Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2014-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ, ինչպես նաև 5.1-ին մասերով նախատեսված դեպքերի» բառերը.

2) 4-րդ, 5-րդ, 5.1-ին և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասից հանել «, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված` բարեխիղճ երրորդ անձի գույքը» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ գլխի վերնագիրը «ՄԻՋՈՑՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին հոդվածով.

 

«Հոդված 103.1. Բռնագանձումը

 

1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:

2. Սույն օրենսգրքի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը գույքն այլ անձից ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:

3. Այն դեպքում, երբ տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագանձման ենթակա գույքի վերաբերյալ, այդ գույքի բռնագանձում կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «եկամուտներն» բառը փոխարինել «գույքն» բառով.

2) 1-ին մասից հանել «՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը.

3) 2-րդ և 3-րդ մասերի «սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը փոխարինել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասից հանել «` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 217-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների՝ 

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:».

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ և 3-րդ մասերը «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 217.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2171.

Ահաբեկչության ֆինանսավորումը

 

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` գույքի ուղղակի կամ անուղղակի, ցանկացած եղանակով տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ պետք է օգտագործվի կամ կարող է օգտագործվել ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար կամ ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայություններն ուղղված են ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարմանը, կամ դրանց արդյունքներն օգտագործվելու են ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի իմաստով գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-114-Ն