Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.15/8(644) Հոդ.277.14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 170-Ն

 

 ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝

1. Սահմանել վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

2019 թ. մարտի 29

Երևան

         

          

        

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 29-ի N 170-Ն որոշման

      

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմին) վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները:

2. Վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված՝ հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, ինչպես նաև պաշտոններում վերանշանակման կամ ազատման հետ կապված աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը կամ պատասխանատու անձը (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակ)։ Անձը համարվում է պատշաճ ծանուցված, եթե ծանուցումն ստացել է սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կազմակերպումը սույն հավելվածով նախատեսված կարգով իրականացնում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կամ օրենքով այդ լիազորությունն իրականացնող պաշտոնատար անձը (այսուհետ՝ գլխավոր քարտուղար):

4. Համապատասխան մարմնի վերակազմակերպումն իրականացվում է միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման կամ վերակազմավորման եղանակներով:

5. Համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով:

6. Համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման անվանումները, առանց կառուցվածքային փոփոխություն իրականացնելու, կարող են փոփոխվել, որն աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք չէ: Անվանափոխությամբ պայմանավորված պաշտոնների անվանացանկի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի N 102-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Գրասենյակի կառուցվածքային փոփոխությունը և անվանափոխությունն իրականացվում են կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության և անվանափոխության համար սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով:

8. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկություններով պայմանավորված՝

1) համապատասխան մարմինների միաձուլում է համարվում երկու կամ ավելի մարմինների միաձուլմամբ նոր մարմնի ստեղծումը՝ նոր ստեղծվող մարմնին միաձուլվող մարմինների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող մարմինների գործունեության դադարեցմամբ.

2) համապատասխան մարմինների միացում է համարվում մեկ կամ ավելի մարմինների միացումը մեկ այլ մարմնին՝ միացող մարմնի (մարմինների) իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միացող մարմնի (մարմինների) գործունեության դադարեցմամբ.

3) համապատասխան մարմնի առանձնացում է համարվում այդ մարմնի իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ առանց վերակազմակերպվող մարմնի գործունեության դադարեցման՝ նոր մարմնի (մարմինների) ստեղծումը.

4) համապատասխան մարմնի բաժանում է համարվում այդ մարմնի իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ երկու կամ ավելի նոր մարմինների ստեղծումը՝ բաժանվող մարմնի գործունեության դադարեցմամբ.

5) համապատասխան մարմնի վերակազմավորում է համարվում տվյալ մարմնի կարգավիճակի փոփոխությունը: Համապատասխան մարմնի վերակազմավորման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմավորված մարմնին.

6) կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում է համարվում սույն կարգի 8-րդ կետի 7-11-րդ ենթակետերով սահմանված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կառուցվածքային միավորների ստեղծման եղանակներին չհամընկնող եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքում նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումը։ Այս դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը չի համարվում կառուցվածքային փոփոխության ենթարկված.

7) կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլում է համարվում երկու կամ ավելի կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլմամբ նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումը՝ նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանմանը միաձուլվող կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցմամբ.

8) կառուցվածքային ստորաբաժանումների միացում է համարվում մեկ կամ ավելի կառուցվածքային ստորաբաժանումների միացումը մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանմանը՝ միացող կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միացող կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) գործունեության դադարեցմամբ.

9) կառուցվածքային ստորաբաժանման առանձնացում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ առանց այդ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման՝ նոր կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) ստեղծումը.

10) կառուցվածքային ստորաբաժանման բաժանում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման բաժանումը երկու կամ ավելի նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանումների՝ համապատասխան իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և բաժանվող կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցմամբ.

11) կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակի փոփոխությունը կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ներքին կառուցվածքային միավորի (միավորների) փոփոխությունը, որն իրականացվում է կառուցվածքային փոփոխության եղանակներով և կառուցվածքային փոփոխության համար սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով: Կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմավորված կառուցվածքային ստորաբաժանմանը.

12) կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցումը կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցումն է՝ առանց իրավունքների և պարտականությունների փոխանցման:

9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ (այդ թվում՝ առանձնացման կամ բաժանման դեպքերում), եթե համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների թվաքանակը կամ թվաքանակի հանրագումարը չի կրճատվում, ապա քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին առաջարկվում է oրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնել:

10. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաև պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում:

11. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում էլեկտրոնային եղանակով Քաղաքացիական ծառայության գրասենյակ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերի նախագծերը, պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի նախագծերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ հիմնավորումը, ինչպես նաև իր հաստիքային միավորով տեղափոխվող քաղաքացիական ծառայողի գրավոր համաձայնությունը։ Սույն կետով նախատեսված իր հաստիքային միավորով տեղափոխվող քաղաքացիական ծառայողը համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը հաստատվելուց (փոփոխվելուց) հետո օրենքով սահմանված կարգով վերանշանակվում է համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոնին: Եթե վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից և գրանցվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ), ապա այդ կառուցվածքային ստորաբաժանումում տվյալ քաղաքացիական ծառայողը կարող է պաշտոն զբաղեցնել միայն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

12. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետը, ապա դիվանագետի գրավոր համաձայնության դեպքում այդ դիվանագետը վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ մինչև գործուղման ժամկետի ավարտը: Եթե դիվանագետն առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, չի տալիս գրավոր համաձայնություն՝ առաջարկված պաշտոնում վերանշանակվելու համար, ապա տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է անհատական իրավական ակտ` գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու վերաբերյալ: Անհատական իրավական ակտի ընդունումից հետո քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված դիվանագետի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով:

13. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցված է օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրով, ապա համապատասխան հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն զբաղեցնելու առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է այդ պաշտոնը մշտական հիմունքներով զբաղեցրած (այսուհետ՝ հիմնական) քաղաքացիական ծառայողին: Հիմնական քաղաքացիական ծառայողի համաձայնության դեպքում վերջինս էլեկտրոնային եղանակով վերանշանակվում է առաջարկված պաշտոնին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցված քաղաքացիական ծառայողի հետ էլեկտրոնային եղանակով կնքվում է համաձայնագիր: Եթե հիմնական քաղաքացիական ծառայողը էլեկտրոնային եղանակով չի տալիս գրավոր համաձայնություն կամ առկա չէ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն, ապա հիմնական քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծվում է: Եթե համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցված է օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագրով, ապա համապատասխան հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն զբաղեցնելու առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է այդ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրած քաղաքացիական ծառայողին, որի գրավոր համաձայնության դեպքում էլեկտրոնային եղանակով վերջինիս հետ կնքվում է համաձայնագիր: Եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցրած քաղաքացիական ծառայողն էլեկտրոնային եղանակով չի տալիս գրավոր համաձայնություն կամ առկա չէ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն, ապա ժամկետային աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծվում է:

14. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողն իր գրավոր համաձայնությամբ ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և ազատման օրը նրա հետ էլեկտրոնային եղանակով կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր, և օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:

15. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողին էլեկտրոնային եղանակով առաջարկվում է մինչև վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունն իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոն, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն:

16. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայողը բացակայում է (արձակուրդի, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ժամանակավոր անաշխատունակության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցող, վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում) և տալիս է իր գրավոր համաձայնությունը, ապա քաղաքացիական ծառայողը, առանց աշխատանքի ներկայանալու, վերանշանակվում է առաջարկվող հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնի: Եթե վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը բացակայում է, և հնարավոր չէ այդ քաղաքացիական ծառայողին վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում առաջարկվող պաշտոնի կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման մասին ծանուցել, ապա համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին ծանուցում է փոստով՝ քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը: Առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում օրենքով նախատեսված վերանշանակման ժամկետի վերջին օրը քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից և իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել կադրերի ռեզերվում:

17. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում, եթե անվանացանկից հանվում է օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնը, ապա համապատասխան մարմինը նոր անվանացանկում նախատեսում է օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնին հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն: Տվյալ պաշտոնը համարվում է որոշակի ժամկետով թափուր և մինչև գործուղման ժամկետի ավարտը կարող է զբաղեցվել օրենքով սահմանված կարգով: Օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված գործուղման ժամկետի ավարտից հետո գործուղված քաղաքացիական ծառայողին առաջարկվում է նոր անվանացանկով նախատեսված հավասարազոր, իսկ հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում՝ ավելի ցածր պաշտոն: Եթե քաղաքացիական ծառայողը չի տալիս համաձայնություն՝ առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա նա ազատվում է զբաղեցրած պաշտոնից և օրենքով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

 

2. ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Միաձուլման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները՝ մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված կարգով վերանշանակում կատարելը կամ պաշտոն զբաղեցնելը, իրականացնում է միաձուլվող համապատասխան մարմինների այն գլխավոր քարտուղարը, ով տվյալ պաշտոնում ունի առավել երկար աշխատանքային ստաժ: Այս պայմանի հավասարության դեպքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնողին որոշում է միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի ղեկավարը:

19. Միաձուլման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է միաձուլվող այն մարմնի համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը), որի գլխավոր քարտուղարն իրականացնում է միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները՝ մինչև նոր ստեղծված մարմնի համապատասխան ստորաբաժանման (պատասխանատու անձի)՝ օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

20. Օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է միաձուլման արդյունքում ստեղծված մարմնի քաղաքացիական ծառայողների տվյալները, պաշտոնների անվանացանկը, այդ թվում՝ այն նոր պաշտոնների ցանկը, որին համապատասխանում են այդ քաղաքացիական ծառայողները:

21. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով ցանկից ընտրում է աշխատողներին, որից հետո այն էլեկտրոնային եղանակով վերադարձնում է համապատասխան ստորաբաժանում (պատասխանատու անձը)՝ համապատասխան քաղաքացիական ծառայողներին առաջարկվող նոր պաշտոնների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելու և համաձայնություն ստանալու հանձնարարականով:

22. Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:

23. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված առաջարկությանը համաձայնություն տալու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված ժամկետում անհատական իրավական ակտով վերանշանակվում է առաջարկված պաշտոն:

24. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված իրավական ակտում նշվում են՝

1) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) նախկինում զբաղեցրած պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

3) վերանշանակման արդյունքում զբաղեցվող պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

4) վերանշանակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) աշխատավարձի չափը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:

25. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված առաջարկությունը մերժելու կամ սահմանված ժամկետում առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված կարգով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է իր դիմումի համաձայն գրանցվել կադրերի ռեզերվում:

26. Միաձուլման եղանակով վերակազմակերպումից հետո համապատասխան մարմինների կադրերի ռեզերվը շարունակում է վարել նոր ստեղծված մարմինը՝ որպես այդ համապատասխան մարմնի մեկ միասնական կադրերի ռեզերվ:

27. Միացման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից վերակազմակերպման հետ կապված գործողությունների ապահովումն իրականացնում է այն համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, որին միանում է համապատասխան մարմինը:

28. Միացման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է այն մարմնի համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը), որին միանում է այլ համապատասխան մարմինը:

29. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի անվանման և (կամ) կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակ է ուղարկում միայն միացող մարմնի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների հետ կապված պաշտոնների անվանացանկի փոփոխությունները և համապատասխան պաշտոնների անձնագրերի նախագծերը, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ։

30. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում, եթե փոփոխվում է այն համապատասխան մարմնի անվանումը, որին միանում է այլ մարմին, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է այլ համապատասխան մարմին, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

31. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի կառուցվածքում, որին միանում է այլ համապատասխան մարմին, ավելանում են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, սակայն համապատասխան մարմնի անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է կառուցվածքում ավելացած նոր կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են վերակազմակերպմանը:

32. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի, որին միանում է այլ համապատասխան մարմին, անվանումը, և կառուցվածքում ավելանում են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է այլ համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

33. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են վերանշանակվել։

34. Սույն հավելվածի 33-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 20-25-րդ կետերով սահմանված կարգով:

35. Միացման եղանակով վերակազմակերպումից հետո միացվող համապատասխան մարմնի կադրերի ռեզերվը շարունակում է վարել այն համապատասխան մարմինը, որին միացել է այդ մարմինը՝ որպես մեկ միասնական կադրերի ռեզերվ:

36. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից առանձնացվող համապատասխան մարմնի (մարմինների) գլխավոր քարտուղարի լիազորությունները՝ մինչև այդ պաշտոնը (պաշտոնները) օրենքով սահմանված կարգով զբաղեցնելը, կատարում է այն համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, որից առանձնանում է (առանձնանում են) համապատասխան մարմինը (մարմինները):

37. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է այն համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը), որից առանձնանում է համապատասխան մարմինը՝ մինչև նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) համապատասխան ստորաբաժանման (պատասխանատու անձի) աշխատողների՝ օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

38. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի անվանման և (կամ) կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա վերակազմակերպվող մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և էլեկտրոնային եղանակով Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկում միայն վերակազմակերպվող համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը՝ պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է այդ մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ։

39. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի անվանումը, որից առանձնանում է այլ մարմին, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

40. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի կառուցվածքում, որից առանձնանում է այլ մարմին, գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, սակայն համապատասխան մարմնի անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են վերակազմակերպմանը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

41. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի, որից առանձնանում է այլ մարմին, անվանումը և կառուցվածքում գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

42. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են վերանշանակվել։

43. Սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 20-25-րդ կետերով սահմանված կարգով:

44. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպումից հետո այդ մարմնի կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, իրենց ընտրությամբ, շարունակում են գրանցված մնալ իրենց նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում այն ժամկետով, որով գրանցված էին: Եթե կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի ընտրության մասին հնարավոր չէ էլեկտրոնային եղանակով ծանուցել, ապա համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին ծանուցում է քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ վերակազմակերպման մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նույն կապի միջոցով ծանուցում է իր նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի մասին: Առաջարկությանն էլեկտրոնային եղանակով չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն իրավունքի ուժով շարունակում է գրանցված մնալ այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որից առանձնացել է համապատասխան մարմինը:

45. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից բաժանման արդյունքում ստեղծված համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարների լիազորությունները՝ մինչև այդ պաշտոններում օրենքով սահմանված կարգով վերանշանակումներ կատարելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը, կատարում է բաժանվող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը:

46. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է համապատասխան մարմնի՝ մինչև բաժանումը գործող համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը)՝ մինչև նոր ստեղծված համապատասխան մարմինների համապատասխան ստորաբաժանման (պատասխանատու անձի) աշխատողների՝ օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը։

47. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկում միաժամանակ երկու կամ ավելի բաժանված համապատասխան մարմինների՝ օրենքով սահմանված կարգով կազմված պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Եթե բաժանված համապատասխան մարմնի (մարմինների) պաշտոնատար անձը (անձինք) օրենքով սահմանված կարգով վերանշանակվել կամ այդ պաշտոնը (պաշտոնները) զբաղեցվել է (զբաղեցվել են), ապա բաժանված համապատասխան մարմնի (մարմինների)՝ օրենքով սահմանված կարգով կազմված պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկվում նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) գլխավոր քարտուղարը։

48. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում ստեղծված մարմինների՝ օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր համապատասխանում են այդ պաշտոններին։

49. Սույն հավելվածի 48-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 20-25-րդ կետերով սահմանված կարգով:

50. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպումից հետո այդ մարմնի կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, իրենց ընտրությամբ, շարունակում են գրանցված մնալ բաժանման արդյունքում ստեղծված նոր՝ իրենց նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում՝ այն ժամկետով, որով գրանցված էին: Եթե կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի ընտրության մասին էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ ծանուցել, ապա համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին տեղեկացնում է քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ վերակազմակերպման մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, նույն կապի միջոցով ծանուցում է իր նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի մասին: Առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն իրավունքի ուժով շարունակում է գրանցված մնալ բաժանման արդյունքում ստեղծված այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որն ունի հաստիքների առավելագույն թվաքանակ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որի կանոնադրությունն ավելի շուտ է հաստատվել:

51. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից վերակազմավորված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները՝ մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված կարգով վերանշանակում կատարելը կամ այդ պաշտոնն զբաղեցնելը, կատարում է մինչև համապատասխան մարմնի վերակազմավորումը նշանակված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը:

52. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է համապատասխան մարմնի՝ մինչև վերակազմավորումը գործող համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) ՝ մինչև վերակազմավորման արդյունքում կազմավորված համապատասխան ստորաբաժանման (պատասխանատու անձի) աշխատողների՝ օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը։

53. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այդ մարմնի անվանումը, իսկ կառուցվածքը չի փոփոխվում, ապա այդ մարմնի պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Տվյալ դեպքում այդ մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

54. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այդ մարմնի անվանումը, և մարմնի կառուցվածքում ավելանում կամ գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Տվյալ դեպքում այդ մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, որոնց փոփոխությունը պայմանավորված է միայն անվան փոփոխությամբ, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

55. Օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների տվյալները, պաշտոնների անվանացանկը՝ այդ թվում՝ նաև այն պաշտոնների ցանկը, որին համապատասխանում են այդ քաղաքացիական ծառայողները:

56. Սույն հավելվածի 55-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 20-25-րդ կետերով սահմանված կարգով:

57. Վերակազմավորման եղանակով վերակազմակերպումից հետո համապատասխան մարմնի կադրերի ռեզերվը շարունակում է վարել վերակազմավորված մարմինը:

58. Սույն գլխով նախատեսված վերանշանակման վերաբերյալ անհատական իրավական ակտերը, առաջարկությունները և քաղաքացիական ծառայողների համաձայնություններն անհատական իրավական ակտի ստորագրման պահից ինքնաշխատ եղանակով արտացոլվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան տիրույթում։

 

3. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

59. Ստեղծման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց և օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնները կարող են համալրվել կառուցվածքային փոփոխության ենթարկված կառուցվածքային ստորաբաժանումներից կամ մրցութային կարգով:

60. Նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնները կառուցվածքային փոփոխության ենթարկված կառուցվածքային ստորաբաժանումներից համալրելու դեպքում (օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մաս) համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգավորումներին համապատասխան:

61. Մինչև սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի, քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերի նախագծերը և քաղաքացիական ծառայողի գրավոր համաձայնությունն էլեկտրոնային եղանակով Քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելը համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է այդ պաշտոնների անձնագրերի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողների ցանկը:

62. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով ցանկից ընտրում է աշխատողներին, որից հետո այն վերադարձնում է համապատասխան ստորաբաժանում (պատասխանատու անձը)՝ առաջարկվող նոր պաշտոններում նշանակվելու համաձայնություն ստանալու նպատակով համապատասխան քաղաքացիական ծառայողներին ծանուցելու հանձնարարականով։

63. Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը։

64. Սույն հավելվածի 63-րդ կետով նախատեսված առաջարկությանը համաձայնություն տալու դեպքում իր հաստիքային միավորով տեղափոխվող քաղաքացիական ծառայողը համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը հաստատվելուց (փոփոխվելուց) հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետում անհատական իրավական ակտով վերանշանակվում է համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոնին:

65. Սույն հավելվածի 64-րդ կետով նախատեսված իրավական ակտում նշվում են՝

1) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը․

2) վերանշանակման արդյունքում զբաղեցվող պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը․

3) վերանշանակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը․

4) աշխատավարձի չափը․

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ։

66. Միաձուլման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց և օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին էլեկտրոնային եղանակով ուղարկում է միաձուլման արդյունքում ստեղծված նոր պաշտոնների ցանկը, միաձուլվող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների և նրանց՝ նոր պաշտոններին համապատասխանության վերաբերյալ տվյալները։

67. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով ցանկից ընտրում է աշխատողներին, որից հետո այն վերադարձնում է համապատասխան ստորաբաժանում (պատասխանատու անձը)՝ առաջարկվող նոր պաշտոններում նշանակվելու համաձայնություն ստանալու նպատակով համապատասխան քաղաքացիական ծառայողներին ծանուցելու հանձնարարականով:

68. Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:

69. Սույն հավելվածի 68-րդ կետով նախատեսված առաջարկությանը համաձայնություն տալու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված ժամկետում անհատական իրավական ակտով վերանշանակվում է առաջարկված պաշտոնին:

70. Սույն հավելվածի 69-րդ կետով նախատեսված իրավական ակտում նշվում են՝

1) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) նախկինում զբաղեցրած պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

3) վերանշանակման արդյունքում զբաղեցվող պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

4) վերանշանակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) աշխատավարձի չափը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:

71. Սույն հավելվածի 68-րդ կետով նախատեսված առաջարկությունն էլեկտրոնային եղանակով մերժելու կամ սահմանված ժամկետում առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված կարգով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է իր դիմումի համաձայն գրանցվել կադրերի ռեզերվում:

72. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման անվանման և կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և քաղաքացիական ծառայության գրասենյակ էլեկտրոնային եղանակով ուղարկում է միայն կառուցվածքային ստորաբաժանման միացման արդյունքում քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների հետ կապված պաշտոնների անվանացանկի փոփոխությունները և այդ պաշտոնների անձնագրերի նախագծերը, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ։

73. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

74. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, ավելանում են ներքին կառուցվածքային միավորներ, սակայն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է կառուցվածքում ավելացած նոր կառուցվածքային միավորների փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են կառուցվածքային փոփոխությանը:

75. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, անվանումը, և կառուցվածքում ավելանում են ներքին կառուցվածքային միավորներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ կառուցվածքային ստորաբաժանման անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ պաշտոնների նոր անձնագրերի կամ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

76. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից կամ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 66-71-րդ կետերով սահմանված կարգով:

77. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման անվանման և կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացվում այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անվանացանկի փոփոխությունը, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, ինչպես նաև առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

78. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

79. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), սակայն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ կառուցվածքային ստորաբաժանման անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են կառուցվածքային փոփոխությանը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

80. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, և կառուցվածքում գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և այդ պաշտոնների նոր անձնագրերի կամ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

81. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից կամ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 66-71-րդ կետերով սահմանված կարգով:

82. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 66-71-րդ կետերով սահմանված կարգով:

83. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այդ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ուղարկվում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը:

84. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում ավելանում կամ գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ուղարկվում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը:

85. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո և օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 66-71-րդ կետերով սահմանված կարգով:

86. Գործունեության դադարեցման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության դեպքում, որն ուղեկցվում է համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն թվի կրճատմամբ, քաղաքացիական ծառայողներն ազատվում են զբաղեցրած պաշտոնից և սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում։ Համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն թիվը պահպանվելու դեպքում օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողն իր հաստիքային միավորով կարող է տեղափոխվել կառուցվածքային փոփոխության չենթարկվող կառուցվածքային ստորաբաժանում։

87. Սույն գլխով նախատեսված վերանշանակման վերաբերյալ անհատական իրավական ակտերը, առաջարկությունները և քաղաքացիական ծառայողների համաձայնություններն անհատական իրավական ակտի ստորագրման պահից ինքնաշխատ եղանակով արտացոլվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան տիրույթում։

(հավելվածը խմբ. 13.06.25 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.06.2025, N 396-Ն 23.06.2025, N 170-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան