Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2021 թվականի N 154-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ, ինչպես նաեվ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.06.25 N 842-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 26.06.25 N 842-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 11-ի N 154-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱԼՈՒ ՌԻՍԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ
(վերնագիրը խմբ. 26.06.25 N 842-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող 6-ից մինչև 19 տարին չլրացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն) չհաշվառված երեխաները կամ հաշվառված, բայց մեկ ամիս անընդմեջ ուսումնառությունն ընդհատած սովորողները.

2) հաստատությունում և հանրակրթական հիմնական կրթության հիմքով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ՄՈՒՀ) չհաշվառված երեխաները կամ հաշվառված, բայց մեկ ամիս անընդմեջ ուսումնառությունն ընդհատած կամ ՄՈՒՀ-ի ղեկավարի հրամանով ազատված (հեռացված) և 10 աշխատանքային օրում որևէ այլ ուսումնական հաստատությունում չհաշվառված սովորողները.

3) մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 6 տարին լրացած (լրացող) և տվյալ ուսումնական տարում առաջին դասարան հայտագրված այն երեխաները, որոնց համար տվյալ ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) հաստատություն չի ներկայացրել:

3. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված երեխաների անձնական տվյալները ինքնաշխատ եղանակով հայտնվում են «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի (այսուհետ` էլեկտրոնային ենթահամակարգ)՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկերում և հասանելի են սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 4-րդ և 6-9-րդ ենթակետերով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմիններից յուրաքանչյուրին:

4. Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող են համարվում 6-ից 19 տարին չլրացած՝

1) հաստատությունում կամ ՄՈՒՀ-ում հաշվառված, սակայն մեկ ամսվա ընթացքում առնվազն 6 աշխատանքային օր անընդմեջ կամ մեկ ամսվա ընթացքում առնվազն 10 աշխատանքային օր չհաճախած սովորողները.

2) ՄՈՒՀ-ի ղեկավարի հրամանով ՄՈՒՀ-ում կրթությունն ընդհատած սովորողները (կրթությունն ընդհատելու մասին հրամանի ընդունման օրը ՄՈՒՀ-ի ղեկավարը էլեկտրոնային ենթահամակարգում նշում է կրթությունն ընդհատելու պատճառը).

3) հաստատություն կամ ՄՈՒՀ հաճախած, սակայն ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա ուսումն արտերկիր մեկնելու նպատակով ընդհատած սովորողները։

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԿՏԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում կամ ՄՈՒՀ-ում հաշվառված չեն: Նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի են սույն կարգի 8-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմիններին՝ յուրաքանչյուրին իր լիազորությունների շրջանակում:

6. Տարեկան 2 անգամ՝ փետրվար և հոկտեմբեր ամիսներին, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու կամ չլինելու փաստը: Այդ տվյալները տրամադրվում են նախարարությանը՝ ԿՏԱԿ-ին փոխանցելու և վերջինիս կողմից էլեկտրոնային ենթահամակարգում տվյալները թարմացնելու նպատակով:

7. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ էլեկտրոնային ենթահամակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է նախորդ ուսումնական տարվա՝ հաստատության 9-րդ դասարանն ավարտած սովորողների կրթության շարունակականության կամ կրթության 3-րդ մակարդակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հաշվետվություն, որը հասանելի է սույն կարգի 8-րդ կետով սահմանված մարմիններին՝ ըստ իրենց լիազորությունների:

8. Էլեկտրոնային ենթահամակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ հաստատությունից, ՄՈՒՀ-ից, ԿՏԱԿ-ի կողմից հաշիվներ են տրամադրվում նաև հետևյալ շահագրգիռ և պատասխանատու մարմիններին`

1) նախարարությանը.

2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

3) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը.

4) առողջապահության նախարարությանը՝ ի դեմս երեխային առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության (այսուհետ` ԱԱՊ հաստատություն).

5) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն).

6) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին.

7) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին, Երևանի քաղաքապետարանին.

8) խնամակալության և հոգաբարձության մարմնին (այսուհետ՝ ԽՀՄ)՝ ի դեմս համայնքի ղեկավարի.

9) միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ՄՍԾ):

9. Բացված հայտերի մասին պատմությունը հասանելի է շահագրգիռ և պատասխանատու բոլոր մարմիններին՝ յուրաքանչյուրին իր լիազորությունների շրջանակում:

10. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմիններից յուրաքանչյուրը երեխայի կրթության իրավունքի իրացման գործընթացում առաջնորդվում է իր իրավասության շրջանակում սահմանված և գործող ընթացակարգերով:

10.1. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմինները (բացառությամբ ԽՀՄ-ի) պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխային (կամ սովորողին) հայտնաբերելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում երեխայի (կամ սովորողի) վերաբերյալ առկա տեղեկատվությունը փոխանցում են տվյալ համայնքի ԽՀՄ-ին: ԽՀՄ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, առաջնորդվելով «Կրթության մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, քայլեր է ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը։

11. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ինքնաշխատ ստեղծվում է նախնական հայտ։ Հաստատության, ՄՈՒՀ-ի ղեկավարը նախնական հայտի ձևավորման պահից սկսած՝ 2-րդ աշխատանքային օրը հաստատում կամ փակում է նախնական հայտը՝ նշելով հաստատման կամ փակման պատճառները՝ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրավոր բացատրագրի հիման վրա։ Գրավոր բացատրագիրը ծնողի (օրինական ներկայացուցչի) կողմից չներկայացնելու կամ վերջինիս հետ հետադարձ կապի մեխանիզմի բացակայության դեպքերում նախնական հայտը հաստատվում է հաստատության, ՄՈՒՀ-ի ղեկավարի կողմից և հասանելի է դառնում սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ին:

12. 2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ սույն կարգի 11-րդ կետով սահմանված ինքնաշխատ ստեղծված հայտը հաստատելուց հետո այն հասանելի է դառնում՝

1) ԱԱՊ հաստատությանը՝ որպես պատճառ «Առողջական խնդիր» նշումի դեպքում.

2) սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ին՝ բացի «Առողջական խնդիր» նշումից որևէ այլ պատճառ նշելու դեպքում:

13. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող սովորողների վերաբերյալ նախնական հայտը ստանալուց հետո ԱԱՊ հաստատությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկում սովորողի առողջության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, որի արդյունքում էլեկտրոնային ենթահամակարգում կատարում է հետևյալ նշումներից մեկը.

1) սովորողը գտնվում է բուժման մեջ, ուսումնական գործընթացը կարելի է շարունակել՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն կամ նախարարի՝ 2022 թվականի օգոստոսի 29-ի N 31-Ն հրամաններով սահմանված կարգավորումների համաձայն.

2) սովորողը գտնվում է բուժման մեջ, և ուսումնական գործընթացը չի կարելի շարունակել:

14. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում գործընթացի իրականացման նկատմամբ վերահսկողական գործառույթը վերապահված է ՀՀ կրթության տեսչական մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան:

15. Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող սովորողների վերաբերյալ նախնական հայտը ստանալուց հետո սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ համաձայն «Կրթության մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջների։

15.1. Սույն կարգի 4-րդ կետում սահմանված սովորողի կրթության շարունակականությունը հաստատությունում կամ ՄՈՒՀ-ում ապահովվում է տվյալ ոլորտում սահմանված օրենսդրությամբ:

16. Էլեկտրոնային ենթահամակարգում յուրաքանչյուր դեպքը վարող ԽՀՄ-ն ունեցած տեղեկատվության հիման վրա նշումներ է կատարում դեպքի մանրամասների վերաբերյալ: Մշտադիտարկման արդյունքում, եթե ԽՀՄ-ն տվյալ համայնքում չի հայտնաբերում երեխային (կամ սովորողին) կամ հայտնաբերում է, բայց վերջինիս կրթության շարունակականությունն ապահովելու համար արձանագրում է խոչընդոտներ, գրավոր դիմում է ներկայացնում ոստիկանությանը: Դեպք վարող ԽՀՄ-ն յուրաքանչյուր դեպքում, եթե հայտնաբերում է, որ սովորողը կամ ընտանիքն ունեն տարբեր սոցիալական կարիքներ, ապա դեպքի մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է (ծրագրային գործիքի միջոցով) ՄՍԾ-ի համապատասխան տարածքային կենտրոնին՝ սովորողի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման և կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգման համար սոցիալական դեպքի վարման առաջարկով։ Սոցիալական դեպքի վարումն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու դեպքերում։

17. Սույն կարգի 2-րդ կետով և 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է հայտ, որը հասանելի է երեխայի կամ սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ին։ Տվյալ դեպքերում հայտերի ստեղծող է համարվում երեխայի կամ սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ն։

18. Հաստատությունից, ՄՈՒՀ-ից արտերկիր մեկնելու նպատակով սովորողին ազատելու վերաբերյալ երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի առկայության դեպքում, երբ սովորողի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է սովորողի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

19. Բացված հայտը ԽՀՄ-ի կողմից փակվում է, եթե՝

1) ԽՀՄ-ն տվյալ համայնքում չի հայտնաբերել երեխային (կամ սովորողին) և այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել ոստիկանությանը.

2) ԽՀՄ-ն տվյալ համայնքում երեխային (կամ սովորողին) չի հայտնաբերել և երեխայի՝ փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ առկա է տեղեկատվություն.

3) հաստատության տնօրենից կամ ՄՈՒՀ-ի ղեկավարից հավաստիանում է սովորողի կրթության շարունակականության ապահովման մասին:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում ԽՀՄ-ն էլեկտրոնային ենթահամակարգում համապատասխան բովանդակությամբ գրառում է կատարում այդ մասին:

21. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերի վարման շրջանակում ԽՀՄ-ն յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա կազմում է նկարագրողական հաշվետվություն՝ սույն կարգի 15-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման արդյունքում՝ ըստ հաստատությունների կրթության մեջ ընդգրկված երեխաների և սովորողների թվի վերաբերյալ: ԽՀՄ-ն մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը համապատասխան հաշվետվությունը ներկայացնում է Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին:

22. Յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը ԽՀՄ-ն հայտնաբերված բոլոր երեխաների և սովորողների մասին հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների և սովորողների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված սովորողների թվի վերաբերյալ: Հաշվետվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը, ամփոփված հաշվետվությանը կցելով համապատասխան վերլուծությունը և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունը, ներկայացնում են նախարարություն:

23. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված նկարագրողական հաշվետվության տեսաներածված տարբերակը մուտքագրվում է էլեկտրոնային ենթահամակարգ, և այն հասանելի է սույն կարգի 8-րդ կետով սահմանված մարմիններին:

24. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված` սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ:

(հավելվածը խմբ. 02.11.23 N 1886-Ն, լրաց., փոփ. 25.04.24 N 597-Ն, խմբ. 26.06.25 N 842-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: