Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-162-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.02.2010-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.07/49(715) Հոդ.1113
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2009 թվականի հուլիսի 21-ի առաջարկությունը.

1. Հաստատել 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի մշակումը, հաստատումը և իրականացումը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 25
Երևան
ՆԿ-162-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2009թ. սեպտեմբերի 25-ի

ՆԿ-162-Ն կարգադրության

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում այսօր առանձնակիորեն կարևորվում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպումը` նպատակ ունենալով հանրապետության ազգաբնակչությանը զերծ պահել թմրամիջոցների բացասական ազդեցությունից և դրա վնասակար հետևանքներից:

Թմրամոլությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և դրանց հետ կապված հանցավորությունը բացասաբար են անդրադառնում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, լրջորեն վնաս հասցնում երկրի տնտեսությանը, քաղաքականությանը և իրավակարգին:

Չունենալով ազգային պատկանելություն և չճանաչելով պետական սահմաններ` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառությունը կարող է նպաստել նաև կազմակերպված հանցավորության, միջազգային ահաբեկչության, կոռուպցիայի և ծայրահեղականության ֆինանսական բազայի ամրապնդմանը, դառնալ լուրջ սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, պետության ազգային անվտանգությանը:

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը կարող է օգտագործվել անդրսահմանային հանցավոր խմբավորումների կողմից` ինչպես թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների երկիր ներկրման, այնպես էլ դրանք դեպի այլ պետություններ արտահանման նպատակով:

Այս ոլորտի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անհանգստացնող և բնութագրվում է.

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների թվի աճով.

2) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պետական լիազորված մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների ոչ բավարար արդյունավետությամբ.

3) թմրաբիզնեսից առաջացող եկամուտների օրինականացման դեպքերի բացահայտումն ու կանխարգելումն իրականացնող պետական իրավասու մարմինների միջև դեռևս թույլ փոխհամագործակցությամբ.

4) թմրամոլությամբ տառապող անձանց կանխարգելիչ, բժշկական և վերականգնողական օգնության անբավարար կազմակերպմամբ.

5) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների կազմակերպված ձևերի դեմ պայքարի անբավարար արդյունավետությամբ.

6) թմրամիջոց գործածող անձանց տարիքային նվազեցմամբ.

7) սոցիալ-հոգեբանական վերականգնողական ամբողջական համակարգի բացակայությամբ:

Այսպես, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2007 թվականին քրեական գործ է հարուցվել 235, իսկ 2008 թվականին 284 անձանց նկատմամբ, ապա այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 228:

Ավելի մեծ աճ է արձանագրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Եթե 2007 թվականին քրեական գործ է հարուցվել 408, իսկ 2008 թվականին 372 անձանց նկատմամբ, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 307:

2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված քրեական պատասխանատվության է ենթարկվել 329 անձ` 2008 թվականի առաջին կիսամյակի 193 անձի համեմատ, այսինքն` աճը կազմել է 136 անձ, կամ 58,7%:

Հիշյալ դեպքերով, ընդհանուր առմամբ, հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2009 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել են 21 կգ 693 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցների 850 հաբեր և 2467 մլ պրեկուրսորներ` 2008 թվականի առաջին կիսամյակում առգրավված 4 կգ 415 գրամ թմրամիջոցների, 191 հաբ հոգեմետ դեղամիջոցների և 339.7 մլ պրեկուրսորների դիմաց, կամ աճը համապատասխանաբար կազմել է 17 կգ 277 գրամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցների 659 հաբեր և 2127.3 մլ պրեկուրսորներ:

Զգալի աճ է գրանցվել` կապված ափիոն տեսակի թմրամիջոցի հետ: Եթե 2008 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում առգրավվել է այդ տեսակի 3 կգ 640 գրամ թմրամիջոց, ապա 2009 թվականին այն կազմել է 16 կգ 955 գրամ:

Միաժամանակ, տարբեր պետություններից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում մշտապես անցկացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի «Կանալ» տարածաշրջանային համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառմանը:

Յուրաքանչյուր տարի հանրապետության ողջ տարածքով իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» լայնածավալ հակաթմրամիջոցային կանխարգելիչ միջոցառումը, որին ակտիվորեն ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

2. Թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի գործում հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համագործակցում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիրը:

Եվրամիության և միջազգային այլ կառույցների կողմից հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Եվրոպական հարևանության և համագործակցության ծրագրի շրջանակներում առաջարկվել է մշակել 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիր:

Այս կապակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված` Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող` 2009-2011 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկի, մշակվել է 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը` հաշվի առնելով հիմնախնդրի հրատապությունը, երկրի ազգային անվտանգությանը և հասարակության առողջությանն ու բարեկեցությանը լուրջ սպառնալիք դառնալու նրա միտումը, այդ բնագավառում կուտակված թերություններն ու բացթողումները վերացնելու, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի տարածման դեմ պայքարի ոլորտում ընդգրկված ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ բնագավառում ձեռք բերված միջազգային լավագույն փորձը և տարածաշրջանում առկա իրավիճակի զարգացման առանձնահատկությունները: Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել և վավերացվել են հիշյալ ոլորտում ծագող հարաբերությունները կանոնակարգող միջազգային պայմանագրեր, ինչպես նաև ընդունվել են համապատասխան ներպետական իրավական ակտեր:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից ի վեր միացել է Միավորված ազգերի կազմակերպության 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական», 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին», 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին», 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիաներին, ինչպես նաև 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կարգավորվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր արարքների համար:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նախկին խմբագրությամբ պատասխանատվություն էր նախատեսում նաև առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելու համար: Սակայն, 2008 թվականի մայիսի 26-ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` հիշյալ արարքի համար պատասխանատվություն սահմանող 271-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչվեց: Փոխարենը, առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար պատասխանատվություն սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 44.2-րդ հոդվածով:

Նույն սկզբունքով, առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը ապաքրեականացվել է, և դրա համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը ամրագրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, իսկ դրանց զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` որպես հավելվածներ:

3. 2001 թվականից Հայաստանի Հանրապետությունում իրագործվում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիրը, որը նախատեսված է Միավորված ազգերի զարգացման ծրագրով (այսուհետ` ՄԱԶԾ) և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: 2003 թվականից սկսած` ծրագիրը հրապարակում է թմրամիջոցների վերաբերյալ ազգային տարեկան զեկույցներ, իսկ ծրագրի իրականացման հինգերորդ փուլում կարևորագույն խնդիր է հռչակվել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աջակցության ծրագրի մշակումը և ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագրի հինգերորդ փուլում մշակվել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նույնպես ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք կանոնակարգում են այս ոլորտում ծագող հարաբերությունները:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի թիվ 496 որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով, իսկ 2001 թվականի մայիսի 29-ի թիվ 392 որոշմամբ հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը: Որպես հանձնաժողովի գործունեության հիմնական առարկա ամրագրվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց ստացման բաղադրիչների հսկողության և թմրամիջոցներին ու հոգեներգործուն նյութերին առնչվող գործունեությունը լիցենզավորելու մասին հայտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1714-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով): Որոշման համաձայն, Միջգերատեսչական հանձնաժողովին, որը գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ղեկավարությամբ, հանձնարարվել է յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Այնուամենայնիվ, չնայած վերոհիշյալ իրավական ակտերի առկայությանը և դրանց կիրառման ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքին, Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետ կապված շատ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված:

Մասնավորապես, մինչ օրս գոյություն չունի թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ: Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը, դրանցից կախվածության պատճառների բացահայտմանն առնչվող գիտական հետազոտությունները սակավաթիվ են, իսկ արդյունքում ստացվող տվյալները որոշ դեպքերում` իրարամերժ: Օրինակ` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից այս ոլորտում կատարված ուսումնասիրության համաձայն` 2000 թվականին թմրամիջոց գործածող անձանց հաշվարկային թիվը միայն Երևան քաղաքում կազմել է 19.000-ից 20.000, որոնցից շուրջ 2.000-ը եղել են ներարկային թմրամիջոց գործածողներ, իսկ Առողջապահության hամաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ներարկային թմրամիջոց գործածողների հաշվարկային թիվը 2004 թվականին կազմել է 7.000-ից 11.000 մարդ:

Ավելին, 2008 թվականի սեպտեմբերի 26-ին «Թմրամիջոցների ներարկային օգտագործողների խմբի չափերի գնահատում» թեմայով ազգային համաձայնության խորհրդակցության ընթացքում, ամփոփելով փորձագիտական գնահատման վրա հիմնված ստորին և վերին սահմանները, մասնակիցները եկել են այն եզրակացության, որ հաշվարկային տվյալներով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ներարկային գործածողների թիվը կազմել է միջինը 5.000 հոգի:

Դեռևս բավարար չափով չեն իրականացվում թմրամոլության առաջնային կանխարգելմանն ուղղված համակարգված միջոցառումները: Մասնավորապես, բացակայում են թմրամոլության կանխարգելմանն ուղղված ծրագրերը հանրության լայն շերտերի շրջանում: Խոսքը հատկապես վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող և դրանցից դուրս մնացած երեխաներին, նրանց ծնողներին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և այլն: Իսկ մասնավոր բնույթ ունեցող միջոցառումներից կարելի է առանձնացնել հանրակրթական դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանցիների համար «Առողջ ապրելակերպ» դասընթացի ներդրումը, որում ներառված են նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կանխարգելմանն առնչվող դասաժամեր:

Առանձնակիորեն կարևորվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժումը ներկայումս իրականացվում է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում` պետական պատվերի շրջանակներում, իսկ անանուն բուժումը` վճարովի հիմունքներով: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման ոլորտի անձնակազմի վերապատրաստման և կրթական ծրագրերի կատարելագործումը:

2005-2008 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգիական կլինիկա դիմած հիվանդների թիվը խիստ աճել է: 2008 թվականին թմրամիջոցներից կախվածություն ունեցող 466 հիվանդ նարկոլոգիական կլինիկայի ստացիոնար բաժանմունքում ենթարկվել է ապաթունավորման (դետոքսիկացիա)` 2007 թվականի 122 հիվանդի և 2006 թվականի 104 հիվանդի համեմատ: Թմրակախվածությունից ձերբազատվել ցանկացողների թվի ավելացման միտումը բացատրվում է երկրում թմրամիջոցների ներարկային գործածողների թվի ընդհանուր աճով և անհետաձգելի նարկոլոգիայի նորաստեղծ բաժանմունքի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ: Նարկոլոգիական կլինիկայում դիսպանսերային հսկողության տակ գտնվող` թմրամիջոց գործածողների թիվը 2008 թվականին կազմել է 524 անձ, 2007 թվականի 374-ի և 2006 թվականի 309-ի համեմատ:

Համակարգային լուծում պահանջող արդիական խնդիր է նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի և ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրան ուղեկցող հանցավորության նախականխմանն ու բացահայտմանն ուղղված կազմակերպական-իրավական, կազմակերպական-կիրառական միջոցառումների իրականացման գործընթացում պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր այդ երևույթները ծնող պատճառների վերացումը:

5. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործումը, դրանց ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը և կատարելագործումը.

4) թմրամոլության առաջնային նախականխումը.

5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

6) թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացած բժշկական կազմակերպությունների ներուժի զարգացումը, նրանց անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի կատարելագործումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածության ապահովումը.

7) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը:

6. Ծրագրում ներկայացված ռազմավարությունն ու դրանից բխող գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքարին և ներառում են ինը հիմնական բաժիններ`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին.

2) թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը և կատարելագործումը.

3) թմրամոլության առաջնային նախականխումը.

4) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների արդյունավետության բարձրացումը.

5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխումը.

6) ոլորտում միջազգային համագործակցությունը.

7) ոլորտի մոնիթորինգը և գնահատումը.

8) ոլորտի կառավարումը, համակարգումը և համագործակցությունը.

9) ոլորտի ֆինանսավորումը և ֆինանսական միջոցների հավաքագրումը:

 

3. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ

 

7. Նպատակ 1. Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) կատարել Հայաստանի Հանրապետության` համապատասխան ոլորտի միջազգային պայմանագրերի, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաների դրույթների վերլուծություն և ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում դրանց առավել ամբողջական ընդգրկումն ու կենսագործումը.

2) իրականացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկություններ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական հայերեն տեքստերում միասնականացնել թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին առնչվող հասկացությունները:

 

8. Նպատակ 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի արդյունավետ կիրառելիության ապահովումը

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) կատարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող դրույթների կիրառման պրակտիկայի վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.

2) մշակել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի իրավակիրառական գործունեության հետ կապված մեթոդական ուղեցույցներ` Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համար.

3) նախատեսել Միավորված ազգերի կազմակերպության 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայով նախատեսված իրավական փոխօգնության հարցերով ներպետական իրավասու մարմնի սահմանումը:

9. Ակնկալվող արդյունքները`

1) կկատարելագործվեն Հայաստանի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը, կապահովվի դրանց լիարժեք համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, կիրագործվի Հայաստանի Հանրապետության օրենքների և մյուս իրավական ակտերի արդյունավետ կիրառումը.

2) կմիասնականացվեն Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ մարմինների մոտեցումները` կապված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների մեկնաբանության հետ.

3) կապահովվի Հայաստանի Հանրապետության` այդ ոլորտի միջազգային պայմանագրերի հստակ գործառնությունը:

 

4. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

 

10. Նպատակ 1. Թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական, ինչպես նաև թմրամոլության մոնիտորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրումն ու կատարելագործումը

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրման նպատակով Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հինգերորդ փուլի շրջանակներում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծված թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի (այսուհետ` Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն) գործունեության պատշաճ իրավական հիմքեր ստեղծելու համար առողջապահության ազգային ինստիտուտի կանոնադրությունում կատարել դրա կարգավիճակը սահմանող փոփոխություններ.

2) թմրամիջոցների և թմրամոլության հետ կապված խնդիրներին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրման, վերլուծության և տարածման նպատակով ապահովել համապատասխան մարմինների և կազմակերպությունների կողմից թմրամիջոցների վերաբերյալ տվյալների ժամանակին տրամադրումը Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնին, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունն այդ գործընթացին.

3) Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել և աստիճանաբար ներդնել թմրամիջոցների վերաբերյալ համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակներն ու փորձը` հիմք ընդունելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (համակարգչային համացանցի կայքէջ` www.emcdda.europa.eu) ուղեցույցները: Ստացված տեղեկատվության և ձեռք բերված արդյունավետ փորձի փոխանակման նպատակով նպաստել միջազգային համագործակցության զարգացմանը.

4) մշակել և ներդնել Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների պահանջներին համապատասխանող համաճարակաբանական հսկողության համակարգ.

5) ապահովել թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ անհատական տվյալների հատուկ պաշտպանությունը և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթը:

 

11. Նպատակ 2. Թմրամիջոցների և թմրամոլության ոլորտի գիտական մոտեցումների արդիականացումը, տվյալ ոլորտի համաշխարհային գիտական փորձի ներդրման ապահովումը

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) ուսումնասիրել քննարկվող ոլորտի համաշխարհային առաջատար գիտական փորձը և միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման ուղղությամբ (նորարարական գիտական մեթոդների ներդրում, հետազոտությունների իրականացման և ստացած արդյունքների մշակման համակարգչային ծրագրերի ձեռքբերում և այլն).

2) մշակել և իրականացնել հետազոտություններ` թմրամիջոցների գործածման իրավիճակի բնութագրման, միտումների և զարգացումների գնահատման և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտման, ինչպես նաև հետագա գործունեության ուղղությունների նախանշման նպատակով:

12. Ակնկալվող արդյունքները`

1) թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրման նպատակով կստեղծվեն պատշաճ իրավական հիմքեր թմրամիջոցների և Թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի բնականոն գործունեության համար.

2) Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների հիման վրա կներդրվեն թմրամիջոցների վերաբերյալ համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակներն ու փորձը.

3) կմշակվի և կներդրվի Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների պահանջներին համապատասխանող համաճարակաբանական հսկողության համակարգ.

4) կապահովվի թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ անհատական տվյալների հատուկ պաշտպանությունը և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթը.

5) տվյալ ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքների կիրառման շնորհիվ կբարձրանա թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարին ուղղված հեռանկարային ծրագրերի արդյունավետությունը:

 

5. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

13. Նպատակ 1. Թմրամոլության կանխարգելումը անչափահասների և երիտասարդների շրջանում

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) մշակել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման ժամանակակից և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ.

2) սովորող անչափահասների և երիտասարդության շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով.

3) իրականացնել անչափահասների և երիտասարդների արտաուսումնական գործունեության և հանգստի հետ կապված ծրագրեր` թմրամիջոցների գործածման նկատմամբ նրանց սոցիալական դիմադրողականության խթանման նպատակով.

4) հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկել թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամեր.

5) բարձրացնել հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց իրազեկության մակարդակը թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.

