Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-333-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.10
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2012

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «ոստիկանության միևնույն ստորաբաժանման ներսում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող» բառերը փոխարինել «հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի).

2) իր անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում պաշտոնի կարող են նշանակվել «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիները` վերապատրաստման արդյունքներով: Այդ մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «առկա ուսուցման ձևով» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «փորձաշրջան անցնելու,» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «գլխավոր խմբի պաշտոն և ունի» բառերը փոխարինել «գլխավոր խմբի պաշտոն, ունի «Ոստիկանության մագիստրոս» կամ «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն և» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում բացառիկ դեպքերում կարող են նշանակվել նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը ութ տարի զբաղեցրել են ոստիկանության միջին խմբի պաշտոն, որից առնվազն վերջին երեք տարին` բաժանմունքի պետի տեղակալի կամ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսչի, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոններ:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի, քննչական վարչության պետի, քննչական վարչության պետի տեղակալի, քննչական բաժնի պետի, քննչական բաժնի պետի տեղակալի, քննչական բաժանմունքի պետի, քննչական բաժանմունքի պետի տեղակալի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, ավագ քննիչի, քննիչի պաշտոններում կարող են նշանակվել միայն «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:».

3) 4-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում`» բառերը.

4) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

5) 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:».

6) 9-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7) 10-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:»,

բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:»,

գ. հինգերորդ պարբերությունից հանել «առաջին,» բառը.

8) 11-րդ մասից հանել «, ոստիկանի և տեսչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում» բառերը:

(7-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 14.1. Ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է մրցույթի արդյունքներով, որի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո վերապատրաստումը պարտադիր է:

3. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնում նշանակումը կատարում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 1-3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:».

3) 6-րդ մասի`

ա. 1-ին և 3-րդ կետերից հանել «, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել» բառերը,

բ. երկրորդ պարբերությունից հանել «, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար» բառերը,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:».

4) 11-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

5) 13-րդ մասի`

ա. առաջին պարբերության «մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները» բառերը փոխարինել «մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

 

 Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

 

1) վերնագրից հանել «(որակավորումը)» բառը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «(որակավորման)» բառը, իսկ երկրորդ պարբերությունից` «(որակավորում)» բառը.

3) 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ մասից հանել «(որակավորում)» բառը:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:»:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետից հանել «բացառիկ դեպքերում» բառերը.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.»:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

 

«12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:»:

 

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

 

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երրորդ պարբերության «նախածննդյան և հետծննդյան» և «երեխային խնամելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «հղիության և ծննդաբերության» և «մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով».

2) 3-րդ մասի «նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» և «, ուսումնական փորձաշրջանի» բառերը, 1-ին մասի 1-ին կետից, 2-րդ մասի առաջին պարբերությունից, 2-րդ մասի 1-ին կետից և 3-րդ մասից համապատասխանաբար հանել «կամ ուսումնական փորձաշրջանը», «կամ ուսումնական փորձաշրջան անցնելու», «կամ ուսումնական փորձաշրջանն», «կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետը «քան հինգ տարի,» բառերից հետո լրացնել «կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածում`

 

1) 7-րդ մասից հանել «, ուսումնական հաստատության տարածքից արտահերթ արձակում» բառերը.

2) 8-րդ մասի «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ,» բառերը.

2) 1-ին մասի 5-րդ կետի «զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» բառերը փոխարինել «հայտարարում զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին» բառերով.

3) 2-րդ մասից հանել «առկա ուսուցման» բառերը, իսկ 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

«8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:»:

 

Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.».

3) 10-րդ կետի «նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

 Հոդված 20. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 2-րդ կետից հանել «, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը.

2) 5-րդ կետի «6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի» բառերը փոխարինել «5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի» բառերով.

3) 6-րդ կետի «վեց ամսից» բառերը փոխարինել «վեց ամիս և» բառերով:

 

 Հոդված 21. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) յոթերորդ պարբերության «, ինչպես նաև 11-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով» բառերը փոխարինել «, ինչպես նաև 11-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ պարբերությունով.

«Պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականի և պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 65 տարին լրանալը:»:

 

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին նախադասությունը «գրանցվում են» բառից հետո լրացնել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարում:»:

 

Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 55. Ուսուցումը ոստիկանության ուսումնական հաստատությունում

 

1. Ոստիկանական նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող և առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:

6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության մագիստրոս» կամ «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Ոստիկանության բակալավր» կամ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

7. Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:

Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:

8. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:

9. Ոստիկանության ուսումնական հաստատությունում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:

10. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ոստիկանական միջին, ինչպես նաև կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:»:

 

 Հոդված 25. Օրենքի 60.8-րդ հոդվածի 4-րդ մասը «11-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տարիքային պահանջի)» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 60.24-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և ծառայողական վկայականը».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Քաղաքացիական ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տալու կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

 

Հոդված 27. Օրենքի 60.26-րդ հոդվածի 4-րդ մասում «վեց ամսից» բառերը փոխարինել «մեկ տարուց» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 63-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի`

1) 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից.

2) 2-րդ կետը` մասնագիտական որակավորման մասով ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից.

3) 5-րդ և 6-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

4) 7-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնող քաղաքացիների վրա:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ոստիկանության ծառայողները օգտվում են «Ոստիկան-սպա», «Ոստիկանության բակալավր» և «Ոստիկանության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող ոստիկանության ծառայողների համար սույն օրենքով նախատեսված պաշտոնի նշանակվելու իրավունքներից: Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները համարվում են եռամսյա ուսումնական փորձաշրջան անցած:

7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, նախքան ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնի նշանակվելը, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:

(29-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-36-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-333-Ն