Գլխավոր տեղեկություն
Համար
N 864-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 864-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետը, 46-րդ հոդվածը, 7-րդ հավելվածը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշումը, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն որոշման հավելվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից, իսկ մինչ նույն կետով նախատեսված համակարգի գործարկումը հայտը և մշակութային արժեքների արտահանման լիցենզիան (եզրակացությունը) ներկայացվում ու տրամադրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 864-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) (այսուհետ՝ լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող մշակութային արժեքների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ:

3. Լիցենզիան (եզրակացությունը) նույնական է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշումներով սահմանված միասնական ձևերին:

4. Լիցենզիան տրամադրվում է մաքսային ընթացակարգով մշակութային արժեքների ձևակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մշակութային արժեքների փոխադրման համար, իսկ եզրակացությունը՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար:

5. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն վերաբերում՝

1) մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներին, քանի որ անկախ դրանց ստեղծման ժամանակից կամ պատկանելությունից դրանց արտահանումն արգելվում է.

2) Հայաստանի Հանրապետության պետական պահոցներում` թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշտապես պահպանվող մշակութային արժեքներին, որոնց արտահանումն արգելվում է:

6. Լիցենզիա (եզրակացություն) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):

7. Լիցենզիան (եզրակացությունը) տրամադրվում է յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2.20-րդ բաժնի համաձայն:

8. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մշակութային արժեքների արտահանման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են սույն կարգի 7-րդ կետում նշված մշակութային արժեքների նկատմամբ։

9. Լիազորված պետական մարմնի կողմից լիցենզիան (եզրակացությունը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:

10. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում հայտը և լիցենզիան (եզրակացությունը) կարող են ներկայացվել ու տրամադրվել թղթային տարբերակով:

11. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը.

2) մշակութային արժեքի նկարագիրը.

3) արտահանման երկիրը.

4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում).

5) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով.

6) անհաղթահարելի ուժի առկայության դեպքում մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը՝ ուղեկցող լուսանկարով, նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ.

7) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում).

8) արտաքին առևտրային պայմանագիրը (առկայության դեպքում).

9) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում գործող էլեկտրոնային պարտավորությունների վճարման գործիքով վճարման փաստը հաստատող տեղեկատվությունը, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:

12. Լիազորված պետական մարմինը կարող է պահանջել մշակութային առարկան ներկայացնել նույնականացման, եթե մշակութային արժեքի փորձաքննությունն իրականացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշման պահանջների խախտմամբ: Հայտատուի ցանկությամբ կարող է իրականացվել նույնականացում արտահանման համար ներկայացված առարկաների գտնվելու վայրում:

13. Լիազորված պետական մարմինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն արտահանման ներկայացված առարկաների համար, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի՝ կեղծ և եզրակացության՝ խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

14. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝

1) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմվում է դրա հափշտակված կամ կորած չլինելու մասին տեղեկանք.

2) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը հափշտակված կամ կորած չլինելու մասին տեղեկանքի հիման վրա կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և լիցենզիայով (եզրակացությամբ) արտահանելու վերաբերյալ որոշում.

3) առարկան լիցենզիայով (եզրակացությամբ) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստում և տրամադրում է մշակութային արժեքի արտահանման լիցենզիա (եզրակացություն):

15. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում մերժում է լիցենզիայի (եզրակացության) տրամադրումը, եթե չեն կատարվել սույն կարգի 11-րդ կետով սահմանված պահանջները կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերի կամ ոչ արժանահավատ տեղեկություններ: Կրկին հայտ կարող է ներկայացվել մերժմանը հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:

16. Լիցենզիա (եզրակացություն) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

17. Լիցենզիան (եզրակացությունը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կնքվում և վավերացվում է լիազորված պետական մարմնի կողմից մշակութային արժեքների արտահանման համապատասխան կնիքով: Լիցենզիային (եզրակացությանը) կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները՝ կնքված և վավերացված լիազորված պետական մարմնի կողմից:

18. Լիցենզիան (եզրակացությունը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:

19. Լիցենզիան (եզրակացությունը) ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 20-ի N 1524-Ն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշումներով սահմանված ժամկետների համաձայն, որը չի կարող գերազանցել առևտրային պայմանագրում նշված ժամկետը:

20. Անհաղթահարելի ուժի առկայության պարագայում լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակը թղթային եղանակով ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

21. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակն ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 11-րդ կետի պահանջների համաձայն՝ հիմնական հայտով ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

22. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո մեկ օրվա ընթացքում:

23. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք: Լիցենզիայի (եզրակացության) վերին ձախ անկյունում գրվում է «Կրկնօրինակ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական: