Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 867-Ն

 

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետը, 46-րդ հոդվածը, 7-րդ հավելվածը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշումը և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշման հավելվածի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից, իսկ մինչ նույն կետով նախատեսված համակարգի գործարկումը՝ հայտը և hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիան (եզրակացությունը) ներկայացվում ու տրամադրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ՈՒ  Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ) ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների, այսուհետ՝ հավաքածու (առարկա)) արտահանման լիցենզիայի (եզրակացության, այսուհետ՝ լիցենզիա (եզրակացություն)) տրման կարգն ու չափանիշները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող հավաքածուի (առարկայի), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ արտահանվող հավաքածուի (առարկայի) նկատմամբ․

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող հավաքածուի (առարկայի) նկատմամբ:

3. Լիցենզիան (եզրակացությունը) նույնական է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշումներով սահմանված միասնական ձևերին:

4. Լիցենզիան տրամադրվում է մաքսային ընթացակարգով հավաքածուի (առարկայի) ձևակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ հավաքածուի (առարկայի) փոխադրման համար, իսկ եզրակացությունը՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման հավաքածուի (առարկայի) համար:

5. Լիցենզիան (եզրակացությունը) տրամադրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2.4-րդ բաժնում ընդգրկված ապրանքների համար:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ հավաքածուի (առարկայի) արտահանման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են սույն կարգի 5-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ։

7. Լիցենզիա (եզրակացություն) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):

8. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում հայտը կարող է ներկայացվել և լիցենզիան (եզրակացությունը) կարող է տրամադրվել թղթային տարբերակով՝ թղթային հայտը ներկայացնելուց հետո առձեռն երկու օրվա ընթացքում:

9. Լիցենզիա (եզրակացություն) տալու համար հայտին ներկայացվող պահանջներն են`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը).

2) հավաքածուի (առարկայի) անվանումը.

3) արտահանման երկիրը.

4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում):

10. Լիցենզիայի (եզրակացության) տրամադրման չափանիշներն են՝

1) արտահանման համար հայտագրված հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացության պատճենը (տրված վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով.

2) հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում գործող էլեկտրոնային պարտավորությունների վճարման գործիքով վճարման փաստը հաստատող տեղեկատվությունը, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը.

4) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում).

5) արտաքին առևտրային պայմանագիրը (առկայության դեպքում).

6) անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ փորձագիտական եզրակացությունը, հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթուղթը, նույն հավաքածուի (առարկայի) 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ:

11. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝

1) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կայացնում է որոշում հավաքածուն (առարկան) լիցենզիայով (եզրակացությամբ) արտահանելու վերաբերյալ.

2) նախապատրաստում և տրամադրում է հավաքածուի (առարկայի) արտահանման լիցենզիա (եզրակացություն):

12. Լիցենզիա (եզրակացություն) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

13. Լիցենզիան (եզրակացությունը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կնքվում և վավերացվում է լիազորված պետական մարմնի արտահանման համապատասխան կնիքով: Լիցենզիային (եզրակացությանը) կցվում է հավաքածուի (առարկայի) լուսանկարը՝ շրջերեսին հավաքածուի (առարկայի) տվյալները՝ կնքված և վավերացված լիազորված պետական մարմնի կողմից:

14. Լիազորված պետական մարմինը հայտը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում մերժում է լիցենզիայի (եզրակացության) տրամադրումը, եթե չեն կատարվել սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջները կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերի կամ ոչ արժանահավատ տեղեկություններ: Կրկին հայտ կարող է ներկայացվել մերժմանը հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:

15. Լիցենզիան (եզրակացությունը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:

16. Լիցենզիան (եզրակացությունը) ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 20-ի N 1524-Ն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշումներով սահմանված ժամկետների համաձայն, որը չի կարող գերազանցել առևտրային պայմանագրում նշված ժամկետը:

17. Անհաղթահարելի ուժի առկայության պարագայում լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակը թղթային եղանակով ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

18. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակն ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն՝ հիմնական հայտով ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

19. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո մեկ օրվա ընթացքում:

20. Լիցենզիայի (եզրակացության) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք: Լիցենզիայի (եզրակացության) վերին ձախ անկյունում գրվում է «Կրկնօրինակ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան