ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռք բերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
Հոդված 1․ | Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները և սահմանում է՝
1) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առք ու վաճառքի կարգը.
2) կրիպտոակտիվներով ծառայությունների (այսուհետ նաև՝ կրիպտոակտիվներով ծառայություն) տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման և իրականացման կարգը.
3) կրիպտոակտիվների շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Կենտրոնական բանկի իրավասությունները և պարտականությունները.
4) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներ թողարկող և առաջարկող անձանց, սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց և Հայաստանի Հանրապետության տարածքում առաջարկվող կամ սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց միջոցով կրիպտոակտիվներ ձեռք բերող անձանց:
3. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով:
4. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի կամ բաժնետոմսի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով:
5. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի կամ բանկային ավանդի պայմանագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով:
6. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի իմաստով ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով:
7. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում հետևյալ սուբյեկտների վրա, եթե վերջիններս հանդես են գալիս որպես թողարկող կամ մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ․
1) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների վրա.
2) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ցանկում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների վրա:
8. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում այն կրիպտոակտիվների վրա, որոնք՝
1) էությամբ եզակի են (յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ հատկանիշներ) և փոխարինելի չեն, կամ
2) տեխնիկապես հնարավոր չէ կամ օրենքով կամ թողարկման պայմաններով արգելվում է փոխանցել այլ անձի․
3) թողարկվել են կենտրոնական բանկերի կամ այլ ազգային բանկերի կողմից:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իմաստով կրիպտոակտիվը չի համարվում եզակի կամ ոչ փոխարինելի, եթե նման կրիպտոակտիվը առաջարկվել է տարանջատված մասերով:
10. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը չի կարգավորվում սույն օրենքով սահմանված դրույթներով, եթե դրանք մատուցվում են՝
1) միայն միևնույն խմբին պատկանող իրավաբանական անձանց կամ
2) լուծարային հանձնաժողովի, իսկ անվճարունակության դեպքում՝ ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից իրականացվող գործունեության շրջանակում:
Հոդված 2․ |
Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերը |
1. Կրիպտոակտիվների շուկայում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:
Հոդված 3․ |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ապակենտրոնացված գրանցամատյան՝ էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները և դրանց մասին տվյալները, և որը սինխրոնիզացվում է և, պահպանվելուն զուգընթաց, հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի (այսուհետ նաև՝ ԱԳՏ) ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ.
2) ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիա՝ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գործարկելու և օգտագործելու ապակենտրոնացված գրանցամատյան.
3) փոխհամաձայնության մեխանիզմ՝ կանոններ և գործընթացներ, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ԱԳՏ ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման և գրանցման պայմանների վերաբերյալ.
4) ԱԳՏ ցանց՝ սարքավորումներ կամ գործընթացներ, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները և դրանց մասին տվյալները.
5) կրիպտոակտիվ՝ ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ԱԳՏ-ի կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայի միջոցով.
6) ակտիվին կցված թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է արժութային արժեքին (բացառությամբ վճարային արժեթղթերի) կամ դրանց խմբին կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ ակտիվների.
7) արժութային արժեք՝ ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքով կիրառվող նշանակության.
8) էլեկտրոնային փողի թոքեն՝ էլեկտրոնային փող համարվող ակտիվին կցված թոքենի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է Հայաստանի Հանրապետության դրամին.
9) սպառողական թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որն ապահովում է բացառապես թողարկողի կողմից առաջարկվող որևէ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու իրավունքը․
10) թողարկող՝ իրավաբանական անձ, որը թողարկում կամ թողարկել է կրիպտոակտիվ.
11) թողարկել՝ անձի գործողությունների ամբողջություն՝ ուղղված կրիպտոակտիվների ստեղծմանը.
12) հրապարակային առաջարկ՝ անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցություն, որը կրիպտոակտիվ վաճառելու առաջարկ կամ կրիպտոակտիվ գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում.
13) կրիպտոակտիվներ ձեռք բերող՝ կրիպտոակտիվի սեփականատերը կամ այն անձը, որը նախատեսում է ձեռք բերել կրիպտոակտիվ.
14) կրիպտոակտիվի վաճառք կամ առք ու վաճառք՝ կրիպտոակտիվի առք ու վաճառք կամ այլ կրիպտոակտիվի հետ փոխանակում.
15) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով որևէ ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող անձ.
16) կրիպտոակտիվների պահառություն՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների (այդ թվում՝ եթե դրանք արտահայտված են գաղտնաբառերի տեսքով) պահպանության, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման գործունեություն: Կրիպտոակտիվների պահառությունը ներառում է նաև կրիպտոակտիվների պահառուի կողմից բացված կրիպտոակտիվների հաշիվներում կրիպտոակտիվների, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների փոխանցումը, բացառությամբ ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցման.
17) կրիպտոակտիվների պահառու՝ կրիպտոակտիվների պահառության ծառայություն մատուցելու լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձ.
18) կրիպտոակտիվների առևտրային հարթակ կամ առևտրային հարթակ՝ բազմակողմ հարթակ, որի միջոցով ապահովվում կամ կազմակերպվում է այլ անձանց կրիպտոակտիվների առք ու վաճառքի առաջարկների հանդիպումը և դրանց հիման վրա գործարքների կնքումը հարթակում՝ հարթակի կանոնների համաձայն.
19) հարթակի օպերատոր՝ կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություն մատուցելու լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձ.
20) իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում` իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում որևէ կրիպտոակտիվի իրացվելիության ապահովման (այդ թվում՝ երկկողմանի գնանշումներ իրականացնելու միջոցով) կամ հաճախորդի հանձնարարականները կատարելու նպատակով: Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեության նպատակները գնահատելու չափանիշներ.
21) կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում՝ հաճախորդներից կրիպտոակտիվների առք ու վաճառքի հանձնարարականների ընդունում և այլ անձի հաղորդում առք ու վաճառքի գործարքների կնքման կամ կատարման նպատակով.
22) կրիպտոակտիվների տեղաբաշխում՝ կրիպտոակտիվների առաջին վաճառքը կրիպտոակտիվներ ձեռք բերողին: Տեղաբաշխում կարող է իրականացնել կրիպտոակտիվներ թողարկողը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը).
23) տեղաբաշխող՝ անձ, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից կրիպտոակտիվներ է ձեռք բերում և տեղաբաշխման նպատակով թողարկողի կրիպտոակտիվներն է առաջարկում կամ վաճառում.
24) կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում՝ կրիպտոակտիվներով գործարքների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված անհատական խորհրդատվության տրամադրում հաճախորդին.
25) կրիպտոակտիվների փաթեթի կառավարում՝ անձի կողմից իր տիրապետմանը հանձնված՝ հաճախորդին պատկանող և հաճախորդի օգտին կամ հաճախորդի նշած այլ անձանց (շահառուի) օգտին իր անունից կրիպտոակտիվների, կրիպտոակտիվներում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների կառավարում՝ հաճախորդի տված ցուցումների համաձայն.
26) կրիպտոակտիվների փոխանցում՝ հաճախորդի հաշվին ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցում.
27) առաջարկի փաստաթուղթ՝ թողարկողի և առաջարկվող կրիպտոակտիվների վերաբերյալ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որի հիման վրա իրականացվում է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ տրամադրվում է կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը.
28) պահուստային ակտիվներ՝ ակտիվների համախումբ, որը նախատեսված է ակտիվին կցված թոքենի արժեքը կայուն պահելու և հաճախորդի պահանջով ակտիվին կցված թոքենի հետգնումը կամ մարումն իրականացնելու համար.
29) հաճախորդ՝ անձ, որն օգտվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ծառայություններից, կամ որը դիմել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին այդ ծառայությունից օգտվելու նպատակով.
30) որակավորված ներդրող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով նախատեսված որակավորված ներդրողի չափանիշները բավարարող անձ կամ անձ, որը բավարարում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» ենթակետի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշները կրիպտոակտիվների ոլորտում․
31) պրոֆեսիոնալ հաճախորդ՝ հաճախորդ, որը բավարարում է որակավորված ներդրող համարվելու չափանիշները և պահանջները.
32) արժեթուղթ՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով կիրառվող նշանակության․
33) կրիպտոակտիվներով ծառայություն՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն կամ գործունեություն․
34) օտարերկրյա պետության իրավասու մարմին՝ օտարերկրյա պետության կրիպտոակտիվների շուկան վերահսկող իրավասու պետական մարմին․
35) հասցե՝ տառերի, թվերի կամ այլ նիշերի առանձնահատուկ համակցություն, որը պատկանում է ապակենտրոնացված կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայով ստեղծված գրանցամատյանում առկա կոնկրետ հաշվին, և որին կամ որից կարող է փոխանցվել կրիպտոակտիվ:
2. Սույն օրենքում օգտագործվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն հոդվածի 1-ին մասով, կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:
ԲԱԺԻՆ 2
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ
ԳԼՈՒԽ 2
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4․ |
Սույն բաժնի կիրառման շրջանակը |
1. Սույն բաժինը չի տարածվում՝
1) անհատույց առաջարկվող կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա․
2) այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ավտոմատ կերպով ստեղծվում են որպես պարգևատրում ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար․
3) այն սպառողական թոքենների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու գոյություն ունեցող որևէ ապրանք կամ ծառայությունը ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու համար․
4) այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար։
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կրիպտոակտիվները չեն համարվում անհատույց առաջարկվող, եթե կրիպտոակտիվներ ձեռք բերողը տվյալ կրիպտոակտիվի դիմաց պարտավորվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված անձնական տվյալ տրամադրել թողարկողին, կամ թողարկողը կրիպտոակտիվներ ձեռք բերողից ստանում է որևէ վճար, դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում տվյալ կրիպտոակտիվի փոխանցման դիմաց:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հայտարարում է տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին։
4. Եթե կրիպտոակտիվների հրապարակային առաջարկն իրականացնում է թողարկողից տարբեր այլ անձ, ապա սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են թողարկողին, տարածվում են տվյալ անձի վրա, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ։
5. Սույն բաժինը տարածվում է ակտիվին կցված թոքենների վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը։
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կրիպտոակտիվների հրապարակային առք ու վաճառքի գործարքները կարող են իրականացվել միայն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձանց միջոցով (հետ)։
Հոդված 5․ | Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը |
1. Առանց սույն բաժնով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի իրականացումն արգելվում է։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում կրիպտոակտիվների այն հրապարակային առաջարկների վրա, երբ՝
1) առաջարկն ուղղված է ոչ ավելի, քան 150 ֆիզիկական կամ իրավաբանական անձի (կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող՝ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դեպքում հաշվի է առնվում այն անձանց թիվը, որոնց համար կամ հաշվին ձեռք են բերվում կրիպտոակտիվները)․
2) առաջարկվող կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում (առաջարկի հրապարակման օրվանից) չի գերազանցում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը․
3) առաջարկն ուղղված է բացառապես որակավորված ներդրողներին, և առաջարկից հետո տվյալ կրիպտոակտիվները կարող են ձեռք բերել միայն որակավորված ներդրողները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հրապարակային հայտարարությամբ հայտնի է դարձնում տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին։
4. Նույն կրիպտոակտիվների յուրաքանչյուր հաջորդող հրապարակային առաջարկը համարվում է առանձին հրապարակային առաջարկ, որի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով նախատեսված դրույթները։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաջորդող հրապարակային առաջարկի համար առաջարկի փաստաթուղթ չի կազմվում, եթե առաջարկի փաստաթուղթն արդեն իսկ հրապարակվել է սույն բաժնին համապատասխան։
6. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, սակայն առաջարկի փաստաթուղթը կամավոր կազմվում է, ապա առաջարկի փաստաթղթի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով սահմանված պահանջները։
7. Օտարերկրյա թողարկողի կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված անձը, որը թողարկողի հետ կնքել է կրիպտոակտիվների տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հոդված 6․ | Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը |
1. Առանց սույն բաժնով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի հրապարակման՝ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունն արգելվում է։
2. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվները հարթակի օպերատորի նախաձեռնությամբ են թույլատրվում առևտրային հարթակում առևտրին, և հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում առաջարկի փաստաթուղթը սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն հրապարակված չէ, հարթակի օպերատորը պարտավոր է բավարարել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը։
3. Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի և հարթակի օպերատորի միջև կնքված գրավոր համաձայնությամբ կարող է որոշվել, որ թողարկողի փոխարեն հարթակի օպերատորն է սույն օրենքով սահմանված կարգով հրապարակում առաջարկի փաստաթուղթը։
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջը չի կիրառվում, եթե՝
1) կրիպտոակտիվներն արդեն իսկ թույլատրված են Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային հարթակում առևտրին, և
2) առաջարկի փաստաթուղթը կազմվել և թարմացվել է սույն օրենքի համապատասխանաբար 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն։
Հոդված 7․ | Գովազդի նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող ցանկացած տեղեկություն, որը տարբեր տեղեկատվական միջոցներով հրապարակվել է որպես գովազդ (այսուհետ՝ գովազդ), պետք է բավարարի հետևյալ պահանջները.
1) չպետք է պարունակի ապակողմնորոշիչ տեղեկություն.
2) պետք է ներկայացվի որպես գովազդ.
3) պետք է համապատասխանի առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկություններին, եթե սույն օրենքով նախատեսված է առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջ։
2. Սույն հոդվածով սահմանված գովազդի նկատմամբ պահանջները չեն տարածվում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հրապարակային առաջարկների վրա։
3. Սույն օրենքով առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջի դեպքում գովազդը չպետք է հրապարակվի առաջարկի փաստաթղթի հրապարակումից ավելի շուտ։ Սույն պահանջը չպետք է սահմանափակի թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի կողմից ապագայում առաջարկվող կրիպտոակտիվների նկատմամբ պոտենցիալ ձեռք բերողների հետաքրքրությունը գնահատելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը։
4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել իրեն ներկայացնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի համար օգտագործվող ցանկացած փաստաթուղթ կամ հայտարարություն՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի նկատմամբ մանրամասն պահանջներ։
Հոդված 8․ | Առաջարկի փաստաթղթի և գովազդի մասին ծանուցումը |
1. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրի հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի փաստաթղթի հրապարակումից առնվազն 20 աշխատանքային օր (ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթի դեպքում՝ 30 աշխատանքային օր) առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում առաջարկի փաստաթուղթը՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկի փաստաթղթի հետ Կենտրոնական բանկ է ներկայացվում հիմնավորում այն մասին, թե ինչու առաջարկի փաստաթղթով առաջարկվող կամ առևտրային հարթակում առևտրին թույլատրվող կրիպտոակտիվը չի համարվում՝
1) սույն օրենքի կարգավորման առարկայից դուրս համարվող կրիպտոակտիվ՝ համաձայն սույն օրենքի 1-ին հոդվածի 3-6-րդ և 8-րդ մասերի․
2) ակտիվին կցված թոքեն (ակտիվին կցված թոքենից տարբեր կրիպտոակտիվ թողարկելու դեպքում)։
3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գովազդը ներկայացնում է Կենտրոնական բանկ գովազդի ներկայացման վերաբերյալ պահանջն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
4. Կենտրոնական բանկը չի գրանցում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն ներկայացված առաջարկի փաստաթուղթը և գովազդը։
5. Ֆինանսական կայունության ապահովման և կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված բովանդակությամբ առաջարկի փաստաթուղթը կազմված չլինելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից կամ հարթակի օպերատորից փոփոխություններ կամ լրացումներ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում։ Եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում, ապա այդ ժամկետը կարող է կասեցվել, իսկ եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի կամ առևտրային հարթակում շրջանառության ընթացքում, ապա Կենտրոնական բանկը կարող է կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ առևտրային հարթակում թույլտվությունը։
Հոդված 9․ | Առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակումը |
1. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը իր ինտերնետային կայքում հրապարակում է առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկն սկսելուց կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն ստանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ։
2. Առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) պետք է հասանելի լինեն թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները չեն մարվել կամ չեղարկվել։
3. Հրապարակված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևն ու բովանդակությունը հրապարակման ողջ ժամանակահատվածում պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկ ներկայացված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևին ու բովանդակությանը։
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակման մանրամասն կանոններ:
Հոդված 10․ |
Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հրապարակումը |
1. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պարտավոր է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ավարտից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, իր ինտերնետային կայքում հրապարակել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով։
2. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն ամսական կտրվածքով, իր ինտերնետային կայքում հրապարակել շրջանառության մեջ գտնվող կրիպտոակտիվների քանակի մասին տեղեկություն։
3. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պետք է ունենա ընթացակարգեր կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցների և կրիպտոակտիվների՝ հրապարակային առաջարկի ընթացքում հուսալի պահպանության համար։ Այդ նպատակով թողարկողը պարտավոր է առնվազն ապահովել, որ հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցները պահվեն Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում, իսկ կրիպտոակտիվները պահառության հանձնվեն սույն օրենքով սահմանված՝ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող որևէ անձի։
4. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է բավարարել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից կրիպտոակտիվներ ձեռք բերողի կողմից հրաժարվելու իրավունքի իրականացման վերջնաժամկետի ավարտը։
Հոդված 11․ | Կրիպտոակտիվներ թողարկողի և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի պարտականությունները |
1. Սույն օրենքով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի և առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում) հրապարակումից հետո միայն՝
1) թողարկողները կարող են իրականացնել տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ․
2) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք կարող են հայցել տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն։
2. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են՝
1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների նկատմամբ ցուցաբերել արդար և ոչ ապակողմնորոշող վերաբերմունք․
2) բացահայտել, ինչպես նաև ողջամիտ քայլեր ձեռնարկել շահերի հնարավոր բախումները հայտնաբերելու, կանխարգելելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար.
3) մշտապես ապահովել իրենց բոլոր տեղեկատվական համակարգերի անվտանգությունը։
3. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են բոլոր կրիպտոակտիվներ ձեռք բերողների նկատմամբ ցուցաբերել հավասար վերաբերմունք, եթե որևէ կրիպտոակտիվներ ձեռք բերողի նկատմամբ տարբերակված վերաբերմունքը և դրա հիմնավորումը չեն բացահայտվել առաջարկի փաստաթղթում, գովազդում (սույն օրենքով հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում) կամ այլ պաշտոնական հրապարակման մեջ։
4. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը թողարկողի կողմից չեղյալ համարվելու կամ Կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում թողարկողը պարտավոր է ապահովել, որ կրիպտոակտիվներ ձեռք բերողներին ամբողջությամբ վերադարձվեն այդ անձանցից ներգրավված միջոցները (դրամական միջոցները, կրիպտոակտիվները) հրապարակային առաջարկը չեղյալ համարվելուց կամ դադարեցվելուց հետո՝ 25 օրվա ընթացքում։
Հոդված 12․ | Առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկությունների համար պատասխանատվությունը |
1. Եթե սույն բաժնով սահմանված առաջարկի փաստաթղթում կամ առաջարկի թարմացված փաստաթղթում, այդ թվում՝ դրանց թարգմանության մեջ ներառվել է ոչ ամբողջական (էական փաստ է բաց թողնվել), ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ապակողմնորոշող տեղեկություն, ապա թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը) պատասխանատու է սույն մասով նախատեսված թերությունների հետևանքով կրիպտոակտիվներ ձեռք բերողների կրած վնասների համար։
2. Ցանկացած համաձայնություն, որը բացառում կամ սահմանափակում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը, առ ոչինչ է։
3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը պատասխանատվություն չի կրում կրիպտոակտիվներ ձեռք բերողների առջև առաջարկի փաստաթղթի ամփոփաթերթում, այդ թվում՝ դրա թարգմանության մեջ ներառված տեղեկությունների հիման վրա կայացված ձեռքբերման որոշման հետևանքով կրած վնասի համար, բացառությամբ եթե ամփոփաթերթը ոչ ամբողջական, ապակողմնորոշող, սխալ է կամ չի համապատասխանում առաջարկի փաստաթղթի մյուս մասերին։
Հոդված 13․ | Առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը |
1. Առաջարկի փաստաթղթի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով։ Առաջարկի փաստաթղթի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները կարող են տարբերվել՝ կախված առաջարկվող կրիպտոակտիվների տեսակից։
2. Առաջարկի փաստաթուղթը չպետք է ներառի կրիպտոակտիվների ապագա արժեքի մասին որևէ հայտարարություն կամ հավաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների։
3. Առաջարկի փաստաթուղթը պարունակում է հստակ դրույթ առ այն, որ՝
1) կրիպտոակտիվները կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը․
2) կրիպտոակտիվները կարող են երբեմն իրացվելի չլինել․
3) սպառողական թոքենների դեպքում դրանք կարող են չապահովել ապրանքը կամ ծառայությունը ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու՝ առաջարկի փաստաթղթով նախատեսված իրավունքները։
4. Առաջարկի փաստաթուղթը պարունակում է դրանում ներառված էական տեղեկատվության հակիրճ նկարագրությունը ներկայացնող ամփոփաթերթ։ Ամփոփաթերթը պարունակում է նախազգուշական դրույթ առ այն, որ՝
1) ամփոփաթերթը համարվում է առաջարկի փաստաթղթի ներածական համառոտ նկարագրություն․
2) առաջարկվող կրիպտոակտիվների ձեռքբերման վերաբերյալ որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական առաջարկի փաստաթղթի և ոչ թե միայն ամփոփաթերթի վրա։
5. Առաջարկի փաստաթուղթը հրապարակվում է հեշտ ընթեռնելի տառաչափով, տառատեսակով և հայերենով: Առաջարկի փաստաթղթի հայերենով հրապարակման պահանջը չի սահմանափակում առաջարկի փաստաթղթի հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով: Եթե հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով հրապարակված առաջարկի փաստաթղթերի միջև առկա է իմաստային անհամապատասխանություն, կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերեն հրապարակված փաստաթուղթը:
Հոդված 14․ | Առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումները |
1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ողջ ընթացքում կամ այնքան ժամանակ, քանի դեռ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը չի դադարեցվել, իսկ ակտիվին կցված թոքենների դեպքում՝ դրանց շրջանառության ողջ ընթացքում, առաջարկի փաստաթղթում կամ գովազդում ներառվող տեղեկությունների էական փոփոխություն, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ էական անճշտություն, թերություն հայտնաբերվելու դեպքում թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը պարտավոր է անհապաղ թարմացնել իր հրապարակած առաջարկի փաստաթուղթը և առկայության դեպքում` նաև գովազդը։
2. Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) կառուցվածքը պետք է համապատասխանի հրապարակված առաջարկի փաստաթղթի (գովազդի) կառուցվածքին։
3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ ներկայացնում է Կենտրոնական բանկ դրա հրապարակումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ (ակտիվին կցված թոքենի դեպքում՝ առնվազն 20 աշխատանքային օր առաջ)։
4. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ հրապարակում է սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։
5. Առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) և հին տարբերակները (հին գովազդները) պետք է հրապարակվեն ժամանակագրական կարգով և հասանելի լինեն թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները չեն մարվել կամ չեղարկվել։ Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) վերջնական (գործող) տարբերակը պետք է ունենա «գործում է» կարգավիճակ։
6. Առաջարկի փաստաթղթի, իսկ առկայության դեպքում նաև գովազդի հին տարբերակները պետք է պարունակեն հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով, տառատեսակով և տեսանելի նախազգուշական դրույթ առ այն, որ տվյալ տարբերակներն այլևս չեն գործում (ուժի մեջ չեն)՝ միաժամանակ ներառելով հղում առաջարկի թարմացված փաստաթղթի կամ թարմացված գովազդի վերջնական (գործող) տարբերակներին։
7. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթում ներառվող տեղեկությունների՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էական փոփոխություն, նոր էական հանգամանք կամ փաստ են համարվում առնվազն՝
1) ակտիվին կցված թոքեններ թողարկողի կառավարման համակարգի և ռիսկերի կառավարման կառուցակարգի փոփոխությունները․
2) պահուստային ակտիվների տեսակների կամ սահմանաչափերի և դրանց պահառուի փոփոխությունները․
3) ձեռք բերողների՝ ակտիվին կցված թոքենով ամրագրված իրավունքների փոփոխությունները․
4) ակտիվին կցված թոքենների թողարկման և մարման մեխանիզմի փոփոխությունները․
5) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ։
8. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթի թարմացման դեպքում Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքեններ թողարկողից կարող է պահանջել ներդնել ձեռք բերողների շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ այն դեպքում, երբ առաջարկի փաստաթղթում թարմացվող փոփոխությունը, նոր էական հանգամանքը կամ փաստը կարող են էական ազդեցություն ունենալ ակտիվին կցված թոքենի գնի, կայունության կամ ռիսկայնության կամ պահուստային ակտիվների վրա։
9. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումների նկատմամբ մանրամասն կանոններ:
Հոդված 15․ | Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը (մտածելու ժամանակը) |
1. Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողներին տրամադրվում է մտածելու ժամանակ, որի ընթացքում նրանք կարող են հրաժարվել թողարկողի կամ տեղաբաշխողի հետ կնքված կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից՝ առանց որևէ իրավական հետևանքների (այդ թվում՝ տուգանքների) և հրաժարվելու պատճառների բացահայտման պարտավորության։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մտածելու ժամանակն սկսվում է թողարկողի կամ տեղաբաշխողի և որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողի միջև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրի կնքման պահից և տևում է 4 օր։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում կրիպտոակտիվներ ձեռք բերողից ներգրավված միջոցները թողարկողը կամ տեղաբաշխողը անհապաղ վերադարձնում է կրիպտոակտիվներ ձեռք բերողին։ Կրիպտոակտիվներ ձեռք բերողների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դիմաց միջոցների փոխանցման, ինչպես նաև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում տվյալ միջոցները վերադարձնելու եղանակները պետք է նույնը լինեն, եթե այլ բան նախատեսված չէ կրիպտոակտիվներ ձեռք բերողների գրավոր համաձայնությամբ։
4. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վերջնաժամկետից հետո, եթե առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար սահմանված է վերջնաժամկետ։
5. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում, եթե կրիպտոակտիվները թույլատրվել են առևտրային հարթակում առևտրին նախքան որակավորված ներդրող չհամարվող կրիպտոակտիվներ ձեռք բերողի կողմից տվյալ կրիպտոակտիվների ձեռքբերումը։
ԲԱԺԻՆ 3
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 16․ | Կրիպտոակտիվներով ծառայությունները |
1. Սույն օրենքի իմաստով կրիպտոակտիվներով ծառայություններ են համարվում անձի կողմից՝
1) կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկումը.
2) կրիպտոակտիվների պահառությունը.
3) իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
4) հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
5) կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.
6) կրիպտոակտիվների տեղաբաշխումը.
7) կրիպտոակտիվների փաթեթի կառավարումը.
8) կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը.
9) կրիպտոակտիվների փոխանցումը.
10) ակտիվին կցված թոքենների թողարկումը:
Հոդված 17․ | Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք |
1. Արգելվում է կրիպտոակտիվներով ծառայությունների ուղղակի կամ անուղղակի առաջարկը կամ մատուցումն առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կրիպտոակտիվներով Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեությունը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումն է։
3. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ նաև՝ օտարերկրյա ընկերություն) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող մասնաճյուղերի վրա չեն տարածվում սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այն իրավական նորմերը, որոնց էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող մասնաճյուղին:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել նաև սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված անձինք:
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց արգելվում է իրականացնել սույն գլխով չնախատեսված որևէ այլ գործունեություն:
6. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց թույլատրելու այլ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցմանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար կանոնների սահմանմամբ:
7. Սույն բաժինը չի տարածվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման վրա, եթե դրանք մատուցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կրիպտոակտիվներով, և այդ կրիպտոակտիվները թույլատրված չեն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին:
8. «Կրիպտոակտիվներով ծառայություններ», «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ», «կրիպտոբրոքեր», «կրիպտոդիլեր», «կրիպտոբորսա», «կրիպտոփոխանակում», «կրիպտոփոխանակման կետ», ինչպես նաև որևէ կրիպտոակտիվի տեսակ արտահայտող բառակապակցություններն ու բառերը, դրանց հոլովաձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն իրենց ֆիրմային անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց օգտագործման իմաստից ակնհայտորեն բխում է, որ խոսքը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը չի վերաբերում:
Հոդված 18․ | Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը բանկերի, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից |
1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել հետևյալ անձինք.
1) ներդրումային ընկերությունը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված ծառայությունները.
2) ներդրումային ֆոնդի կառավարիչը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ծառայությունները՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում.
3) կարգավորվող շուկայի օպերատորը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծառայությունը.
4) Կենտրոնական դեպոզիտարիան՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծառայությունը:
2. Սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք առանց սույն օրենքով սահմանված լիցենզիա կամ թույլտվություն ստանալու կարող են մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված ծառայությունը՝ բացառապես էլեկտրոնային փողի թոքենների հետ կապված, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 9-րդ կետով սահմանված ծառայությունները՝ պայմանով, որ դրանք մատուցվում են բացառապես իր թողարկած էլեկտրոնային փողի թոքեններով:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սույն օրենքի 32-րդ, 33-րդ, 36-րդ, 38-41-րդ, 43-46-րդ, 75-80-րդ հոդվածներով և 9-րդ գլխով սահմանված դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց վրա՝ տվյալ անձանց կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող մասերով։
4. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անձանց համար սահմանել ներքին հսկողության կամ ռիսկերի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև դրանց կառուցվածքում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելուն ուղղված պահանջներ՝ իրենց գործունեության հետ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համատեղումից բխող ռիսկերը նվազեցնելու համար:
ԳԼՈՒԽ 4
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 19․ | Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան, լիցենզավորման, գրանցման և թույլտվության մասին որոշումները |
1. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ:
2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
3. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակները, լիցենզիայի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:
4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով:
5. Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար: Լիցենզիան վերաձևակերպվում է յուրաքանչյուր այլ տեսակի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու կամ որևէ տեսակի ծառայության մատուցման լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆիրմային անվանման փոփոխության դեպքերում՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։
6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է մատուցել միայն կրիպտոակտիվներով այն ծառայությունը, որի համար ստացել է լիցենզիա:
7. Սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված պահանջները տարածվում են նաև սույն օրենքի 22-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված թույլտվությունը տրամադրելու վերաբերյալ որոշումների վրա։
8.Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները՝ որպես Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում ծագող հարաբերությունները կարգավորող հատուկ նորմեր:
Հոդված 20․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները (այսուհետ՝ դիմորդ) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
1) գրանցման և լիցենզավորման դիմումը.
2) դիմորդի անվանումը, կապի միջոցները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ)․
3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում՝ դիմորդի գործարար ծրագիրը.
4) դիմորդի իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրությունը.
5) դիմորդի ֆիրմային անվանման գրանցման հայտը․
6) դիմորդի իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնների նախագծերը.
7) դիմորդի իրավասու կառավարման մարմնի որոշումը դիմորդի ղեկավարներ նշանակելու մասին.
8) ղեկավարների գրանցման համար դիմումը և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
9) դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքի 28-րդ հոդվածով և Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը.
10) կանոնադրական կապիտալի՝ Կենտրոնական բանկում կամ դիմորդի հետ չփոխկապակցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
11) դիմորդի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
12) դիմորդի՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
13) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
14) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող գործող անձը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավելի) ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
1) կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմումը.
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները․
3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
5. Եթե սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, ապա Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցվելու կամ լիցենզիա տրամադրվելու կամ գրանցումը կամ լիցենզիայի տրամադրումը մերժվելու մասին որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
6. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Սույն մասով սահմանված՝ Կենտրոնական բանկի պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում՝ գրանցման կամ լիցենզիայի դիմումի քննության՝ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված երկամսյա, իսկ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիայի դեպքում մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում դիմորդին գրանցելու և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն գրանցումն ու լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
8. Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցում և լիցենզավորում է դիմորդին կամ մերժում է գրանցումն ու լիցենզավորումը դիմորդի կողմից դիմումը ներկայացվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է լիցենզիայի դիմումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Սույն կետում նշված որոշումների հետ միաժամանակ որոշում է ընդունվում նաև դիմորդի կանոնադրության, ղեկավարների և օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով այլ գրանցվող փոփոխությունների (առկայության դեպքում) վերաբերյալ։
9. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրանցման վկայականը և լիցենզիան կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը հանձնել դիմորդին:
10. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել դիմորդի գրանցումն ու լիցենզավորումը կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
2) ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
3) ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
4) ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
5) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով գործարար ծրագրին համապատասխան, դիմորդը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
6) դիմորդի նշանակալից մասնակիցները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
7) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով դիմորդի նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը, ֆինանսական կամ կրիպտոակտիվների ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել դիմորդի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը.
8) չի վճարվել սույն օրենքով սահմանած կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.
9) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ, կամ գործունեությունը նախատեսվում է իրականացնել այնպիսի սխեմաների գործադրմամբ, որոնք կարող են խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆինանսական կայունությունը.
10) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար նախատեսված տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
11) դիմորդը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
12) դիմորդը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջները:
Հոդված 21․ | Օտարերկրյա ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը |
1․ Օտարերկրյա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղակի կամ անուղղակի առաջարկել կամ մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում դուստր ընկերության կամ մասնաճյուղի ստեղծման միջոցով:
Հոդված 22․ | Օտարերկրյա ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության իրականացման թույլտվությունը |
1. Օտարերկրյա ընկերությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա իրավասու մարմնի կողմից լիցենզավորված կամ թույլտվություն ստացած կամ գրանցված օտարերկրյա ընկերությունները։
3. Օտարերկրյա ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի (այսուհետ՝ օտարերկրյա ընկերության մասնաճյուղ) գործունեության թույլտվություն ստանալու համար օտարերկրյա ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը․
1) մասնաճյուղի գործունեության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումը.
2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի գործունեություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք.
3) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի գործունեության թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
4) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ընկերությունն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում՝ մասնաճյուղի գործարար ծրագիրը.
6) իրավասու կառավարման մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը.
7) մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը.
8) օտարերկրյա ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` օտարերկրյա ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն.
9) օտարերկրյա ընկերության՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ վերջին երեք տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրականացրած գործունեության բոլոր հաշվետու տարիների համար կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
10) օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը՝ օտարերկրյա ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մասին.
11) ղեկավարների գրանցման համար օտարերկրյա ընկերության դիմումը և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
12) օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը.
13) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
14) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
15) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
16) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
4. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու համար: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
5. Օտարերկրյա ընկերության մասնաճյուղը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավելի) ծառայություն մատուցելու թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
1) կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը.
2) կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
6. Օտարերկրյա ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված ներկայացուցչության (այսուհետ՝ օտարերկրյա ընկերության ներկայացուցչություն) գործունեության թույլտվություն ստանալու համար օտարերկրյա ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) ներկայացուցչության գործունեության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումը.
2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը.
3) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության գործունեության թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
4) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ընկերությունն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
5) իրավասու կառավարման մարմնի կողմից հաստատված ներկայացուցչության կանոնադրությունը.
6) օտարերկրյա ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` օտարերկրյա ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն.
7) օտարերկրյա ընկերության՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ վերջին երեք տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրականացրած գործունեության բոլոր հաշվետու տարիների համար կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
8) օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
9) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
10) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
7. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
8. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված որոշ փաստաթղթերի ներկայացման բացառություններ, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
9. Եթե սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, ապա Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմում ներկայացրած անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
10. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում գրանցման դիմումի քննության՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով։
11. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության կամ մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայության մատուցման թույլտվության մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:
12. Կենտրոնական բանկը օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվություն է տրամադրում կամ մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը օտարերկրյա ընկերության կողմից դիմումը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Սույն կետում նշված որոշումների հետ միաժամանակ որոշում է ընդունվում նաև դիմորդի ղեկավարների, ինչպես նաև օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով այլ գրանցվող փոփոխությունների (առկայության դեպքում) վերաբերյալ։
13. Կենտրոնական բանկը պարտավոր է օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվություն տրամադրելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թույլտվություն տրամադրելու վերաբերյալ վկայականը հանձնել օտարերկրյա ընկերությանը:
14. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվության կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
2) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով սահմանված պահանջները․
3) ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
4) ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
5) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով գործարար ծրագրին համապատասխան, օտարերկրյա ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ կամ կարող է խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆինանսական կայունությունը.
6) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական կամ կրիպտոակտիվների ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը․
7) տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու օտարերկրյա ընկերության մասնաճյուղի նկատմամբ.
8) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ․
9) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
10) օտարերկրյա ընկերությունը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
11) օտարերկրյա ընկերությունը կամ օտարերկրյա ընկերության մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջները:
15. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
2) օտարերկրյա ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը:
Հոդված 23․ | Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործարար ծրագիրը |
1. Գործունեության ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման կամ թույլտվության ստացման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:
Հոդված 24․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան, օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը |
1. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան կարող է ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվել ամբողջությամբ կամ ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների: Ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով տվյալ տեսակի ծառայություն մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են կրիպտոակտիվներով տվյալ ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:
2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալուց հետո՝ 12 ամիս անընդմեջ, չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.
3) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ.
4) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով.
5) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով․
6) լիցենզիան ստանալուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերից որևէ մեկը:
3. Լիցենզիան կարող է անվավեր ճանաչվել, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր:
4. Լիցենզիան կարող է ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի դիմումի հիման վրա՝ պայմանով, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը բավարար չափով պաշտպանված են:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր՝ եզրակացնելու, որ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը կարող է վտանգել հաճախորդների շահերը:
6. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դիմումի հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է պահանջվող տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում լիցենզիայի դիմումի քննության՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով։
8. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա լիցենզիան ուժը կորցրած կամ 3-րդ մասի հիման վրա անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացնելը Կենտրոնական բանկը կարող է պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից սահմանված ժամկետի ընթացքում վերացնել լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումները:
9. Կենտրոնական բանկի խորհուրդը լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին որոշմամբ կարող է հանձնարարել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձին հաճախորդների նկատմամբ պարտավորությունները փոխանցել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող այլ անձի, եթե առկա է վերջինիս և հաճախորդների համաձայնությունը։
10. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում այն եռօրյա ժամկետում վերադարձվում է Կենտրոնական բանկ:
11. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ենթակա է լուծարման օրենքով սահմանված կարգով:
12. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
13. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին: Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
14. Կենտրոնական բանկի խորհուրդը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սույն օրենքով սահմանված ձևով միացման (միացած ընկերության դեպքում), սնանկացման և օրենքով սահմանված այլ հիմքերով:
15. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին սույն հոդվածով սահմանված դրույթները տարածվում են օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի վրա: Ընդ որում, օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որն օտարերկրյա ընկերության մասնաճյուղը մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
16. Կենտրոնական բանկն օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե թույլտվությունն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված՝ օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունը մերժելու հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որի համար օտարերկրյա ընկերության ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է գործունեություն:
Հոդված 25․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղ կամ ներկայացուցչություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տված լիազորությունների սահմանում և նրա անունից կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում: Մասնաճյուղը կարող է մատուցել կրիպտոակտիվներով միայն այն ծառայությունները, որոնց մատուցման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ստացել է լիցենզիա:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին, ուսումնասիրում է կրիպտոակտիվների շուկան, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք չունի:
4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնել, եթե մասնաճյուղը 12 ամսվա ընթացքում չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ։
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության դադարեցման, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնել կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, եթե դա կարող է վտանգել հաճախորդների շահերը:
Հոդված 26․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության իրականացումը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը․
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության նախնական համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագիրը.
2) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
3. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնությունը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
4. Կենտրոնական բանկը տալիս է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ իր համաձայնությունը կամ մերժում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունություն իրականացնելու միջնորդագիրը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց կամ լիցենզավորելուց հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման կամ լիցենզավորման փաստը վկայող փաստաթուղթ:
6. Կենտրոնական բանկը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնության տրամադրումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացման.
3) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ընկերության գրանցման պետության իրավասու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մասնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ.
4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառությանը.
5) մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը խախտել է տնտեսական նորմատիվներից թեկուզև մեկը:
Հոդված 27․ | Ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը |
1. Ներդրումային ընկերությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
1) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը.
2) իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրության մեջ փոփոխությունների նախագիծը, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը.
3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե միջնորդագիրը քննելու ընթացքում միջնորդագրով կամ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
4. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ կամ փոփոխված տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում թույլտվություն ստանալու համար միջնորդագրի քննության՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում սույն հոդվածում նշված անձանց՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տալու կամ մերժելու մասին միջնորդագիրը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրման որոշումների, որոնց դեպքում որոշումը կայացվում է համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ որոշման հետ միաժամանակ:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է սույն հոդվածով սահմանված թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ որոշումը տրամադրել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց:
8. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
2) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կհանգեցնի տվյալ անձի ֆինանսական վիճակի վատթարացման.
3) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագրում կատարված փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով տվյալ գործարար ծրագրին համապատասխան, սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ:
9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից դադարեցման վրա տարածվում են լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերը։
10. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը դադարեցնելու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է թույլ չտալ դադարեցնել սույն մասով նախատեսված թույլտվությունը, եթե տվյալ թույլտվության դադարեցումը կարող է վտանգել հաճախորդների շահերը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28․ |
Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը |
1. Անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը, որն ունի մտադրություն ձեռք բերելու կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն կամ ավելացնելու իր մասնակցությունն այնպես, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացնում է իր` ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավելի՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում` ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) հետևանքով, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալուց հետո` 10 օրվա ընթացքում:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող և կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
6. Եթե սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում անձը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի քննության՝ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով:
8. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման մասին, եթե՝
1) բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից.
2) բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 և ավելի տոկոսով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի հետևանքով նա դադարում է հսկել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:
10. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տեղեկություններն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին, բացառությամբ 20-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, երբ Կենտրոնական բանկի խորհրդի՝ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունվում է լիցենզիայի տրամադրման որոշման հետ՝ երկու ամսվա ընթացքում։
11. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանում է նաև ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նշված ժամկետում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին:
12. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասում նշված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ:
Հոդված 29․ |
Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե՝
1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.
2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.
3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունի չմարված կամ չվերացված դատվածություն.
4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.
5) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
6) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված կամ չներված պարտավորություններ.
8) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ոլորտում ազատ մրցակցության սահմանափակմանը.
9) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործողությունները Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված կարծիքով բավարար հիմք են տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցողի գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
10) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից բավարար վերահսկողության իրականացումը, կամ տվյալ անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից տեղեկությունների ձեռքբերման հնարավորությունը սահմանափակված է նրա ազգային օրենսդրությամբ, եթե տվյալ անձն օտարերկրյա անձ է․
11) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
2. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը պետք է լինի հիմնավոր:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:
4. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումն ստանալու դեպքում, ինչպես նաև նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկն է հայտնաբերում անձի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Կենտրոնական բանկը կարող է առաջարկել, իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում՝ դատական կարգով պահանջել, որ անձը, որի միջոցով և անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում:
5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։
Հոդված 30․ | Նշանակալից մասնակցության գործողության դադարեցումը |
1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ 7-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ փոխկապակցված անձանց (իսկ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վրա կամ վտանգել հաճախորդների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում իր ունեցած ներդրումները կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։
2. Կենտրոնական բանկի խորհրդի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հոդված 31․ | Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները |
1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:
2. Սույն հոդվածի 1-ին մասը տարածվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաև ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ բաժնետոմսերով կամ բաժնեմասերով ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը:
ԳԼՈՒԽ 6
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 32․ | Ընդհանուր պահանջները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ծառայություններ մատուցելիս պարտավոր է՝
1) գործել արդար և պրոֆեսիոնալ մակարդակով․
2) հաճախորդին բացահայտել կրիպտոակտիվներով գործարքների հետ կապված ռիսկերը.
3) վարել գրանցումներ կատարված գործարքների, ստացված և կատարված հանձնարարականների վերաբերյալ:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է ունենա ինտերնետային կայք, որտեղ պետք է հրապարակի մատուցվող ծառայությունների սակագները, միջանկյալ և տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող տեղեկությունը (այդ թվում՝ երբ տեղեկությունը տրամադրվում է գովազդային նպատակներով կամ վերաբերում է կրիպտոակտիվների իրական կամ ենթադրյալ առավելություններին) պետք է լինի արժանահավատ, հստակ և ոչ ապակողմնորոշիչ:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, որը մատուցում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ծառայությունները, պարտավոր է հաճախորդի պահանջով վերջինիս էլեկտրոնային եղանակով տրամադրել այն կրիպտոակտիվների առաջարկի ամփոփ փաստաթղթերը կամ առաջարկողի կայքում դրանց համապատասխան հղումները (առկայության դեպքում), որոնցով մատուցում կամ մատուցելու է ծառայությունները:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության տարածքի նկատմամբ և տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներ։
6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է նախատեսել սահմանափակումներ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից հրապարակվող տեղեկությունների կազմին և հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջներ։
8. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ մանրամասն կանոններ և պահանջներ:
Հոդված 33․ |
Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագիրը |
1. Կրիպտոակտիվներով ծառայությունները կարող են մատուցվել միայն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման պայմանագիրն առ ոչինչ է։
2. Պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված նաև այն դեպքում, երբ կրիպտոակտիվներով ծառայությունները մատուցվում են հրապարակային օֆերտայի կանոններով:
3. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում գրավոր ձևով կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված գործարքների կնքումը բանավոր ձևով` կողմերի համաձայնությամբ:
4. Հաճախորդն իրավունք ունի միակողմանի հրաժարվելու կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրից: Պայմանագիրը լուծելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող կրիպտոակտիվներն ու դրամական միջոցները: Սույն մասով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
5. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ:
6. Սույն հոդվածի 1-4-րդ մասերը չեն տարածվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման վրա:
Հոդված 34․ | Ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և օտարերկրյա ընկերության ղեկավարներն են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և անդամները (խորհուրդ ձևավորելու դեպքում), գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով ղեկավար ճանաչված այլ անձինք։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով։
3. Անձը կարող է Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարի պարտականություններն իրականացնել առանց Կենտրոնական բանկում գրանցվելու՝ Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված ժամանակաշրջանի ընթացքում, դեպքերում և կարգով:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝
1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն.
3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
4) ճանաչված է սնանկ կամ ունի չմարված կամ չներված պարտավորություններ.
5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված կարծիքով բավարար հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար, չի կարող պատշաճ կառավարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
6) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխղճորեն՝ ելնելով բացառապես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների շահերից:
Հոդված 35․ |
Ներքին աուդիտը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ արդյունավետ և իր կողմից իրականացվող գործունեությանը համաչափ ներքին հսկողության համակարգ, որը կներառի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման և գործունեության բոլոր մակարդակները:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ) կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել այլ անձի: Ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է բավարարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտի ղեկավար կամ անդամ (այսուհետ նաև՝ ներքին աուդիտոր) չի կարող լինել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:
3. Ներքին աուդիտորները նշանակվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա՝ տնօրենների խորհուրդը:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնին:
5. Ներքին աուդիտը ընկերության հաստատած կանոնակարգի համաձայն՝
1) հսկողություն է իրականացնում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.
2) ստուգում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:
6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի գործառույթների արդյունավետ իրականացման համար:
7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին և Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Սույն հոդվածը տարածվում է այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ծառայությունները։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել, որ սույն հոդվածը տարածվում է նաև այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-9-րդ կետերով սահմանված ծառայություններից որևէ մեկը կամ մի քանիսը՝ հաշվի առնելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայության տեսակը, դրանց մատուցման բնույթն ու ռիսկայնությունը։
Հոդված 36․ |
Գործունեության ներքին կանոնները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր գործունեությունը կարգավորող ներքին կանոններ և կանոնակարգեր (այսուհետ նաև՝ գործունեության կանոններ):
2. Գործունեության կանոնները ներառում են՝
1) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոններն ու ընթացակարգերը.
2) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգերն ու պայմանները, ինչպես նաև սակագները.
3) ներքին աուդիտի գործունեության կանոնները․
4) գործարար անընդհատության ծրագիրը.
5) տեղեկատվական անվտանգության հետ կապված քաղաքականությունը և ընթացակարգերը.
6) հաճախորդների միջոցների առանձնացված հաշվառումն ապահովելու միջոցառումների նկարագրությունը.
7) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 23-րդ հոդվածով պահանջվող ներքին իրավական ակտերը․
8) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Հոդված 37․ | Իրական շահառուները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, օտարերկրյա ընկերությունները պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
Հոդված 38․ |
Հաճախորդների միջոցների հաշվառման և պաշտպանության նկատմամբ պահանջները |
1. Սույն հոդվածով նախատեսված՝ հաճախորդի միջոցները հաճախորդի և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տիրապետմանը կամ փաթեթի կառավարմանը հանձնված՝ հաճախորդին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիությունն ապահովող միջոցները կամ դրամական միջոցներն են, այդ թվում` դրանց կառավարման շնորհիվ առաջացած շահույթը:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հաճախորդների միջոցների և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի պարտքերի դիմաց: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում հաճախորդի միջոցները առանձնացվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գույքից և վերադարձվում են հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարող իր հաճախորդի միջոցներն օգտագործել ի շահ իրեն:
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է վարել առանձնացված հաշվառում յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև իր և իր հաճախորդների միջոցների համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, որը հաճախորդների միջոցները պահպանում է այլ անձանց մոտ, պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցներն ու քայլերը իր և իր հաճախորդների միջոցների՝ տվյալ անձանց կողմից առանձնացված հաշվառումն ապահովելու համար։
Հոդված 39․ |
Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախման սահմանափակման վերաբերյալ պահանջները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է սահմանեն և կիրառեն արդյունավետ քաղաքականություն, ներքին կանոններ և ընթացակարգեր՝ հետևյալ անձանց միջև հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր մասնակիցների, իրեն կամ իր մասնակիցներին հսկող անձանց, կառավարման մարմինների, աշխատողների կամ հաճախորդների միջև․
2) իր հաճախորդների միջև։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք իրենց ինտերնետային կայքում պետք է հրապարակեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերը և դրանց վերաբերյալ քաղաքականությունը։
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայեն շահերի բախման վերաբերյալ իրենց քաղաքականությունը և ընթացակարգերը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները թերությունները վերացնելու համար:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքականության և ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջները։
Հոդված 40․ | Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան արդյունավետ և թափանցիկ ընթացակարգեր՝ հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, դրանց արագ, արդար և հետևողական քննության և որոշումների կայացման համար:
2. Հաճախորդների բողոք-պահանջները ներկայացնելը, ընդունելը և քննելը պետք է լինեն անվճար:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք հաճախորդների բողոք-պահանջները քննելիս պետք է լինեն արդար և որոշում կայացնեն ողջամիտ ժամկետում։
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո անհապաղ տեղեկացնում են այդ մասին բողոք-պահանջը ներկայացրած հաճախորդին։
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք ժամանակագրական կարգով գրանցում և առնվազն յոթ տարի պահպանում են հաճախորդներից ստացած բոլոր բողոք-պահանջները և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները:
6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջներ։
Հոդված 41․ | Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունները |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կազմել և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը։ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանելու հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակից:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, առնվազն իրենց ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
4. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է հասանելի լինեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում։
Հոդված 42․ |
Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արտաքին աուդիտը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի արտաքին աուդիտորական ստուգման արտաքին աուդիտ իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության արտաքին աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում արտաքին աուդիտ իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, նախատեսվում է նաև աուդիտորական հաշվետվության (նամակ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարությանը) կազմում:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսում է նաև աուդիտ իրականացնող անձի կողմից եզրակացության ներկայացում՝
1) սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
3) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:
4. Արտաքին աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը և հաշվետվությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
5. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտ իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտ իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
6. Կենտրոնական բանկի և Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են արտաքին աուդիտ իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:
7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել արտաքին աուդիտ իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ:
8. Եթե աուդիտորական եզրակացությունը կամ հաշվետվությունը կազմվել է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաշվին այլ՝ արտաքին աուդիտ իրականացնող անձի կողմից նոր աուդիտ:
Հոդված 43․ |
Գործառույթների պատվիրակումը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իր կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իր գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառույթների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պատվիրակել այլ անձանց (այսուհետ՝ կոնտրագենտ):
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները (բացառությամբ օժանդակ գործառույթների) կարող են պատվիրակվել միայն այն դեպքում, եթե պատվիրակման հետևանքով էականորեն կբարձրանա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառույթները (բացառությամբ օժանդակ գործառույթների), որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ այլ թույլտվության առկայության պարագայում, կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների (բացառությամբ օժանդակ գործառույթների) պատվիրակման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության սույն մասով նախատեսված գործառնությունների պատվիրակման գործարքն առ ոչինչ է: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:
5. Գործառույթների պատվիրակումը պետք է բավարարի հետևյալ պայմանները.
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը վերջնական պատասխանատվություն է կրում պատվիրակված գործառույթների պատշաճ և բարեխղճորեն իրականացման համար.
2) պատվիրակման դեպքում չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը փաստացի չի իրականացնում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.
3) պատվիրակումը չի փոխում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր հաճախորդների միջև հարաբերությունների բնույթը, ինչպես նաև չի խոչընդոտում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից իր հաճախորդների նկատմամբ պարտականությունների պատշաճ կատարումը.
4) կոնտրագենտն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Կենտրոնական բանկի հետ և չի խոչընդոտում վերջինիս կողմից վերահսկողական գործառույթների կատարումը, այդ թվում՝ իր մոտ ստուգումներ անցկացնելու միջոցով.
5) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի ուղիղ հասանելիություն պատվիրակվող գործառույթների հետ կապված ամբողջ տեղեկատվությանը.
6) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները պատվիրակված գործառույթների կատարման արդյունավետությունը գնահատելու և պատվիրակման արդյունքով առկա և հնարավոր ռիսկերը պատշաճ կառավարելու համար:
6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պայմանից բացառություն՝ որոշ գործառույթների պատվիրակման համար:
7. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից գործառույթների պատվիրակումն իրականացվում է պատվիրակման գրավոր պայմանագրի հիման վրա, որն առնվազն ներառում է՝
1) պատվիրակվող գործառույթների կոնկրետ շրջանակը.
2) կոնտրագենտի պատասխանատվությունը պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
3) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հսկողության կարգը և պայմանները.
4) պայմանագրի փոփոխման և լուծման կարգը:
8. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պատվիրակման պայմանագրում ներառվող պայմանների նկատմամբ:
9. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում է կամ կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացումը:
10. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այն գործառույթների ցանկը, որոնք չեն կարող պատվիրակվել, ինչպես նաև պատվիրակում չհամարվող դեպքերը։
ԳԼՈՒԽ 7
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 44․ |
Հիմնական տնտեսական նորմատիվները |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները․
1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
2) կապիտալի համարժեքության նորմատիվները.
3) իրացվելիության նորմատիվները.
4) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափերը.
5) մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափերը.
6) արտարժույթի տնօրինման նորմատիվները։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու կամ կրիպտոակտիվների շուկայի կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում առանձին տնտեսական նորմատիվներ կարող են չտարածվել նոր լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա լիցենզավորումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ նրանց համար կարող են սահմանվել այլ տնտեսական նորմատիվներ կամ դրանց նվազագույն չափեր:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
4. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն կրիպտոակտիվներով նույն տեսակի ծառայության համար։ Կրիպտոակտիվներով մեկից ավելի տեսակի ծառայությունների մատուցման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:
5. Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն մատուցող անձից կարող է պահանջել Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով իրականացնել բոլոր էական ռիսկերի (վարկային, իրացվելիության, գործառնական, շուկայական, երկրի և այլ ռիսկերի) գծով սթրես-թեստավորում՝ ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն իրականացնող անձի գործունեության կամ նրա թողարկած թոքենների կամ դրանց պահուստային ակտիվների առանձին պորտֆելի վրա տվյալ ռիսկերի փոփոխությունների ազդեցությունը գնահատելու համար։ Սթրես-թեստավորման արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդն ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն մատուցող անձի նկատմամբ կարող է սահմանել ընդհանուր կապիտալի ավելի բարձր՝ սահմանված նվազագույն չափից մինչև 30 տոկոսով ավելի սահմանաչափ, այդ թվում՝ ժամանակավոր գործողության։
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված սթրես-թեստավորում իրականացնելու՝ Կենտրոնական բանկի պահանջը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկի գնահատականով ռիսկերը կանխատեսվածից բարձր են՝ կապված՝
1) ներքին հսկողության համակարգի գնահատման հետ․
2) պահուստային ակտիվների որակի և անկայունության հետ․
3) ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողների մարման իրավունքի հետ․
4) պահուստային ակտիվների ներդրումային քաղաքականության հետ․
5) այն շուկաների հետ, որտեղ շրջանառվում են ակտիվին կցված թոքենները․
6) Կենտրոնական բանկի սահմանած այլ գործոնների հետ։
Հոդված 45․ | Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վերանայել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է լրացնել ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափը (չափերը), ընդ որում, տվյալ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վերանայել նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հոդված 46․ |
Տնտեսական նորմատիվներն իրավական ուժի մեջ մտնելը |
1. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացվելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացվելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանվելու պահից:
ԳԼՈՒԽ 8
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47․ | Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է վերակազմակերպվել բացառապես այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է միանալ միայն այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի:
Հոդված 48․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միացման կարգը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ մի քանի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց՝ այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միանալու դեպքում միացող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը (անձինք) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում՝
1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում.
2) վերակազմակերպվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց իրավասու կառավարման մարմինների որոշումը միացման մասին.
3) գործարքի էական պայմանները.
4) միացման հետևանքով պահպանվող ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը (սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում).
5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր.
6) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (անձանց) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերի.
2) պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
3) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նա կխախտի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող տվյալ անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը կրիպտոակտիվների շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք.
5) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով կողմերից որևէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն:
5. Միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման հայտ:
Հոդված 49․ |
Միացման մասին ծանուցումը |
1. Պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիայի՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաձևակերպմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իր ինտերնետային կայքում:
Հոդված 50․ |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարումը) |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման մասին, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կատարել է կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման դեպքում ընդհանուր ժողովն ընդունում է որոշում՝ նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարողանա պատշաճ կատարել իր պարտավորությունները:
5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ:
6. Հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:
7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով:
8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ի վիճակի չի լինի բավարարելու իր այլ պարտատերերի պահանջները:
10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:
ԳԼՈՒԽ 9
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 51․ |
Կրիպտոակտիվների առևտրային հարթակի և հարթակի գործարկման նկատմամբ պահանջները |
1. Հարթակի օպերատորը սահմանում, կիրառում և հրապարակում է գործունեության կանոններ, որոնք առնվազն ներառում են՝
1) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության, թույլտվության կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները․
2) կրիպտոակտիվի տեսակները, որոնք կարող են թույլատրվել կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին․
3) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը պահպանելու պայմանները, ներառյալ իրացվելիության նվազագույն չափանիշները և տեղեկությունների պարբերական բացահայտման պահանջները.
4) հաճախորդների՝ առևտրային հարթակում առևտրին մասնակցելու թույլտվության տրամադրման, թույլտվության կասեցման և դադարեցման, ինչպես նաև կրիպտոակտիվների առևտրային հարթակում գործարքներ կնքելու կարգն ու պայմանները.
5) սակագները, ներառյալ առևտրային հարթակում հաճախորդներին մասնակցելու թույլտվության տրամադրման, ինչպես նաև կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության տրամադրման և թույլտվության պահպանման համար.
6) առևտրային հարթակում կնքված գործարքների վերջնահաշվարկի ապահովման կարգն ու պայմանները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության կանոնները պետք է լինեն ոչ խտրական, այդ թվում՝ նույն տեսակի հաճախորդների համար պետք է սահմանվեն նույն պահանջները։
3. Նախքան կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը հարթակի օպերատորը հավաստիանում է, որ կրիպտոակտիվները համապատասխանում են առևտրային հարթակի գործունեության կանոններին: Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակի կանոններին համապատասխանությունը գնահատելիս հարթակի օպերատորը հավաստիանում է նաև, որ օգտագործվող տեխնիկական համակարգերը հուսալի են, և ապօրինի, խարդախ գործողությունների իրականացումը հնարավորինս բացառված է՝ հաշվի առնելով նաև կրիպտոակտիվներ թողարկողի փորձը, գործունեության պատմությունը և համբավը։
4. Կրիպտոակտիվների առևտրային հարթակի կանոնները պետք է արգելեն այնպիսի կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը, որոնք իրենց բնույթով ապահովում են գործարքի կողմի անանունությունը, բացառությամբ եթե հարթակի օպերատորը կարող է բացահայտել այդ կրիպտոակտիվները ձեռք բերողներին և նրանց գործարքների պատմությունը:
5. Հարթակի օպերատորին արգելվում է իր հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվներով իր հաշվին առք ու վաճառք իրականացնել, այդ թվում՝ սույն օրենքով սահմանված կարգով իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի ծառայություն մատուցելու թույլտվություն ունենալու դեպքում։
6. Հարթակի օպերատորը պետք է ունենա արդյունավետ համակարգեր և ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ իր առևտրային համակարգը՝
1) լինի տեխնիկապես կայուն.
2) ունենա անհրաժեշտ կարողություններ՝ բավարարելու հաճախորդների պատվերների և հաղորդագրությունների խոշոր ծավալները.
3) արտակարգ դեպքերում ապահովի կրիպտոակտիվների առևտրային հարթակի բնականոն գործունեությունը։ Ընդ որում, արտակարգ դեպքն այն իրավիճակն է, երբ տեղի է ունենում կրիպտոակտիվների շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, կամ ի հայտ է գալիս դրա ակնհայտ սպառնալիք, որոնք արտահայտվում են`
ա․ կրիպտոակտիվների սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներով կամ դրանց ակնհայտ սպառնալիքով կամ
բ․ կրիպտոակտիվներով իրականացվող գործարքների անվտանգ գործողության նշանակալից խափանմամբ կամ դրա ակնհայտ սպառնալիքով․
4) մերժի այն պատվերները, որոնք գերազանցում են հարթակի օպերատորի կողմից նախապես որոշված ծավալային և գնային շեմերը կամ ակնհայտորեն սխալ են.
5) ունենա գործունեության անընդհատության կանոններ՝ առևտրային համակարգի ձախողումների դեպքում ծառայությունների մատուցման շարունակականությունն ապահովելու համար․
6) կանխարգելի կամ հայտնաբերի շուկայի չարաշահումները:
7. Հարթակի օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր առևտրային հարթակում իրականացված շուկայի չարաշահումների կամ շուկայի չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին։
8. Հարթակի օպերատորը պարտավոր է առևտրի ողջ ընթացքում բացահայտել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առք ու վաճառքի գները, ներառյալ տվյալ գնանշումներին համապատասխանող առք ու վաճառքի պատվերների քանակն ու ընդհանուր ծավալը:
9. Հարթակի օպերատորը պարտավոր է բացահայտել իր առևտրային հարթակում կրիպտոակտիվներով կնքված գործարքների գինը, ծավալը և ժամը իրական ժամանակին հնարավորինս մոտ ռեժիմում:
10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունները բացահայտվում են հանրությանը ոչ խտրական ձևով, ընդ որում, տեղեկությունների բացահայտման համար կարող է գանձվել վճար: Եթե, սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն, տեղեկությունների բացահայտման պահից անցել է 15 րոպե, ապա այդ տեղեկությունների բացահայտման համար վճար չի կարող գանձվել, ներառյալ ավտոմատացված համակարգի կողմից մշակման ենթակա ձևով հրապարակման դեպքում։ Հարթակի օպերատորն ապահովում է սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հասանելիությունն իր ինտերնետային կայքում առնվազն երկու տարի:
11. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքի վերջնահաշվարկը գործարքի կնքումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս վերջնահաշվարկի դեպքում՝ մինչև գործարքի կնքման օրվա ավարտը:
12. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել, որ իր առևտրային հարթակի կողմից մատուցվող ծառայությունների սակագները լինեն թափանցիկ, արդար և ոչ խտրական և չստեղծեն խթաններ այնպիսի պատվերներ մուտքագրելու, փոփոխելու, չեղարկելու կամ այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնց նպատակն է խափանել կրիպտոակտիվների առևտրի բնականոն ընթացքը կամ իրականացնել շուկայի չարաշահումներ:
13. Հարթակի օպերատորը պարտավոր է առնվազն յոթ տարի պահպանել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առք ու վաճառքի պատվերների վերաբերյալ տեղեկությունները։ Պատվերների վերաբերյալ տեղեկությունները մշտապես պետք է հասանելի լինեն Կենտրոնական բանկին և հնարավորություն ընձեռեն վերծանելու յուրաքանչյուր պատվերի մանրամասները առևտրային հարթակի գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Պատվերների վերաբերյալ սույն մասով նախատեսված տեղեկությունները պետք է պարունակեն տեղեկություններ նաև պատվերի հիման վրա իրականացված գործարքների մասին։ Սույն մասով սահմանված պատվերների վերաբերյալ տեղեկությունների ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով։
14. Կենտրոնական բանկի Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին, 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հրապարակման կարգի, այդ թվում՝ հրապարակվող տեղեկությունների ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջներ, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համակարգերի և ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն պահանջներ։
Հոդված 52․ |
Կրիպտոակտիվների պահառության նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվների պահառուն կրիպտոակտիվների պահառությունն իրականացնում է հաճախորդների համար առանձին կրիպտոակտիվների հաշիվներ բացելու և վարելու միջոցով:
2. Կրիպտոակտիվների հաշիվը կրիպտոակտիվների պահառուի կողմից վարվող էլեկտրոնային գրառումների ամբողջությունն է հաշվետիրոջ, հաշվետիրոջ հաշվում հաշվառվող կրիպտոակտիվների, այդ կրիպտոակտիվների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների սահմանափակումների, կրիպտոակտիվների հաշվառման ընդունման ժամկետների և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունների վերաբերյալ:
3. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հաճախորդների հանձնարարականների հիման վրա փոխանցումները կրիպտոակտիվների հաշիվներում հնարավորինս արագ գրանցելու համար: Կրիպտոակտիվների հաշիվներում գրանցվում են նաև հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հետ կապված իրավունքների ցանկացած փոփոխության հիմքերը: Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է անմիջապես գրանցել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավունքների փոփոխությունները և նոր ծագած իրավունքները հաճախորդի կրիպտոակտիվների հաշվում։
4. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է իրեն և իր հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահել ապակենտրոնացված գրանցամատյանում բացված տարբեր հաշիվներում (հասցեներում) կամ այլ կրիպտոակտիվների պահառուի մոտ բացված տարբեր հաշիվներում։ Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է երաշխավորել հաճախորդի սեփականության իրավունքն իր կողմից բացված և վարվող կրիպտոակտիվների հաշիվներում պահվող՝ հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների նկատմամբ:
5. Կրիպտոակտիվների պահառուն պետք է ունենա կրիպտոակտիվների պահառության իրականացման ընթացակարգեր, որոնք ուղղված են խաբեության, կիբերհարձակումների, անփութության կամ իր ներքին հաշվառման կամ տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված խնդիրների հետևանքով հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կամ դրանց նկատմամբ իրավունքների կորստի ռիսկի նվազեցմանը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ընթացակարգերի համառոտ տարբերակը էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հաճախորդին՝ վերջինիս պահանջով:
7. Կրիպտոակտիվների պահառուն հնարավորության դեպքում պետք է ապահովի հաճախորդների կողմից իրենց պատկանող կրիպտոակտիվներով ամրագրված իրավունքների իրացումը: Եթե որևէ իրադարձության, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի փոփոխությունների հետևանքով հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվներից բխող կամ դրանցով ամրագրված իրավունքները փոփոխվում են, կամ ծագում են նոր իրավունքներ, կամ ստեղծվում են նոր կրիպտոակտիվներ, ապա այդ նոր իրավունքները կամ կրիպտոակտիվները պատկանում են հաճախորդներին, եթե այլ բան սահմանված չէ կրիպտոակտիվների պահառության պայմանագրով:
8. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ցանկացած պահի հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ էլեկտրոնային եղանակով հաճախորդին տրամադրել հաշվետվություն հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների հաշիվների, ժամանակահատվածի սկզբում և վերջում հաշիվներում առկա կրիպտոակտիվների մնացորդների, կրիպտոակտիվներով կատարված փոխանցումների կամ գործարքների մասին, ինչպես նաև պահառության հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
9. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է հնարավորինս արագ հաճախորդին տրամադրել ցանկացած տեղեկություն՝ կապված հաճախորդին պատկանող կրիպտոակտիվներով այն գործառնությունների հետ, որոնք պահանջում են հաճախորդի կողմից որևէ գործողություն՝ հավանություն կամ պատասխան:
10. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվության ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
11. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցները հաճախորդի պահանջով կամ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով նախատեսված դեպքերում հաճախորդներին հնարավորինս արագ վերադարձնելու նպատակով:
12. Կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների՝ իր հետ կապված գործոններով պայմանավորված (այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության կամ ներքին հսկողության համակարգերի խափանմամբ) կորստի դեպքում պարտավորություն է կրում հաճախորդների առաջ՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կորստի պահին կրիպտոակտիվների շուկայական արժեքի չափով: Սույն մասի իմաստով կրիպտոակտիվների պահառուի հետ կապված գործոններ չեն համարվում այն գործոնները, որոնք անկախ են կրիպտոակտիվների պահառության ծառայության մատուցումից, և կրիպտոակտիվների պահառուն չունի որևէ վերահսկողություն դրանց նկատմամբ, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի կամ թողարկողի հետ կապված գործոնները:
13. Եթե կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահելու համար օգտվում է այլ կրիպտոակտիվների պահառուի ծառայություններից, ապա կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է այդ մասին նախապես տեղեկացնել իր հաճախորդներին:
14. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվների պահառուների համար սահմանելու կրիպտոակտիվների հաշիվների բացման և վարման, կրիպտոակտիվներին հասանելիություն տրամադրող միջոցների պահպանման լրացուցիչ պահանջներ:
Հոդված 53․ | Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները |
1. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է սահմանել հաճախորդների վերաբերյալ ոչ խտրական չափանիշներ, ինչպես նաև հաճախորդների հետ գործարքների կնքման ոչ խտրական կարգ և պայմաններ։
2. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնելու դեպքում հրապարակել կրիպտոակտիվների գները և կրիպտոակտիվն այլ կրիպտոակտիվով փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվների փոխանակման դրույքները կամ կրիպտոակտիվների գների և փոխանակման դրույքների որոշման մեթոդաբանությունը, ինչպես նաև կրիպտոակտիվների առք ու վաճառքի կամ փոխանակման առավելագույն ծավալները, բացառությամբ եթե տվյալ անձը կրիպտոակտիվների առևտրային հարթակում որևէ կրիպտոակտիվի շուկա ստեղծող է (ապահովում է որևէ կրիպտոակտիվի իրացվելիություն):
3. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականը կատարել այն գնով կամ փոխանակման դրույքով, որոնք հրապարակված են եղել իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձի կողմից հաճախորդի հանձնարարականի հաստատման պահին: Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել այն պայմանների մասին, որոնց դեպքում հաճախորդի հանձնարարականը համարվում է հաստատված:
Հոդված 54․ |
Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները |
1. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականները կատարել հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը կամ փոխանակման դրույքը, կատարման ծախսերը, ժամկետը, գործարքի վերջնահաշվարկի իրականացման հնարավորությունը, կրիպտոակտիվների պահառության պայմանները և հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը չի կիրառվում, երբ գործարքը կատարվում է հաճախորդի նշած պայմաններով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը բավարարելու համար հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պետք է ունենա հանձնարարականների կատարման ընթացակարգեր, որոնք նախատեսում են հաճախորդների հանձնարարականների հնարավորինս արագ և արդար կատարման պահանջ և արգելում են կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձի աշխատակիցների կողմից հաճախորդի վերաբերյալ տեղեկության օգտագործումը հաճախորդի հանձնարարականը կատարելու հետ չկապված այլ նպատակներով:
4. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը հաճախորդներին տեղեկություն է տրամադրում սույն հոդվածով սահմանված հանձնարարականների կատարման ընթացակարգերի և դրանում կատարված էական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, որոնք հասկանալի և մանրամասն սահմանում են հանձնարարականների կատարման ընթացքը և պայմանները: Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է ստանալ հաճախորդի համաձայնությունը հանձնարարականների կատարման ընթացակարգերի վերաբերյալ:
5. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը հաճախորդի կամ Կենտրոնական բանկի պահանջով պարտավոր է ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ հաճախորդի հանձնարարականները կատարվել են հանձնարարականների կատարման ընթացակարգերին համապատասխան։
6. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պարբերականությամբ պարտավոր է գնահատել հանձնարարականների կատարման ընթացակարգերի արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ:
Հոդված 55․ |
Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձը պարտավոր է սահմանել այնպիսի ներքին գործընթացներ և ընթացակարգեր, որոնք ապահովում են հաճախորդների հանձնարարականների արագ և ճշգրիտ հաղորդումը կրիպտոակտիվների առևտրային հարթակին կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այլ անձանց։
2. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց արգելվում է որևէ կրիպտոակտիվների առևտրային հարթակի օպերատորից կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից ստանալ դրամական կամ ոչ դրամական օգուտ կամ վարձատրություն հաճախորդների հանձնարարականները հաղորդելու դիմաց:
3. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց և դրանց աշխատակիցներին արգելվում է օգտագործել հաճախորդների հանձնարարականների հետ կապված տեղեկությունը հաճախորդների հանձնարարականների հետ չկապված այլ նպատակներով:
Հոդված 56․ | Կրիպտոակտիվների տեղաբաշխման նկատմամբ պահանջները |
1. Տեղաբաշխողը մինչև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը պարտավոր է կրիպտոակտիվներ թողարկողին, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին տրամադրել հետևյալ տեղեկությունները.
1) կրիպտոակտիվների տեղաբաշխման տեսակը, այդ թվում՝ երաշխավորված տեղաբաշխման դեպքում՝ տեղաբաշխման երաշխավորված ծավալի նվազագույն մեծությունը.
2) տեղաբաշխման ծառայության սակագները.
3) կրիպտոակտիվների տեղաբաշխման հնարավոր գինը, իսկ փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվներով փոխանակման դրույքը, առանձնահատուկ պայմանները (առկայության դեպքում) և ժամկետը:
2. Տեղաբաշխողը պարտավոր է ընդունել և կիրառել արդյունավետ ընթացակարգեր՝ հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար հետևյալ դեպքերում.
1) տեղաբաշխողը կրիպտոակտիվները տեղաբաշխում է իր այլ հաճախորդների միջև.
2) տեղաբաշխման առաջարկվող գինը կամ փոխանակման դրույքը գերագնահատվել կամ թերագնահատվել է.
3) տեղաբաշխողը կրիպտոակտիվներ թողարկողից ստացել է, ծառայության դիմաց վճարից բացի, այլ դրամական կամ ոչ դրամական օգուտներ:
Հոդված 57․ |
Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման և կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գնահատել կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների համապատասխանությունը հաճախորդին՝ հաշվի առնելով կրիպտոակտիվների կամ կրիպտոակտիվներում ներդրումների հետ կապված՝ հաճախորդի գիտելիքներն ու փորձը, ներդրումային նպատակները, ներառյալ ռիսկեր ստանձնելու ցանկությունը, ինչպես նաև նրա ֆինանսական վիճակը, այդ թվում՝ կորուստներ կրելու կարողությունը։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված գնահատման իրականացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։
2. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդից պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հաճախորդին առաջարկելու այնպիսի կրիպտոակտիվներ կամ կրիպտոակտիվներով ծառայություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդին` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները: Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է սահմանել ներքին կանոններ և ընթացակարգեր հաճախորդներին կրիպտոակտիվների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ։ Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ձեռնարկել ողջամիտ քայլեր հաճախորդներից հավաքված տեղեկությունների արժանահավատությունը ապահովելու նպատակով։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով սահմանված տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
3. Եթե հաճախորդը չի տրամադրում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող տեղեկությունները, կամ եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համարում է, որ կրիպտոակտիվներով ծառայությունները կամ կրիպտոակտիվները չեն համապատասխանում հաճախորդին, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հրաժարվել տվյալ հաճախորդին ծառայություններ մատուցելուց։
4. Կրիպտոակտիվներով ծառայություններին կամ կրիպտոակտիվներին հաճախորդի համապատասխանությունն առաջին անգամ գնահատելուց հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարբերաբար՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, պարտավոր է վերանայել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված գնահատումը, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը շարունակում է կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցել տվյալ հաճախորդին։
5. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման շրջանակում որոշումները պարտավոր է կայացնել հաճախորդի լավագույն շահերից ելնելով։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ հաճախորդի լավագույն շահերից բխող որոշումը կայացնելու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը՝
1) պարտավոր է գնահատել շուկայում առկա կրիպտոակտիվների բավարար և բազմազան շրջանակը, որն ապահովում է հաճախորդի ներդրումային նպատակների պատշաճ կատարումը, և չի սահմանափակվում իր կողմից կրիպտոակտիվներով ծառայություների մատուցման շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ այն անձանց թողարկած կրիպտոակտիվներով, որոնց հետ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են խոչընդոտել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից անկախ որոշումների կայացումը.
2) պարտավոր է մերժել որևէ դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում կամ օգուտ այլ անձանցից, այդ թվում՝ թողարկողից, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից՝ հաճախորդին կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցելու համար։
7. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդներին տրամադրում է տեղեկություններ բոլոր միջնորդավճարների կամ այլ վճարների, ներառյալ դրանց վճարման եղանակների ու պայմանների, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ խորհրդատվության ծառայության շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվների արժեքի մասին։
8. Եթե կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հստակ չի սահմանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված վճարները, դրանց բնույթն ու մեծությունը, ապա նախքան կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը դրանց հաշվարկման մեթոդաբանությունը պարտավոր է հասկանալի և ճշգրիտ բացահայտել հաճախորդին։
9. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է իր հաճախորդներին առնվազն տեղեկացնել, որ՝
1) կրիպտոակտիվների արժեքը կարող է տատանվել․
2) կրիպտոակտիվները կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը․
3) Հայաստանի Հանրապետության բանկերի թողարկած ակտիվին կցված թոքենների դեպքում երաշխավորված չէ Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
10. Կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդին խորհրդատվություն տրամադրելիս խորհրդատվությանը կից ներկայացնում է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների՝ հաճախորդին համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որը առնվազն ներառում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքները, ինչպես նաև հստակ ներկայացնում է, թե ինչպես է տրամադրվող խորհրդատվությունը համապատասխանում հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող խորհրդատվության և դրան կից ներկայացվող հաշվետվության տրամադրման պարբերականության, ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
11. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է իր հաճախորդներին տրամադրել մատուցված ծառայությունների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Սույն մասով նախատեսված հաշվետվությունները պետք է պարունակեն առնվազն հաշվետու ժամանակաշրջանում կրիպտոակտիվների փաթեթի կառավարման շրջանակում կնքված գործարքների և իրականացված գործողությունների մասին տեղեկությունները, կրիպտոակտիվների փաթեթի կատարողականը (փաթեթի եկամտաբերությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքները, մատուցվող ծառայության շրջանակում իրականացված գործողությունների համապատասխանությունը հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված պարբերական հաշվետվությունների տրամադրման պարբերականության, ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հաշվետվությունները հաճախորդին տրամադրվում են առնվազն եռամսյակային կտրվածքով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդն ունի առցանց համակարգին հասանելիություն, որտեղ մշտապես առկա են և թարմացվում են հաճախորդի ներդրումային փաթեթի գնահատումները և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման վերաբերյալ տեղեկությունները, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է ապացուցել, որ հաճախորդը համապատասխան եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք է գործել տվյալ առցանց համակարգ։
Հոդված 58․ |
Կրիպտոակտիվների փոխանցման նկատմամբ պահանջները |
1. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը պարտավոր է ունենալ անհրաժեշտ համակարգեր և ընթացակարգեր հաճախորդների կրիպտոակտիվների անվտանգ, արագ և արդյունավետ փոխանցումն ապահովելու համար։
2. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը նախքան հաճախորդների կրիպտոակտիվների փոխանցումը պարտավոր է հաճախորդներին տրամադրել կրիպտոակտիվների փոխանցման եղանակի վերաբերյալ, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ։
ԳԼՈՒԽ 10
ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59․ |
Ակտիվին կցված թոքեն թողարկողները և թողարկման ընդհանուր պահանջները |
1. Ակտիվին կցված թոքեններ (այսուհետ սույն գլխում նաև՝ թոքեն) կարող են թողարկել միայն՝
1) սույն օրենքի 3-րդ բաժնով սահմանված կարգով ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայության մատուցման համար լիցենզիա ստացած անձինք․
2) բանկերը՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող․
3) «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող:
2. Թոքենների և դրանք թողարկողի վրա չեն տարածվում կրիպտոակտիվների և դրանք թողարկողի նկատմամբ սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված դրույթները։
3. Միայն թողարկողը կարող է իրականացնել թոքենի հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն։
4. Թողարկողը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել թոքենների հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն, եթե սույն օրենքով սահմանված կարգով հրապարակել է առաջարկի փաստաթուղթ։
5. Սույն բաժինը տարածվում է էլեկտրոնային փողի թոքենի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը։
Հոդված 60․ |
Ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողներին տրամադրվող տեղեկությունները |
1. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել իր թողարկած և շրջանառության մեջ գտնվող թոքենների քանակը և պահուստային ակտիվների արժեքն ու կառուցվածքը։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները թարմացվում են առնվազն ամսական կտրվածքով:
2. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պահուստային ակտիվների վերաբերյալ աուդիտորական կարծիքի հակիրճ ամփոփագիրը, ինչպես նաև աուդիտորական կարծիքի ամբողջական տարբերակը (բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի) այն հասանելի դառնալուց անմիջապես հետո։
3. Թողարկողը պարտավոր է հնարավոր սեղմ ժամկետում, հստակ, ճշգրիտ և թափանցիկ ձևով իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում բացահայտել ցանկացած փաստ կամ հանգամանք, որն ունի կամ կարող է ունենալ էական ազդեցություն թոքենի գնի կամ պահուստային ակտիվների արժեքի կամ կառուցվածքի վրա, բացառությամբ սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերի։
Հոդված 61․ |
Պահուստային ակտիվներ ձևավորելու պահանջը |
1. Թողարկողը պարտավոր է ձևավորել պահուստային ակտիվներ թողարկված թոքենների արժեքը կցված ակտիվների նկատմամբ կայուն պահելու նպատակով:
2. Պահուստային ակտիվները պետք է ձևավորվեն և կառավարվեն այնպես, որ նվազեցնեն ակտիվի կամ ակտիվների (որոնց կցված են թոքենները) հետ կապված ռիսկերը, ինչպես նաև թոքենները մարելու հետ կապված իրացվելիության ռիսկերը:
3. Երկու և ավելի տեսակի թոքեններ թողարկողը պարտավոր է ձևավորել և պահել առանձին պահուստային ակտիվներ յուրաքանչյուր տեսակի թոքենի համար:
4. Թոքենների թողարկման կամ մարման դեպքում պահուստային ակտիվները համապատասխանաբար ավելացվում կամ նվազեցվում են համարժեք չափով:
5. Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան թողարկված, բայց չմարված թոքենների ընդհանուր արժեքը: Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքի հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:
6. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել թոքենների արժեքը կայուն պահելու քաղաքականություն կամ ներքին կանոնները, որոնք պետք է ներառեն առնվազն հետևյալը.
1) ակտիվը կամ ակտիվների խմբի կառուցվածքը, որին կցվել են թոքենները.
2) պահուստային ակտիվների կառուցվածքը, այդ թվում՝ ակտիվների տեսակները և դրանց կշիռները.
3) ռիսկերի, այդ թվում՝ պահուստային ակտիվների վարկային, շուկայական, իրացվելիության ռիսկերի մանրամասն նկարագրությունը.
4) թոքենների թողարկման և հետգնման կամ մարման և դրանց համապատասխան պահուստային ակտիվների ավելացման և նվազեցման ընթացակարգը.
5) պահուստային ակտիվների ներդրումային քաղաքականությունը.
6) թողարկված, բայց չմարված թոքենների ձեռքբերման և պահուստային ակտիվների հաշվին դրանց մարման գործընթացի նկարագրությունը:
7. Թողարկողի պահուստային ակտիվների համապատասխանությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին գնահատվում է աուդիտ իրականացնող անձի կողմից տարին մեկ անգամ՝ սկսած թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակման պահից: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել թողարկողին:
8. Թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված աուդիտորական կարծիքը այն ստանալուց անմիջապես հետո:
Հոդված 62․ |
Պահուստային ակտիվների ներդրումը |
1. Թողարկողը պարտավոր է պահուստային ակտիվները ներդնել միայն բարձր իրացվելիություն և հուսալիություն ունեցող ակտիվներում, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.
2) Հայաստանի Հանրապետության բանկերում` որպես բանկային ավանդ կամ բանկային հաշիվ.
3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվներում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բարձր իրացվեիություն և հուսալիություն ունեցող լրացուցիչ ակտիվների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվների կամ դրանք թողարկողների կամ բանկերի նկատմամբ նվազագույն չափանիշներն ու պայմանները, թույլատրելի նվազագույն կամ առավելագույն ներդրումային սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով։
3. Պահուստային ակտիվների ներդրումից առաջացած օգուտը (շահույթը) կամ վնասը (կորուստը) կրում է թողարկողը։
Հոդված 63․ |
Պահուստային ակտիվների պահպանությունը |
1. Պահուստային ակտիվները թոքենների թողարկումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, գրավոր պայմանագրի հիման վրա պահվում են թողարկողի հետ չփոխկապակցված հետևյալ անձանց մոտ.
1) արժեթղթերի դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող անձանց մոտ.
2) դրամական միջոցների դեպքում՝ բանկերում.
3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով այդ ակտիվները պահելու իրավունք ունեցող անձանց մոտ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձն այլ ակտիվների պահառության համար ստուգում է դրանց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը և վարում է գրառումներ այն ակտիվների վերաբերյալ, որոնց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը հաստատված է: Սույն մասով նախատեսված սեփականության իրավունքն ստուգվում է թողարկողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկատվության և, հնարավորության դեպքում, այլ, այդ թվում՝ այլ անձանցից ստացված ապացույցների հիման վրա:
3. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել պահուստային ակտիվների պահպանության քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք՝
1) բացառում են պահուստային ակտիվների գրավադրումը կամ օգտագործումը՝ որպես թողարկողի այլ պարտավորությունների ապահովման միջոց.
2) ապահովում են, որ պահուստային ակտիվները պահպանվեն սույն հոդվածով և Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
3) ապահովում են, որ պահուստային ակտիվները պահվեն այնպիսի անձանց մոտ, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ պահուստային ակտիվների պահպանությունը հնարավորինս արդյունավետ և բարեխղճորեն իրականացնելու համար.
4) ապահովում են թողարկողի անխափան հասանելիությունը պահուստային ակտիվներին թոքենների հետգնումը կամ մարումը պատշաճ իրականացնելու նպատակով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում թողարկողի և նույն մասով սահմանված անձանց միջև փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում թողարկողը պարտավոր է վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք:
5. Պահուստային ակտիվները պետք է պահվեն և հաշվառվեն թողարկողի ակտիվներից, ինչպես նաև նույն անձի թողարկած այլ թոքենների պահուստային ակտիվներից առանձին: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների առանձնացված պահպանումն ու հաշվառումն ապահովելու պահանջներ:
6. Պահուստային ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց կամ բռնագանձվել թոքեններ թողարկողի կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց պարտավորությունների դիմաց:
7. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների պահպանության նկատմամբ լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրի նկատմամբ պահանջներ և նույն մասով սահմանված անձանց չափանիշներ:
Հոդված 64․ |
Թոքենների մարման իրավունքը |
1. Ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողը մշտապես իրավունք ունի իր թոքենները մարելու պահանջ ներկայացնելու թողարկողին։
2. Եթե թողարկողն ի վիճակի չէ կատարելու պահուստային ակտիվների վերականգնման կամ մարման ծրագրերի հետ կապված իր պարտավորությունները սույն օրենքի 66-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան, ապա ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողները ձեռք են բերում պահանջի իրավունք պահուստային ակտիվների նկատմամբ։
3. Ակտիվին կցված թոքենի սեփականատիրոջ պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող թոքենը այն ակտիվների շուկայական արժեքին համարժեք դրամական միջոցներով (բացառությամբ էլեկտրոնային փողի), որոնց կցված է թոքենը։
4. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել քաղաքականություն և ընթացակարգեր ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողների թոքենների մարման իրավունքի իրականացման վերաբերյալ, որն առնվազն սահմանում է՝
1) մարման իրավունքի իրականացման պայմանները, ներառյալ մարման իրավունքի առաջացման շեմը կամ սահմանաչափը, մարման իրավունքից օգտվելու համար սահմանված թույլատրելի ժամանակաշրջանն ու իրականացման ժամկետները.
2) մարման իրավունքի իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը, այդ թվում՝ արտակարգ դեպքերում և վերականգնման ծրագրի իրականացման շրջանակում․
3) թոքենների և պահուստային ակտիվների գնահատման սկզբունքները․
4) մարվող թոքենների վերջնահաշվարկի պայմանները․
5) միջոցները, որոնք թողարկողները պետք է ձեռնարկեն պահուստային ակտիվների աճն ու նվազեցումն արդյունավետ կառավարելու համար, որոնք նաև բացասական ազդեցություն չեն ունենա պահուստային ակտիվների շուկայի վրա։
5. Թոքենների մարման դիմաց որևէ վճար չի գանձվում, բացառությամբ սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքի։
Հոդված 65․ |
Եկամուտ վճարելու արգելքը |
1. Թողարկողը չի կարող թոքենի դիմաց եկամուտ վճարել ձեռք բերողներին։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը թոքենների հետ կապված ծառայություններ մատուցելիս չի կարող եկամուտ վճարել կամ առաջարկել թոքեն ձեռք բերողին:
3. Ցանկացած փոխհատուցում կամ օգուտ, որը տրամադրվում է ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողին՝ թոքեն ձեռք բերելու և որոշակի ժամանակահատված պահելու համար, սույն հոդվածի իմաստով համարվում է եկամուտ։ Թողարկողի կամ այլ անձի կողմից ցանկացած տեսակի վճար, զեղչ կամ այլ փոխհատուցում, որն ուղղակիորեն կապված է թոքենի կամ թողարկողի կամ այլ անձի կողմից այլ ակտիվ զեղչված գնով ձեռք բերելու հետ, սույն հոդվածի իմաստով համարվում է եկամուտ։
Հոդված 66․ |
Պահուստային ակտիվների վերականգնման ծրագիրը |
1. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել վերականգնման ծրագիր, որը ներառում է պահուստային ակտիվների վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տվյալ խախտումները վերացնելու համար ձեռնարկվող միջոցները։ Վերականգնման ծրագիրը պարունակում է նաև թոքենների հետ կապված թողարկողի ծառայությունների շարունակականության ապահովման միջոցները, թողարկողի գործունեության ընդհատման համար էական ռիսկեր առաջացնող իրադարձություններ ի հայտ գալու դեպքում՝ թողարկողի պարտավորությունների կատարմանը և գործունեության հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև թոքենների մարման համար գանձվող վճարները, թոքենների առավելագույն ծավալը, որը կարող է մարվել, թոքենների մարման կասեցման կարգն ու պայմանները։
2. Վերականգնման ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից թարմացնել վերականգնման ծրագիրը, եթե դա անհրաժեշտ է ծրագրի պատշաճ կիրառումն ապահովելու համար։ Կենտրոնական բանկի կողմից սույն մասով նախատեսված պահանջը ստանալուց հետո՝ 40 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է թարմացնել վերականգնման ծրագիրը և ներկայացնել Կենտրոնական բանկ։
3. Թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն տարին մեկ անգամ, վերանայել վերականգնման ծրագիրը։
4. Այն դեպքերում, երբ թողարկողը չի բավարարում պահուստային ակտիվների նկատմամբ սույն օրենքով կիրառվող պահանջները, կամ, թողարկողի ֆինանսական վիճակի արագ վատթարացմամբ պայմանավորված, թողարկողը կարող է մոտ ապագայում չբավարարել այդ պահանջները, Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից՝
1) իրականացնել վերականգնման ծրագրով նախատեսված մեկ կամ ավելի միջոցառումներ պահուստային ակտիվների համար սույն օրենքով սահմանված պահանջները բավարարելու համար.
2) վերանայել վերականգնման ծրագիրը, եթե վերականգնման ծրագրի կազմման հիմքում ընկած ենթադրվող իրավիճակները չեն համապատասխանում փաստացի իրավիճակներին.
3) իրականացնել սույն մասի 2-րդ կետի համաձայն վերանայված վերականգնման ծրագրով սահմանված գործողություններ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետներում։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է ժամանակավոր կասեցնել թոքենների մարումը։
6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել վերականգնման ծրագրի ձևի ու բովանդակության, ինչպես նաև Կենտրոնական բանկ ներկայացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։
Հոդված 67․ | Թոքենների մարումների ծրագիրը |
1. Թոքենների մարման բնականոն գործընթացի ապահովման նպատակով թողարկողը պարտավոր է յուրաքանչյուր թոքենի համար սահմանել մարումների ծրագիր:
2. Եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով թողարկողն ի վիճակի չէ, կամ առկա է ողջամիտ կասկած, որ ի վիճակի չի լինի իրականացնելու թոքենների մարման հետ կապված իր պարտավորությունները (ներառյալ սնանկության, անվճարունակության կամ լուծարման դեպքերում), ապա Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից կիրառել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարումների ծրագիրը։
3. Մարումների ծրագիրը պետք է ներառի դրույթներ և ընթացակարգեր, որոնք ապահովում են բոլոր թոքեններ ձեռք բերողների նկատմամբ հավասար վերաբերմունք, և որ մնացորդային պահուստային ակտիվների իրացումից ստացված գումարը ժամանակին վճարվի ձեռք բերողներին։
4. Մարումների ծրագիրը ապահովում է մարումների բնականոն ընթացքի համար էական համարվող և թողարկողի կամ այլ անձանց կողմից իրականացվող գործընթացների շարունակականությունը։
5. Մարումների ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից թարմացնել մարումների ծրագիրը, եթե դա անհրաժեշտ է ծրագրի պատշաճ կիրառումն ապահովելու համար։ Կենտրոնական բանկի կողմից սույն մասով նախատեսված պահանջն ստանալուց հետո՝ 40 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է թարմացնել մարումների ծրագիրը և ներկայացնել Կենտրոնական բանկ։
6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել՝
1) մարումների ծրագրի, այդ թվում՝ դրա թարմացումների ձևի ու բովանդակության և Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ՝ հաշվի առնելով թոքենների քանակը, բարդությունը, բնույթն ու թողարկողի բիզնես մոդելը․
2) թոքենների մարումների համար հիմք հանդիսացող դեպքերը կամ իրադարձությունները։
Հոդված 68․ |
Էլեկտրոնային փողի թոքեններ թողարկողները և դրանց թողարկման առանձնահատուկ պահանջները |
1. Էլեկտրոնային փողի թոքեններ կարող են թողարկել միայն՝
1) բանկերը․
2) «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները:
2. Էլեկտրոնային փող թողարկողի վրա չեն տարածվում սույն օրենքի 60-64-րդ, 66-րդ հոդվածներով նախատեսված դրույթները։
3. Էլեկտրոնային փողի թոքեն ձեռք բերողի պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող էլեկտրոնային փողի թոքենը դրա անվանական արժեքին համարժեք դրամական միջոցներով, բացառությամբ էլեկտրոնային փողով մարման։
ԲԱԺԻՆ 4
ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 11
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 69․ |
Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը |
1. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումն արգելվում է:
2. Սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահում են համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը և գնային չարաշահումները:
3. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված ցանկացած կրիպտոակտիվի, ինչպես նաև այն կրիպտոակտիվների և դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվություն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին:
4. Սույն գլխի դրույթները տարածվում են ցանկացած անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հետ կապված ցանկացած գործարքի, հանձնարարականի կամ այլ հարաբերության վրա, նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս:
Հոդված 70․ |
Ներքին տեղեկությունները |
1. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած չհրապարակված որոշակի տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվների կամ դրանք թողարկողներին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա:
2. Կրիպտոակտիվների հետ կապված հանձնարարականներ կատարող անձանց համար ներքին տեղեկություն է համարվում նաև հաճախորդի տրամադրած՝ չհրապարակված որոշակի տեղեկությունը, որը կապված է հաճախորդի տված հանձնարարականների հետ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվների կամ դրանք թողարկողներին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված որոշակի տեղեկությունը տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ի հայտ գալու իրական հավանականություն ունեցող փաստի կամ իրադարձության վերաբերյալ տեղեկությունն է, որը բավարար է կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա նշված փաստերի կամ իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հիմնավորված եզրակացություն կազմելու համար: Ընդ որում, սույն մասով սահմանված փաստի կամ իրադարձության մաս կազմող կամ դրանց առաջացմանը հանգեցնող միջանկյալ գործընթացների կամ գործոնների վերաբերյալ տեղեկությունը նույնպես համարվում է ներքին տեղեկություն, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված չափանիշները:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը, որը հրապարակվելու դեպքում կունենա էական ազդեցություն կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի վրա, այն էական տեղեկությունն է, որը ողջամիտ ձեռք բերողը կկարևորի տվյալ կրիպտոակտիվի առք ու վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելիս:
Հոդված 71․ |
Ներքին տեղեկությունների բացահայտումը |
1. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն իրեն վերաբերող ներքին տեղեկությունները: Ներքին տեղեկությունները և դրանց փոփոխությունները կամ լրացումները բացահայտվում են այնպիսի եղանակով, որն ապահովում է դրա արագ հասանելիությունը և հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին գնահատումը:
2. Կրիպտոակտիվներ թողարկողին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները միավորել իր որևէ գովազդի հետ:
3. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները հրապարակել իր ինտերնետային կայքում առնվազն հինգ տարի ժամկետով:
4. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կարող է իր պատասխանատվությամբ հետաձգել ներքին տեղեկությունների բացահայտումը, եթե՝
1) ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել իր օրինական շահերը,
2) հետաձգումը չի հանգեցնի հանրության ապակողմնորոշմանը, և
3) իր կողմից կապահովվի ներքին տեղեկությունների գաղտնիությունը:
5. Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը ներքին տեղեկությունների բացահայտումը հետաձգելու դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել այդ մասին և ներկայացնել հիմնավորումներ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները բավարարելու մասին:
6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձևի և կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ, ինչպես նաև այն իրավիճակների նկարագրությունը, որոնց դեպքում ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է վնասել կրիպտոակտիվներ թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի օրինական շահերը, ինչպես նաև ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման նկատմամբ պահանջները:
7. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սահմանել ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման և դրանց բացահայտման գործընթացը կարգավորող, ինչպես նաև իր ղեկավար անձանց, այլ աշխատակիցների և նշանակալից մասնակիցների կողմից իր թողարկած կրիպտոակտիվներով (այն կրիպտոակտիվներով, որոնց համար հայցվում է կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն) գործարքներ կնքելու գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ներքին կանոններ սահմանելու պարտականությունը տարածվում է նաև այլ անձանց վրա, որոնք իրենց գործառույթների իրականացման, պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում են ներքին տեղեկությունների:
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում նշված անձինք պարտավոր են սույն հոդվածով սահմանված ներքին կանոնները Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել Կենտրոնական բանկ այդ պահանջն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 72․ | Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը |
1. Սույն գլխի իմաստով ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը կրիպտոակտիվներ թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կանոնադրական կապիտալում իր մասնակցության, կառավարման որևէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավաբանական անձ է, ապա ֆիզիկական անձը, որը մասնակցում է նշված իրավաբանական անձի համար գործարքների կնքման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, նույնպես հանդիսանում է ինսայդեր:
3. Ինսայդեր է համարվում նաև ներքին տեղեկության տիրապետող, այդ թվում՝ հանցագործության հետևանքով ձեռք բերված ներքին տեղեկության տիրապետող ցանկացած այլ անձ, որը ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում կարող էր տեղյակ լինել, որ այդ տեղեկությունը հանդիսանում է ներքին տեղեկություն:
4. Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր:
5. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝
1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել կրիպտոակտիվ կամ չեղարկում կամ փոփոխում է կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո.