6) ձեռնարկել միջոցներ թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության բարձրացման ուղղությամբ` թմրամոլության կանխարգելման գործընթացին նրանց ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով.

7) ապահովել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:

 

14. Նպատակ 2. Թմրամոլության կանխարգելումը ազատությունից զրկված անձանց շրջանում

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) ակտիվացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումները ազատությունից զրկված անձանց շրջանում.

2) ազատությունից զրկված անձանց շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով.

3) զարգացնել ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների հնարավորությունները` թմրամոլության կանխարգելման նպատակով:

 

15. Նպատակ 3. Թմրամոլության կանխարգելումը զինծառայողների շրջանում

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) իրականացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ զինծառայողների շրջանում.

2) զինծառայողների շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով.

3) զարգացնել զորամասերի, զորամիավորումների և զինվորական հիմնարկների ներուժը` թմրամոլության կանխարգելման նպատակով.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների տարեկան աշխատանքային պլաններում ներառել համալիր միջոցառումներ` զինծառայողների շրջանում թմրամոլության կանխարգելման ուղղությամբ:

 

16. Նպատակ 4. Զանգվածային լրատվության միջոցների դերի բարձրացումը թմրամոլության կանխարգելման գործում

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների հետ համատեղ մշակել երկարաժամկետ ծրագրեր` ուղղված թմրամոլության կանխարգելման արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ տեսահոլովակների, թեմատիկ և փաստագրական ֆիլմերի շարունակական հեռարձակման միջոցով.

2) թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել թմրամոլության կանխարգելման ոլորտում իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին.

3) օգտագործել մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման նպատակով.

4) նախատեսել համակարգչային համացանցի հանգույցի ստեղծումը և դրանում մշտապես թարմացնել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերը.

5) թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել սեմինարներ, դասընթացներ:

17. Ակնկալվող արդյունքները`

1) անչափահասների և երիտասարդների, ժամկետային զինծառայողների, ազատությունից զրկված անձանց շրջանում կներդրվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և կիրականացվի ուսուցում այդ համակարգով.

2) հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում կընդգրկվեն թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամեր.

3) կբարձրանա հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց իրազեկության մակարդակը թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցում.

4) կբարձրանա անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության աստիճանը թմրամոլության և նրա հասցրած վնասի վերաբերյալ.

5) կապահովվի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին.

6) կիրականացվեն թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ժամկետային զինծառայողների շրջանում.

7) թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներում, կանոնավոր կդառնան Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին.

8) կստեղծվի համակարգչային համացանցի միասնական հանգույց և դրանում մշտապես կթարմացվեն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերը.

9) կբարձրանա թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության աստիճանը:

 

6. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Նպատակ 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վաղ հայտնաբերումը և ուղեգրումը համապատասխան բուժհաստատություններ

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) ապահովել սերտ համագործակցություն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև.

2) ուժեղացնել առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից թմրամիջոցներ գործածող անձանց ամբուլատոր հսկողությունը.

3) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ հիմնելու ուղղությամբ, թմրամոլության հետ կապված կամավոր խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` նրանց համապատասխան նարկոլոգիական բուժհաստատություններ ուղեգրելու նպատակով.

4) ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավումը թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում:

 

19. Նպատակ 2. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրումը

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական բուժհաստատությունների հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ.

2) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակի բարձրացման ուղղությամբ.

3) ապահովել նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի մասնագիտացումը և պարբերական վերապատրաստումը.

4) ապահովել հոգեբաններ և սոցիալական ոլորտի աշխատողներ պատրաստող և նրանց վերապատրաստումն ապահովող գիտակրթական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների գործուղումը նարկոլոգիական բժշկական կազմակերպություններ.

5) ապահովել նարկոլոգիական բուժհաստատությունների կողմից բուժման տարբեր ձևերի և մեթոդների կիրառումը (ապաթունավորում, ավանդական, փոխարինող և հոգեթերապևտիկ բուժում).

6) ապահովել ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցման ծրագրերի լիարժեք իրականացումը (երակների խնամք, գերդոզավորումների կանխարգելում, արյան միջոցով փոխանցվող վարակների կանխարգելում և այլն), մշակել համապատասխան չափորոշիչներ, ուղեցույցներ.

7) ապահովել շահագրգիռ կազմակերպությունների սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը հաստատելու մասին» թիվ 398-Ն որոշմամբ հաստատված ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման միջոցառումներ իրականացնելու գործում.

8) զարգացնել ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժը` ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

 

20. Նպատակ 3. Թմրամիջոցներից կամ հոգեմետ նյութերից կախվածությամբ անձանց հետբուժական սոցիալական վերաինտեգրումը

 

Այս նպատակը նախատեսում է մշակել և տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքային կազմակերպություններին առաջարկել իրականացնելու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրեր:

21. Ակնկալվող արդյունքները`

1) կհաստատվի սերտ համագործակցություն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և նարկոլոգիական բուժհաստատությունների միջև.

2) կուժեղացվի պայքարը թմրամոլությամբ հիվանդ անձանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ.

3) կհիմնվեն խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս.

4) կապահովվի հասարակական կազմակերպությունների ներգրավումը թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում.

5) կձեռնարկվեն միջոցներ նարկոլոգիական բուժհաստատությունների վերանորոգման, հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ.

6) կբարձրացվի նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակը.

7) կապահովվի նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի որակյալ մասնագիտացումը և վերապատրաստումը.

8) կապահովվի ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցման ծրագրերի լիարժեք իրականացումը, կմշակվեն համապատասխան չափորոշիչներ, ուղեցույցներ.

9) կապահովվի շահագրգիռ կազմակերպությունների սերտ համագործակցությունը ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման միջոցառումներ իրականացնելու գործում.

10) կբարձրացվի վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժը.

11) կմշակվեն և տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքային կազմակերպություններին կառաջարկվեն իրականացնելու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված աջակցության և զբաղվածության ծրագրեր:

 

7. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

22. Նպատակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի կանխումը

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաև իրականացնել սահմանների համալիր կառավարման ծրագրեր` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցիկությունն ու ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով.

2) օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու և նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով կնքել համապատասխան միջպետական համաձայնագրեր.

3) ապահովել մասնակցությունը տարածաշրջանային «Կանալ» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառմանը` այլ պետություններից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով, ինչպես նաև զարգացնել համագործակցությունն այն երկրների իրավասու մարմինների հետ, որոնց տարածքներն օգտագործվում են որպես թմրամիջոցների ապօրինի տեղափոխման տարանցիկ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մաքսային կետերում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ, ուղղված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության բացահայտմանը և կանխմանը.

5) կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից նշված նյութերի վերահսկելի մատակարարումների և հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև դրանց բռնագրավման համակարգը.

6) կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեությանն առնչվող հաշվետվական և գրանցման համակարգը.

7) կանխել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքը օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն.

8) ակտիվացնել ազատությունից զրկված անձանց և զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումները.

9) ապահովել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման կանխմանն ուղղված միջոցառումների անշեղորեն կատարումը:

 

23. Նպատակ 2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների հզորացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում

 

Այս նպատակը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`

1) ապահովել իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը, նպաստել նյութատեխնիկական բազայի զարգացմանը.

2) ապահովել նարկոլոգիական ծառայության արդիականացումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությունը, ինչպես նաև թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացած բժշկական հիմնարկների նյութատեխնիկական բազայի ամրապնդումը.

3) իրավապահ մարմինների համակարգում գործող հատուկ ուսումնական հաստատությունների կազմում ստեղծել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման հետ կապված հարցերն ուսումնասիրող ստորաբաժանումներ.

4) ակտիվացնել աշխատանքները Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ցանկերի և ցուցակների կազմման սկզբունքների, կառուցվածքի ու դրանցում ներառվելիք` ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրամիջոցների մասնաչափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու ուղղությամբ.

5) ապահովել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգի ներդրումը և ստացված տեղեկատվության փոխանակումը համապատասխան մարմինների հետ:

24. Ակնկալվող արդյունքները`

1) կապահովվի Հայաստանի Հանրապետության սահմանային վերահսկողության համակարգի արդյունավետությունը` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով.

2) օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի տարանցիկությունը և ներմուծումը կանխելու և նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով կկնքվեն համապատասխան միջպետական համաձայնագրեր.

3) կապահովվի այլ պետություններից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխմանն ուղղված գործողությունների առավել խստացումը, կզարգացնի համագործակցությունն այն երկրների իրավասու մարմինների հետ, որոնց տարածքներն օգտագործվում են որպես թմրամիջոցների ապօրինի տեղափոխման տարանցիկ ուղիներ.

