության միջոցով։».
3) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «հանդիսանալը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով դիմել որոշման 1.1-ին կետով սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին» բառերով.
4) 3-րդ կետի 11-րդ ենթակետում «աջակցության վճարում» բառերից հետո լրացնել «, աջակցության դադարեցում» բառերով.
5) 3-րդ կետի 16-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «բերվող» բառը փոխարինել «բերված» բառով.
6) 3-րդ կետի 17-րդ ենթակետում «2024» թիվը փոխարինել «2026» թվով։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում հաստատել դրական մնացորդով ձեռք բերվող կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ և 16-րդ ենթակետերի, 2-րդ կետի 4-6-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 901-Լ որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)
3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
4. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ
5. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
6. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 901-Լ որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգի կարգավորման առարկան հանձնաժողովի խնդիրները, գործառույթներն ու հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարաբերություններն են:
2. Հանձնաժողովի ստեղծման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին (այսուհետ՝ ծրագիր) դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների (այդ թվում՝ մեկ անդամից բաղկացած) անհատական դեպքերի ուսումնասիրությունն է։ Այդ աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողովը կազմակերպում է նիստեր, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց հիման վրա կայացնում որոշումներ:
3. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրը ծրագրին դիմած և մերժված (շահառուի կարգավիճակ չստացած) դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով գործընթացների իրագործումն է, որոնք ուղղված են որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքների վերականգնմանը։
5. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում ուսումնասիրում է ծրագրին դիմած և շահառու չդարձած ընտանիքների ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝
ա. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք Լեռնային Ղարաբաղում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող և (կամ) այլ առնվազն 2 փաստաթուղթ, որոնց թվագրումները պետք է ունենան առնվազն 6 ամսվա տարբերություն,
բ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք ունենալու և դիմելու օրվա դրությամբ այն օտարած լինելու հանգամանքները պարզաբանող փաստաթղթերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի իսկության ստուգման նպատակով, ըստ անհրաժեշտության, իրականացնում է հարցումներ այն կառույցներ, որոնք պատասխանատու են համարժեք տեղեկատվության մշակման և տվյալների շտեմարանների վարման համար.
3) ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքների հիման վրա կայացնում է որոշում ծրագրի շահառուի կարգավիճակ չստացածներին շահառուի կարգավիճակ շնորհելու կամ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ։ Շահառուի կարգավիճակի շնորհումը հիմք է հանդիսանում նրանց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագրի տրամադրման համար:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված մերժման հիմքերով ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուները սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստերի առկայության դեպքում ծրագրից օգտվելու իրենց իրավունքի վերականգնման նպատակով հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնում են դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո 2 ամսյա ժամկետում։ Դիմում-բողոքը պետք է պարունակի՝
1) հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը.
3) բողոքարկման առարկան.
4) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը՝ հիմնվելով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքների վրա.
3) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում։
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, եթե այդ ժամանակահատվածում ստացվել են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքներ։
9. Հանձնաժողովը դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում իրավասու է կայացնելու որոշում ինչպես դրանք բավարարելու, այնպես էլ մերժելու մասին։ Ընդ որում՝ դիմում-բողոքների բավարարման համար հիմք է հանդիսանում սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրված հետևյալ հանգամանքներից առնվազն մեկը.
1) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ (կախված նրա տեղահանման ամսաթվից) առնվազն 12 ամիսների ընթացքում փաստացի բնակվել է Լեռնային Ղարաբաղում.
2) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, սակայն դիմելու օրվա դրությամբ այն օտարել է համապատասխան վճարումների կատարման անհնարինության պատճառով։
10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է միևնույն դիմումբողոքի ուսումնասիրության նպատակով հրավիրել մեկից ավելի նիստեր, սակայն միևնույն դիմում-բողոքն ուսումնասիրելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 45 օրացուցային օրը՝ դիմում-բողոքը ներկայացնելու օրվանից հաշված։
11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից:
12. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի կայացման ամսաթիվն ու ժամը.
2) հանձնաժողովի նիստին ներկա անդամների կազմը.
3) քննարկվող հարցը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող հրավիրված անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց պարզաբանումները, քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը և հարցին առնչվող այլ տեղեկություններ.
7) հանձնաժողովի վերջնական որոշման բովանդակությունը.
8) հանձնաժողովի անդամի բացակայության և դրա պատճառների մասին.
9) ըստ անհրաժեշտության այլ տեղեկություններ:
13. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին մասնակցած անդամները: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները հանձնաժողովի անդամներին առաքվում են էլեկտրոնային եղանակով նիստից հետո 5-օրյա ժամկետում:
14. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված պետական մարմնի անդամի մասնակցությունը կախված է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի բնույթից:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 1/2-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք (փորձագետներ, մասնագետներ և այլն), որոնց նիստի ընթացքում վերապահվում են բացառապես խորհրդատվական բնույթի գործառույթներ:
17. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմում-բողոքները, ստուգում է դրանց համապատասխանությունը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին, դիմում-բողոքը ստանալուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-բողոք ներկայացրած անձին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սահմանում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ցանկը.
3) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 3 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նիստին հրավիրված անձանց.
4) ամփոփում է հանձնաժողովի աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները.
5) հանձնաժողովի նիստում կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է դիմում-բողոք ներկայացրած անձին ոչ ուշ, քան նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 901-Լ որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|