2) բացահայտում է ներքին տեղեկությունն այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ ուղղորդում է այլ անձանց գնել կամ վաճառել կրիպտոակտիվ կամ չեղարկել կամ փոփոխել կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականը: Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործում է համարվում նաև այն դեպքը, երբ անձն իր կամ այլ անձի հաշվին կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո չեղարկում կամ փոփոխում է:
Հոդված 73․ |
Գնային չարաշահումները |
1. Սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում՝
1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողությունները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշներին.
2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի ոչ օրինաչափ շեղումների կամ կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողությունները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշներին.
3) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող կամ ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ.
4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին։
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների մանրամասն նկարագրությունը։
Հոդված 74․ |
Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների հայտնաբերումը և կանխարգելումը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձ, որը ներգրավված է կրիպտոակտիվների առք ու վաճառքի հետ կապված հարաբերություններում, պետք է ունենա և կիրառի անհրաժեշտ ընթացակարգեր շուկայի չարաշահման դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձ պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ապագայում տեղի ունենալու մեծ հավանականություն ունեցող՝ շուկայի չարաշահման վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը, բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացնել գրավոր եղանակով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով:
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը որևէ անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պարունակում է՝
1) կասկածելի գործարքի, հանձնարարականի կամ այլ գործողության կամ տեղեկության (այդ թվում՝ եթե այն կապված է ԱԳՏ-ի կամ փոխհամաձայնության մեխանիզմի հետ) նկարագրությունը.
2) կասկածի հիմնավորումը.
3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները.
4) կասկած հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
5) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձին, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մնացած տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք հասանելի դառնալուց անմիջապես հետո:
ԲԱԺԻՆ 5
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՈՒՄԸ
Հոդված 75․ | Ծառայողական տեղեկությունը |
1. Սույն օրենքի իմաստով ծառայողական տեղեկություն է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հայտնի դարձած՝ հաճախորդի հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկություն, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի կամ արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկություն:
Հոդված 76․ | Ծառայողական տեղեկությունների հրապարակումը |
1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան: Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, այլ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (այդ թվում՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին մասով չի արգելվում՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդի կողմից կամ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.
3) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկը կարող է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերահսկողության ընթացքում ստանալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններ և ծանոթանալ դրանց, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության՝ սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը.
5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Կենտրոնական դեպոզիտարիայի և կրիպտոակտիվների պահառություն իրականացնող այլ անձանց կողմից հաճախորդի բացած կրիպտոակտիվների հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը.
6) ներդրումային ֆոնդի կառավարման կամ դրա ակտիվների պահառության ընթացքում ներդրումային ֆոնդի կամ դրա մասնակցի և նրան պատկանող ֆոնդի կրիպտոակտիվների վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների փոխանակումը տվյալ ներդրումային ֆոնդի, տվյալ ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի միջև․
7) օրենքով սահմանված դեպքերում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրումը Կենտրոնական բանկին.
8) օրենքով և միջազգային պայմանագրով, համագործակցության պայմանագրով սահմանված կարգով ծառայողական տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա պետության իրավասու մարմիններին.
9) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկությունների տրամադրումը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը։ Պահառուները սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով, իսկ այդ համակարգից տեղեկություններ ստանալու անհնարինության կամ համակարգ չմուտքագրված տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան մարմնից ստացված հարցմանը գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով։ Տեղեկությունները տրամադրվում են անվճար, բացառությամբ թղթային ձևով տրամադրված տեղեկությունների, որոնց համար հատուցման կարգը և չափը նախատեսվում են տեղեկությունների տրամադրման կարգը սահմանող՝ Կառավարության որոշմամբ։
Հոդված 77․ |
Ծառայողական տեղեկությունները պահպանելու պարտականությունը |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ծառայողական տեղեկությունները պահպանել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին ծառայություններ են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ծառայողական տեղեկությունը հրապարակելը, ինչպես նաև անձնական կամ այլ անձանց շահերից ելնելով՝ դրանք օգտագործելը, այլ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (այդ թվում՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
Հոդված 78․ |
Ծառայողական տեղեկությունների տրամադրումը |
1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր հաղորդելն է:
2. Այն անձը (բացառությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրելու: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող՝ Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով և կարգով:
Հոդված 79․ | Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ նշվում են նաև անձը և նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:
2. Քրեական վարույթներով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում ծառայողական տեղեկությունները տրամադրվում են իրավասու մարմնին դատարանի որոշման հիման վրա:
4. Արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:
Հոդված 80․ |
Ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին) |
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին կամ իրավահաջորդներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 81․ |
Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը և համագործակցությունն անձանց հետ |
1. Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման և օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:
2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են կրիպտոակտիվների շուկայի կարգավորման, վերահսկողության, կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով:
3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաև տեղեկությունների ստացման փաստը և դրանց բովանդակությունը՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ
2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ:
4. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական գաղտնիքի)՝ պայմանով, որ կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:
5. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե՝
1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա.
2) նման տվյալները հանդիսանում են պետական գաղտնիք.
3) դա կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման.
4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով.
5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է հարուցվել, կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար:
6. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը այդ մասին գրավոր տեղեկացնում է հարցում կատարող մարմնին և ներկայացնում մերժման հիմքերը:
7. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ:
8. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաև միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերը կամ դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք Կենտրոնական բանկի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:
ԲԱԺԻՆ 6
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 13
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 82․ | Վերահսկողության իրականացման և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը |
1. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցները կիրառում է Կենտրոնական բանկը՝ սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, սույն օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող անձանց, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվներ թողարկողներին և դրանց նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, ղեկավարներին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կազմում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց:
Հոդված 83․ |
Կիրառվող պատասխանատվության միջոցները և այլ իրավասություններ |
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները.
1) նախազգուշացում.
2) տուգանք.
3) ղեկավարին գրանցումից հանում.
4) լիցենզիան ուժը կորցրած ճանաչում.
5) թույլտվության կամ գրանցման դադարեցում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Կենտրոնական բանկը կարող է յուրաքանչյուր խախտման համար միաժամանակ կիրառել սույն օրենքով նախատեսված մեկից ավելի պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տալ հանձնարարական՝ խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ և 73-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված գործողությունների կատարման հետևանքով 69-րդ հոդվածի 1-ին մասը խախտած իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունը, եթե այդ գործողություններն իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան:
4. Պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը առնվազն հաշվի է առնում՝
1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անզգուշությունը կամ անփութությունը).
2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.
3) անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
4) խախտման հետևանքով ստացված եկամտի կամ խուսափած վնասի չափը.
5) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.
6) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:
5. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելիս տվյալ անձի կամ ֆինանսական համակարգի կայունության կամ սույն օրենքի նպատակներից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է իր հիմնավոր կարծիքով՝
1) կասեցնել որոշակի կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով որոշակի ծառայությունների մատուցումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց հանձնարարել փոփոխություններ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում, այդ թվում՝ կասեցնել կամ դադարեցնել գովազդը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
3) կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը կամ պահանջել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձից կրիպտոակտիվների առևտրային հարթակում կասեցնել կրիպտոակտիվներով առևտուրը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
4) դադարեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը կամ կրիպտոակտիվների առևտրային հարթակում կրիպտոակտիվների առևտուրը.
5) պահանջել կրիպտոակտիվներ թողարկողից, հրապարակային առաջարկն անող անձից կամ կրիպտոակտիվների առևտրային հարթակում թույլտվություն հայցող անձից բացահայտել առաջարկվող կամ հարթակում առևտրին թույլատրվող կրիպտոակտիվների մասին ողջ էական տեղեկատվությունը.
6) պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից իրականացնել իր կողմից ստեղծված ԱԳՏ-ների, փոխհամաձայնության մեխանիզմների, գործարքների և գործառույթների՝ ինքնաշխատ եղանակով իրականացման նպատակով ստեղծված ծրագրային լուծումների (այդ թվում՝ սմարթ պայմանագրերի), տեղեկատվական և տեխնոլոգիական այլ համակարգերի կամ ալգորիթմների անկախ աուդիտ նշված ոլորտներում աուդիտ իրականացնելու համապատասխան փորձառություն ունեցող անձի կողմից: Աուդիտ իրականացնող անձի կարծիքը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ աուդիտի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված աուդիտորական ծառայություն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:
Հոդված 84․ |
Նախազգուշացումը |
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում:
2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրա նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու, հասցեատիրոջ նշած կամ հրապարակած պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրան իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից:
3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար: Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել կրիպտոակտիվների շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտման:
Հոդված 85․ |
Տուգանքի կիրառումը |
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները:
2. Եթե կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա նշանակվում է տուգանք խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի (եթե հնարավոր է որոշել խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը) մինչև 300 տոկոսի չափով։ Եթե հնարավոր չէ որոշել խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը, ապա կիրառվում է տուգանք՝
1) իրավաբանական անձանց համար՝ ստացված տարեկան հասույթի կամ եկամտի մինչև 15 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ աուդիտորական եզրակացությամբ վերջին տարվա համար հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
2) ֆիզիկական անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև քսանհազարապատիկի չափով։
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ իրավասու է սահմանելու տուգանքի չափի հաշվարկման մեթոդաբանությունը և տուգանքի վճարման տարաժամկետման կարգը:
Հոդված 86․ |
Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը |
1. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն օրենքի համաձայն լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 87․ | Ղեկավարին գրանցումից հանելը |
1. Կենտրոնական բանկի նախագահը իր որոշմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին հանում է Կենտրոնական բանկում գրանցումից սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
Հոդված 88․ | Լրացուցիչ պատասխանատվությունը |
1. Սույն գլխով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված պատասխանատվության ցանկացած այլ ձևի (քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ) հետ՝ որպես հիմնական կամ լրացուցիչ պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 14
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 89․ |
Քաղաքացիական պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման և գնային չարաշահումների համար |
1. Յուրաքանչյուր անձ, ով սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, առաջարկի փաստաթղթում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում, հայտարարության կամ տեղեկության մեջ էական փաստ է խեղաթյուրում կամ բաց թողնում կամ այլ կերպ՝ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձի պատճառված վնասների համար, որը, չիմանալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, կրիպտոակտիվ է գնել, վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցությամբ ձևավորված գնով:
2. Կրիպտոակտիվներ ձեռք բերողի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով կրիպտոակտիվներ ձեռք բերողի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ չգիտեր և պարտավոր չէր իմանալ այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:
3. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 73-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով կրիպտոակտիվ է գնել կամ վաճառել:
Հոդված 90․ |
Ղեկավարների քաղաքացիական պատասխանատվությունը |
1. Թողարկողների, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող՝ թողարկողից տարբեր այլ անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց (սույն հոդվածի իմաստով այսուհետ՝ թողարկող) ղեկավարները պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որոնք պետք է ցուցաբերվեն համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են կրիպտոակտիվ թողարկողի և կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերից:
2. Թողարկողների ղեկավարները քվեարկելով (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) որևէ որոշման կողմ՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ղեկավար անձը (սույն մասում այսուհետ՝ պատասխանատու անձ) ազատվում է նույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե՝
1) պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի՝ իր որոշման մասով, և խորհրդատուի՝ իր տված խորհրդի մասով)՝
ա. իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից,
բ. որոշման ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու թողարկողի խորհրդի կամ նման այլ մարմնի անդամներին՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետևանքների համար.
2) ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով.
3) ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, և հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների կամ փաստաթղթերի վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են՝
ա. թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակում,
բ. թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Պատասխանատու անձը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ՝
1) նա տեղյակ էր սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետևանքով առաջացել է վնասը.
2) նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրությամբ բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, և նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել:
Հոդված 91․ | Հսկող անձանց քաղաքացիական պատասխանատվությունը |
1. Յուրաքանչյուր անձ, ով բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով կամ միջոցով կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն և տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին և հնարավորության սահմանում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:
Բ Ա Ժ Ի Ն 7
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 15
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 92. |
Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը |
1. Սույն օրենքով գրանցելու և լիցենզիա տալու, թույլտվություն տրամադրելու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են Կենտրոնական բանկի կողմից կասեցվել, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
2. Գրանցելու և լիցենզիա տալու, թույլտվություն տրամադրելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից անձի դիմումը, միջնորդագիրը, հայտը կամ ցանկացած այլ միջնորդություն չմերժելու կամ սահմանված ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում օրենքով սահմանված իրավական ակտերը համարվում են Կենտրոնական բանկի կողմից ընդունված:
Հոդված 93. | Փոփոխությունների գրանցումը |
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո՝ տասնօրյա ժամկետում.
1) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.
2) գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները.
3) օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
1. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը:
2. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Փոփոխությունները գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով:
4. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցվելու պահից:
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և տվյալ անձի հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից, և անձը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:
ԲԱԺԻՆ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 16
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 94. |
Օրենքը և դրա առանձին նորմերն ուժի մեջ մտնելը ու անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաև գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով։ Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ և 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ։
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասում չներառված անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել միայն սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում, իսկ թույլտվության պահանջի առկայության դեպքում՝ թույլտվության ստացման: Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին այդ մասին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները (առկայության դեպքում), ինչպես նաև Կենտրոնական բանկում գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում՝ տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին։
4. Մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվներ թողարկողները կամ տեղաբաշխողները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը սույն օրենքով սահմանված կարգով կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում առաջարկի փաստաթուղթ, եթե սույն օրենքով տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառությունների կազմում չէ։
5. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով և 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-159-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|