4) կուժեղանա հսկողությունը սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ.

5) կկատարելագործվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեությանն առնչվող հաշվետվական և գրանցման համակարգը.

6) կկատարելագործվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից նշված նյութերի վերահսկվող փոխադրումների և ստուգողական գնումների իրականացման, ինչպես նաև դրանց բռնագրավման համակարգը.

7) կկանխվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքը օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացումը.

8) կիրականացվեն ազատությունից զրկված անձանց, ինչպես նաև զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումներ.

9) կապահովվի իրավասու պետական մարմինների, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությունը, ինչպես նաև կամրապնդվի թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացած բժշկական հիմնարկների նյութատեխնիկական ներուժը.

10) կներդրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգ և կապահովվի ստացված տեղեկատվության փոխանակումը համապատասխան մարմինների հետ:

 

8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Այս բնագավառում անհրաժեշտ է իրագործել հետևյալ ռազմավարական գործողությունները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԶԾ-ի միջև շարունակել համագործակցությունը Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հինգերորդ փուլի հետագա իրականացման ուղղությամբ.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման նպատակով ապահովել լայն համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների հետ.

3) ընդլայնել և բարելավել համագործակցությունը օտարերկրյա իրավապահ մարմինների ու նշված բնագավառում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ.

4) կազմակերպել ուսուցողական հատուկ դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ուսուցողական այցեր` այլ պետությունների` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում զարգացած համակարգերի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետությունում դրանց աստիճանական ներդրման նպատակով.

5) կազմակերպել և անցկացնել միջազգային սեմինարներ, համաժողովներ, կլոր սեղաններ և այլ միջոցառումներ` նվիրված Թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրվան (հունիսի 26):

26. Ակնկալվող արդյունքները`

1) սույն ծրագրի իրագործմանն օժանդակելու նպատակով կշարունակվի համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ` Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի շրջանակներում.

2) կհաստատվի լայն համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավապահ մարմինների և այդ բնագավառում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ.

3) կկազմակերպվեն միջազգային ուսուցողական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ուսուցողական այցեր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի զարգացած համակարգեր ունեցող երկրներ:

 

9. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

27. Այս բնագավառում անհրաժեշտ է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները.

1) ստեղծել սույն ծրագրի մոնիտորինգի և գնահատման համակարգ.

2) պարբերաբար կատարել ծրագրի իրականացման արդյունքների գնահատում:

28. Ակնկալվող արդյունքները`

1) Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի մոնիտորինգի և գնահատման ամբողջական համակարգ.

2) ծրագրի իրականացման արդյունքների գնահատումը կկատարվի պարբերաբար:

 

10. ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

29. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգումը համապետական մակարդակով

 

Սույն ծրագրով իրականացվող միջոցառումների ընդհանուր համակարգումը կատարում է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը:

Պետական կառավարման և այլ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգումը կատարում են այդ մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և պատասխանատու անձինք:

(29-րդ կետը փոփ. 30.01.10 ՆԿ-11-Ն)

 

30. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգումը մարզային մակարդակով

 

Մարզային մակարդակով իրականացվող միջոցառումների համակարգումն ապահովում են մարզպետները` իրենց ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպությունների միջոցով:

 

31. Համագործակցությունը

 

Ծրագրի իրականացման համագործակցող կողմերն են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը.

7) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.

8) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

9) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.

12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

13) Հայաստանի Հանրապետության դատախազությունը (համաձայնությամբ).

14) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (համաձայնությամբ).

15) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը (համաձայնությամբ).

16) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը (համաձայնությամբ).

17) զանգվածային լրատվության միջոցները (համաձայնությամբ).

18) Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան գործակալությունները և միջազգային այլ կազմակերպությունները (համաձայնությամբ).

19) տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ):

Սույն ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից` ոչ կառավարական և մասնավոր ոլորտների հատկացումներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տրամադրած աջակցություն, ներառյալ` Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հատկացրած ֆինանսական աջակցությունը:

(հավելվածը փոփ. 30.01.10 ՆԿ-11-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆԿ-48-Ն 09.04.2018, ՆԿ-162-Ն
30.01.2010, ՆԿ-11-Ն 20.02.2010, ՆԿ-162-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան