ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 9-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. |
Զինծառայողների դրամական ապահովությունը |
1. Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու հիմնական միջոց է:
2. Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:
3. Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և հավելավճարներից: Սույն հոդվածով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի վրա:
5. Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:
7. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է 7 մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում սահմանվում է նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու` բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:
8. Առաջին անգամ զինվորական պաշտոնում նշանակված անձի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:
9. Նախորդ պաշտոնի նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր պաշտոնի նշանակված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է նոր պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:
10. Զինծառայողին զինվորական ծառայության ստաժի համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:
11. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է հետևյալ սխեմայով.
1) 1-7-րդ մակարդակների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի միավոր ավելացում` կախված զինվորական ծառայության ստաժից.
2) մինչև 2 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 1-ին մակարդակի գործակցի միջոցով.
3) 2-ից մինչև 5 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 2-րդ մակարդակի գործակցի միջոցով.
4) 5-ից մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 3-րդ մակարդակի գործակցի միջոցով.
5) 10-ից մինչև 15 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 4-րդ մակարդակի գործակցի միջոցով.
6) 15-ից մինչև 20 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 5-րդ մակարդակի գործակցի միջոցով.
7) 20-ից մինչև 25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 6-րդ մակարդակի գործակցի միջոցով.
8) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 7-րդ մակարդակի գործակցի միջոցով.
9) սանդղակի 7-րդ մակարդակից պաշտոնային դրույքաչափը մնում է անփոփոխ:
12. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճի հերթական միավոր ավելացումն իրականացվում է սահմանված զինվորական ծառայության ստաժը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից:
13. Կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելու կամ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ վերադառնալու կապակցությամբ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ թողնված, ինչպես նաև արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանվում է օրենքով սահմանված կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածի համար:
14. Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններն ավարտած և սկզբնական սպայական զինվորական կոչում ստացած զինծառայողների համար՝ մինչև պաշտոնի նշանակումը, իսկ ռազմաբժշկական ուսումնական հաստատություններն ավարտած և ինտերնատուրայում կամ օրդինատուրայում սովորելու հրամանագրված զինծառայողների համար՝ նաև ինտերնատուրայում և օրդինատուրայում սովորելու ընթացքում, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպայական կազմի նվազագույն խմբի 2-րդ մակարդակի գործակցով:
15. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ուսման (այդ թվում` որակավորման բարձրացման նպատակով տարբեր դասընթացներ, կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա, ասպիրանտուրա, ադյունկտուրա) կամ օտարերկրյա պետություններ ծառայության գործուղված և զինվորական պաշտոնից ազատված զինծառայողների համար ուսումնառության ընթացքում պահպանվում է զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը:
16. Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
17. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողներին դրամական ապահովություն չի հաշվարկվում:
18. Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
19. Ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) աշխատանքների որակյալ կատարման համար զինծառայողներին կարող են տրվել պարգևատրումներ` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին և 30.2-րդ հոդվածներով.
«Հոդված 30.1. |
Զինծառայողների պարենային և իրային ապահովությունը |
1. Զինծառայողները, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային և իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պարենային և իրային ապահովության կարգը ներառում է սննդով և իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:
2. Զինծառայողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 30.2. |
Զինծառայողներին տրվող դրամական օգնությունները |
1. Երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով տրվում է դրամական օգնություն`
1) 3 տարուց մինչև 10 տարի զինվորական ծառայության համար.
2) 10 տարուց մինչև 15 տարի զինվորական ծառայության համար.
3) 15 տարուց մինչև 20 տարի զինվորական ծառայության համար.
4) 20 տարուց մինչև 25 տարի զինվորական ծառայության համար.
5) 25 և ավելի տարի զինվորական ծառայության համար:
2. Մինչև 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն` վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:
3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար հաշվարկվում է դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում:
4. Զինվորական ծառայության ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու կամ զինվորական կոչումից զրկվելու կապակցությամբ կամ կարգապահական տույժի կարգով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված նախկին զինծառայողն օգտվում է դրամական օգնություն ստանալու իրավունքից զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե չի դիմել վերականգնվելու զինվորական ծառայության մեջ: Նշված դեպքում զինծառայողի զինվորական ծառայության ժամկետը` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակվելը, համարվում է անընդմեջ:
5. Նախկինում զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից հերթական անգամ արձակելիս դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զինվորական ծառայության լրիվ ստաժի մեջ առանձին ժամանակահատվածների համար սահմանված դրամական օգնության չափի տարբերության չափով: Ընդ որում, հերթական անգամ հաշվարկվող և նախկինում հաշվարկված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված չափը: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակելիս դրամական օգնություն հաշվարկվում է կրկին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածին համապատասխան սահմանված չափով:
6. Պայմանագրի ժամկետը լրացող և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխան սահմանված չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված դրամական օգնությունը համապատասխան ստաժի շրջանակներում տրվում է մեկ անգամ, ինչպես նաև դրա հաշվարկման համար կիրառվում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները:
7. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաև նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով`
1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կիլոմետր լինելու դեպքում.
2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում:
8. Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
9. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
10. Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա:
11. Սույն հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և համատեղ բնակվող ծնողները:
12. Սույն հոդվածով սահմանված դրամական օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-56-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|