ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«24» հունիս 2025 թ. N 55-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 93-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների» բառերը փոխարինել «հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների» բառերով.
2) հավելվածի 1-ին կետում «ու հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների» բառերը փոխարինել «, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների» բառերով.
3) հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«23. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ըստ մակարդակների: Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները (այսուհետ` մակարդակներ) սահմանվում են (մակարդակավորումը կատարվում է) ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների` հիմք ընդունելով Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 13 հավելվածով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջները ու պայմանները, իսկ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների դեպքում` լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները:».
4) հավելվածի 23.1-ին կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 23.1-ին կետը լրացնել նոր 3-րդ և 4-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«3) մանկական վերականգնողական,
4) լաբորատոր-ախտորոշիչ:».
5) հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«24. Բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակի տրամադրումն իրականացվում է բժշկական հաստատության ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` մակարդակավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում և ապահովելով սույն կարգի 24.1-24.3-րդ կետերի պահանջները:».
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 24.1-24.3-րդ կետերով.
«24.1. Բժշկական հաստատության ղեկավարը, նախքան սույն կարգի 24.3-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը, էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ուղարկում լիազոր մարմնի info@moh.am հասցեով` մակարդակավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակին ներկայացվող պահանջներին ծանոթանալու և դրանց համապատասխանությունն բժշկական հաստատությունում ինքնուրույն գնահատելու (ինքնագնահատում) նպատակով: Գրության մեջ նշվում է նաև հետադարձ գրագրությունն ապահովելու համար բժշկական հաստատության կողմից նախընտրելի էլեկտրոնային փոստի հասցեն:
24.2. Լիազոր մարմինը գրությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում բժշկական հաստատության կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է բժշկական հաստատության կողմից հայցվող մակարդակավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մակարդակների տրամադրման գործընթացը նկարագրող լիազոր մարմնի սահմանած դրույթները:
24.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մակարդակավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակին ներկայացվող պահանջներին համապատասխանությունն ինքնագնահատելուց հետո բժշկական հաստատության ղեկավարը` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակ ստանալու նպատակով, դիմում է ներկայացնում լիազոր մարմին` դիմումի մեջ նշելով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի այն մակարդակը (I, II կամ III), որին համապատասխանում է բժշկական հաստատությունը` ըստ իր կողմից իրականացված ինքնագնահատման արդյունքների:».
7) հավելվածի 25-րդ կետում «հիվանդանոցային» բառից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերը.
8) հավելվածի 27-րդ և 28-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«27. Սույն կարգի 24.3-րդ կետում նշված դիմումը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի հրամանով`
1) ստեղծվում է Հանձնաժողով, հաստատվում է Հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև սահմանվում են Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման աշխատանքների իրականացման և արձանագրության ներկայացման ժամկետները.
2) մերժվում է դիմումը, եթե բժշկական հաստատությունը չունի մակարդակավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիա.
3) մերժվում է դիմումը, եթե բժշկական հաստատությունը չի պահպանել սույն կարգի 24.3-րդ կետի պահանջները:
28. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակը գնահատելու համար Հանձնաժողովը հիմք է ընդունում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 13 հավելվածով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները, իսկ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները գնահատելու համար` լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները:».
9) հավելվածի 28.1-ին կետում «Հիվանդանոցային բժշկական» բառերը փոխարինել «Բժշկական» բառով.
10) հավելվածի 28.2-30-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«28.2. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 23-րդ և 23.1-ին կետերով նախատեսված պահանջներին և պայմաններին բժշկական հաստատության անհամապատասխանություն արձանագրելու դեպքում բժշկական հաստատության ղեկավարի գրավոր դիմումի համաձայն` սույն կետում նշված պահանջները և պայմանները ապահովելու դեպքում, Հանձնաժողովի կողմից կազմված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը կարող է վերանայվել այն կազմելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
28.3. Սույն կարգի 28.2-րդ կետում սահմանված ժամկետում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի պահանջները ապահովելու հավաստումը բժշկական հաստատության ղեկավարի կողմից պատշաճ ձևով ներկայացվում է Հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամների կողմից դրանց գնահատման արդյունքում բժշկական հաստատության կողմից սույն կարգի 23-րդ և 23.1-ին կետերով նախատեսված պահանջները և պայմանները ապահովելու դեպքում լրացուցիչ նշում է կատարվում արձանագրության մեջ և հաստատվում Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
29. Հանձնաժողովի կողմից բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով`
1) բժշկական հաստատությանը տրամադրվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակ` հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից գնահատման արդյունքում արձանագրված տվյալ տեսակի մակարդակի պահանջների և պայմանների համապատասխանությունը` անկախ դիմումի մեջ բժշկական հաստատության ինքնագնահատման արդյունքում նշված մակարդակի, կամ
2) մերժվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը` նշելով մերժման պատճառների մասին:
30. Բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը մերժվում է, եթե բժշկական հաստատությունը չի բավարարում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 13 հավելվածով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջներին ու պայմաններին, իսկ 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակի տրամադրման դեպքում` չի բավարարում լիազոր մարմնի կողմից սահմանված նվազագույն պահանջներին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24.06.2025 |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|